Print
Category: Յօդուածագրութիւն

Կարսից դեպի Անի հասնելու համար անհրաժեշտ է անցնել 45 կիլոմետր ճանապարհ: Չափազանց դժուար ու ծանր է այդ քիլոմեթրերը յաղթահարելը:
Վախ, անհանգստութիւն, հպարտութիւն ու հետաքրքրութիւն. այս զգացողութիւններն են համակում հայ ուխտաւորին Անիի ճանապարհին:

Ճանապարհն անցնում է ամայի դաշտի միջով: Շուրջը լռութիւն է:
Մինչ Անի քաղաք մտնելը բերդապարսպի վրայ զբօսաշրջիկին է դիմաւորում Բագրատունեաց տոհմի զինանշանը սլացող առիւծը: Խորհրդանիշը զգաստացնում է. բերդի պարիսպներից ներս մտնողը պետք է իմանա, թե ովքեր են քաղաքի տիրակալները: Քաղաքի բերդապարիսպը կառուցել է Սմբատ Երկրորդ Տիեզերակալը: Շինարարութիւնը տեւել է 8 տարի:
Առաջին անգամ Անի այցելողին թւում է, թէ բերդի պարիսպները կը բացուեն, ու կը տեսնես այն հրաշքը, որ դարեր շարունակ զարմացրել է արեւելքի եւ արեւմուտքի ժողովուրդներին:
Երբեմնի հզօր եւ գեղեցիկ Անին այսօր վերած- ւել է աւերակների: Ամենազօր ժամանակը եւ մարդու աւերիչ ձեռքն անխնայ ոչնչացրել են անզուգական հնութիւններն ու յուշարձանները: Անին այսօր նման է որբացած ու տառապած մօր, որ հպարտութեամբ փորձում է դիմանալ բոլոր չարիքներին ու շարունակել գոյատեւել, թէպետ անխնայ հարուածներից առաջացած վէրքերը դեռ եւս չեն սպիացել:
Միջնադարեան Հայաստանի մշակութային խոշոր կեդրոն Անիում հաւասարապէս զարգացած էին արհեստները, մատենագրութիւնը, գիտութիւնը, ճարտարապետութիւնն ու արուեստի միւս ճիւղերը:
Անին ունեցել է 40 քաղաքային դարպաս, եղել առեւտրային, մշակութային կեդրոն:
Անին համարւում էր հազար ու մէկ եկեղեցիների մայրաքաղաք: Սա մի թիւ էր, որ նշւում է արեւելքում առաւել մեծ հռչակ ձեռք բերելու համար: Թէպետ Անին եկեղեցիների մայրաքաղաք էր, սակայն արդէն մի քանի դար այստեղ պատարագ չի մատուցւել, եկեղեցիներում խունկ չի ծխուել, եւ աղօթք չի կարդացուել:
Չնայած դարաւոր աւերումներին, վեհաշուք մայրաքաղաքը պահպանել է ճարտարապետական կոթողների աւերակներն ու մնացորդները: Կիսաւեր կառոյցները, փլատակները, կառոյցների առանձին հատուածներն ու քանդակներն են յուշում աւերակների թագուհու երբեմնի գեղեցկութեան ու փառքի մասին:
Բերդապարսպից ներս, գերեզմանային լռութեան մէջ, զբօսաշրջիկին դիմաւորում են հազարամեայ մշակոյթ ունեցող եկեղեցիներն ու յուշարձանները:
Առաջին տաճարը, որ գրաւում է այցելուի ուշադրութիւնը, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին է: Այսօր պահպանուել է եկեղեցու ընդամէնը մէկ երկրորդ հատուածը, սակայն այդ հատուածն էլ թոյլ է տալիս պատկերացում կազմել, թէ քարի հայ վարպետները ճարտարապետական ինչպիսի միտք են ունեցել, ու դարեր առաջ ինչպիսի հրաշք է այստեղ վեր խոյացել: Միայն ապշել կարելի է, թէ ինչպէս է այդ տեսքով եւ կառոյցով եկեղեցին պահպանուել մի քանի հարիւրամեակ:
Եկեղեցու ներսը զարդարուած է որմնանկարներով: Սուրբ Ամենափրկչի տեսքն այսօր այնպիսին է, որ բաց երկինքն է լուսաւորում աստուածաշնչեան պատկերները, եւ յատկապէս մայրամուտին, երբ արեւի ճառագայթները լուսաւորում են եկեղեցին, տպաւորութիւն է ստեղծւում, թէ պատկերները երկինք են բարձրանում:
Անիի եկեղեցիների թագուհին Մայր տաճարն է՝ Սուրբ Կաթողիկեն: ճարտարապետներն ու պատմաբաններն այն համարում են Կովկասի ճարտարապետութեան զարդը: Եկեղեցին նուիրուած է Աստուածածնին: Շինարարութիւնը սկսուել է Սմբատ 2-րդի օրոք 989 թուականին, եւ աւարտուել Գագիկ 1-ինի օրոք, նրա կնոջ Կատրանիդէ թագուհու հովանաւորութեամբ:
Տաճարի կառուցումը տեւել է 20 տարի: ճարտարապետը հռչակաւոր Տրդատն էր: Սուրբ Կաթողիկէի իւրայատկութիւնն ու հմայքը պարզութեան մէջ են: Տրդատը ցանկանում էր, որ տաճարը լինէր պարզ, սակայն ոչ հասարակ, եւ առանձնանար կամարակալների, նրբասլաց սիւների, խոյակների ու քանդակների ներդաշնակութեամբ:
Այսօր Անիի Մայր տաճարը կանգուն եւ կիսամեռ է միաժամանակ: Հեռուից կանգուն եւ խրոխտ տեսք ունի, սակայն մօտենալով նկատում ես. տաճարի գմբեթը գրեթէ փլուած է, պատերը խարխուլ են:
Առասպելը պատմում է, որ Կատրանիդէ թագուհուն երազում յայտնուած հրեշտակն է յուշել հովանաւորել տաճարի կառուցումը: Հրեշտակը թագուհուն խոստացել է, որ կառոյցի շինարարութեան ընթացքում չի լքի եւ այնքան ժամանակ կը պահպանի եկեղեցին, մինչ արաբները տեսնեն Քրիստոսի գալուստը:
Սա իհարկէ առասպել է, սակայն ո՞վ իմանայ, գուցէ հէնց Կատրանիդէ թագուհու հրեշտակն է պահպանում եկեղեցին չարիքից, երկրաշարժերից ու թուրքերի ատելութիւնից:
Մայր տաճարից դէպի հարաւ ձորի բերանին, վեր է խոյանում մի եկեղեցի, որ զարդարուած է որմնա- նկարներով:
1215-ին մեծահարուստ Տիգրան Հոնենցի նուիրատուութեամբ կառուցուած Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին բարակ սիւներ եւ նուրբ կամարներ ունի: Դրսից տաճարը նման է առնական տղամարդու: Այն ուժեղ է, գեղեցիկ, խրոխտ եւ ներդաշնակ բնութեանը: Ներսից փխրուն եւ քմահաճ կին, որ խոցուած է բազմաթիւ վէրքերով:
Սուրբ Գրիգոր Լուսաւորիչը զարդարուած է որմնանկարներով, աստուածաշնչեան պատկերներով ու խաչերով:
Մահմեդական ատելութիւնն ու թշնամանքը հասել են այն աստիճանի, որ թուրքերը փորել են տաճարում պատկերուած սրբի աչքերը: Պատերին թրքերէն գրութիւններ են, սիրոյ խոստովանութիւններ, խզբզոցներ:
Տաճարի խորանը չի պահպանուել, եկեղեցու գլխին խաչ չկայ: Դրսից տաճարը զարդարում են հայկական արձանագրութիւնները: Դրանց մի մասը ջարդուած է, միւս հատուածը պահպանուել է հրաշքով:
Քաղաքի մէկ այլ հատուածում շրջանաձեւ կառոյց կայ: Տաճարն այդ կոչւում է Գագկաշէն: Ճարտարապետական կառուցուածքով նման է Զուարթնոց տաճարին, սակայն աւելի մեծ է:
Ճարտարապետը Տրդատը, շինարարութեան ընթացքում բազմաթիւ փոփոխութիւններ է մտցրել, որպէսզի Գագկաշէնն առանձնանայ Զուարթնոցից: Եկեղեցին եռայարկ է եղել, արտաքին կողմից շրջապատուած 36 կամարով, ունեցել է նոյնքան թւով պատուհան եւ 3 դուռ, որոնց շրջանակները ծածկուած են եղել քանդակներով:
Գագկաշէնն ընդամէնը 10 տարուայ կեանք է ունեցել եւ հիմնովին աւերուել երկրաշարժից: Այսօր պահպանուած խոյակ
ները, կամարները, սիւներն ու զարդանախշերը թեթեւ արտացոլանքն են այն հրաշքի, որ ստեղծուել է դարեր առաջ:
Անիի արտաքին պարսպից դուրս է գտնւում Հովվի եկեղեցին: Գոթական ոճով կառուցուած եռայարկ եկեղեցին ճարտարապետական գոհարներից մէկն է: Քաղաքում պահպանուած բերդապարիսպները յուշում են Անիի հզօրութան եւ անառիկութեան մասին:
Անին հզօր է ոչ միայն իր հնութիւններով եւ պատմական յուշարձաններով, այլեւ բնութեան ներդաշնակութեամբ: Այստեղ իւրաքանչիւր պարիսպ, կառոյց եւ եկեղեցի համահունչ է բնութեանը, Ախուրեանին ու հանդիպակաց լանջերին եւ ստեղծում է բնութեան ու ճարտարապետութեան համաձուլուածք:
Այսօր Անին բաց տուրիստական գօտի է, տարիներ առաջ փակ ռազմական տարածք էր: Աւերակների կոյտի վերածուած Անին դարեր շարունակ դարձել է խաշնարած ցեղերի քոչավայրը: Նրանք իրենց գոմերը, փարախներն ու խրճիթները կառուցելու համար անխնայ թալանել են վաղեմի մայրաքաղաքի սքանչելի, սրբատաշ ու քանդակազարդ քարերը, աւերել տաճարներ՝ փնտռելով ոսկի եւ թանկագին իրեր:
Մեր այցելութեան ժամանակ էլ Անիի աւերակներում մի քանի տասնեակ կովեր էին արածում երբեմնի փառահեղ թագուհու անկողինը դարձնելով արօտավայր: Քուրդ կինը չէր հասկանում, թէ ինչու են հայ զբօսաշրջիկները Մայր տաճարում երգում, աղօթում ու արտասւում: Նրա համար տաճարն ընդամէնը քարի կտոր էր, իսկ տարածքը հրաշալի արօտավայր իր կովերի համար:
Ոչ ոք չի կարող պատասխանել, թէ որ մեղքի համար է Անին այսպէս պատժւում: Ի՞նչ է նա արել, որ նման դաժան կերպով է հատուցում:
Վերջին վիրաւորանքն ու ծանր հարուածը, որ ստացաւ Անին, անցեալ տարի էր, երբ թուրք ազգայնականները Մայր տաճարում նամազի արարողութիւն կատարեցին: Քրիստոնեայ եւ բարեպաշտ աշխարհը լռեց ու չդատապարտեց մահմեդականների այդ արարքը, դրանով իսկ հիմք ստեղծելով, որ նման արարքները կրկնուեն:
Թէպէտ Անին ուժասպառ է, սակայն հպարտօրէն դիմանում է: Միգուցէ երկնային ուժերն են պահպանում, որ թագուհին շարունակի գոյատեւել, սակայն յոյսը դնել միայն երկնային ուժերի վրայ միամտութիւն է:
Այս տարի լրանում է Անիի մայրաքաղաք հռչակման 1050-ամեակը: Արդեօք ժամանակը չէ՞, որ Հայաստանի Հանրապետութիւնը իրաւական գործընթաց սկսի, որպէսզի համաշխարհային քաղաքակրթական ժառանգութեան կարեւոր յուշարձան Անին ԵՈՒՆԵՍԿՕ-ի օժանդակութեան ցանկում ընդգրկուի այդ կերպ պաշտպանուելով թրքական բարբարոսութիւններից:
Արեւմտեան Հայաստան այցելութեանն աջակցելու համար շնորհակալութիւն ենք յայտնում «Անի տուր» տուրիստական գործակալութեան:


ՅԱՍՄԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ,
Անի-Երեւան