Եկէք սկսենք այն պատճառներից, որոնք գտնւում են մակերեսին: Դա մեզ թոյլ կուտայ մօտենալ աւելի խորքային խնդիրների քննարկմանը:
Ամէնից յաճախ որպէս երեք հիմնական պատճառներ մատնանշւում են մարդկանց տնտեսական վատ վիճակը, պետական կառավարման անկատարութիւնը եւ, որպէս հետեւանք, կոռուպցիան, անօրինութիւնն ու տնտեսական ազատութիւնների սահմանափակումը, ինչպէս նաեւ անձնական զարգացման համար հեռանկարների անբաւարարութիւնը:
Թւում է, ամէն ինչ հասկանալի է: Թերեւս ոչ ամէն ինչ: Հիմնական հարցը, որ ծագում է դրա հետ կապուած, հետեւեալն է. իսկ նախկինում, երբ մարդկանց արտահոսքն այնքան էլ զգալի չէր, վերոնշեալ բոլոր հանգամանքներն աւելի լա՞ւն էին: Իհարկէ՛ ոչ: Աւելին, Հայաստանում քաղաքացիական հասարակութիւնը վերջին տարիներին զգալի զարգացում է ապրել: Հետզհետէ ամրապնդւում են պետական ինստիտուտները: Որոշ մասնագիտութիւնների գծով արդէն զգացւում է կադրերի անբաւարարութիւն, այդ թւում նաեւ հեռանկարային ստարտափների միջավայրում: Ուրեմն ի՞նչ է տեղի ունենում: Ինչո՞ւ է բնակչութեան արտահոսքը հէնց այժմ այդչափ մեծածաւալ բնոյթ ստացել:
Պէտք է խոստովանել, որ ամէն ինչ միայն ներքին տնտեսական կամ քաղաքական պատճառներով բացատրելն այնքան էլ ճիշդ չէ: Յաճախ Հայաստանից մեկնողները նոր վայրում աւելի վատ են ապրում, քան Հայաստանում: Ինչ վերաբերում է քաղաքական պատճառներին, ապա Ռուսաստանը, ուր ուղղուած է միգրանտների հիմնական հոսքը, քաղաքական ազատութիւնների, արդարութեան, կոռուպցիայի եւ օրէնքի գերակայութեան իմաստով ոչ մի առաւելութիւն չունի:
Հնարաւոր է, իրավիճակը մի փոքր աւելի հասկանալի դառնայ, եթէ հաշուի առնենք, որ մեծ փոփոխութիւններ են տեղի ունեցել ոչ այնքան Հայաստանում, որքան աշխարհում:
2008 թուականի ճգնաժամից յետոյ դրամական միջոցների հոսքը դէպի Հայաստան դադարեց (հիմնականում այն գալիս էր Ռուսաստանից): Երկրի սահմաններից դուրս աշխատողներն արդէն չէին կարող նախկինի պէս շռայլօրէն գումարներ ուղարկել, իսկ Հայաստանում կեանքը շարունակում էր թանկանալ: Բազմաթիւ բիզնեսներ, որոնք աւանդաբար տնօրինում էին հայերը, դադարեցին գերշահոյթ ապահովել, դա յատկապէս վերաբերում է շինարարութեանն ու ճանապարհաշինական աշխատանքներին: Հետեւաբար, զգալիօրէն աւելացաւ այն մարդկանց թիւը, ովքեր ստիպուած էին գոյատեւման միջոցներ որոնել:
Միւս կողմից, Հայաստանի սահմաններից դուրս, նախեւառաջ Ռուսաստանում, աւելացաւ էժան եւ որակեալ կադրերի պահանջարկը: Տեղի գործարարները պարզեցին, որ ներգաղթող աշխատուժի բոլոր հնարաւոր տարբերակներից ամենալաւը հայերն են՝ ուքրանիացիներից եւ բելառուսներից յետոյ, քանի որ նրանք հեշտ են ադապտացւում, անկլաւներով չեն ապրում, բացասական տրամադրուածութիւն չեն առաջացնում տեղի բնակչութեան մօտ, հիմնականում վատ չեն խօսում ռուսերէն, լաւ են աշխատում եւ չեն խմում:
Հայ երիտասարդների համար էլ աւելի հեշտ է դարձել կարիերային նոր հնարաւորութիւններ գտնել արտասահմանում. նրանք պատրաստ են նոյն աշխատանքը կատարել քիչ գումարի դիմաց, իսկ աշխատավարձերի տնտեսումը շատ աւելի կարեւոր է դարձել ճգնաժամի լոյսի ներքոյ:
Այդ երկու գործօններն աշխատում են որպէս լրացուցիչ «փոշեկուլ», որը մարդկանց դուրս է քաշում Հայաստանից: Բայց դրանք նոյնպէս ստեղծուած իրավիճակի լիարժէք բացատրութիւնը չեն տալիս: Արտագաղթի ներկայիս ծաւալը ստիպում է որոնել նաեւ այլ, աւելի հիմնաւոր պատճառներ:
Հայաստանի նախագահն իր ելոյթներից մէկում ասաց, որ երկրում «գաղջ մթնոլորտ» է տիրում: Նրա հետ ոչ ոք չի վիճում, բայց ո՞րն է դրա պատճառը:
Ի՞նչը կարող է ստիպել մարդուն հեռանալ իր բնականոն կենսակերպից, շրջապատից, լքել իր քաղաքը, որտեղ ծնուել ու մեծացել է, եւ մեկնել օտար երկիր: Սովորաբար այդպիսի որոշումը հանկարծակի չի ծնւում, մարդու մօտ այդ քայլը երկար է հասունանում: Մենք ունենք բազմաթիւ զգացումներ, բայց դրանցից միայն մէկն ունի ժամանակի ընթացքում կուտակուելու եւ նոյնիսկ ամենապասիւ մարդկանց գործողութիւների դրդելու յատկութիւն: Դա տագնապի զգացումն է: Մարդիկ մեկնում են ոչ թէ ինչ-որ բանի հետեւից, այլ՝ հեռանում են ինչ-որ բանից:
Ապատիան մշտապէս արձագանգ է վախին: Դա միակ դեղամիջոցն է տագնապից: Դա ակնյայտ է ցանկացած հոգեբանի համար: Մենք ընկնում ենք ապատիայի մէջ, երբ չենք ցանկանում զգալ, քանի որ այդ զգացումները մեզ համար կործանարար են:
Որտեղի՞ց է գալիս այդ վախը: Թերեւս, հասկանալի է եւ որտեղից:
Նախ, իշխանութիւնը կամայ թէ ակամայ մարդկանց վախ է ներարկում գոյատեւման մարտավարութեանը հետեւելով: Հայաստանը մշտապէս գտնւում է գոյատեւման ռեժիմում: Գոյատեւումը նաեւ հանդիսանում է իշխանութեան ռազմավարութիւնը՝ այդ իշխանութիւնն ամէն գնով պահպանելու նպատակով: Իշխանութիւնը պահպանելու լաւագոյն մեթոդը վախեցնելն է:
Երկրորդ, մեր ժողովուրդը չունի վերնախաւ, չունի «ազգի հայրեր» եւ մարդիկ, որոնց վստահում են, որոնց հետեւից պատրաստ են գնալ: Նրանք, ում հետեւից ժողովուրդը գնացել է, բազմիցս յուսախաբ են արել նրան: Դա նոյնպէս խռովութիւն է առաջացնում հոգիներում: Մեր ազգը նման է հոտի, որը մնացել է առանց հովիւի:
Երրորդ, մեր գոյութիւնը բաւականին աննպատակ է: Մինչ 2008թ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամը թւում էր, թէ մենք կարող ենք որոշակի բարօրութեան հասնել, ապրել, «ինչպէս Եւրոպայում»: Բայց ճգնաժամն ամէն ինչ իր տեղը գցեց. մարդիկ դադարեցին հաւատալ ապագայ բարեկեցութեանը: Երբ այդ նպատակը դադարեց իրատեսական թուալ, պարզուեց, որ մենք ոչ մի ուրիշ գերագոյն նպատակ չունենք: Գերնպատակների բացակայութիւնը ազգին զրկում է կամքից, տարաձայնութիւններ ու օտարացում է սերմանում մարդկանց մէջ: Ամէն ինչ տանում է դէպի պայքարը նիւթական հարստութեան համար, դէպի սնափառութեան տօնավաճառ, սեփական հարստութեան, ազդեցիկութեան եւ ուժի ցուցադրութիւն:
Ի՞նչը կարող է աւելի վատ լինել, քան փոքր երկրի աննպատակ գոյատեւումը մեծ եւ բարդ աշխարհում՝ շրջապատուած թշնամիներով: Ի՞նչը կարող է աւելի վատ լինել, քան կեանքն առանց յոյսի:
Հէնց դա է հայերի զանգուածային արտագաղթի հիմնական պատճառը: Հայերը վաղուց ի վեր սովոր են ապրել օտար երկրներներում: Աւելին, նրանք պէտք է սովորեն ապրել իրենց սեփական երկրում: Ինչպէս պարզուել է, դա այնքան էլ հեշտ չէ: Յատկապէս, երբ յոյս չկայ:
Ի՞նչ կարելի է անել: Բացարձակ արագ բաղադրատոմսեր չկան, թէեւ հարկաւոր է գործել վճռական, քանի որ արտագաղթի ներկայիս տեմպը թոյլ չի տալիս հապաղել: Հարկաւոր է ստեղծել յոյսի կղզեակներ, հարկաւոր է ամրապնդել պետական ինստիտուտները, պայքարել քաղաքական եւ իրաւական արդար համակարգի համար, ստեղծել տնտեսական ուժի այլընտրանքային կենտրոններ, օժանդակել ներգաղթին, հայերի վերադարձին: Բոլոր նրանք, ովքեր կարող են, պէտք է իրենց ջանքերն ուղղեն դրան: Ես պատրաստւում եմ առաջիկայում դրան առանձին սիւնակ նուիրել:
Որպէսզի համընդհանուր աղէտի տպաւորութիւն չստեղծուի եւ որպէսզի հասկանալի լինի, թէ որն է մեր յոյսը, պէտք է նկատել, որ կայ մարդկանց զգալի մի շերտ, որը չի պատրաստւում հեռանալ երկրից: Աւելին, կան մարդիկ, ովքեր ապրել են երկրում, մեկնել են, իսկ հիմա վերադառնում են: Ընդ որում՝ հէնց հիմա, երբ գիտակցում են, որ երկիրը կանգնած է ճակատագրական խնդիրների առջեւ: Ովքե՞ր են նրանք: Ինչո՞ւ չեն վախենում: Ինչո՞ւ անտարբեր չեն եւ Հայաստանը չեն ընկալում որպէս յետնապահ, որի հետ անիմաստ է կապել ապագան: Չնայած այդ մարդիկ շատ տարբեր են, եւ տարբեր են նրանց ճակատագրերը, նրանց բոլորին միաւորում է այն, որ նրանք իրենց ճակատագիրը չեն տարանջատում իրենց երկրի եւ իրենց ժողովրդի ճակատագրից:
Նրանք կարեւոր ճշմարտութիւն են բացայայտել. մարդուն երջանիկ է դարձնում միայն ինչ-որ բանին պատկանելը, ինչը բարձր եւ կարեւոր է սեփական անձից:
Մենք բոլորս պէտք է յիշենք, որ Հայաստանը բացառիկ երկիր է, որը ժառանգել է հնագոյն հարուստ եւ վառ մշակոյթ, որը կարող է իր վրայ յենուելու ունակ ազգին տալ աճի եւ զարգացման անհաւանական ներուժ եւ պարզապէս երջանիկ դարձնել մարդկանց: Մենք բոլորս պէտք է շատ մեծ պատասխանատուութիւն զգանք այդ մշակոյթի պահպանման եւ զարգացման համար մեր սերունդների, ամբողջ աշխարհի առջեւ: Մենք պէտք է պահպանենք մեր երկիրը, քանի որ առանց նրա մենք դատապարտուած ենք: Մեզանից իւրաքանչիւրը ամէն օր պէտք է մտածի այն մասին, թէ այսօր ինչ քայլ է կատարել այդ ուղղութեամբ:
Արամ Փախչանեանը
«Այբ» կրթական հիմնադրամի հիմնադիրներից է
եւ ABBYY ընկերութեան փոխնախագահը: