Print
Category: Միջազգային - գաղութային լուրեր

Խորին ափսոսանքով տեղեկացանք, որ 2012ի Յունիսի 16ին լոյս է տեսել Փարիզում հրատարակուող «Աշխարհ» պարբերականի վերջին համարը: Թերթը, որը լոյս էր տեսնում 1950 թուականից, վերջնականապէս փակուել է նիւթական միջոցներ չունենալու պատճառով։

Սփիւռքի ցանկացած լրատուամիջոցի կորուստը հարուած է ոչ միայն տուեալ երկրի համայնքի համար, այլեւ հայ մշակոյթին՝ ընդհանրապէս։ Առաւել եւս՝ եթէ խօսք է գնում հարուստ աւանդոյթներ ունեցող հայալեզու մամուլի մասին։
Ֆրանսահայ համայնքում, որն ի դէպ աշխարհի ամենահայաշատ համայքներից մէկն է, հայկական լրատուամիջոցները ծանր ժամանակներ են ապրում. մի քանի տարի առաջ փակուեց հայալեզու «Յառաջ»ը, այժմ՝ «Աշխարհ»ը։ Վատ է վիճակը ֆրանսալեզու ամսագիր France-Armenie-ում, որը ստիպուած փոխել է ֆորմատը (ձեւաչափը)։ Նիւթական դժուարութիւններ ունի նաեւ Nouvelles d’Armenie ամսագիրը։ Դժուար պայմաններում է գործում Ֆրանսիայում լոյս տեսնող եւ այս պահին արդէն որպէս հայալեզու մամուլ՝ միակը մնացած «Նոր Յառաջ»ը։
Լրատուամիջոցների համահայկական ընկերակցութիւնը բազմիցս նշել է Սփիւռքի հայկական լրատուամիջոցների համար ՀՀ պետական աջակցութեան ծրագիր ունենալու անհրաժեշտութեան մասին: Ակնյայտ է, որ Հայաստանի իշխանութիւնները չպէտք է Սփիւռքի լրատուամիջոցները դիտարկեն զուտ որպէս այլ երկրում գործող մասնաւոր պիզնէս (ձեռնարկատիրութիւն), որը պէտք է ապրի եւ գործի միայն շուկայի օրէնքներով: Այդ լրատուամիջոցների ճնշող մեծամասնութիւնն իր վրայ է վերցրել լեզուի եւ մշակութային ինքնութեան պահպանման, հայապահպանութեան, կրթական խնդիրների լուծման ծանր մի բեռ, աշխատում է ինքնանուիրումով, մեծամասամբ առանց որեւէ նիւթական շահ հետապնդելու եւ մեծ դերակատարութիւն ունի Հայաստան-Սփիւռք գործակցութեան ամրապնդման գործում:
Ճիշդ  չի լինի պնդել, թէ համազգային խնդիրների տեսան- կիւնից ՀՀ-ում չեն կարեւորում Սփիւռքի հետ այդ գործակցութիւնը: Հայաստան-Սփիւռք գործակցութիւնն այնքան է կարեւորուել ՀՀ-ի կողմից, որ ստեղծուել է Սփիւռքի նախարարութիւն, որը կոչուած է ՀՀ Նախագահի ընդհանուր ղեկավարութեամբ մշակել եւ իրականացնել ՀՀ կառավարութեան քաղաքականութիւնը՝ Հայաստանի եւ Սփիւռքի հետ կապերի ամրապնդման, հասարակական կառոյցների հետ գործակցութեան զարգացման, հայապահպանութեան, Սփիւռքի ներուժի յայտնաբերման, հայրենադարձութեան եւ այլ բնագաւառներում։
Լրատուամիջոցների համահայկական ընկերակցութիւնը գտնում է, որ այդ քաղաքականութեան շրջանակներում պէտք է յատուկ մօտեցում ցուցաբերուի Սփիւռքում գործող հայկական մամուլի եւ առանձնապէս՝ հայալեզու մամուլի՝ որպէս հայապահպանութեան յենասիւներից մէկի նկատմամբ: Անհրաժեշտ է  փնտռել եւ գտնել խելամիտ լուծումներ՝ Սփիւռքում գործող մամուլի հեղինակաւոր միջոցներին նիւթապէս աջակցելու հարցում, առաւել եւս՝ որ վերջիններս հանդիսանում են նաեւ ազգային եւ մշակութային մեծագոյն արժէք:
Յապաղել այս հարցում այլեւս չի կարելի:


ՏԻԳՐԱՆ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
Լրատուամիջոցների համահայկական ընկերակցութեան նախագահ