Print
Category: Միջազգային - գաղութային լուրեր

Անցեալ շաբաթուանից արդէն տրուեց պաշտօնական մեկնարկը՝ Իրանի    Իսլամական խորհրդարանի (մեջլիս) 9-րդ նստաշրջանի ընտրութիւնների, երբ ՆԳՆ-ի ԿԸՅ-ի (ներքին գործերի նախարարութեան Կենտր. ընտրական յանձնաժողով) կողմից մասամբ հրապարակուեց որպէս թեկնածու արձանագրուած անձանց այն ցանկը, որով պարզուում էր, թէ ովքեր են այսպէս ասած՝ մերժուածները...


Գործող օրէնքի համաձայն՝ երկրի «Հիմնական օրէնքի Պահապան խորհրդի» ինստիտուտին յարակից՝ ընտրութիւններն վերահսկող ու գործադրող մարմիններն ի զօրու են ընտրութիւններին յայտ ներկայացնող թեկնածուների «արժանաւորութիւնը» սահմանել-գնահատել օրէնքի տուեալ յօդուածների կիրառմամբ, որոնք մասնաւորապէս կարեւորում են տուեալ թեկնածուի յատկապէս գործնականօրէն ապացուցուած հաւատարմութիւնը՝ երկրի եւ պետութեան իշխանակարգին, այն է՝ «Վելայաթէ ֆաղիհ»-ին (Հոգեւոր գերագոյն  առաջնորդի իշխանութիւն):
Այսպէս, ահա, 9-րդ շրջանի սոյն ընտրութիւններին մասնակցութեանը յայտ ներկայացրած աւելի քան հինգ հազար թեկնածուների շուրջ 20 առ հարիւրը (ըստ մամուլում անպաշտօն  հրապարակումների) չանցկացրին նախընտրական այդ «շեմը», անշուշտ, այդ կապակցութեամբ բողոքարկելու առիթ ունենալով յատկացուած ժամկէտով: Յատկանշականը, սակայն, գործող 8-րդ շրջանի խորհրդարանում ներկայումս աշխատող շուրջ երեք տասնեակ պատգամաւորի (որոնք գալիք՝ 9-րդ շրջանի համար եւս արձանագրուել էին) արժանաւորութեան մերժումն է (նոյն վերոգրեալ յօդուածի հիմնաւորմամբ), որն հասարակական հնչեղութեամբ, ինչու չէ նաեւ քաղաքական տարբեր հոսանքների ու մամլոյ շրջանակներում զարմանքի տեղիք է տուել: Հարցը կայանում է նրանում, որ այդ կարգի մերժուածների շարքում են կառավարութեանը խստագոյնս քննադատող եւ մասնաւորապէս «նախագահ Ահմադինեժադի իմփիչմենտին» կողմնակից պատգամաւորները, որոնք, այսպէս թէ այնպէս, իրենց «անարժանաւորութիւնը» համարում են քաղաքական հաշուեյարդարի արդիւնք: Հետաքրքիր է նաեւ այն, որ նոյն այդ երեսունի մէջ կան այնպիսիներ եւս, որոնք հէնց խորհրդարանում նախա¬  գահամէտի համբաւ ունէին ու սրանք  էլ իրենց հերթին քաղաքական են բնութագրել իրենց մերժուելու հանգամանքը:
Այսպիսով, միջանկեալ ասենք, որ տպաւորութիւն է ստեղծւում, թէ շրջանաւարտ խորհրդարանի միմեանց նկատմամբ ծայրայեղ կեցուածքներով  յայտնի պատգամաւորներն հաւասարապէս «ձերբազատւում են» գալիք դեպուտատային գժտութիւններից, ասպարէզը թողնելով «միջին ուղիով» ընթացող մրցակիցներին, որոնք թէպէտ ճամբարային կոչումով երկուստեք ներկայացնում են միեւնոյն պահպանողական հոսանքը, բայցեւայնպէս՝ ջրբաժանի են մատնւում, երբ կեցուածքները տարանջատւում են կառավարութեան ու նախագահի գործունէութեան կտրուածքներում:
Ինչեւէ, մերժուածների մէջ կան այնպիսիներ էլ, որոնք յարուցել են նոյնինքն խօսնակ Լարիջանիի զարմանքը նաեւ, իսկ վերջինս իր հերթին փորձում է միջնորդել գործընկերների բողոքարկումները՝ Պահապան խորհրդի եւ   միւս վերահսկիչ մարմինների մօտ: Թէ ինչով կþաւարտուեն դրանք՝ ցոյց կը տայ մօտ ժամանակը:
Յատկանշական մի այլ երեւոյթը՝ դա բարենորոգչականների (նրանք էլ շուրջ 30 պատգամաւորով եւ որպէս փոքրամասնական ֆրակցիայով ներկայ են շրջանաւարտ խորհրդարանում) նախընտրական դիրքորոշումն էր, որով ի նախագունէ, նոյնիսկ նախկին նախագահ Խաթամիի բարձրաձայնութեամբ, յայտարարում էին, թէ ո՛չ ցանկով, ու ո՛չ էլ անհատական (ասել է թէ՝ համամասնական ու մեծամասնական) նախաձեռնութեամբ չեն մասնակցելու 9-րդ շրջանի խորհրդարանական ընտրութիւններին, պատճառաբանելով «արժանաւորութիւնների հաստատման-չհաստատման» սխալ մեխանիզմը՝ Ընտրական օրէնսգրքում..., բայց արի ու տես, որ ըստ անպաշտօն  տուեալների՝ շուրջ 700 բարեկարգչականներ (խոշոր տոկոսով՝ ոչ-հանրայայտ) արձանագրուել են ու իրենց թեկնածութիւնն են առաջադրել: Սա եւս պարզելու  համար՝ պէտք է սպասել «արժանաւորների» վերջնական ցանկի հրապարակմանը՝ առաջիկայում:
Դրանից յետոյ միայն հնարաւոր կը դառնայ 9-րդ շրջանի խորհրդարանի ընտրապայքարին ճշգրիտ գնահատականներ տալ եւ կարեւորը՝ թէ առհասարակ ինչպիսին է լինելու մէկ տարի անց նախագահական ընտրութիւնների սեմին ձեւաւորուող Իսլամական մեջլիսի քաղաքական տեսակարար կշիռը:
Գալով մեզ՝ որպէս երկրի համայնքային ու կրօնական փոքրամասնականներ, պէտք է ասել, որ իրանահայութիւնը ինչպէս միշտ՝ ընդառաջ է գնալու այս շրջանի խորհրդարանական ընտրութիւններին եւս  իր հիւսիսային ու հարաւային հատուածներով: Դարձեալ ըստ անպաշտօն լուրերի՝ իրանահայութեան կողմից իրենց թեկնածութիւնն են առաջադրել հինգ ազգայիններ, քաղաքացիներ (3-ը՝ հիւսիսային, 2-ը՝ հարաւային շրջանից), որոնց թեկնածութեան արժանաւորութիւնը, նախնական տուեալների համաձայն, մերժուած չէ: Եւ, թէպէտ, արդէն հայերէն որոշակի ոչ-տպագիր մամուլի կոմենտ-բամբասանքների շրջագծում շրջանառութեան մէջ են դրուել հայ թեկնա¬ ծուների անուններ, բայց մենք  շուտիկութիւնից խուսափելու համար՝ վերապահ ենք մնում անունների հրապարակումից, մինչեւ պաշտօնական հաղորդագրութիւնը, որն էլ   շուտով հրապարակուելու է ՆԳՆ-ի Կենտրոնական ընտրական յանձնաժողովի կողմից:


«ԱԼԻՔ»ի խմբագրական