Տարրական դպրոցի աշակերտ էի՝ հազիւ թէ 10 տարեկան, երբ առաջին անգամ տեսայ «Ալիք»-ը:
Ծնուել եւ ապրում էի Նոր Ջուղայում: Ամէն օր, դպրոցից տուն վերադառնալիս, տեսնում էի, որ որոշ հայ խանութպաններ, նստած իրենց խանութի շեմքում, հայերէն տառերով տպուած ինչ-որ թերթ են կարդում: Այդ մասին ես գաղափար կազմեցի միայն թերթի անունը կարդալ կարողանալով, որը խոշոր տառերով գրուած էր «ԱԼԻՔ»:
Ինչպէս ասում են՝ ես դեռ խոխա էի եւ մնացածը իմ խելքի բանը չէր. թէ ինչ էր գրած թերթում եւ առհասարակ ինչ էր նշանակում օրաթերթ ասուածը, ինչ էր նրա տարբերութիւնը՝ գրքից, ինչ կարեւորութիւն ունէր այն, որ մարդիկ փող էին տալիս, առնում, երբ մէկ օր անց դա այլեւս պէտք չէր իրենց… բայց մի տեսակ հպարտութիւն էի զգում իմ մանկական հոգում, որ մենք էլ մեր լեզուով օրաթերթ ունենք…
Անցաւ մի հինգ տարի: Արդէն միջնակարգ դպրոցի աշակերտ էի, երբ առաջին անգամ «Ալիք» կարդացի: Բացատրեմ: Իմ մանկութեան ընկեր Վահիկը (որի հայրը Նոր Ջուղայի ազգային-հասարակական նշանաւոր գործիչներից էր եւ «Ալիք» էր ստանում) մի օր ասաց, թէ «Ալիք»ում մի շատ հետաքրքիր պատմութիւն (թերթօն) է տպւում եւ ինքն էլ մեծ հաճոյքով կարդում է այն ու անհամբեր սպասում թերթի յաջորդ համարին: Նա խորհուրդ տուեց, որ ես էլ կարդամ այն եւ բերեց պատկան համարները: Եթէ չեմ սխալւում, թերթօնի անունը «Վենդետա» էր, հեղինակը՝ Մարի Քորելլի, իսկ թարգմանիչը՝ Մերի Պետրոսեան:
Առաջին անգամն էր, ինչ ես, մեր հայերէն դասագրքերից բացի, հայերէն լեզուով այլ գրուածք էի կարդում: Ինչքան յիշում եմ՝ այն ժամանակ Նոր Ջուղայում հայկական գրախանութ չկար եւ, բնականաբար, հայերէն գիրք գնելու կամ նուիրելու սովորութիւն էլ չկար: Այնքան հետաքրքիր էր այդ արկածային թերթօնը, որ ես կլանուած՝ կարդում էի այն եւ անհամբեր սպասում, որ երեկոյեան դպրոցից տուն վերադառնամ եւ շարունակեմ վայելել այդ «համեղ պատառ»ը: Հետզհետէ աւելի շատ էի հիանում թերթ եւ թերթօն երեւոյթներով՝ իհարկէ դեռ եւս մտածելով, թէ թերթի միւս բաժինները իմ խելքի բանը չեն: Բնականաբար, թերթում էի «Ալիք»ի իւրաքանչիւր համարը եւ կարդում վերնագրերը, բայց թէ ինչ էր «Խմբագրական»ը կամ «Քաղաքական տեսութիւն»ը եւ այլն դրանք ինձ չէին հետաքրքրում: Սակայն, օրէցօր աւելի շատ էի զգում մեր մայրենի լեզուով օրաթերթ ունենալու անհրաժեշտութիւնը: Եւ այսպիսով՝ «Ալիք»ը իմ յիշողութեան մէջ մնաց որպէս մի խորհրդաւոր երեւոյթ, որի բոլոր գրուածքները կարդալն ու հասկանալը հեշտ բան չէր: Անցաւ մի հինգ տարի եւս: 1966 թուականին արդէն Սպահանի Պետական համալսարանի հայագիտական ճիւղի ուսանող էի, երբ Նոր Ջուղայի ազգային իշխանութեան կողմից մեզ յայտնեցին, թէ ուսանողները կարող են կէս գնով «Ալիք»ի բաժանորդ դառնալ (Այն օրերին «Ալիք»ի հատավաճառի գինը հինգ ռիալ էր): Եւ ես առաջին անգամ «Ալիք»ի բաժանորդ դարձայ:
Իւրաքանչիւր համարն ստանալուց յետոյ՝ հպարտութեամբ տուն էի բերում, ճանապարհին մտածելով՝ «Թող բոլորը տեսնեն, որ ես էլ եմ հայերէն թերթ ստանում»: Դա մեծ պարծանք էր ինձ համար:
Համալսարանական կրթութիւնը ինձ շատ բան տուեց, ընդորում՝ օրաթերթ կարդալու «շնորհք»: Ես արդէն «պաշտօնապէս» «Ալիք» էի կարդում եւ հպարտանում, որ կարողանում եմ հայերէն լեզուով թերթ կարդալ: Բայց, դեռ յստակ պատկերացում չունէի «Ալիք» հաստատութեան մասին: Թէ ովքեր էին այդ մարդիկ, որոնց ջանքերով էր լոյս տեսնում օրաթերթը, ինչ նպատակի էին ծառայում նրանք եւ այլն, ինձ համար շատ պարզ չէր: Բայց նոյն՝ հայագիտական ճիւղում ուսանելու նպատակով Թեհրանից Նոր Ջուղա եկած մի խումբ համակուրսեցիների միջոցով աւելի շատ ծանօթացայ «Ալիք»ի հետ: Նրանք շատ հետաքրքիր բաներ էին պատմում այդ «Ազգային տան» մասին՝ եզրակացնելով, որ այդ յարկի տակ են հաւաքւում ազգին ծառայելու միտում ունեցող այն բոլոր նուիրեալները, ովքեր հաւատում են Սերոբ Աղբիւրների, Սօսէ Մայրիկների, Գէորգ Չաւուշների եւ Նիկոլ Դումանների ընտրած ճանապարհին…
Եւ ես էլ «հեռակայ» անդամ դարձայ այդ հաստատութեանը, որից յետոյ նոր իմացայ, որ Նոր Ջուղայում էլ կան նման շատ մարդիկ, ովքեր համեստօրէն չեն շեփորում իրենց կատարած ծառայութիւնների մասին: Յիշեցի, որ դպրոցում էլ ունեցել ենք բազմաթիւ նուիրուած ուսուցիչներ, ովքեր տարբեր առիթներով խօսել են հայկական խնդիրների, հայ մշակոյթի եւ «Ալիք»ի մասին:
1973 թուականին հաստատուելով Թեհրանում՝ նուիրուեցի ուսուցչական ասպարէզին եւ առիթ ունեցայ համալսարանական կրթութիւնս շարունակելու հետ միաժամանակ, թղթակցութիւններով եւ զանազան այլ գրուածքներով աշխատակցել «Ալիք»ին, իսկ յետոյ՝ մէկ տարի կէս օրով աշխատել թերթի խմբագրատանը:
Պայմանների բերումով՝ թողեցի այդ սրտամօտ աշխատանքը, մինչեւ ուսուցչական ասպարէզից հանգստի կոչուելս, որից յետոյ դարձեալ միառժամանակ աշխատեցի «Ալիք»ի խմբագրատանը, այդ երկարատեւ «ընդմիջման» ընթացքում, սակայն, շարունակելով աշխատակցել իմ սիրելի օրաթերթին:
Այժմ քանի տարի է՝ ընտանեօք հայրենադարձուել ենք, սակայն մեր կապը երբեք չենք խզել «Ալիք»ի հետ: Թղթակցութիւններից բացի՝ մեր հասցէով ստանում ենք 10 օրինակ «Ալիք», որոնք անվճար կերպով տրամադրում ենք ցանկացողներին: Այսպիսով՝ «Ալիք»ը հանդիսացել է իմ ամբողջ գիտակցական կեանքի ուղեկիցը, որը մի այլ լսարան է եղել ինձ համար եւ հարթել ու յղկել իմ կեանքի ուղին. մի արժանիք, որը ուրիշ լսարաններից դժուար թէ կարողանայի ստանալ: Ջերմօրէն շնորհաւորելով «Ալիք»ի 80-ամեակը՝ նորանոր վերելքներ եմ ցանկանում նրա ազգա- նպաստ ծառայութեան ասպարէզում:
ՍԱՐՕ ԲԱԲՈՒՄԵԱՆ
(Երեւան) «ԱԼԻՔ» օրաթերթ
------------------------------------
ԻՐԱՆ
«Ալիք» օրաթերթի 80-ամեակին նուիրուած այցելութիւն Դուլաբի գերեզմանատան պանթէոն
Թեհրանի մէջ տեղացող սաստիկ անձրեւն անգամ չկարողացաւ արգիլել, որ թեհրանահայերը Դուլաբի գերեզմանատան մէջ իրենց յարգանքի տուրքը մատուցեն ու խնկարկեն այն ազգայիններու շիրիմները, որոնք անձնուիրաբար իրագործեցին կարելին ու անկարելին՝ հայ ժողովուրդի եւ ի մասնաւորի իրանահայ համայնքի ազգային նկարագրի պահպանման ու գոյատեւման ի խնդիր: Թէեւ Դուլաբի պանթէոնի ազգայիններու շիրիմները այցելելը ամենամեայ միջոցառում է, սակայն այս տարի ատիկա նուիրուած էր «Ալիք» օրաթերթի 80-ամեակին:
Դուլաբի պանթէոնին մէջ, ուր ամփոփուած են ազգային-հասարակական ու դաշնակցական գործիչներու շիրիմները, հայ պատանիներ ու երիտասարդներ ծաղիկներ զետեղած էին շիրիմներուն վրայ, եւ հսկայ պաստառի վրայ տեղադրուած էր 80-ամեայ «Ալիք» օրաթերթի հանգուցեալ հիմնադիրներու, արտօնատէրերու ու խմբագիրներու պատկերները:
Պատարագի եւ հոգեհանգստեան արարողութեան երգեցողութիւնը կատարեց Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցւոյ երգեցիկ խումբը՝ ղեկավարութեամբ տոքթ. Էլիպս Մասեհեանի:
Արարողութեան ներկայ էին՝ Իսլ. խորհրդարանի պատգամաւոր Գէորգ Վարդանեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի ու «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչները եւ մեծ թիւով այցելուներ:
Հոգեհանգստեան արարողութենէն յետոյ՝ հնչեց «Մշակ բանուոր» հիմներգը, որմէ ետք Կազմակերպիչ յանձնախումբի խօսքը ընթերցեց Սեդրակ Գոջամանեանը:
Ան իր արտայայտութիւններու ընթացքին հակիրճ, բայց բովանդակալից տողերով թուարկեց այն բոլոր նուիրեալներու անունները, որոնք ապրած էին «Ալիք»ով:
Միջոցառման ընթացքին խօսք առաւ «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանը՝ երախտագիտական խօսք ուղղելով Կազմակերպիչ յանձնախումբին եւ ներկայ հասարակութեան, որ եկած էին յարգելու ազգային-հասարակական եւ քաղաքական նուիրեալ գործիչներու յիշատակը:
Ծրագրի աւարտին գերեզմանատան մէջ կը հնչէին յեղափոխական երգեր, եւ այցելուները մէկ անգամ եւս տոգորուած ու լիցքաւորուած նուիրեալներու ոգիով՝ թողեցին պանթէոնը: