Print
Category: Հարցազրոյցներ

«Իմ ապրած կեանքից գոհ եմ»

ՀՀ ժողովրդական արտիստ, հանրային ռատիոյի «Սայթ-Նովա» աշուղական երգի վաստակաւոր անսամբլի գեղարուեստական ղեկավար, փրոֆ. Թովմաս Պօղոսեան, Փետրուարի 16-ին դարձաւ 60 տարեկան։ Եւ «Ժողովուրդ» թերթը կը ներկայացնէ սիրուած արուեստագէտի հետ տեղի ունեցած հարցազրոյցը։

Զգո՞ւմ էք, որ 60 տարեկան էք դառնում։
Երիտասարդ տարիքում այդ թիւը շատ մեծ էր թւում...

Ու գուցէ նաեւ՝ շատ հեռու։
Ոչ միայն հեռու, այլեւ 60 տարեկաններն ինձ համար շատ պատկառելի, հասուն տարիքի մարդիկ էին։ Մի անգամ տատիս հարցրի. «Տա՛տ, զգո՞ւմ ես, որ 90 տարեկան ես»։ Պատասխանեց, «Լա՛օ, սիրտս 18 տարեկան է»։ Հիմա ես էլ զգում եմ, որ մարդու սիրտը չի ծերանում, հոգին չի մեծանում տարիքով, մարմինն է ծերանում, եւ Աստուած շռայլօրէն մարդուն պարգեւած բոլոր բարիքները կամաց-կամաց սկսում է ետ առնել։

Եթէ նորից ամէն ինչ սկսէինք, նոյնը կ'անէինք, թէ՞ ինչ-որ բան կը փոխէինք։
Իմ անցած ճանապահից, ապրած կեանքից գոհ եմ, երջանիկ։ Վստահեցնում եմ ձեզ, որ նախախնամութեան մատը միշտ խառն է եղել. յաճախ մի բան որոշել եմ անել, բայց չեմ արել, եւ ինքնաբերաբար ուրիշ բան է եղել, որը շատ աւելի լաւն էր, քան ես մտադիր էի անել։ Եւ այս օրերին, ինչպէս ամէն նոր տարի, միշտ ետ ես նայում անցած տարում արածներին եւ չարածներին ու առաւելապէս ափսոսում ես չարածների, չհասցրածների համար։ Իսկ հիմա, երբ չգիտեմ՝ դիմացս ինչքան կայ, երեւի թէ աւելի կը շտապեմ հնարաւոր առաւելագոյնը անել։

Ձեր ձեռբերումները շատ են, բայց յատկապէս ի՞նչը կ'առանձնացնէիք։
Ինձ համար անսահման թանկ է Աշուղ Ջիւանին, եւ իմ երիտասարդութեան տարիներից մի մեծ հատուած նուիրեցի նրա ձեռագրերի ուսումնասիրութեանը ու բնաւ չեմ ափսոսում. արդէն հրատարակել եմ այդ ձեռագրերից քաղուած անտիպ, անյայտ մնացած երգերը։ Ընդ որում, այդ ձեռագրերի թանաքը գնալով անհետանում թղթի վրայից, եւ գուցէ տասնամեակներ յետոյ ձեռագրերը դառնան անընթեռնելի։ Ու ես լաւ եմ զգում, որ իմ կեանքից կարեւոր եւ լուրջ մաս եմ նուիրել այդ ձեռագրերը փրկելուն։ Ձեռքբերում եմ համարում Էջմիածնի հոգեւոր ճեմարանում, Վանաձորի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում, կոնսերվատորիայում ուսանելը, Վաղարշակ Սահակեանի «Սայաթ-Նովա» անսամբլում, Թաթուլ Ալթունեանի անուան երգի-պարի պետական վաստակաւոր անսամբլում երգելը... 1992-ից վերականգնեցինք, եւ ղեկավարում եմ Հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակաւոր անսամբլը։ Անսամբլի ձեռքբերումները, այն ղեկավարելը համարում եմ մեծ պատիւ եւ ձեռքբերում նաեւ ինձ համար։ Ու նաեւ՝ մեծ պատասխանատուութիւն։

Չորս դուստր ունէք, թոռներ, ձեր գործի շարունակողը կա՞յ։
Չորս դուստր ունեմ եւ ինձ համարում եմ աշխարհի բախտաւոր մարդկանցից, երկու տղայ թոռնիկ ունեմ... առայժմ՝ Տիգրանը եւ Հայկը։ Տիգրանս 15 տարեկան է, ընդունուել է Առնօ Բաբաջանեանի անուան երաժշտական ուսումնարանի թառի բաժինը եւ կարծես ուզում է հետեւել իմ ցուցումներին։ Սիրում է իր նուագարանը, ազգային ժողովրդական աշուղական երգը, երաժշտութիւնը, պարապում շատ ջանադրաբար, եւ յոյս ունեմ, որ պտուղները պիտի քաղեմ։ Թառը իմ սիրելի նուագարանն է, բայց, ցաւոք, այսօրուայ սերնդից քչերն են ցանկանում թառ նուագել, եւ ես իմ ընտանիքի միջոցով ուզեցի նաեւ լրացնել այդ մեծ բացի մեզ հասանելիք փոքրիկ, մի պտղունց բաժինը։ Եւ աղօթում եմ Աստծուն, որ Տիգրանս դառնայ լուրջ արուեստագէտ, լուրջ երաժիշտ եւ, ինչու չէ, լուրջ թառահար։ Իսկ Հայկը դեռ 3 տարեկան է։

Ամանորից քիչ ժամանակ է անցել, ի՞նչ կը մաղթէք մեր ժողովրդին։
Փափաքս է, որ մեր հայրենիքը լինի յարատեւ խաղաղութեան մէջ, ժողովուրդն ապրի իրեն արժանի բարեկեցիկ կեանքով, որպէսզի մեր աշխատանքն էլ տեղ հասնի։ Մենք երգում ենք ժողովրդի համար, եւ տայ Աստուած՝ այնպէս լինի, որ մեր ժողովուրդը երգ լսելու, երգով ապրելու սիրտ ունենայ։ Հոգսերը նահանջեն, եւ կեանը թելադրի ապրել արուեստով, ապրել գեղեցիկով, ապրել գեղեցիկի ձեռքբերումով։ Հոկտեմբերի 20-ին Մոսկուայում՝ Կրեմլի մեծ դահլիճում, համերգ ունեցանք, եւ համերգի հովանաւոր Շուշանիկ Սարգսեանը մի առիթով ասաց, որ իրենց այնքան ապրուստ ունեն, որ ապահովել են զաւակներին, թոռներին, միգուցէ նաեւ թոռների երեխաներին եւ աւելեց. «Դրանից աւելին մեզ պէտք չէ, ի՞նչ պիտի էնենք»։ Եւ ընտանիքով մտածել են, որ պէտք է գեղեցիկ ապրեն։ Իսկ իրենց համար գեղեցիկ ապրելը աջակցելն է հայ մշակոյթին, «Սայաթ-Նովա» անսամբլին, Սայաթ-Նովայի արուեստը հասանելի դարձնելն է մեր ժողովրդին ամենուրեք։ Եւ, ինչու չէ, նաեւ այդ արուեստով մեր ժողովրդին ներկայցնելը օտարներին։ Ահա Սարգսեան ընտանիքի գեղեցիկ ապրելու բանաձեւը, եւ ցանալի է, որ այն ընդունուի նաեւ այլ մեծահարուստների կողմից։