Print
Category: Հարցազրոյցներ

Աշխարհի մէջ հայ տպագիր արտադրանքի ամէնամեծ պահոցն է ազգային գրադարանը, որ տարուան ընթացքին ընթերցողներուն կը տրամադրէ մօտ 1.5 միլիոն միաւոր գրականութիւն։

Գրադարանի գործունէութեան, գիրքերու թուայնացման աշխատանքին, միջազգային համագործակցութիւններու եւ ընդհանրապէս հայ տպագրութեան վերաբերող ուշագրաւ տեղեկութիւններ «Ազատ Օր»ին կը փոխանցէ Ազգային Գրադարանի տնօրէն Տիգրան Զարքարեան։

Նշենք, թէ աւելի քան երկու տարի առաջ սկսած է Ազգային Գրադարանի համագործակցութիւնը «Ազատ Օր» օրաթերթին հետ, եւ այդ թուականէն ի վեր մեր թերթի հաւաքածոները լրիւ կը պահպանուին Ազգային Գրադարանին մօտ։

Ինչպէ՞ս կը գործէ Հայաստանի Ազգային Գրադարանը։ Ի՞նչ մասնաբաժիններ ներառնուած են եւ ինչպիսի՞ ծառայութիւններ կը մատուցէ հասարակութեան։

«Հայաստանի Ազգային Գրադարանը» պետական ոչ առեւտրային կազմակերպութիւն է, ունի պետական գրադարանի կարգավիճակ եւ գործում է ՀՀ մշակոյթի նախարարութեան ենթակայութեան ներքոյ: Մեր գրադարանը նաեւ հանրային գրադարան է եւ ծառայութիւններ է մատուցում 17 տարեկանից բարձր օգտուողներին: Գրադարանը ունի 15 բաժին, որոնք իրականացնում են գրադարանային հաւաքածուի համալրման, գրականութեան մշակման ու գրացուցակների ձեւաւորման, մատենագիտական եւ գիտահետազօտական աշխատանքներ: Ազգային գրադարանի կարեւոր գործառոյթներից է նաեւ գրադարանային հաւաքածուի պահպանութիւնն ու իր օգտուողներին ժամանակակից պահանջները բաւարարող որակեալ սպասարկման կազմակերպումը: Գրադարանը ներկայում տեղակայուած է 4 մասնաշէնքում, որոնք կառուցուել եւ շահագործման են յանձնուել համապատասխանաբար 1939, 1972, 1976 եւ 1990 թուականներին: Գլխաւոր գրապահոցը գտնւում է բարձրայարկ, միջին եւ Թամանեանական մասնաշէնքերում: Վերջինում հիմնանորոգումից յետոյ ստեղծուել են բաւարար պայմաններ գրքերի եւ յատկապէս մամուլի պահպանութեան համար: Օգտուողների սպասարկումը սկըսւում է գրադարանի նախասրահից, որտեղ գրացուցակների ու քարտարանների սրահում նրանք կա¬ րող են որոնում կատարել ե՛ւ աւանդական քարտային գրացուցակներում, ե՛ւ էլեկտրոնային համահաւաք գրացուցակում:

Աւելին, օգտուողը կարող է նաեւ տեղեկատուութիւն ստանալ իրեն հետաքրքրող գրքի՝ Հայաստանի որ գրադարանում գտնուելու մասին:

Գրադարանում մեծ ուշադրութիւն է դարձւում նաեւ հասարակութեան թիրախային խմբերի սպասարկման կազմակերպման վրայ: Այստեղ տեսողութեան խնդիրներ ունեցող օգտուողների համար գործում է «Արեւ» ծրագրով յագեցած ընթերցասրահը, որը կեանքի է կոչուել բարերար Ռալֆ Եիրիկեանի ջանքերով: Օգտուողների առանձին հետաքրքրութիւնները բաւարարւում են Ատենախօսութիւնների ու սեղմագրերի, Արուեստի եւ ոչ գրքային հրատարակութիւնների, Նոտային - երաժշտական գրականութեան, Մատենագիտական - տեղեկատու գրականութեան, Հնատիպ և հազուագիւտ հրատարակութիւնների ընթերցասրահներում: Թամանեանական մասնաշէնքում այս տարուայ Յուլիսից գործում է նաեւ ժամանակակից կահաւորմամբ ընդհանուր ընթերցասրահը: Միջգրադարանային բաժնոյթով լուծւում է հանրապետութիւնում բացակայող գրականութիւնը ընթերցողներին տրամադրելու խնդիրը: Գրականութեան ձեռքբերումը հիմնականում կատարւում է պետութեան կողմից տրամադրուած յատկացումների հաշուին։ Տպագիր արտադրանքի վերականգնման բաժնում վերականգնում եւ ամրակայում է անցնում տարեկան 80-ից աւելի գիրք, 45.000 թերթ գրականութիւն: Հնատիպ գիրքը վերականգնւում է Մատենադարանում։ Գրադարանը գրքափոխանակութիւն է կատարում ինչպէս հանրապետութեան մարզային, այնպէս էլ արտասահմանեան գրադարանների ու հաստատութիւնների հետ: Գրադարանի աշխատակիցները շրջիկ գրադարանով՝ Բիբլիոբուսով, տարեկան 4-5 մարզ են այցելում եւ գրքեր նուիրում մարզային ու համայնքային գրադարաններին, ուսումնական հաստատութիւններին, տեղերում գրադարանավարների համար կազմակերպում դասախօսութիւններ եւ խորհրդատուութիւններ։

ՀԱԳ-ն Գիտութիւնների ազգային ակադեմիայի հիմնարար գրադարանի հետ համատեղ ստեղծում է «Հայ գիրքը 1512-1800 թթ.», «Հայ գիրքը 1801-1850 թթ.», «Հայ գիրքը 1851-1900 թթ.», «Հայ գիրքը 1901-1920 թթ.» շտեմարանները։ Դրանք թուայնացուած գրքերի հաւաքածուներ են, որտեղ օգտուողը հեղինակի, վերնագրի, հրատարակութեան վայրի, տարեթիւի եւ այլ յատկանիշներով կարող է որոնել իր հետաքրքրութիւնների ծիրի մեջ գտնուող գրադարանային փաստաթուղթը, թերթել, կարդալ ու ներբեռնել իր անհատական համակարգչի մէջ:

Քանի որ «Հայ գրքի» նախաձեռնութեան նպատակային վերջնակէտը հայատառ գրականութեան մեկտեղուած, իրապէս համահաւաք շտեմարանի ստեղծումն է, ուստի հետեւողական աշխատանք¬ ներ են տարւում ՀՀ-ում բացակայող եւ արտերկրի հաւաքածուներում առկայ հնատիպ, վաղ շրջանի եւ մշակութային բացառիկ արժէք ներկայացնող գրքերի թիւային պատճէնների ձեռքբերման ուղղութեամբ:

Ձեւաւորման փուլում է «Հայ մամուլ» համահաւաք շտեմարանը, որը բացառիկ կարեւորութիւն եւ անգնահատելի աղբիւրագիտական ու տեղեկատըւական նշանակութիւն կþունենայ ամբողջական տեսք ստանալուց յետոյ: Այս շտեմարանի ստեղծման աշխատանքները իրապէս մեծածաւալ են, աշխարհագրական մեծ ընդգրկում ունեն, քանի որ մատենագիտական գրառումներին կցւում են աղիւսակները, իսկ ապա նաեւ՝ պարբերականների թիւային պատճէնները: Արդիւնքում, կը ստեղծուի հայ պարբերական մամուլի թիւային գրադարան:

Հետաքրքիր նախաձեռնութիւն է նաեւ հայ պարբերական մամուլի մատենագիտութեան էլեկտրոնային շտեմարանի ստեղծումը: Ներկայում մատենագրւում է Եգիպտոսի «Արեւ» օրաթերթը:

Թեմատիկ շտեմարաններ ստեղծելու ուղղութեամբ նոյնպէս արդիւնաւէտ քայլեր են արուել, ինչպէս օրինակ Հայ տպագրութեան 400-ամեակի եւ գրերի գիւտի 1500-ամեակի նիւթերի շտեմարանը: Ներկայում ձեւաւորւում է հայատառ գրականութեան համահաւաք գրացուցակը:

Գրադարանները հասարակական կեանքի իրադարձութիւնների հայելին են. գլոբալացուող ու զարգացող ժամանակակից աշխարհում այսօր խիստ պահանջուած է բարձր տեխնոլոգիաների միջոցով տեղեկատուութեան հասանելիութեան որակի բարձրացման ապահովումը, քաղաքացիական հասարակութեան տեղեկացուածութիւնը բաւարարող արագահաս ուղիների որոնումն ու կատարելագործումը, բովանդակութեան նոր շտեմարանների ստեղծումը:

Այս խնդիրների մի մասը դրուած է գրադարանավարների ուսերին, ուստի գրադարանի գործունէութեան կարեւոր բաղկացուցիչներից է նաեւ աշխատակիցների մասնագիտական հմտութիւնների եւ որակաւորման բարձրացումը: Մշակոյթի նախարարութեան նախաձեռնութեամբ Ազգային գրադարանում «Վարպետաց դասեր» են անցկացւում ՀՀ մարզային գրադարանավարների համար: Սակայն օրախնդիր է նաեւ Ազգային գրադարանի մասնագէտների՝ արտերկրի առաջնակարգ գրադարաններում մասնագիտական որակաւորում անցնելու հարցը:

Գործում է գրադարանի անընդհատ թարմացւող կայքէջը (http://www.nla.am)։ Գրադարանը ունի իր էջը Facebook սոցիալական ցանցում։

Ծաւալուն աշխատանքներ են տարւում «Գրատըպութեան թանգարանի» ձեւաւորման ու մշտական ցուցադրութեան կազմակերպման ուղղութեամբ։ Յոյսով ենք որ մինչեւ 2013 թուականի Դեկտեմբեր ամիսը կը կատարենք գրատպութեան թանգարանի պաշտօնական բացումը։

Ե՞րբ հիմնադրուած է եւ ինչպիսի՞ հանգրուաններէ անցած է ՀԱԳի գործունէութիւնը։

Հայաստանի ազգային գրադարանի հիմնադըրման տարեթիւը համարւում է 1832թ., երբ Երեւանի բերդի տարածքում բացուած արական գիմնազիայում սկսեց գործել գրադարանը: Գրադարանի հաւաքածուի դասակարգման, քարտագրման, համալըրման գործը բարձր հիմքերի վրայ դրուեց Խ. Աբովեանի, Ստ. Զելինսկու /Մկրտչեան/ գրադարանապետութեան տարիներին: Խ. Աբովեանի անուան հետ է կապւում Արական գիմնազիայի գրադարանի Կովկասագիտութեան կաբինետի հիմնադրումը: Գրադարանը տարբեր տարիներին գործել է քաղաքի տարբեր մասերում՝ Ս. Սարգիս եկեղեցու տարածքում, Շահար թաղամասի Պօղոս-Պետրոս եկեղեցու բակում, Աստաֆեան փողոցի վրայ կառուցուած շէնքում, ապա Ամիրեան փողոցում գտնուող   շէնքում, որում հետագայում   գործում էր Աւ. Իսահակեանի անուան քաղաքային գրադարանը:

1919թ. Յուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետութեան պետական-հանրային մատենադարանի մասին» օրէնքով Կառավարութիւնը բացում է գրադարան-մատենադարանը, որի վերատեսուչ է նշանակւում Ստ. Կանայեանը: Թիֆլիսում, Բաքվում, Ռուսաստանի խոշոր քաղաքներում հաւաքւում է մեծ քանակութեամբ գրականութիւն՝ գրքեր ու պարբերականներ, որոնք այդ դժուարին ժամանակներում պետական ծախսերով տեղափոխւում են Երեւան եւ հանգրուանում նորաբաց գրադարանում:

1920թ. Նոյեմբերին, Հայաստանում խորհրդային կարգեր հաստատելուց յետոյ, Պետական - հանրային գրադարանը վերանուանուեց Հայաստանի Հանրային գրադարան /1921թ. /, իսկ 1925թ.՝ Ալեքսանդր Միասնիկեանի անուան հանրային գրադարան: Այսօր գրադարանի հարուստ հաւաքածուներում առանձնանում են հայ հասարակական-քաղաքական նշանաւոր գործիչների անհատական հաւաքածուները, կրթամշակութային հաստատութիւնների եզակի հաւաքածուները:

Հայաստանի պետական հանրային գրադարանի՝ Տէրեան փողոցում գտնուող շէնքը նախագծել է Ալ. Թամանեանը: Այն շահագործման է յանձնուել 1939թ.:

Ինչպիսի՞ համագործակցութիւններ կը պահէք հայկական կամ օտար այլ հաստատութիւններու հետ։

ՀԱԳ-ը համագործակցում է 21 երկրների՝ Հայաստանում գործող դեսպանատների եւ 22 միջազգային կազմակերպութիւնների հայաստանյան գրասենեակների հետ՝ նրանց հետ իրականացնելով գրքափոխանակութիւն, տեղեկատուութեան տրամադրում, համատեղ ցուցադրութիւններ եւ այլ աշխատանքներ: Գրադարանում է գտնւում ՄԱԿ-ի աւանդապահ ընթերցասրահը, որտեղ սպասարկւում են Եւրախորհըրդի, ՆԱԹՕ-ի, Համաշխարհային բանկի հրատարակութիւնները: Այսօր ՀԱԳ-ը ընդլայնում է համագործակցութիւնների աշխարհագրական ծիրը եւ համատեղ ծրագրեր իրագործում հայկական եւ արտերկրի շահագրգիռ այնպիսի կազմակերպութիւնների հետ, որոնք կարեւորում են հայ եւ այլազգի հասարակութիւններին հայոց մշակութային արժէքներն ու գրաւոր ժառանգութեան նմուշները ժամանակակից տեխնոլոգիաների օգնութեամբ թիւային ձեւաչափերով արագ եւ որակեալ քարոզչութիւնը:

Չափազանց կարեւոր է ՀԱԳ-ի եւ «Հայաստան» Համահայկական հիմնադրամի «Թուայնացման կենտրոնի եւ հանրային էլեկտրոնային ընթերցասրահի ստեղծում Ազգային գրադարանում» համատեղ ծրագիրը, որով միջոցներ հայթայթուեցին Ազգային գրադարանի տպագիր նիւթերը թուայնացնելու նպատակով թանկարժէք տեխնիկական միջոցներ ձեռք բերելու համար:

ՀՀ-ում Ռուսաստանի հետ համագործակցութեան,գիտութեան եւ մշակոյթի ռուսական կենտրոնի կողմից վերջերս արժեքաւոր շուրջ 200 միաւոր գրականութիւն յանձնուեց գրադարանին որպէս նուիրատուութիւն: Հայ գրատպութեան 500-ամեակի առթիւ «Գաֆեսճեան» մշակութային կենտրոնում ցուցադրուած գրականութիւնը (աւելի քան 2000 միաւոր) ցուցահանդէսի աւարտից յետոյ յանձնուեց ՀԱԳ-ին: Դրանք ՀՀ մշակոյթի նախարար տիկին Յասմիկ Պօղոսեանի անձնական նախաձեռնութեամբ ձեռք բերուած հայագիտական գրքեր են աշխարհի տարբեր լեզուներով: Նույն միջոցառումների շրջանակում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը նուիրեց մօտ 30 անուն գրքեր, որոնք վերջին տարիների հրատարակութիւններ են:

Ամերիկահայ բարերարներ Սեթ եւ Արսինէ Արսենեանների կտակած գումարներով վերանորոգուել ու կահաւորուել են ՀԱԳ թուայնացման կենտրոնն ու Հ. Պետրոսեանի անուան մատենագիտական-տեղեկատու ընթերցասրահը:

Փոխ գործակցութեան պայմանագրեր ու յուշագրեր են կնքուել ՀԱԳ-ի եւ Չեխիայի Ազգային գրադարանի, Պէյրութի Հայկազեան համալսարանի, Ռուսասատանի Ազգային գրադարանի, Իրանի Իսլամական Հանրապետութեան Ազգային գրադարանի, Պեռլինի պետական գրադարանի միջեւ։ Այդ փաստաթղթերում առանցքային տեղ են գրաւում ՀՀ-ում բացակայող հնատիպ եւ մշակութային արժէք ներկայացնող գրքերի ու պարբերական մամուլի թիւային տարբերակների ձեռքբերման, նշուած հաստատութիւնների վիրտուալ գրադարաններում հայ գրաւոր մշակոյթի նմուշների ներկայացման ու քարոզչութեան աշխատանքները, ինչպէս նաեւ՝ առաջաւորի փորձի փոխանակումը:

Ucom ընկերութեան հետ պայմանաւորուածութեան արդիւնքում 2011թուականից անվճար ինտերնետային անլար կապ է գործում գրադարանի ողջ տարածքում։

Ձեր գործունէութեան ծիրէն ներս ընդգրկած էք նաեւ տարբեր միջոցառում-ցուցադրութիւններ նուիրուած գրողներու կեանքին ու գործին։ Հայկական ընկերութիւնը բաւարար չափով կþըմբոշխնէ՞ նման նախաձեռնութիւններ։

Գրադարանում անցկացում է տարեկան մօտ ութսուն միջոցառում: Դրանք շնորհանդէսներ են, ցուցադրութիւններ, դասախօսութիւններ, հանդիպումներ: Թամանեանական մասնաշէնքի տեխնիկապէս յագեցուած մի քանի դահլիճներում ու սրահներում ստեղծուած են գրաւիչ պայմաններ գրքի ու գրականութեան նկատմամբ ընթերցողական հետաքրքրութիւնը բարձրացնելու համար: Պետական տօներին, համահայկական ու համապետական նշանակութեան իրադարձութիւններին գրադարանը պատրաստւում է բովանդակալից ու արժանավայել ցուցադրութիւններով, որոնք ուղեկցւում են հրաւիրուած մասնակիցների զեկուցումներով ու ելոյթներով: Տարբեր ստեղծագործական միութիւնների, յատկապէս Գրողների միութեան հետ, ինչպէս նաեւ հասարակական կազմակերպութիւնների ու անհատների հետ համատեղ անցկացւում են տպաւորիչ հանդիպումներ:

2012թ. Հայկական գրատպութեան 500-ամեակի տօնակատարութիւնների շրջանակում գրադարանը մասնակցել է ՀՀ-ում եւ արտերկրում՝ Վենետիկում, Ամստերտամում, Մայնցում, Սոֆիայում, Շուշիում, Լոնտոնում, Փարիզում, Ս. Պետերբուրգում եւ ՌԴ միւս խոշոր քաղաքներում, կազմակերպուած միջոցառումներին, որոնք միջազգային արձագանգ գտան: Գրադարանը այդ ցուցադրութիւններին ներկայացրեց նմուշներ իր հաւաքածուներից: Այդ միջոցառումները ոչ միայն հայոց տպագիր ժառանգութեան, այլեւ Հայաստանի ազգային գրադարանի գործունէութիւնը ներկայացնելու ու հանրահռչակելու փոխ շահաւէտ հարթակ դարձան, եւ այդ ընթացքում նոր գաղափարներ ու համագործակցութեան նոր ուղիներ նախանշուեցին:

2012թ. Հոկտեմբերին տեղի ունեցաւ Հայ գրադարանավարների երկրորդ համաժողովը, որի ընդունած բանաձեւում նախանշուեցին ու ամրագրւեցին հայ գրադարանավարների համատեղ աշխատանքների ուղղութիւնները: Որոշուեց համաժողով հրաւիրել երկու տարին մէկ անգամ՝ Հոկտեմբերին:

ՀԱԳ-ն նաեւ հրատարակչական գործունէութիւն է ծաւալում: Բաւական է նշել «Հայ գիրք» մատենագիտութեան հատորային հրատարակութիւնները, որոնք անկիւնաքարային հետազօտութիւններ են, «Համաշխարհային գրականութեան հայերէն թարգմանութիւնները», հայ պարբերական մամուլի բովանդակութեան եւ անհատական մատենագիտութիւնները: 2012թ. Ազգային գրադարանը հրատարակեց «Հայաստանի ազգային գրադարանի գանձեր» պատկերագիրքը, որը նման որակի թերեւս առաջին հրատարակութիւնն է գրադարանի պատմութեան մէջ:

Ազգային գրադարանում 2004թ.-ից տպագրւում է հանրապետութիւնում միակ գրադարանային պարբերաթերթը՝ «Հոգեւոր հայրենիքը» , որը առաքւում է ՀՀ մարզեր եւ արտերկրի հայկական համայնքներ:

Թերթի էլեկտրոնային տարբերակը հասանելի է գրադարանի կայքէջից։

Ձեր փորձառութեան հիմամբ՝ ինչպէ՞ս կը գնահաատէք հայկական տպագրութեան ապագան։

Հայկական տպագրութիւնը 500 տարեկան է: Կարծում եմ, սա յուշում է, որ տպագրութիւնը ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում դեռ երկար ժամանակ կենսունակ ու անընդհատական կը լինի: Այլ խնդիր է բարձրորակ, տեխնիկապէս յագեցուած, ժամանակակից աշխարհում անդադար կատարելագործուող   տպագրութեան ապահովումը:

Այսօր փոխուել է նաեւ հայկական տպագրութեան աշխարհագրութիւնը: Աշխարհի չորս ծագերում, որտեղ հայեր են ապրում, առաջին հերթին ստեղծւում է դպրոց, կառուցւում է եկեղեցի ու տպագրւում է գիրք կամ պարբերական: Ինքնակազմակերպուող հայկական համայնքներում ստեղծուած արժէքները, այդ թւում նաեւ գրաւոր արժէքները, մեր մշակութային հաւաքական ժառանգութեան անտրոհելի բաղկացուցիչներն են, առանց որոնց հաշուառման, գրանցման, դրանց մասին անհրաժեշտ տեղեկատուութեան շատ բան անդառնալի կորուստի կը մատնուի:

Մեր պատմութեան մէջ գրաւոր յուշարձանների, գրադարանների ու արխիւների կորուստի դառը դրուագներ կան արձանագրուած: Այժմ էլ վտանգուած շատ գրադարանային փաստաթղթեր կան աշխարհի տաք կէտերում: Անտարբերութեան, անհետեւողականութեան ու ամենաթողութեան հետեւանքով մեր գրաւոր մշակոյթը, հնարաւոր է, անվերականգնելի կորուստներ ունենայ: Հայկական հին եւ նոր տպագրութեան արդիւնքները պէտք է հանգրուանեն բոլոր հայերի հայրենիքում: Դրանք վերոնշեալ աշխատանքների արդիւնքում կը դառնան համամարդկային սեփականութիւն՝ իբրեւ անբեկանելի ու անքննելի վավերագրեր համաշխարհային մշակութային ժառանգութեան մէջ հայ ժողովրդի ծանրակշիռ ներկայութեան ու լինելութեան:

Խորին շնորհակալութիւն։