«Հայերը Շատ Խելացի Են, Տաղանդաւոր,
Ուղղակի Ֆատալիստական Մօտեցում Ունեն Կեանքի Նկատմամբ»
Հայաստանի Հանրապետութիւնում Ամերիկայի Միացեալ Նահանգների դեսպան Ճոն Հեֆերնը ապաքաղաքական հարցազրոյց է տուել Tert.am-ին եւ պատմել մեր երկրից ստացած իր տպաւորութիւնների մասին:
Պարոն դեսպանն ասում է, որ իրեն ապշեցրել է այն հանգամանքը, թէ ինչքան հասանելի են Հայաստանի պետական պաշտօնեանները: Սա Ճոն Հեֆերնը առանձնացնում է որպէս մեր երկրին բնորոշ դրական կողմ, իսկ որպէս բացասական՝ նշում այն, որ շատ մարդիկ ճակատագրապաշտական մօտեցում ունեն կեանքի նկատմամբ եւ ընկճւում են: Պարոն դեսպանը խորհուրդ է տալիս աւելի լաւատես լինել: Դեսպանը պատմում է, թէ ինչպէս չեն կարողացել իրեն հասկացնել խաշի փիլիսոփայութիւնը եւ ինչպէս են սովորեցրել սիրել մեղրն ու ընկուզեղէն-չրեղէնը:
Մեծարգոյ պարոն դեսպան, երբ գալիս էիք Հայաստան, ի՞նչ պատկերացում ունէիք մեր երկրի մասին եւ ինչպիսի՞ն էր առաջին տպաւորութիւնը: Ի՞նչը ձեզ զարմացրեց յատկապէս, ի՞նչը դուր եկաւ կամ դուր չեկաւ եւ շարունակում է դուր չգալ:
Ես այս տարածաշրջանում եւ, ընդհանրապէս, նախկին խորհրդային երկրներում երբեք չէի աշխատել եւ չգիտէի, թէ ինչ կարելի է ակնկալել: Բայց այն, ինչ շատ հաճելիօրէն զարմացրեց մեզ՝ ինձ եւ կնոջս, այն էր, որ մեզ շատ բաց եւ ջերմօրէն ընդունեցին Հայաստանում՝ թէ՛ Երեւանում, թէ՛ ամէնուր: Դա իմ առաջին տպաւորութիւնն է, որ մինչ օրս ինձ մօտ պահպանւում է, եւ այդ ջերմ ընդունելութեանը մենք մինչ օրս շարունակում ենք արժանանալ այստեղ: Դա շատ հաճելի է: Ոչ մի երկիր կատարեալ չի, ոչ մի ժողովուրդ նոյնպէս եւ, իհարկէ, կան բաներ, որոնք մեզ յուսախաբ արեցին: Կոնկրետ թէ ինչից ենք մենք յուսախաբ եղել եւ դրա շուրջ հնարաւորինս աշխատում ենք՝ դա կապուած է մարդկանց ակնկալիքների հետ: Հայերը շատ խելացի են, շատ տաղանդաւոր են եւ, վստահ եմ, որ նրանց լաւ ապագայ է սպասւում: Ուղղակի շատ ափսոս է տեսնել, որ շատ մարդիկ ֆատալիստական՝ ճակատագրապաշտական մօտեցում ունեն կեանքի նկատմամբ, ընկճւում են: Կարծում եմ, որ աւելի շատ պէտք է հնարաւորութիւնները աչքիդ առաջ ունենալ, իհարկէ, դժուարութիւններ, խնդիրներ կան, բայց պէտք է հայեացքը բեւեռել դէպի հնարաւորութիւնները:
Իսկ հասցրե՞լ էք շրջագայել մեր երկրում, ունէ՞ք սիրած վայրեր, ուր աւելի յաճախ էք լինում, եթէ այո, որո՞նք են դրանք:
Ես եւ կինս՝ Լիբբին, Հայաստանի շատ վայրերում ենք եղել, բոլոր 10 մարզերում էլ: Իմ գրասենեակում մի քարտէզ կայ, որի վրայ մեր բոլոր այցելած վայրերը քորոցով նշում ենք, եւ երբ քարտէզին նայում ենք, բաւական վայրեր նշուած են: Ուր էլ որ գնացել ենք, ամէն տեղ մի իւրայատուկ, ինքնատիպ բան տեսել ենք եւ կարծում եմ, որ այդ համայնքները պէտք է իրենց ինքնատիպութիւնն ու առանձնայատկութիւնը փորձեն օգտագործել:
Ցանկանում եմ երեք դիտարկում անել: Առաջինը Գիւմրիից. 4-5 անգամ Գիւմրիում եղել եմ: Շատ հետաքըրքիր վայր է, մարդիկ էլ շատ հետաքրքիր են: Գիւմրին այս տարածքի մշակութային մայրաքաղաքն է: Գիւմրու մշակոյթը, տեսարժան վայրերը կարծում եմ խիստ ինքնատիպ են եւ, յուսով եմ, որ Գիւմրիում կը վերականգնուի բիէնալեների՝ արուեստների երկամեայ փառատօնների աւանդոյթը:
Երկրորդն ուզում եմ անդրադառնալ փառատօներին, որոնք անցկացւում են Հայաստանի տարբեր բնակավայրերում: Սա շատ առանձնայատուկ է, չնայած Հայաստանը փոքր երկիր է, բայց, այնումենայնիւ, բոլոր բնակավայրերն էլ առանձնայատկութիւն ունեն: Հէնց այդ ինքատիպութեան, յատուկ հմտութիւնների գործօնը պէտք է համայնքները կարողանան օգտագործել: Փառատօններից մէկը Բերդի մեղրի ու հատապտուղների փառատօնն է Տաւուշի մարզում: Մենք անցեալ տարի գնացինք, այս տարի եւս կը լինենք՝ Օգոստոսի 18ին է լինելու: Այն շատ հետա- քրքիր միջոցառում է, եւ մարդիկ ներկայացնում են Հայաստանի տարբեր վայրերի մեղրը, հատապտուղները: Շատ հաճելի ժամանց է այդ փառատօնին մասնակցելը:
Իսկ երրորդը, որ կը ցանկանայի առանձնացնել, դա Հայաստանի հնավայրերն են, հնէաբանական տուրիզմը շատ մեծ ներուժ ունի այստեղ: Նշեմ, օրինակ, Արենու քարանձաւը. դա միայն մէկն է, եւ երբ քարանձաւը պատրաստ լինի ընդունել տուրիստներին, շատ սիրուած վայր կը լինի ոչ միայն զբօսաշրջիկների համար, այլեւ հնագիտութիւնն ուսումնասիրող ուսանողների համար: Նմանատիպ վայրեր Հայաստանը շատ ունի, որոնք կարող են հրամցուել միջազգային այցելուներին եւ զբօսաշրջիկներին:
Փաստօրէն, բաւական լաւ ծանօթացել էք Հայաստանին, իսկ ի՞նչ կ՛ասէք Արցախի մասին, եղե՞լ էք Արցախի տեսարժան վայրերում: Այնտեղ եւս ձեզ համար առանձնացրել էք սիրուած վայրեր: Իսկ եթէ չէք այցելել, ապա ինչո՞ւ, ի՞նչ պատճառով՝ քաղաքակա՞ն, թէ ուղղակի դեռ չէք յարմարեցրել:
Միջազգային հանրութեան կողմից Լեռնային Ղարաբաղը դիտարկւում է որպէս վիճարկելի տարածք: Միացեալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներից մէկն է, որոնք աշխատում են այս հակամարտութեան լուծման ուղղութեամբ: Քանի դեռ այդ վէճը լուծուած չէ, օտարերկրեայ դիւանագէտները ԼՂ չեն այցելում:
Լաւ, ձեր դիւանագիտական պատասխանը հասկանալի էր: Ուրեմն էլի անցնենք ապաքաղաքական հարցերին: Հայկական խոհանոցին ինչպէ՞ս էք վերաբերւում, ո՞ր ուտեստներն էք նախընտրում: Հետաքրքիր է՝ օրինակ, խաշ փորձե՞լ էք: Եթէ այո, դուր եկե՞լ է, ընկալելի է ձեզ հայկական խաշի «փիլիսոփայութիւնը»:
Նախ խօսենք խաշից: Մի երկու անգամ կերել եմ, իմ ամենասիրած ուտեստներից չէ, փիլիսոփայութիւնն էլ չգիտեմ: Խաշի ջուրն ինձ դուր է գալիս, բայց այդ խոշոր մսի կտորն այդքան էլ ինձ դուր չի գալիս:
Խորոված այստեղ գտնուելու ընթացքում շատ եմ ճաշակել, բոլոր տեսակներով՝ հաւի, խոզի, տաւարի, ամէն ձեւով էլ ինձ դուր է գալիս: Բազմիցս ճաշակել եմ եւ մինչեւ գնալս նորից շարունակելու եմ օգտուել: Անցած տարի ես ու կինս գնացինք Ախթալայի խորովածի փառատօնին եւ, պէտք է ասեմ, որ ես ու կինս մի փոքր զարմացած էինք: Մենք ակնկալում էինք, որ այնտեղ պէտք է լինի շատ-շատ խորոված մսեր, բայց տեսանք խորոված մրգեր, որ մինչ այդ երբեք չէինք կերել: Այնտեղ խորոված դեղձ կար ու ամէն տեսակ խորոված մրգեր կային եւ, պէտք է ասեմ, շատ զարմանալի էր ինձ համար ճաշակել ու տեսնել, թէ ինչքան լաւն են խորոված մրգերը:
Եւ, ի վերջոյ, մեղրի, չրեղէնի եւ ընկուզեղէնի մասին: Ես եւ կինս ունենք 4 աղջիկ եւ մէկ տղայ եւ մեր ընտանիքի իգական սեռի ներկայացուցիչները միշտ սիրել են մեղրը, չրեղէնն ու ընկուզեղէնը: Ես ու տղաս չէինք օգտւում այդ բարիքներից եւ ասում էինք, որ դա թռչնի կեր է: Իսկ ինչ եկել եմ Հայաստան եւ շուրջ երկու տարի է՝ այստեղ եմ, ես էլ սկսել եմ ե՛ւ մեղր ուտել, ե՛ւ ընկուզեղէն, ե՛ւ չրեղէն, փաստօրէն, մեր ընտանիքի աղջիկները ճիշդ էին:
Ամռան վերջին ամիսն է, արդեօք հասցըրե՞լ էք կամ պատրաստւո՞ւմ էք հանգստանալ, որտե՞ղ էք անցկացրել կամ անցկացնելու ձեր հանգիստը:
Ամրան ողջ ընթացքում ես Հայաստանում եմ լինելու, մի շարք տեղերում եղել եմ: Նշեցի, որ դեռ բերքի փառատօնին կը գնամ մօտ օրերս, այլ տեղեր եւս կը գնամ, ինձ շատ հետաքրքիր է: Իսկ մինչ այդ մեր երեխաներից երկուսը եկել էին Հայաստան, որոնց հետ որոշ ընկերներ նոյնպէս մեզ հիւր էին եկել: Միասին գնացինք Սիւնիքի եւ Վայոց ձորի մարզեր: Ճանապարհին մենք Խոր Վիրապում կանգառ ունեցանք, յետոյ մեր յաջորդ կանգառը Արենու քարանձաւն էր, այնտեղ նաեւ ճաշակեցինք Արենու գինի, Խոսրովի արգելոց գնացինք, մի փոքր ձիավարեցինք: Իսկ Սիւնիքի մարզում եղանք Տաթեւում նաեւ Սիսիանում, Կապանում, մարզի հիւսիսային կողմերում եւ շատ հաճելի ժամանակ անցկացրեցինք:
Պարոն Հեֆերն, հետաքրքիր է՝ հայ քաղաքական գործիչների շրջանում ընկերներ ձեռք բերե՞լ էք: Եթէ այո, ընկերանալիս հաշուի առնո՞ւմ էք տուեալ անձնաւորութեան քաղաքական հայեացքները, նրանք յատկապէս ո՞ր դաշտից են՝ իշխանակա՞ն, թէ՞ ընդդիմադիր:
Մենք այստեղ՝ Հայաստանում, շատ ընկերներ ունենք եւ նաեւ գործընկերներ, եւ մեր ընկերութեան հարցում իշխանամէտ կամ ընդդիմադիր լինելը որպէս գործօն չի դիտարկւում: Հաշուի է առնւում քաղաքական կողմնորոշումը. մենք գործընկերութիւն ենք ձեւաւորում եւ նաեւ ընկերանում ենք այնպիսի գործընկերների հետ, ովքեր կիսում են մեր արժէքները եւ ովքեր օգնում են, որպէսզի Հայաստանն առաջ շարժուի ճիշդ ուղղութեամբ: Եւ մենք այդպիսի գործընկերներ կարողանում ենք գտնել թէ՛ քաղաքական կուսակցութիւններից, թէ՛ նախարարութիւններից, թէ՛ մասնաւոր հատուածից, թէ՛ համալսարաններից, թէ՛ քաղաքացիական հասարակութիւնից, թէ՛ մամուլի ներկայացուցիչներից, այնպիսի մարդիկ, ովքեր ցանկանում են, որպէսզի Հայաստանն աւելի լաւը դառնայ եւ մենք նրանց հետ գործակցում ենք:
Հայաստանում, երբ վիկիլիքսեան բացայայտումները կարդացինք, տպաւորութիւն էր, թէ նախորդ դեսպանների հետ հայաստանեան քաղաքական գործիչները բաւական սերտ յարաբերութիւնների մէջ են, այդ համագործակցութիւնը շարունակւում է նոյն ակտիւութեամբ նաեւ ձե՞ր պաշտօնավարման շրջանում:
Այս երկու տարիների ընթացում, ինչ ես Հայաստանում եմ գտնւում, թէ՛ ինձ համար, թէ՛ դեսպանատան իմ գործընկերների, ապշեցուցիչ է եղել, թէ ինչքան հասանելի են Հայաստանի պետական պաշտօնեանները: Շատ ժամանակ ենք անցկացրել նախարարների հետ, նախագահի, նախկին նախագահների հետ, քաղաքական դաշտի տարբեր օղակների ներկայացուցիչների հետ: Ես եւ տիկինս փորձել ենք, որ այդ շփումները միայն պաշտօնականով չսահմանափակուեն եւ նաեւ անձնական շփումներ լինեն: Հէնց դա է Հայաստանի հետ կապուած դրականներից, պահերից մէկը, որ ինձ դուր է գալիս, որ մենք սերտ կապեր ունենք կառավարութեան, Ազգային ժողովի, հասարակութեան տարբեր ներկայացուցիչների հետ, որն իսկապէս մեզ համար շատ կարեւոր է Հայաստանը ճանաչելու համար: