Պրն. Աղաբեկեան, կարելի՞ է ասել, որ ԼՂՀի վերաբնակեցումը օրակարգային հարց է իշխանութիւնների սեղանին: Ի՞նչ կարող ենք արձանագրել այս առումով:
Լեռնային Ղարաբաղի իշխանութիւնները առկայ մարտահրաւէրների շարքից թիւ մէկ մարտահրաւէր են դիտարկում բնակչութեան թիւը եւ նրա կայուն աճը: Բոլոր ժամանակներում Արցախի քաղաքական իշխանութիւնները տարբեր լուծումներ են առաջարկել այս խնդրի լուծման համար: Այսօրուայ իշխանութիւնների քաղաքական կուրսը միտուած է խթանելու բնակչութեան բնական աճը: Իրականացւում են տարաբնոյթ ծրագրեր երիտասարդ զոյգերին, բազմազաւակ ընտանիքներին աջակցելու համար: Յաջողութեամբ իրականացւում է ծնելիութեան եւ բազմազաւակութեան խթանման ծրագիրը, որով ընտանիքում ծնուած երրորդ եւ աւելի երեխաներին տրւում է միանուագ նպաստ, ինչպէս նաեւ ծնուած երեխաների անունով աւանդներ է ձեւակերպւում, որի օգտագործման իրաւունքը երեխային է, 18 տարին լրանալուց յետոյ:
Սակայն բնակչութեան թուի կայուն աճը բաւարար չէ բնակչութեան արտայայտուած աճ ապահովելու համար: Այն հնարաւոր է միայն ճիշտ ներգաղթ կազմակերպելու միջոցով: Անհրաժեշտ է իրականացնել ինչպէս վերաբնակեցման, այնպէս էլ տարաբնակեցման ծրագրեր: Միաժամանակ մենք գիտակցում ենք սոցիալական եւ մշակութային խոչընդոտների առկայութիւնը նշուած ծրագրերը իրականացնելու համար:
Ի՞նչ ռեսուրսների եւ միջոցների հաշուին պէտք է իրականացնել վերաբնակեցման քաղաքականութիւնը:
Թիւ մէկ ռեսուրսը, որը հնարաւորութիւն է տալիս առանց լուրջ սոցիալական խոչընդոտների իրականացնել վերաբնակեցում, դա մեր հողային ռեսուրսներն են Քաշաթաղի եւ Քարվաճառի շրջաններում: Մենք հնարաւորութիւն ունենք տարածքներ առաջարկելու ինչպէս վերաբնակիչներին, այնպէս էլ առանձին տնտեսութիւններին, որոնք կը ստեղծեն նոր աշխատատեղեր:
Յաջորդ պայմանը, որը մեզ հնարաւորութիւն է տալիս իրականացնելու ներգաղթը, դա արտադրական նշանակութեան նոր աշխատատեղերի ստեղծումն է: ԼՂՀ օրէնսդրութիւնը նպաստաւոր եւ շահագրգռող է բիզնես կազմակերպելու եւ նոր աշխատատեղեր ստեղծելու համար: Աստուածաշնչեան «Զաւակիդ մեծացրու բարեբեր հողի վրայ» արտայայտութիւնը իսկ ասուած է Արցախի համար: Սակայն բիւջետային սահմանափակ ռեսուսները բաւարար չեն սոցիալական կարեւորագոյն մի այնպիսի խնդրի լուծման համար, ինչպիսին բնակարաններով կամ առանձնատներով ապահովումն է: Այս խնդրի լուծումը հնարաւոր է միայն ԼՂՀի անվտանգութեամբ մտահոգ ողջ հայ ժողովրդի ուժերով:
Մեր ժողովրդին այս կարեւորագոյն խնդրի լուծմանը մասնակից դարձնելու համար ԼՂՀի կառավարութիւնը 2013 թուականին նախաձեռնել է Ազգային վիճակախաղ, որի առաջացած ողջ շահոյթը ուղղուելու է վերաբնակեցման ծրագրերին:
Պետական վիճակախաղերը կազմակերպում են այն երկրները, որոնք ունեն սահմանափակ բիւջետային հնարաւորութիւններ, կամ սահմանափակ բնական ռեսուրսներ, սակայն բնակչութեան շրջանում ունեն քաղաքական վստահութիւն:
Այսօր ԼՂՀի իշխանութիւնները ունեն բաւարար քաղաքական վստահութիւն ոչ միայն Արցախում, այլ նաեւ՝ Հայաստանում եւ Սփիւռքում: Համոզուած եմ՝ վիճակախաղը լինելու է յաջող եւ շարունակական:
Ի՞նչ է իրենից ներկայացնում վիճակախաղի ընթացակարգը եւ ի՞նչ է խաղարկուելու:
Վիճակախաղով խաղարկութեան է դրուելու Արցախում արտադրուող ապրանքների առաւելագոյն քանակութիւն. բնակարաններ Ստեփանակերտ քաղաքում, Արցախում արտադրուած ձեռագործ գորգեր, տուրիստական ուղեգրեր դէպի Արցախ եւ այլն: Վիճակախաղը խաղարկուելու է Արցախի համար խորհրդանշական օր՝ 2013 թուականի Դեկտեմբերի 28ին (Առաջին Գերագոյն խորհրդի ընտրութիւններ): Այն շրջանառութեան է դրուել մէկ այլ խորհրդանշական օր՝ Մայիսի 9ին: Իւրաքանչիւր հայ, անկախ բնակութեան վայրից, պէտք է գիտակցի, որ ձեռք բերելով վիճակախաղի տոմսը, իր մասնակցութիւնը կ՛ունենայ Արցախի վերաբնակեցմանը: Առաջարկում եմ բոլորս գործի անցնենք:Արցախում, Հայաստանում եւ Սփիւռքում բնակուող իմ հայրենակի՛ց, շտապիր ձեռք բերել 1 վիճակախաղի տոմս՝ վճարելով ընդամէնը 2000 դրամ: