Պատմութիւնը վկայում է, որ Հայ Առաքելական եկեղեցին հայ ժողովրդի թէ հոգեւոր եւ թէ ֆիզիկական պաշտպանութեան յենարանն է եղել: Դեռ եւս հին ժամանակներից իւրաքանչիւր գունդ իր հոգեւորականն է ունեցել:
Արցախեան ազատամարտը նոյնպէս այդ ամէնի վկան է, որի ժամանակ մեծ թիւով հոգեւորականներ զինուորագրուեցին: Բազմաթիւ հոգեւորականների օրինակներ կան, ովքեր մասնակցել կամ ինչ-որ ձեւով օժանդակել են շարժմանը:
Ստորեւ ներկայացնում ենք հարցազրոյցը Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանի հետ.
Այս տարի տօնում ենք Արցախեան շարժման 25-ամեակը: Սրբազան հայր, որտե՞ղ ձեզ հանդիպեց ազգային զարթօնքը եւ ինչպէ՞ս էք վերարժեւորում 25-ամեայ վաղեմութեան իրադարձութիւնները:
Նախ Աստծուն փառք եմ տալիս, որ այդ շարժումը ծագեց: Եւ ես այն անուանում եմ մի գերբնական շարժում, որը կամայ թէ ակամայ կապում եմ Աստծոյ հետ: Աստծոյ շնչով եւ թելադրանքով սկսուեց այս շարժումը եւ շարժման առաջին իսկ օրուանից զգացւում էր Աստծոյ ձեռքը: Սա նուիրական եւ սրբազան շարժում էր, արդար եւ Աստուածահաճոյ: Եւ իհարկէ, այս շարժման մէջ մենք բազմաթիւ լաւագոյն մարդկանց տեսանք: Մարդկային բնաւորութեան ամենալաւագոյն դրսեւորումների գծեր տեսանք: Այն, ինչ պատկերացնում էի իմ ազգի մասին մանկուց, այդ տարիներին ես այդ ամէնը տեսայ թէ Ստեփանակերտի եւ թէ Երեւանի ցոյցերից սկսած: Ճիշդ է, պատերազմից յետոյ եկան խաղաղ պայմաններ եւ կարծես թէ ազգը մի փոքր բթացաւ, հանգստացաւ, սկսեց զբաղուել իր առօրեայով, բայց այդ 6 տարիների ընթացքին մեր ազգը ամենալաւագոյն ձեւով իրեն դրսեւորեց որպէս Աստծոյ ազգ: Սա անվիճելի փաստ է գոնէ ինձ համար: Եւ ես ուրախ եմ, որ իմ աչքերով տեսայ այդ ամէնը:
Լուսանկարը՝ վաղամեռիկ յոյն լրագրող Եորղոս Քիլիարիսի Արցախի ազատագրական պայքարի օրերուն
Օրհասական պահերին հայ ժողովուրդը բռունցքուել գիտէ, ինչի վառ ապացոյցը 1988 թուականի Արցախեան շարժումն էր: Սրբազան հայր, ի՞նչ էք կարծում այսօր կա՞յ արդեօք այդ միասնութիւնը:
Այդ հարցին ես միշտ մի ձեւ եմ պատասխանում: Ծայրայեղ պայմաններում դրսեւորւում է ազգի կամքը եւ միտքը: Այսօր ծայրայեղ պայման չի: Եւ այսօր դժուար է գնահատական տալը միաբա՞ն ենք, թէ՞ ոչ: Երբ, Աստուած մի արասցէ, մեր առջեւ ծառանայ ծայրայեղ պայման, այն ժամանակ կը տեսնենք: Եւ դժուար է այսօր նման գնահատական տալը: Ես յիշում եմ մեր մեծերը երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ ասում էին մենք գնացինք հայրենիքը պաշտպանեցինք, եւ եթէ պատերազմ լինի, այս նոր սերունդը մի բան կ'անի՞ արդեօք: Այո, մենք տեսանք, թէ ինչ արեց այդ նոր սերունդը: Նոր սերունդը աւելիով արեց: Պահը կուգայ կþիմանանք:
Ռազմական փորձագէտները եւ, առհասարակ, փորձագէտները մինչ օրս չեն կարողանում հասկանալ այն առեղծուածը, թէ ինչպէս եղաւ, որ ե՛ւ թուաքանակով, ե՛ւ զէնքի տեսանկիւնից զիջելով հակառակորդին՝ այնուամենայնիւ հայ ժողովուրդը յաղթանակ տարաւ: Ինչպէ՞ս կը մեկնաբանէք այդ «առեղծուածը»:
Կայ երեք հանգամանք: Մեր շարժումն արդար էր եւ ազնիւ: Մենք միաբան էինք, պատրաստ էինք զոհուել յանուն արդար գործի: Եւ, իհարկէ, այս ամէնի հետ՝ Աստուած մեր կողմն էր: Եւ այս երեք հանգամանքն էր, որ մեզ բերեց յաղթանակի: Եւ հրաշք տեղի ունեցաւ:
Պատերազմի տարիներին եղաւ այնպէս, որ հոգեւորականներն էլ զէնք վերցրեցին:
Դա նորմալ է: Հոգեւորականն էլ հայ է, իր ազգի զաւակն է, հոգեւոր ծնող է, եւ եթէ երեխան նեղութեան մէջ է, ապա ծնողը պէտք է երեխայի կողքին լինի: Դա շատ բնական է: Եթէ զինուորը լինի հոգեւորական, թէ աշխարհիկ, զգում է Աստծոյ զօրութիւնը եւ մարտի դաշտ է դուրս գալիս յոյսով լի առ Աստուած, ապա նա անպարտելի է: Երբ ճակատում զինուորի հետ հաւասար կռւում է հոգեւորականը, զինուորների հաւատքը աւելի ամուր է լինում: Մենք բոլորս, նաեւ հոգեւորականներս, պէտք է ոգեւորենք եւ օրինակ ծառայենք մեր ժողովրդին ցանկացած ոլորտում լինի ռազմական, քաղաքական, մարդասիրական, մշակութային, ազգային ու տնտեսական: Մենք պէտք է մեր ժողովրդի կողքին լինենք, թէ դժուար պահերին խրամատում, մարտի դաշտում, թէ ուրախութիւնների ժամին կնունք, ծնունդ, հարսանիք, ամէն տեղ մենք մեր ժողովրդի հետ պէտք է լինենք, մենք նրա մի մասնիկն ենք, մեր ազգի զաւակն ենք անկախ մեր կարգավիճակից ու մեր գրաւած պաշտօնից:
Անի ԱԶԱՏԵԱՆ