Պարոն Ռուստամեան, ի՞նչ հանգրուանի է հասել շարժումը եւ ի՞նչ քայլերի անհրաժեշտութիւն կայ:
Կարծում եմ ժամանակն է, որ մենք գնահատենք շարժման ներկայ փուլը, եւ այն մարտահրաւէրները, որոնց առջեւ կանգնած ենք: Ի՞նչ ունենք այսօր, որ պէտք է արձանագրուի:
Նախ՝ այն հարցերը, որ բարձրացրեց Րաֆֆի Յովհաննիսեանը իշխանութիւնների առջեւ, չբաւարարուեցին, պահանջները մնացին անպատասխան՝ մերժուեցին: Եւս մէկ անգամ պարզ դարձաւ այն ճշմարտութիւնը, որ որեւէ իշխանութիւն չի պարտաւորուի յօժարակամ իր դիրքերը զիջել, առաւել եւս՝ իշխանութիւնը զիջել: Եւ միակ ճանապարհը, որ այսօր պէտք է իրականացուի, շարժմանը թափ հաղորդելն է՝ հզօրացնելը: Միշտ ուժի հետ է իշխանութիւնը հաշուի նստում, եւ իշխանութիւնները դրանից են սարսափում: Կրիտիկական զանգուածը, շարժման անհրաժեշտ չափն է, որ կարող է ստիպել իշխանութիւններին ընդհուպ հրաժարական տալ կամ հեռանալ: Դա իսկապէս կախուած է ժողովրդի ակտիւութիւնից:
Իսկ ինչպէ՞ս մեծացնել ժողովրդի ակտիւութիւնը:
Հէնց դա է խնդիրը, որ այսօր գոյութիւն ունի, եւ շարժման հրամայականն է՝ շարժման հունաւորումն ու կազմակերպումը: Եւ դա պէտք է արուի յստակ քայլերով: Պէտք է լինի նպատակների, սկզբունքների յստակեցում, որով շարժումը գործի: Այդ նպատակների եւ սկզբունքների շուրջ պէտք է կազմակերպուի շարժումը եւ կոնկրէտ գործողութիւններով ու քայլերով՝ օր օրի թափ հաւաքի:
Որո՞նք են այդ յստակ գործողութիւնները:
Եթէ տուեալ պահին չես կարող ամբողջ իշխանութիւնը վերցնել, ուրեմն դրան գնալ է պէտք քայլ առ քայլ: Սա է մեր առաջարկի տրամաբանութիւնը. պէտք չի, որ շարժումը խուսափի հանգրուանային յաջողութիւններով հասնել իր նպատակին: Սա ենթադրում է՝ շարժմանը պատրաստել տեւական պայքարի: Տեւական պայքարը առաջին հերթին ենթադրում է շարժման կառոյցի կազմակերպում, այսինքն՝ մինչեւ մարզեր, համայնքներ, շարժումը պէտք է ունենայ իր ստորաբաժանումները: Առանց ողնաշարի, որեւէ շարժում միս ու արիւն ստանալ չի կարող: Եւ այդ պատճառով կան որոշ խնդիրներ, որ հէնց ինքը՝ շարժումը պէտք է անցնի ինքնակազմակերպման այդ նոր որակի մէջ: Սա իսկապէս նոր լիցք կը հաղորդի շարժմանը, եւ երբ շարժման կողմից անհրաժեշտ խնդիրները կը դրուեն, դա կը լինի այն կառոյցը, որը կազմակերպուած կ՛աշխատի: Մի բան է ընդվզումը, մէկ այլ բան՝ կազմակերպուած շարժումը:
Ուզում էիք ասել, որ մինչ այսօր մենք գործ ունէինք ինքնաբուխ ընդվզման հետ, իսկ հիմա այն պէտք է կազմակերպե՞լ:
Յստակ պէտք է դնել նպատակ, որից չպէտք է շեղուել: Շարժման վերջնական նպատակը պէտք է լինի ժողովրդի իշխանութեան հաստատումը բոլոր մակարդակներով եւ սրան պէտք է գնալ հանգրուանային բոլոր քայլերով: Առաջին հանգրուանը Երեւանում աւագանու ընտրութիւններն են, եւ եթէ նկատի ունենանք, թէ այսօր ինչպիսի նշանակութիւն ունի Երեւանը Հայաստանի համար, սա հզօր լծակ կարող է հանդիսանալ շարժման ձեռքին, եթէ շարժումը իսկապէս կենտրոնացուի ու կազմակերպուի: Ես այդ ռեսուրսը տեսնում եմ՝ վերցնել իշխանութիւնը Երեւանում: Այսօր Երեւանի մասին օրէնքը հնարաւորութիւն է տալիս, որպէսզի այդ իշխանութիւնը, եթէ չպատ- կանի ոչ հանրապետականին, ոչ մեծամասնութեանը, ոչ իշխանական ուժերին, սա լուրջ, այլընտրանքային իրավիճակ կ՛առաջացնի՝ հակակշռման եւ զսպման իրողութիւն: Կ՛ունենաք ընտրուած քաղաքապետ, որը կարող է ինքնուրոյն գործունէութիւն ծաւալել օրէնքի տառին հետեւելով եւ Երեւանը դարձնել օրինակելի մի վայր, որտեղ կարելի է ցոյց տալ այն բոլոր ծրագրերի իրականացումը, որը ժողովուրդը լսում է հրապարակում: Ժողովուրդը պէտք է զգայ, որ Երեւանի քաղաքային իշխանութիւնը իր իշխանութիւնն է:
Այսօր այդպէս չէ: Այն փոփոխութիւնները, որ մենք ժամանակին կատարեցինք, ի չիք դարձան, որովհետեւ նոյն ուժին է պատկանում այսօր քաղաքապետի պաշտօնը եւ այդ պատճառով այդ պաշտօնը վերածուեց նշանակովի պոստի:
Սա ձեր առաջա՞րկն է եւ դեռ չի՞ քննարկուել:
Մենք քննարկել ենք: Միայն հանրահաւաքներով չի, նաեւ հանդիպումներ ենք ունենում Րաֆֆի Յովհաննիսեանի հետ եւ մեր ծրագրերը յստակ ներկայացնում ենք: Ինչ որ ես ասացի, դրա հետ միասին ամբողջական շարժումը կազմակերպելու ծրագիր ենք ներկայացըրել, որտեղ յստակ սահմանուած են նպատակը, սկզ-բունքները, խնդիրները, հանգրուանային այն լուծումները, որոնք մենք տեսնում ենք, եւ որոնք առաջիկայում շարժումը պէտք է իրականացնի եւ ձեւաւորի կազմակերպական կառոյցի մեր պատկերացրած մոդելը (նախատիպը):
Իսկ ինչպէ՞ս դրան կ՛արձագանքի հասարակութիւնը:
Սա կապուած է շարժումը ճիշդ տրամաբանութեան մէջ դնելու խնդրի հետ: Շարժման իւրաքանչիւր մասնակից պէտք է ընկալի, որ «ամէն ինչ հիմա եւ միանգամից»ը փակուղի տանող ճանապարհ է եւ կամ կը տանի արիւնահեղութեան: Երկուսն էլ մեզ համար անընդունելի են: Ամենատրամաբանական, վստահելի եւ անվտանգ ճանապարհը՝ հանգրուանային յաջողութիւններով նպատակին հասնելու ճանապարհն է: Սա այն ուղղութիւնն է, որ շարժումը պէտք է որդեգրի: Եւ ես չեմ կարծում, որ սա պակաս յաջողութիւն կարող է համարուել, եթէ մենք՝ բոլորս ուժերը կենտրոնացնենք Երեւանում իշխանութիւնը վերցնելու վրայ: Այսինքն՝ դրան պէտք է մասնակցեն ոչ իշխանական բոլոր ուժերը, որովհետեւ առանձին-առանձին գնալը իշխանութիւններին նուէր մատուցել կը լինի: Հետեւաբար այս ընտրութիւնը պէտք է քաղաքականցուի՝ յատկապէս Երեւանում նախագահական ընտրութիւնների արդիւնքները, իսկ Րաֆֆի Յովհաննիսեանը շատ ձայներ է ստացել Երեւանում, շատ նպաստաւոր դաշտ է ստեղծւում: Սա մի հսակայական ռեսուրս է: Ամէն մէկն այստեղ իր աշխատանքի դաշտն է տեսնելու: Շատ էլ հեռու չէ, Մայիսի 5ը սարերի յետեւում չէ: Մարտի 11ից սկսած արդէն առաջադրումներն են սկսւում, ցուցակներ պէտք է կազմուեն: Այսինքն այն, ինչ մենք առաջարկում ենք, նշանակում է՝ սկսել աւագանու ընտրութիւններին նախապատրաստուել եւ միասնական ցուցակով գնալ ընտրութեան:
Այս գաղափարը, արդեօք, չի՞ ենթադրում, որ նախագահական ընտրութիւնների հետ կապուած այլեւս որեւէ յոյս չպէտք է տածել:
Ամենեւին ոչ, մենք ժողովրդի իշխանութեան հաստատման նպատակը պահպանում ենք, նպատակ որպէս: Բայց այդ նպատակին հասնելու համար կան առանձին խնդիրներ, որոնք լուծելով՝ աւելի ես մօտենում նպատակին: Մենք պէտք է ցոյց տանք ուժ, մենք պէտք է ցոյց տանք այն ռեսուրսը, որն այսօր շարժումը կարող է տիրապետել: Այսօր սաղմնաւորման վիճակում է շարժումը: Այն դեռ լիարժէք չի ձեւաւորուել: Իշխանութիւններն այսօր արդէն մտածում են գնալ որոշակի զիջումների, որովհետեւ գիտակցում են, որ այսպէս երկար շարունակուել չի կարող, եւ ուրեմն, երբ շարժումը դառնայ զօրեղ գործօն, աւելի մեծ զիջումների կը գնան՝ ստիպուած կը լինեն: Զիջումներ պարտադրում են եւ ոչ թէ զիջումների սպասում, որ հրապարակում սկուտեղի վրայ մատուցեն:
Պարոն Ռուստամեան, մեր էջերից մէկը, որ կոչւում է «Անցեալ չմոռացեալ» անդրադառնում է Ձեր՝ նախկինում ասուած մտքերից մէկին, դարձեալ այս թեմայով: Դուք ասել էք. «Շարժումը եթէ չլինէր, այդ բաները չէին կարող տեղի ունենալ: Եթէ մտածում էք, որ եթէ այս շարժումը չլինէր մեծամասնութեան ներկայացուցիչները պատրաստակամութիւն կը յայտնէին ընդհանրապէս քննարկել հարցը եւ լուծում գտնել Ազգային ժողովի ներսում՝ չարաչար սխալւում էք: Մեր անցած ճանապարհն էլ դա է ցոյց տալիս եւ սա շարժման յաջողութիւնն է»: Հիմա, եթէ հարցը Ազգային ժողովում այլեւս չի քննարկւում, յամենայնդէպս, այս պահին փակուղային իրավիճակ է կամ քննարկւում ու լուծում չի գտնւում, կարելի՞ է ենթադրել, որ շարժումը, եթէ կայ էլ, բաւարար ազդեցութիւն չունի այսօր:
Այսօր դիրքային պայքար է գնում, եւ իշխանութիւնները յոյս ունեն,որ ինչպէս նախկինում է եղել, գնալով հանրահաւաքները կը մարեն: Եւ այդ պատճառով էլ չեն ուզում նախապէս այնպիսի զիջումների գնալ, որի համար իրենց կարծիքով շարժումն այսօր համապատասխան ուժ չի ներկայացնում: Դիրքային այս պայքարը շարունակուելու է: Մեր երեք կէտերը նրանք միանգամից մերժել են՝ ասելով, որ խօսելու թեմա կայ, բայց եթէ չպնդէք արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ անցկացնելու հարցը: Մենք կարող էինք այդ խնդիրը այլ կերպ ձեւաւորել, որովհետեւ եթէ Հայաստանը անցնում է խորհրդարանական համակարգի, որովհետեւ դա կէտերից մէկն է, ապա սահմանադրական փոփոխութիւնների միջոցով հնարաւոր է հասնել խորհրդարանական համակարգի եւ այդ ժամանակ անցկացնել խորհրդարանական ընտրութիւններ, շատ աւելի տրամաբանական է դառնում, որովհետեւ այս կարգավիճակով արդէն, բոլորովին այլ խորհրդարանի մասին է խօսքը գնալու:
Ի դէպ, Ազգային ժողովի նախագահը առաջարկել է, չէ՞, սահմանադրական բարեփոխումների յանձնաժողով ստեղծել:
Առաջարկում են սահմանադրական բարեփոխումների յանձնաժողով ստեղծել, առաջարկում են ընդդիմութեանը որոշակի լծակներ տրամադրել, որովհետեւ հարցերի հարցը սա է, եւ իրենք ուզեն, թէ չուզեն, պիտի ընդունեն, որ ինչպէս էլ արդիւնքներն իրենք արձանագրեն, մի բան ակնյայտ է, որ Հայաստանը այսօր կանգնած է բարեփոխումները արմատապէս խորացնելու հրամայականի առաջ՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական: Սա միայն մէկ ոլորտով լինել չի կարող: Արմատապէս պէտք է փոխուի դրուածքը Հայաստանում: Արմատական, խորքային բարեփոխումներ են անհրաժեշտ: Սրա մասին սկսել են խօսել նաեւ իշխանութեան ներկայացուցիչները: Եւ դա ողջունելի է, որովհետեւ իրենք հասկանում են, որ ինչքան էլ, այսպէս ասած, ջայլամի քաղաքականութիւն վարեն, ժողովուրդն այլեւս այսպէս ապրել չի կարող եւ ժողովուրդն արժանի է շատ աւելի լաւ կեանքի եւ իշխանութեան: Սա յստակ է, եւ եթէ սա չեն տեսնելու, ես այս վիճակը կը նմանեցնեմ 96ի հետ, երբ իշխանութիւնն ինքնագոհ ինքն իրեն հռչակեց յաղթող, սակայն արդիւնքները բոլորովին այլ էին, այնուհետեւ առաջին փորձութիւնը որ եղաւ Հայաստանում, կապուած արտաքին խնդիրների հետ (Ղարաբաղ), միանգամից այս բոլոր խնդիրները դէմ յանդիման դուրս եկան այսպէս ասած «յաղթած» նախագահի առաջ, եւ նա ստիպուած հրաժարական տուեց: Սա պատահական չէր: Նոյն իրավիճակում կարող է այսօրուայ Հայաստանը յայտնուել: Մենք բացարձակապէս համոզուած չենք, որ վաղը չի բերուի Ղարաբաղի հետ կապուած մի փաթեթ ու Հայաստանին դէմ տրուի: Շնորհաւորանքների շքերթը չպէտք է իշխանութեանը գցի ոգեւորութեան մէջ: Դա գին ունի. գինն այն է, որ նրանք ակնկալիք ունեն ընտրուած նախագահից, գինն այն է, որ իրենք տարածաշրջանային հեռանկարներ ունեն, որին դեռ չեն հասել եւ պահանջելու են , որ այդ խնդիրները օր առաջ լուծուէն: Ո՞ւմ հաշուին՝ հայ ժողովրդի, մեր երկրի հաշուին: Միշտ է այդպէս եղել: Որեւէ մէկի շահը մերինի հետ չի համընկնում: Ամէն մէկն իր շահն է հետապնդում: Աստուած ոչ արասցէ, եթէ ուլտիմատիւ, վերջնագրային ձեւով որեւէ խնդիր դրուեց Հայաստանի իշխանութիւնների առջեւ, այն էլ՝ այսպիսի թուլացած ընտրութիւններով ձեւաւորուած իշխանութիւնների: Սա՝ այս թուացեալ մոնոլիտ, միահեծան իշխանութիւնը մէկ օրում կարող է փլուզուել:
ԻՐԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ՝ ՎԻՐՏՈՒԱԼ ՏԱՐԱԾՔԻՑ
ՀՅԴն ընդունո՞ւմ է Սերժ Սարգսեանի յաղթանակը այս ընտրութիւններում:
Մենք ասել ենք, որ այս ընտրութիւններն այն պատկերը չեն տալիս, որ հնարաւոր լինի արձանագրել որեւէ մէկի յաղթանակը: Առնուազն դա յստակ է: Այսինքն, եթէ այնքան խախտումներ կան, որոնց մասին խօսում են, եւ մենք դա տեսել ենք, առնուազն պէտք է ընդունել, որ ընտրութիւնները չեն տուել այնպիսի հնարաւորութիւն, որ պատկերը պարզ լինի՝ յաղթողի եւ պարտուողի: Մենք նաեւ ասել էինք, որ ընտրութիւնների ելքը կանխորոշուած է: Ամբողջ պետական ապարատը դառնում է ընտրական ապարատ եւ դա կանխորոշում է ընտրութիւնների գործընթացը: Այս անգամ պարզապէս այդ ամէնը իրենց կոնտրոլից դուրս եկաւ, կամ էլ՝ իրենք այնքան ինքնագոհ էին, որ չէին սպասում, թէ այսպիսի բան կարող է լինել:
Ձեզ համար պա՞րզ են Րաֆֆի Յովհաննիսեանի կողմից արուող քայլերը: Ի՞նչ կոնկրէտ քայլեր են ձեռնարկւում ՀՅԴի կողմից, թէ դեռ սպասում էք որոշակի իրադարձութիւնների զարգացման:
Մեր նպատակն է յստակութիւն մտցնել գորընթացի մէջ: Այո, որոշակի անորոշութիւն կար: Եղել եմ հանրահաւաքներին, ունեցել եմ անորոշութեան որոշակի զգացում, սրտացաւ իմաստով, դա կար: Մենք պարտաւոր ենք ամէն ինչ անել, որպէսզի շարժումը հունաւորուի, կազմակերպուի, որպէսզի ամէն մէկն իր անելիքը տեսնի: Հանրահաւաքների նպատակը ոչ միայն ժողովրդին հաւաքելն է, այլեւ խնդիրներ դնելը, որ ժողովուրդն իմանայ հանրահաւաքից յետոյ իր անելիքը: Մենք դեռ այս վիճակին չենք հասցրել շարժումը:
Երբ որ այդ վիճակին կը բերենք, ոչ միայն Երեւանի հանրահաւաքով, այլեւ մարզերով, համայնքներով, ամէն մէկն իր անելիքը կը տեսնի շարժման մէջ ու կը հասկանայ, որ պէտք չի «Ամէն ինչ եւ հիմա» տրամաբանութեամբ առաջնորդուել, այլ պատրաստուել տեւական պայքարի, որպէսզի շարժումը չմարի: Շարժման չմարելը բոլորիս նպատակը պէտք է լինի: Սա առիթ է, որ մենք չկորցնենք հնարաւորութիւնը: Եւ Դաշնակցութիւնը այս տրամաբանութեամբ է մտել խնդրի մէջ: Սա լրջագոյն գործօն պէտք է դառնայ, որպէսզի զսպի իշխանութիւններին, ստիպի գնալ զիջումների, իսկ եթէ ոչ՝ հասնել իշխանափոխութեան քայլ առ քայլ:
Այսօրուայ Ազգային ժողովը չի արտացոլում Հայաստանի Հանրապետութեան քաղաքական իրական պատկերը: Եթէ պարոն Ռուստամեանը եւս համաձայն է, ապա ինչու չօգտագործել յարմար իրավիճակը՝ Ընտրական օրէնսգրքում նորմալ փոփոխութիւններ կատարելու եւ Ազգային ժողովի արտահերթ ընտրութիւններ անցկացնելու ուղղութեամբ: Որոշ գործիչներ, փոփոխութիւնների համաձայնուելով, կարծես, դէմ են արտահերթ ընտրութիւններ անցկացնելուն: Կարծում եմ, այսպէս կը ստեղծուէն իրական հակակշիռներ իշխանութեան թեւերի մէջ, որի բացակայութիւնը չարիքի աղբիւրներից մէկն է:
Մենք դէմ չենք նախ արտահերթ ընտրութիւնների, ցանկացած մակարդակում: Մեր կողմից ներկայացուել են այդ երեք կէտերը: Բանակցութիւնների սկիզբ ունենալու համար, սկսել ենք ԱԺ արտահերթ նիստ գումարելու պահանջից: Մենք ասում ենք, որ սա Սահմանադրութեամբ 4 ընթացակարգ ունի, որոնք արհեստական լուծումներ են ենթադրում եւ պէտք է մեծամասնութիւնը համաձայնուի, այնպէս անի, որ չգայ նիստերի, երեք ամիս որոշումներ չկայացնի: Սա մեր խնդիրը չի, մեծամասնութիւնը պէտք է համաձայնուի: Դրել ենք այս հարցը: Իրենք չեն համաձայնուել սա միայն մեր ցանկութեամբ չի պայմանաւորուած: Բայց ես նորից կրկնում եմ, եթէ ընտրական օրէնսգիրքը չփոխուի, եթէ ընտրակարգը չփոխուի, ու այսօր նորից ընտրութիւն անեն, նոյն 41 մեծամասնականով, ես դրան դէմ եմ, որովհետեւ դա կը տայ նոյն արդիւնքը:
Նախկինում Դաշնակցութեան նպատակն էր ազատագրել Արեւմտեան Հայաստանը, հիմա ո՞րն է ձեր նպատակը:
Մեր նպատակը էլի մնում է ազատ, անկախ եւ միացեալ Հայաստանը, բայց դրան հասնելու համար, պէտք է հզօրացնել Հայաստանը, ստեղծել ժողովրդավարութիւն, սոցիալական արդարութիւն հաստատել երկրում եւ ունենալ տնտեսական ազատութիւն:
Արդեօք այսօր բոլոր որոշումները համաձայնեցուա՞ծ են Դաշնակցութեան եւ Րաֆֆի Յովհաննիսեանի միջեւ:
Ես չէի ասի, բոլոր որոշումները համաձայնեցուած են, որովհետեւ Րաֆֆի Յովհաննիսեանը ինքնուրոյն իր քաղաքականութիւնն է իրականացնում, որպէս այս ամբողջ գործընթացի հիմնական կողմ: Մենք պարզապէս խնդիր ենք դնում օժանդակելու, որպէսզի այդ շարժումը, որը ձեւաւորուել է ինքնաբուխ կերպով, հասնի շօշափելի արդիւնքների: Սա է մեր նպատակը: Եւ դրա հետ կապուած մենք հանդիպումներ ենք ունենում, խորհուրդներ ենք տալիս, պատրաստ ենք ամբողջութեամբ լիարժէք աջակցել: Բայց, բնականաբար, մենք պէտք է սկիզբն ու վերջը տեսնենք, ինչպէս ցանկացած քաղաքացի՝ սկիզբն ու վերջը: Քայլերի հերթականութիւն չունենալը շփոթ է առաջացնում: Սա պէտք է նուազագոյնի հասցուի:
Հարցազրոյցը կարելի է դիտել՝
http://www.youtube.com/watch?feature=player_ detailpage&v=gOOcH5wfhiE հասցէով