Օգտուելով Հայաստանում գտնուելու առիթից «yerkir.am»ը հարցազրոյց անցկացրեց Սիրիայի Բերիոյ թեմի ազգային իշխանութեան ներկայացուցիչ՝ Կարօ Եուզբաշեանի հետ:
Ստորեւ ներկայացւում է հարցազրոյցը:
Արդէն բաւական ժամանակ ձգւում է Սիրիայի տագնապը: Ինչպիսի՞ն է համայնքի կացութիւնը հոգեբանական, տնտեսական, արտագաղթի եւ այլ առումներով:
Հայ համայնքը համեմատաբար կայուն վիճակի մեջ է՝ հակառակ տնտեսական եւ այլ տագնապալի իրավիճակներին: Կան աշխատանքի դժուարութիւններ, որոնց պատճառով անհատական բնոյթի գաղթի ե- րեւոյթներ են տեղի ունենում:
Այս դժուարին կացութեան մէջ ազգային կառոյցները կարողանո՞ւմ են դիմագրաւել նոր մարտահրաւէրները, լուծել համայնքի առօրեայ խնդիրները:
Ազգային կառոյցները, իրավիճակից բխող որոշ նոր կազմակերպական ձեւաւորումով պատնեշի վրայ են եւ յաջողութեամբ կատարում են իրենց ազգային պարտականութիւնը՝ հասնելով ժողովրդի բազմազան կարիքների բաւարարմանը:
Այս փորձութեան պահին սիրիահայութիւնը զգո՞ւմ է ողջ հայութեան ուշադրութիւնը: Ինչ ակնկալիքներ կան, աշխարհասփիւռ հայությունից եւ մասնաւորապէս ՀՀ պետութիւնից:
Նկատելի են ողջ հայութեան օրէ-օր աւելացող նախաձեռնութիւնները: Ի մասնաւորի բարոյական եւ նիւթական զօրակցութիւնը: Այս բոլորի կողքին Հայաստանի Հանրապետութիւնը յատուկ ուշադրութիւն է ցուցաբերում, Հայաստանում գտնուող սիրիահայ քաղաքացիների նկատմամբ՝ ստեղծելով նրանց համար բազմապիսի դիւրութիւններ՝ կեցութեան, առողջապահութեան, կրթութեան, աշխատանքի հնարաւորութիւնների եւ այլ հարցերում:
Իսկ ինչպէ՞ս է իրականացւում օգնութիւնների բաշխումը: Նախ, որտեղ են կուտակւում օգնութիւնները, ովքեր են տնօրինում եւ ինչ սկզբունքով են բաշխում: Այս գործընթացում առաջանո՞ւմ են բարդութիւններ ու դժգոհութիւններ, թէ այդպիսի խնդիրներ չկան:
Ազգային իշխանութիւնների նախաձեռնութեամբ կազմուեց սիրիահայութեան շտապ օգնութեան կեդրոնական մարմինը՝ իր գործադիր ենթայանձնախմբերով: Հալէպի թէ շրջանի մէջ իրականացւում է առաք- ւած օգնութեան բաշխումը: Յաղթահարելով դժուարութիւնները այս գործընթացը օր օրի կատարելագործւում է: Յիշեմ, որ Հայաստանում ստեղծուած «Օգնիր եղբորդ» նախաձեռնութեան կողմից, ինչպէս եւ Հայաստանի ու Արցախի ժողովրդի ու գործարար շրջանակների օժանդակութեամբ, երեք հանգրուանով, ստացել ենք աւելի քան 30 թոն բեռ՝ բաղկացած հիմնականում սննդամթերքից, եւ դեղօրայքից: Այս բեռն արդէն բաժանել ենք Սիրիայի հայ եւ ոչ հայ քաղաքացիների: Երեւոյթն արժանացել է համապատասխան գնահատանքի:
Խօսակցութիւններ կան, թէ օգնութիւնը ժամանակին տեղ չի հասնում:
Սփիւռքահայ տարբեր գաղթօճախներից հասնող դրամական օժանդակութիւնները կուտակւում են Կիլիկիոյ կաթողիկոսութեան մէկ յատուկ հաշուեհամարին: Դրանք մեր պահանջով եւ կարիքներից թելադրուած, յստակ ժամանակացոյցով փոխանցւում են մեզ՝ օգտագործման համար: Բնականաբար յարմար ժամանակ, Բերիոյ թեմի ազգային իշխանութիւնը, այս ամենի վերաբերեալ կը ներկայանայ ամբողջական հաշուետուութեամբ:
Ներկայումս Սիրիան վերածուել է հակամարտող հոսանքների բախման դաշտի: Այս պայքարի մէջ հայութիւնը ինչպէ՞ս է կարողանում խուսափել ջրապտոյտի մէջ յայտնուելուց: Ինչպէ՞ս է կարողանում խուսափել իր դէմ ուղղուած, այս կամ այն կողմի թշնամանքից:
Սիրիայում սիրիահայութիւնը ճանաչուել եւ ապրել է, որպէս պարկեշտ քաղաքացի, մասնակցել է երկրի բարգաւաճման աշխատանքներին եւ այսօր, որպէս սիրիայի քաղաքացի դէմ է եղբայրասպան կռիւներին, երկրի պառակտմանը, կողմ է Սիրիայի տարածքային ամբողջականութեան պահպանմանը՝ եւ խաղաղ միջոցներով տարակարծութեան լուծմանը: