«Մենք բազմիցս յայտարարել ենք թափանցիկ աշխատանքի, քննութիւնների արդար անցկացման մասին եւ չենք ցանկանայ՝ ինչ-որ մէկը ստուերի մեր աշխատանքը»
«Քննութիւնների ողջ ընթացքին հետեւեցին ԶԼՄ-ները եւ ամէնօրեայ լուսաբանումներով հասարակութեանը փոխանցեցին քննական գործընթացների մասին գնահատականը: Ես համեստօրէն
կրկնում եմ արդէն իսկ հնչած գնահատականը՝ դրական, աւելացնելով, որ այն տրամաբանութեան մէջ է: ԳԹԿ-ն ամէն տարի քննութիւններից յետոյ անցկացնում է մեծ խորհրդակցութիւն, որի արդիւնքում գտնւում են քննական կարգը կատարելագործելու մեխանիզմներ: Ինչպէս արդէն նկատել էք, քննակարգում կատարւում են փոփոխութիւններ, ի դէպ, այդ քննարկումներին հաշուի են առնւում նաեւ դիմորդների խնդրանքները: Ահա այդպիսի խնդրանքի արդիւնքում՝ այս տարի դրական միաւոր ստացած, սակայն մրցոյթից դուրս մնացած դիմորդները հիմնական մրցոյթից յետոյ կարող են դիմել թափուր մնացած տեղերի համար»,- կÿըսէ Մանուկեանը:
Ինչո՞վ են այս տարուայ քննութիւնները տարբերւում նախորդներից:
«Մենք դեռ չենք վերլուծել ամբողջ գործընթացը, եւ առանձնայատկութիւնների մասին խօսելով՝ պէտք է կրկին ձեր դիտարկումներից մէջբերեմ. քըննաշրջանն առանձնացաւ նախորդ քննաշրջաններից (անցեալ տարին չհաշուած) նրանով, որ բողոքարկման գործընթաց չկայացաւ: Ունեցել ենք եզակի բողոքարկումներ, ինչը նաեւ այս քննական համակարգին բնորոշ է: Գրեթէ բոլոր երկրներում, ուր այս համակարգով անցկացւում են քննութիւններ, «բողոքարկման փուլ», որպէս այդպիսին, գոյութիւն չունի: Ինչպէս գիտէք, քննասենեակում, երբ բացւում են թեստերի ծրարները, ԳԹԿ-ում նոյնպէս զուգահեռաբար բացւում են, եւ հրաւիրուած մասնագէտների խումբը նոյնպէս աշխատում է քննական թեստի վրայ: Երբ խումբը յայտնաբերում է վրիպակով առաջադրանքներ, այդ մասին տեղեկացնում է ԳԹԿ տնօրինութեանը, երբ վերանայւում են առաջադրանքները, անկախ նրանից՝ դիմորդը բողոքարկել է, թէ ոչ, այդ տարբերակը լուծած բոլոր դիմորդների միաւորներն էլ են վերանայւում: Մի ցցուն օրինակ բերեմ. անցեալ տարի ոեւէ մէկը չբողոքարկեց հայոց լեզու եւ հայ գրականութիւն առարկայի քննութիւնից յետոյ, սակայն թեստի մի առաջադրանք ուսումնասիրուեց եւ բոլորի միաւորները վերանայուեցին: Այս տարի քննութիւնները, բարեբախտաբար, կորցրեցին մինչ այդ ունեցած հասարակական հնչեղութիւնը, սակայն դեռ եւս պահպանել են իրենց հասարակական կարեւորութիւնը, մանաւանդ՝ կառավարութիւնը որդեգրել է «հեշտ ընդունուել, դժուար աւարտել» ձեւաչափը»,- նշեց մամուլի քարտուղարը:
Նրա ասելով, ԳԹԿ ղեկավարութիւնը քննական աղմուկները որակում է արհեստածին, յայտարարելով, որ անցեալ եւ այս տարուայ քննաշրջանը փաստում են այդ ձեւակերպման ճշմարտացիութիւնը:
Դառնալով շտեմարանների «մասով» հնչած քննադատութեանը, Գայիանէ Մանուկեանը նշեց. «ՀՀ կառավարութիւնից շտեմարաններ կազմելու յանձնարարական ստանալուց յետոյ ԳԹԿ-ն դիմել է բոլոր դպրոցներին, կրթութեան վարչութիւններին, ԲՈՒՀ-երի համապատասխան ամբիոններին՝ ներկայացուցչական կազմ ապահովելու համար։ Համագործակցութեան առաջարկ արուել է բազմաթիւ յայտնի ուսուցիչների եւ դասախօսների։ Յաւելեմ, որ շտեմարանները 5000 առաջադրանքով չեն սահմանափակուելու, եւ տարեցտարի թարմացուելու են. մենք սպասում ենք մասնագէտների արձագանգին ու նրանց հետ համագործակցութեանը։ Իսկ մնացած հնչած «մեղադրանքների» մասով թոյլ տուէք նկատել, որ իւրաքանչիւր մարդ իր խօսքերի համար պատասխանատու է: Մենք բազմիցս յայտարարել ենք թափանցիկ աշխատանքի, քննութիւնների արդար անցկացման մասին եւ չենք ցանկանայ՝ ինչ-որ մէկը ստուերի մեր աշխատանքը։ ԳԹԿ-ն պայմանագիր է կնքում թեստեր կազմող աշխատանքային խմբի եւ մասնագէտների հետ, որով վերջիններս պարտաւորւում են գաղտնի պահել թեստի բովանդակութիւնը, այլապէս պատասխանատուութեան կենթարկուեն։ ԳԹԿ-ն իր հերթին գաղտնի է պահում թեստ գրողների անունները։
Եթէ ինչ-որ մէկը յայտարարում է, որ խախտուել է այդ պայմանաւորուածութիւնը եւ ունի փաստեր, անպայման պէտք է այդ ամէնը ներկայացնի համապատասխան մարմիններին, քանի որ ամէն մարդ ինչպէս իր արարքների, այնպէս էլ իր խօսքերի համար պատասխանատուութիւն է կրում»։
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍԵԱՆ
«Առաւօտ» օրաթերթ