Հայաստանի վաստակաւոր դերասան Սօս Սարգսեան պատասխանելով «Ապառաժ»ի լրագրող Սեւակ Խաչատրեանի հարցերուն խօսած է անկախութեան այս 20 տարիներուն եւ անոր խորհուրդին մասին
«Ինձ համար մի քիչ անսովոր բան է, մենք երկար տարիներ անկախ չենք եղել, ինչ որ չափով մենք կորցրել ենք պետականութեան զգացողութիւնը: Մեր ժողովուրդը դեռ չի հասկանում անկախութեան ու ազատութեան նշանակութիւնը, եւ կարծում եմ, որ ոչ միայն չի հասկանում, այլ չի ընդունում այդ փաստը: Մենք շատ անգամ ինչ-որ մէկի լծի տակ ենք եղել, սովոր ենք ուրիշի օրէնքներին, ուրիշի կարգադրութիւններին, ուրիշի դրուածքին, պիտի կարողանանք գնալ հետ, հետ, յիշել Արտաշէս թագաւորին, Տիգրան Մեծին, Տրդատ Մեծին, մեր անկախութիւնը, դառնանք այդ մարդը, որ կար, որ պետականութիւն ունէր, որ զինուոր ունէր, գիտէր ինչ է պետութիւնը: Իսկ այդ մարդը դառնալու համար անհրաժեշտ է հետեւել մեր մեծերի խորհրդին, սկսած մեր պատմահօրից՝ մինչեւ Նժդեհը, մինչեւ Թումանեանը, մինչեւ Րաֆֆին, մինչեւ Չարենցը: Եւ, ամենակարեւորը, մենք պէտք է միասնական լինենք: Եթէ հայերը միասնական են՝ անպարտելի են: Այս պատերազմում մենք յաղթանակեցինք, որովհետեւ միասնական էինք, միասնական ուժ ստեղծեցինք, միակերպ մտածեցինք, մի ցանկութիւն ունեցանք եւ բոլորս ուղղուեցինք՝ այդ ցանկութիւնն իրականացնելու: Հէնց սա պիտի նկատի ունենանք»:
Խօսելով Հայաստանի պետութեան մասին դերասանը ըսած է,- «Մենք դեռ արհեստավարժ չենք, մենք դեռ սիրողական քայլեր ենք անում մեր պետութիւնը կառուցելու համար: Մանաւանդ, որ շատ խանգարողներ ունենք, դրսի ազդեցութիւնը վիթխարի է մեր պետութեան, անկախութեան վրայ, եւ դա այքան էլ խնդիր չէ: Ցաւն այն է, որ մեր ներսում կան դրսի ուժերի կատարողները, նրանց ցանկութիւններն իրականացնող ուժեր, եւ բաւականին շատ: Մենք պէտք է բոլորս զգաստ լինենք, որովհետեւ ոչ մէկը չի ուզում, որ Հայաստանը լինի հզօր երկիր: Վրիպումները շատ էին, չեմ ուզում թուել: Դէ՜ անփորձ ենք. բնական է, որ պէտք է ունենայինք այդ վրիպումները, սխալ քայլերը, բայց, Փառք Աստծոյ, որ այս շատ փխրուն պետականութիւնը դեռ պահպանում ենք. կը կարողանա՞նք, արդեօք, մինչեւ վերջ ստեղծել նորմալ պետութիւն:
«Ազգի հասցէն մշակոյթն է: Ինչ որ մենք ստեղծեցինք վերջին 70 տարիների եւ, յատկապէս, վերջին 40 տարիների ընթացքում, կարծես վերածընունդ լինէր: Մարդիկ, մտաւորականութիւնը կարողացան վիթխարի գործ անել եւ զարգացնել մշակոյթը, հիմա նրանք չկան… Ասեմ նաեւ, որ Արցախի յաղթանակը պայմանաւորուած է նաեւ նրանով, որ այդ սերունդը դաստիարակուած էր այդ մեծերի ոգով եւ օրինակով: Այն ժամանակ մեծ նշանակութիւն ու ազդեցութիւն ունէին պօէզիան, արուեստը, իսկ հիմա դա չկայ, հիմա պղտոր ալիքի պէս դրսից հոսանքներ են գալիս եւ մեր երիտասարդութիւնը տարւում է դրանով: Պէտք է առաջին հերթին ունենալ հզօր բանակ, բայց, դրան հաւասարազօր, նաեւ հզօր ազգային մշակոյթ: Սա շատ կարեւոր է, որովհետեւ արմատներից կտրուել չի կարելի: Պէտք է պինդ կառչել դրանից: Ցաւալի է նաեւ այն, որ մեր ղեկավարներից շատ շատերը չեն հասկանում մշակոյթի նշանակութիւնը, նրա դաստիարակչական դերը»:
Խօսելով ապագայի քայլերուն մասին՝ մեծանուն դերասանը ըսած է,- «Նախ եւ առաջ, ինչ էլ անելու լինենք, պէտք է բխեն մեր ազգային շահերից: Հիմա անձնական շահը շատերին կուրացրել է. Ախր մենք այդ ազգը չենք. մենք ապրել ենք, որովհետեւ մենք հետեւել ենք մեր նախնիներին, մենք հասկացել ենք, որ ազգը հզօր է միայն այն դէպքում, երբ հզօր է ընտանիքը, երբ մարդկանց յարաբերութիւններում առաքինութիւն եւ բարոյականութիւն կայ: Եւ հէնց այսպէս պիտի անենք այն, ինչ անելու լինենք:
«Մենք պէտք է հասկանանք, որ նորաստեղծ պետութիւն ենք: Աշխարհում բոլոր փոքր պետութիւներն ինչ-որ մէկի բարեկամն են, մենք էլ պէտք է մեր բարեկամներն ունենանք: Պիտի պահպանենք մեր բարեկամներին: Օրինակ, մեզ համար միշտ էլ բարեկամ է եղել Ռուսաստանը, եւ պիտի շարունակենք պահպանել մեր բարեկամութիւնը: Եւ գիտէք, դժուար է կառուցել լաւ պետութիւն, եթէ այդ ժողովուրդն ապրում է կաշառք տալով, կաշառք վերցնելով: Կոռուպցիան սոսկալի երեւեւոյթ է, եւ քանի կայ այն, մենք հզօր չենք կարող դառնալ, դրա առաջը պէտք է առնել: Մեր մարտահաւէրներից մէկը հէնց դա է: Ես չեմ նկատում, որ մեր ղեկավարութիւնը դրանով անհանգստացած է: Իսկ դա ներսից քայքայում է հասարակութիւնը: Եւ դա անասելի հետեւանքներ է թողնում ժողովրդի, յատկապէս՝ երիտասարդութեան մտածելակերպի վրայ: Դա մի կեղտոտ ուժ է, որից պէտք է ամէն գնով ազատուել: Պետութեան համար միեւնոյնը չպէտք է լինի, թէ ինչ է ցուցադրում հեռուստատեսութիւնը: Հիմա հեռուստատեսութեամբ ինչ այլանդակ բան չես ասի, որ ցոյց չեն տալիս: Օրինակ, Ֆրանսան, որ ամենաժողովրդավար երկրներից մէկն է աշխարհում, օրէնք ունի մշակութային գծով, որ հեռուստատեսութեան եւ ռադիօյի եթերի 70 տոկոսը տրամադրում է ֆրանսիայի ազգային մշակոյթին, ֆրանսիական կեանքին, ֆրանս ժողովրդին, պատմութեանը եւ այլն: Այսինքն, այդ տիպի ժողովրդավար երկրները հասկացել են, որ այդ կերպ պէտք է կայանայ ու պահպանուի ուժեղ պետութիւն եւ հասարակութիւն: Իսկ մեր իշխանութիւնների համար, կարծես թէ, միեւնոյն է, թէ ինչ են քարոզում, ինչ են ուսուցանում եթերով: Եւ այսպիսի շատ բաներ…»։