«Որոշէք, որ կատեգորիային էք պատկանում»…

«Գլխաւոր հերոս Գոռը Մերիին է ծեծում, Գոռի եղբյարը՝ Ֆելոն, Էվային է ծեծում, Գոռի հայրը՝ մօրը, Գոռի փեսան՝ Գոռի քրոջը, մի խօսքով, ով ում պատահի խփում է»,- «Դժուար ապրուստ» հեռուստասերիալի մասին իր տպաւորութիւնն է յայտնում հեռուստադիտող Էլէն Արզումանեանը:

Աշխէն Քեշիշեանն էլ կարծում է, որ սերիալը միտումնաւոր կանանց նկատմամբ բռնութիւն է քարոզում. «Մի տարի շարունակ էկրանից կին ծեծելը կատակ չէ, ընդ որում՝ կին, քոյր, անգամ մայր»: Հեռուստադիտողներից շատերին ապշեցրել է այն, որ ֆիլմի գլխաւոր դրական հերոսը, թէեւ կարծում է, որ կինը յղի է, այնուամենայնիւ, չի զլանում պարբերաբար ապտակներ հասցնել նրան:

Տարիքային հոգեբան Էլինա Աւետիսեանը կարծում է, որ հեռուստասերիալները մեծ ազդեցութիւն  են ունենում յատկապէս դեռահասների վրայ, որոնք առաւել խոցելի են: «Երեխաները կարող են հեշտութեամբ ընդօրինակել հեռուստատեսային ցանկացած հերոսի վարքը, ընդ որում նաեւ նրանը, ով բռնութեան է ենթարկում կնոջը, դրա համար  ծնողները պէտք է երեխաներին բացատրեն, որ սա չէ մեր իրականութիւնը»,- ասում է հոգեբանը:

Իսկ «Դժուար  ապրուստ» հեռուստասերիալի սցենարի հեղինակ Տիանա Գրիգորեանն  այլ դիրքորոշում ունի կնոջ նկատմամբ բռնութեան եւ հեռուստատեսութեան ազդեցութեան վերաբերեալ, ներկայացնում ենք մեր հարցազըրոյցն առանց մեկնաբանութիւնների:

- Հեռուստադիտողները նշում են, որ «Դժուար ապրուստ» սերիալում չափից շատ են կնոջ նկատմամբ բռնութեան տեսարանները:
- Ի՞նչ է նշանակում բռնութեան տեսարան եւ առհասարակ կնոջ  նկատմամբ բռնութիւն: Դուք տղամարդ էք, եթէ Դուք ամուսնանաք մի կնոջ հետ եւ գիտակցէք, որ նրա սիրտն ուրիշին է պատկանում, Դուք կÿասէք՝  վայ, ազիզ ջան, գնա՛ ուրիշ տղամարդու մօ՞տ: Եթէ  նման բան ասէք, ուրեմն Դուք տղամարդ չէք: Գլխաւոր հերոսը հիմա հասկանում է, որ կինը իրեն ստել է յղիութեան հետ կապուած, դրա համար էլ կնոջ հետ այդպէս է վերաբերւում, որովհետեւ տղամարդուն չի կարելի յիմարեցնել, առհասարակ ընտանիքին չի կարելի յիմարեցնել: Ի՞նչ է նշանակում կանանց նկատմամբ բռնութիւն. դա   այն է, երբ կնոջն անմեղ տեղը բռնանաս, բռնաբարես, պատուազրկես: Բայց երբ դու տեսնում ես, որ կինդ  քեզ յիմարեցնում է, եւ մէկ հատ  ապտակում ես, դա չի նշանակում բռնութիւն, դա  իւրաքանչիւր ընտանիքում կայ, ես կարծում եմ, որ տղամարդիկ, մանաւանդ հայ տղամարդիկ, չպէտք է թոյլ տան, որ կանայք  իրենց յիմարեցնեն:
- Իսկ Դուք  դա ո՞ր ընտանիքում էք տեսել. օրինակ իմ ընտանիքում  ես չեմ տեսել, որ ամուսինը կնոջը ծեծի:
- Եթէ ձեր ընտանիքում մայրդ հօրդ դաւաճանի, գնա՛  հարեւանի ծոցը մտնի, հայրդ կÿասի՝ ապրես կնիկ ջա՞ն:
- Եթէ իրար չեն սիրում, դաւաճանութիւն կայ, կարող են պարզապէս ամուսնալուծուել:
- Ոնց, այսինքն՝  էն ամէնասիրուն ձեւով կÿասի՝ ապրես, որ գնացել ես, մենք երեւի ամուսնալուծուե՞նք: Լաւ, ինձ մօտ տղամարդու հետ կապուած բաները լրիւ ուրիշ ձեւ են, Դուք  աւելի լաւ է՝ որոշէք, թե Դուք որ կատեգորիային էք պատկանում, նոր զանգահարէք:
- Իմ անձնական կարծիքն այլ է, բայց Ձեր դէպքում կարծիքը դրուած է սերիալում եւ այն մեծ ազդեցութիւն ունի մարդկանց վրայ:
- Եթէ ընտանիքը կարող է սերիալ նայելով ինչ-որ բան վերցնել, այն էլ վատը, ապա դա ընտանիք չէ, որովհետեւ նման բաներ մենք նաեւ մեր շրջապատում ենք տեսնում՝  բակում, դպրոցում, համալսարանում, ամէն տեղ դու նման բանի ականատես ես լինում: Եթէ մարդիկ նմանատիպ  բաներ պիտի ընդօրինակեն, նշանակում է, որ այս ազգը հեղհեղուկ ազգ է: Ես չեմ կարծում, որ կայուն դաստիարակւած ընտանիքի վրա հեռուստատեսութիւնը կարող է ազդեցութիւն ունենալ:
- Բայց ձեր սերիալում ներկայացւում է, որ դրական հերոսն է պարբերաբար ապտակում կնոջը: Իսկ դրական հերոսներին ընդօրինակում են:
- Նախ, պարբերաբար չի ապտակում, ինքը նոր է սկսել ապտակել, որովհետեւ հասկացել է, որ կինն իրեն  յիմարացնում է: Եւ երկրորդ՝ մարդ չի կարող լինել իտէալական: Դրական հերոսն ինքն էլ ունի իր պոռթկումները: Իւրաքանչիւր մարդ այս կեանքում սայթաքելու իրաւունք ունի, ինչ-որ իրավիճակներում իրեն դարձնում է ոգելիցի զոհը: Բայց դա իրեն յարիր չէ, որովհետեւ մարդու ներքինը չի փոխւում: Սա պարզապէս առերես երեււյթ է, որը ժամանակի հարց է ընդամէնը:
- Իսկ հակառակ տեսարաններ պատահե՞լ են ձեր ֆիլմում, երբ կինն է պոռթկացել եւ ամուսնուն ապտակել է:
- Եղել է, երբ Մերին ապտակել է, նմանատիպ բան կայ, բայց դե չափի մէջ, էլի, որովհետեւ դե կին է, իր էութեամբ համեստ  ու հեզ է:
- Չէք կարծում, որ հեռուստատեսութեամբ պարբերաբար ցուցադրելով, կարծես լեգիտիմացւում է տղամարդու՝  կնոջը բռնութեան ենթարկելու իրաւունքը, կարծես թէ  դա  նորմա է, եթէ կինը ստել է, ապա տղամարդը պէտք է հարուածի:
- Տղամարդիկ առանձնանում են տաքարիւնութեամբ ու երբ զգում են, որ կինը սխալ քայլ է անում, խօսքը զուտ դաւաճանութեան եւ խաբեբայութեան մասին է, միայն այդ դէպքերում է, որ կարող են տղամարդիկ պոռթկալ:
- Հետաքրքրական է, որ Դուք կին էք, բայց Ձեր սցենարով արդարացնում էք տղամարդկանց այդ գիծը:
- Մեզ մօտ չի արդարացւում, այնքանով է արդարացւում, որ այդ խաբէութիւնն ու սուտը չպէտք է ընտանիքում լինի, դա ճիշդ չէ:
- Հեռուստատեսութիւնն ունի նաեւ դաստիարակչական գործառոյթ:
- Դաստիարակչական գործառոյթը նշանակում է, որ հեռուստաընկերութիւնը պէտք է ցուցադրի գիտահանրամատչելի հաղորդումներ, ես շատ եմ ուզում նման հաղորդումներ ստեղծել: Սերիալով չէ, որ ազգը պէտք է դաստիարակուի, ինձ համար շատ ցաւալի է, որ այսօր սերիալն առաջին տեղում է: Բայց եթէ սերիալն առաջին տեղում է, նշանակում է՝ ազգն է այդպիսին, իրենք են դա պահանջում:
- Իսկ գուցէ ինչ  էք տուել, դա էլ սկսել են պահանջե՞լ, այսինքն՝  սովորեցրել էք հեռուստադիտողին:
- Ոչ:  Ոչ, թող չնայեն, թող վարկանիշն ընկնի, ղեկավարութիւնն էլ ասի՝  սերիալ չեն նայում, էլ չենք  անում, անում ենք  գիտահանրամատչելի հաղորդումներ: Ես կը լինեմ առաջին երջանիկը:

Արման Ղարիբեան
women.net