Փրոֆ. Թաներ Աքչամն իր նոր գրքում անդրադարձել է Նայիմ Բէյի յուշագրութիւններին, որոնք Հայոց Ցեղասպանութեան պատմագրութեան մէջ կարեւոր դեր ունեն եւ մինչ այսօր մերժւում էին։ Աքչամը, հրատարակելով Նայիմ Բէյի յիշողութիւնները, անհրաժեշտ պատաս
խանն է տալիս բոլոր ժխտողական պնդումներին եւ Հայոց Ցեղասպանութեան պատմագրութեան մէջ նոր մի շրջան է բացում։ Հայոց Ցեղասպանութեան պատմագրութեան մէջ մեծ կարեւորութիւն ունեցող Նայիմ Բէյի յուշագրութիւնները մինչ այժմ ժխտողական պատի են հանդիպել։ Ցեղասպանութիւնը ժխտողները որպէս ապացոյց ներկայացնում էին այն, որ օսմանեան ժամանակներում Նայիմ Բէյ անունով պաշտօնեայ չի եղել, հետեւաբար՝ նրան պատկանող յուշագրեր չեն կարող գոյութիւն ունենալ, ինչպէս նաեւ այն, որ յուշագրութիւններում կիրառուած գաղտնագրային տեխնիկան (աշխատաձեւը) օսմանեան տեխնիկայից տարբեր է։ «Քլարք» համալսարանի հոլոքոստի (ողջակիզման) եւ ցեղասպանութեան հետազօտութիւնների կեդրոնից փրոֆ. Թաներ Աքչամի «Նայիմ Էֆենդու յուշագրութիւնները եւ Թալէաթ Փաշայի հեռագրերը» վերնագրով գիրքը Հայոց Ցեղասպանութեան պատմագրութեան մէջ նոր էջ է բացում։ Գիրքը «Իլեթիշիմ» հրատարակչատան կողմից է հրատարակուել եւ Հոկտեմբերի 7ից հասանելի է Թուրքիայի գրախանութներում։
Փրոֆ. Թաներ Աքչամի հետ խօսել ենք Նայիմ Բէյի եւ նրա յուշագրութիւնների մասին։
Ինչպէս գիտենք՝ Արամ Անտոնեանն իր գրքում Նայիմ Բէյի յուշագրութիւններին անդրադարձել է։ Այս փաստերն ինչպէ՞ս են ներկայացուել գրքում։
Արամ Անտոնեանը 1921թ. հրատարակուած «Մեծ ոճիրը» գրքում ներկայացրել է Նայիմ Էֆենդիի յուշագրութիւններն ու Թալէաթ Փաշայի հեռագրերը հայերէն լեզուով։ Գիրքն աւելի ուշ թարգմանուել է ֆրանսերէնի եւ անյաջող անգլերէնով համառօտ հրատարակուել՝ «Նայիմ Բէյի յիշողութիւնները» վերնագրով։ «Մեծ ոճիր»ում տեղ են գտել օսմանեան պաշտօնեայ Նայիմ Բէյի յուշագրութիւնները եւ նրան պատկանող որոշ գաղտնի փաստաթղթեր։ Անտոնեանը նշում է, որ այս փաստաթղթերը գնել է։ Իրականում, սա դասական յուշագիրք չէ։ Նայիմ Էֆենդին մօտ 50 օսմանեան փաստաթղթի կրկնօրինակն է կազմել եւ նրանցում գրել նաեւ իր իմացածներն ու իր յուշերը։ Նայիմ Էֆենդին Անտոնեանին նաեւ մօտ 20 փաստաթղթի բնօրինակ է տուել։ Այս փաստաթղթերից 14ի նկարը հայերէն գրքում հրատարակուել է։ Անտոնեանի գրութիւններից մէկից հասկանում ենք, որ այս փաստաթղթերի առեւտուրը տեղի է ունեցել 1918թ. Նոյեմբերի սկզբին, իմ գրքում սրա փաստաթուղթն էլ է ընդգրկուած։
Հեռագրերում ինչե՞ր են գրուած։
Հեռագրերում, որոնց վերաբերեալ նշուած է, թէ պատկանում են Թալէաթ Փաշային, հայերին կոտորելու հրամաններն ենք տեսնում բացէ ի բաց կերպով։ Օրինակ՝ 1915 Սեպտեմբերի 22ի հեռագրերից մէկում Թալէաթ Փաշան այսպիսի հրաման է տուել.- «Հայերը Թուրքիայի տարածքում ապրելու, աշխատելու իրաւունքներից ամբողջութեամբ զրկուել են, պետութիւնը՝ իր վրայ վերցնելով ամբողջ պատասխանատուութիւնը, հրամայում է ողջ չթողնել անգամ օրօրոցի երեխաներին»։
1915 Սեպտեմբերի 29ին Հալէպի Վիլայէթ ուղարկած հեռագրերից մէկում նշւում է.- «Թուրքիայում գտնուող բոլոր հայերին ջախջախելու եւ ոչնչացնելու պետական հրամանի մասին աւելի վաղ տեղեկացուել էր... Առանց կին, երեխայ, հաշմանդամ հաշուի առնելու, ոչնչացնելու ընթացքն ինչքան էլ որ զարհուրելի լինի, առանց խղճի զգացման ոչնչացուելու են»։ Պէտք է նշեմ, որ Անտոնեանի գրքում ընդգրկուած հեռագրերում միայն թիւեր են նշուած, նրանց վերծանումը Նայիմ Բէյն իր յուշագրութիւններում է իրականացրել։
Պնդումներ կային, որ սրանք իրականութիւնը չեն արտացոլում, եւ որ հեռագրերն իրականում գոյութիւն չունեն։ Այնպէս չէ՞։ Այս հեռագրերի ժխտման պատճառը 1983թ. Շինան Օրելի եւ Սուրէյյա Եուջայի կողմից հրատարակուած «Հայերի կողմից Թալէաթ Փաշային վերագրուած հեռագրերի յետեւում գտնուող ճշմարտութիւնը» գիրքն է։ Օրելը եւ Եուջան այս գրքում պնդում են, որ Անտոնեանի հրատարակած փաստաթղթերը կեղծ են։
Այս պնդումներն ինչի՞ վրայ էին հիմնուած։
Օրելի եւ Եուջայի թէզը երեք բանի վրայ էր հիմնուած.
1.- Նայիմ Էֆենդի անունով օսմանեան պաշտօնեայ չկայ։
2.- Գոյութիւն չունեցող մարդու յուշագրութիւն չի կարող գոյութիւն ունենալ։
3.- Ե՛ւ Թալէաթ Փաշային վերագրուող, ե՛ւ միւս հեռագրերը կեղծ են։ Այս ամէնը Անտոնեանն ու հայերն են յօրինել։
Այս երրորդ կէտի հետ կապուած 12 թէզ են առաջարկում։ Այս թէզերից յատկապէս կարեւորներն են.- Փաստաթղթերի վրայի տարեթիւերը սխալ են, փաստաթղթերի համարները չեն համընկնում ուղարկուած-ստացուած հեռագրերի գրանցումներում տեղ գտած համարներին, փաստաթղթերում տեղ գտած ստորագրութիւնները՝ յատկապէս կառավարիչ Մուսթաֆա Աբդուլհալիքի ստորագրութիւնները կեղծ են, գծաւոր թուղթ է օգտագործուել, օսմանեան բիւրոկրատիան գծաւոր թուղթ չէր օգտագործի, հետեւաբաար սա ապացուցում է, որ փաստաթղթերը կեղծ են։ Երկուական եւ երեքական թիւերով կոդաւորուած թաստաթղթերն ամբողջութեամբ յօրինուած են, քանի որ այդ տարիներին չորսական թիւերով կոդաւորման (ծածկագրուած) համակարգն էր օգտագործւում։
Օրելի եւ Եուջայի գրքում առաջ քաշուած թէզերն առաջին հայեացքից շատ հզօր եւ յաւակնոտ են։ Այդ տարիներին հեղինակների օգտագործած աղբիւրերն անհասանելի աղբիւրներ էին. օրինակ՝ Վարչապետի օսմանեան արխիւը եւ Գլխաւոր Շտապի (ATASE) արխիւը։ Օսմանեան արխիւն անկասկած բաց էր, սակայն նշուած շրջանին պատկանող տուեալները դեռ դասակարգուած չէին եւ չկային։ ATASE արխիւը փակ էր, մինչեւ հիմա էլ փակ է։
Պէտք է նաեւ նշեմ, որ Նայիմ Էֆենդիից գնած փաստաթղթերը Անտոնեանը յանձնել է Փարիզի Պօղոս Նուբար գրադարանին, որտեղից այս փաստաթղթերը, հաւանաբար 1950ից յետոյ, անհետացել են։ Մեր օրերում այս փաստաթղթերի տեղն անյայտ է։
Օրելից եւ Եուջայից յետոյ Անտոնեանի գիրքը սկսեց չօգտագործուել՝ անյուսալի եւ կեղծ տուեալներ պարունակելու պատճառով։ Անգամ աւելին՝ Օրելն ու Եուջան Արամ Անտոնեանին եւ հայերին մեղադրեցին անազնուութեան մէջ, փասթաթղթեր կեղծելու եւ ինչ-որ տեղ «մարդասպանութեան» մէջ։ Հետագայ տարիներին այս գիրքը հայերի դէմ օգտագործուող ատելութեան ամենակարեւոր գործիքներից մէկը դարձաւ, օգտագործուեց ստորացման արշաւի համար։ Մինչ այժմ էլ շարունակում է օգտագործուել։
Ձեր գրքում նշում էք, որ Օրելի եւ Եուջայի ասածները սխալ են, եւ որ յուշագրերն ու հեռագրերը իրական են, այնպէս չէ՞։
Այո՛, Նայիմ Էֆենդիի եւ յուշագրերի մասին Օրելի եւ Եուջայի ասածները վստահաբար սխալ են։ Այս նիւթի վրայ աշխատելիս նոր, շատ լուրջ տեղեկութիւններ եւ փաստաթղթեր եմ ձեռք բերել։
Հակիրճ այսպէս ներկայացնեմ.
1.- Նայիմ Էֆենդի անունով օսմանեան պաշտօնեայ գոյութիւն ունի, սա ապացուցող օսմանեան փաստաթղթերի բնօրինակներ կան, գրքումս այս փաստաթղթերը տեղ են գտել։ Անգամ մի շատ հետաքրքիր մանրուք կայ. Նայիմ Էֆենդի անունով օսմանեան պաշտօնեայի գոյութիւնն ապացուցող օսմանեան փաստաթղթերից մէկը Գլխաւոր Շտապին է պատկանում։ Գլխաւոր Շտապի ATASE արխիւը Հայկական Հարցի շուրջ հրատարակած գրքերից մէկում, միգուցէ անգիտակցօրէն, հրատարակել է մի փաստաթուղթ, որը Նայիմ Էֆենդիին է պատկանում եւ նրա իրական ստորագրութիւնն է կրում։ Սա էլ է տեղ գտել գրքումս։
2.- Նայիմ Էֆենդիին պատկանող մի յուշագրութիւն կայ՝ գրուած իր ձեռագրով, օսմաներէն։ Սրանք էլ կան ձեռքումս եւ գրքում ներկայացուած են այնպէս, ինչպէս կան։ Եւ մի կարեւոր տեղեկութիւն եւս. Անտոնեանը Նայիմ Էֆենդիի բոլոր յուշագրութիւնները չի հրատարակել։ Միայն մի մասն է օգտագործել։ Գրքումս տեղ են գտել այնպիսի յուշագրութիւններ, որոնք մինչեւ այժմ ոչ մի տեղ չեն հրատարակուել եւ առաջին անգամ են ներկայացւում ընթերցողին։
Մէկ այլ կարեւոր հանգամանք է այն, որ Անտոնեանի հրատարակած յուշագրութիւններն անհետացել են։ Սա նշանակում է, որ իմ ձեռքում գտնուող Նայիմ Էֆենդիի յուշագրութիւններում այս մասը բացակայում է։ Սրա պատճառները մնարամասնօրէն ներկայացնում եմ գրքումս։ Յուշագրութեան կորած հատուածները պէտք է, որ Գլխաւոր Շտապի արխիւում գտնուեն։
3.- Նայիմ Էֆենդիի յուշագրութիւններն իրական են, ներկայացրած տուեալները՝ ճիշդ։ Յուշագրութեան մէջ տեղ գտած դէպքերի եւ մարդկանց մասին տեղեկութիւններ կարելի է գտնել օսմանեան արխիւներում։ Օրինակ՝ առաջին անգամ իմ կողմից հրատարակուող յուշագրութեան մէջ Նայիմ Էֆենդին, մի քանի հայ աքսորեալի անուն տալով, նշում է.- «Սրանց մասին Պոլսից հրաման է եկել, որ Հալէպում պահենք, չաքսորենք։ Սակայն կառավարիչը՝ վալին, սրանց մահուան ուղարկեց»։ Նայիմ Էֆենդին այս հրամանի մասին ոչ մի փաստաթուղթ չի հրատարակում, միայն գրում է այն, ինչ յիշում է։ Հայերի մասին նշուած հեռագիրը գտել եմ օսմանեան արխիւում։ Սրա նման մօտ 10 դէպքի շուրջ եմ աշխատել, Նայիմ Էֆենդիի նշած դէպքերի հետ կապուած օսմանեան արխիւում բաւականաչափ տեղեկութիւն, փաստաթուղթ կայ։ Սա ապացուցում է, որ Նայիմ Էֆենդիի նշած տուեալները իրական են եւ նրա նշած տուեալները յօրինածին չեն, այլ իրականութիւնն են արտացոլում։
4.- Օրելի եւ Եուջայի կողմից Թալէաթ Փաշայի հեռագրերի կեղծ լինելու հետ կապուած հիմնական թէզերից գծաւոր թղթի կամ գաղտանգրի տեխնիկայի հետ կապուած թէզերը ճիշդ չեն։ Օրելի եւ Եուջայի նշածներն ամբողջովին յօրինուած եւ սխալ են։ Այդ է պատճառը, որ այս հեռագրերը պէտք է ընդունել որպէս իրական հեռագրեր, քանի դեռ գաղտնագրերի վերծանման տետրերը չեն հրատարակուել։ Միայն այս վերծանման տետրերին նայելով կարող ենք հասկանալ՝ այս փաստաթղթերը կեղծ են, թէ՝ ոչ։
«Գծաւոր թղթի» մասին ի՞նչ կ’ասէք։
Անտոնեանի գրքում 1916թ. Մարտի 20ին Աբդուլահադ Նուրիին պատկանող տասնեակ թիւերով գաղտանգրուած մի հեռագիր կայ։ Այս փաստաթղթում թիւերը գծաւոր թղթին են գրուած։ Օրելը եւ Եուջան այս հանգամանքը ներկայացնում են որպէս ապացոյց, որ հեռագիրը կեղծ է։ Ըստ նրանց վարկածի՝ օսմանեան բիւրոկրատիան (դիւանակալութիւնը) գծաւոր թուղթ չի օգտագործում, ուստի այդ փաստաթուղթը կեղծ է։
Սա շատ յիմար թէզ է։ Նշուած ժամանակաշրջանում օսմանեան բիւրոկրատիան շատ անգամ է գծաւոր թուղթ օգտագործել եւ օսմանեան արխիւում շատ տուեալներ կան սրա մասին։ Դրանցից ամենակարեւորը 1913 Նոյեմբերի 2ին բոլոր շրջաններ ուղարկուած հրամանն է։ Այս հրամանով պահանջւում է, որ գաղտանգրային հեռագրերը գծաւոր թղթերի վրայ գրուեն.- «Որոշ շրջաններում գաղտանգրերի տողերի արանքում շատ քիչ տարածք է թողնւում, սրա պատճառով էլ տողերը խառնւում են եւ սխալների պատճառ դառնում։ Այսուհետ նման սխալներից խուսափելու եւ ուղղումների համար ոչ անհրաժեշտ գրառումներից խուսափելու համար գաղտնագրերով հեռագրերը գծային թղթերի՛ն գրէք»։ Այսինքն իրականութիւնը Օրելի եւ Եուջայի նշածի ճիշդ հակառակն է եւ այն, որ փաստաթուղթը գծաւոր թղթի վրայ է գրուած, ապացուցում է փաստաթղթի իսկութիւնը։
Ի՞նչ նկատի ունէք գաղտանագրային գրութիւն ասելով։ Կը բացատրէ՞ք։
Օսմանեան կառավարութիւնը շրջաններ ուղարկուած հրամանները տարբեր թուային համակարգներից բաղկացած գաղտնագրերի տեսքով էր ուղարկում։ Գրութիւնները երկու, երեք, չորս կամ հնգական թուերից բաղկացած գաղտնագրերով էին գրւում։ Նայիմ Էֆենդին Անտոնեանին վաճառած իր գրութիւններում երկու եւ երեք թուերից բաղկացած գաղտնագրերն է օգտագործել։ Օրելը եւ Եուջան պնդում են, որ օսմանեան կառավարութիւնը պատերազմական տարիներին միայն չորս եւ հնգական թուերից բաղկացած գաղտանգրեր է օգտագործել։ Այս պատճառով էլ պնդում են, որ Նայիմ Էֆենդիի հեռագրերը կեղծ են։ Նրանք նաեւ նշում են, որ մի գաղտնագրի տեսակն օգտագործւում էր ամենաշատը վեց ամիս, ապա՝ կիրառումից դուրս էր մղւում։ Այդ ընթացքում միայն մէկ թուային խումբ է օգտագործուել։ Օրինակ՝ համաձայն իրենց վարկածի՝ 1915թ. Օգոգտոսի 26ից Դեկտեմբերի 11ն ընկած հատուածում միայն հնգական թուերից բաղկացած գաղտանգրեր են օգտագործուել, 1916թ. Մարտ ամսին միայն չորսական խումբն է օգտագործուել։ Նշուածներից ոչ մէկն իրականութեանը չի համապատասխանում։ Օսմանեան արխիւներում նշուած ժամանակահատուածին պատկանող 30 հազարից աւել փաստաթուղթ եմ ուսումնասիրել։ Իրականութիւնը Օրելի եւ Եուջայի թէզի հակառակ է ապացուցում... 1914-1918թթ. ընթացքում երկու, երեք, չորս եւ հնգական թուային խմբեր են օգտագործուել... Այսպիսով հասկանում ենք, որ այդ թէզն ամբողջովին յօրինուածք է։
Եթէ անգամ ձեր ասածներն ապացուցում են, որ Օրելի եւ Եուջայի թէզերը սխալ են, դա արդե՞օք նշանակում է, որ Թալէաթ Փաշայի հեռագրերն իսկական են։
Ձեր ասածը ե՛ւ ճիշդ, ե՛ւ սխալ է. նախեւառաջ՝ ցոյց եմ տալիս, որ Նայիմ Էֆենդիի օգտագործած երկու եւ երեքական թուային խմբերը համապատասխանում են օսմանեան գաղտանգրային համակարգին։ Այս առումով կեղծարարութեան մասին խօսք չկայ։ Արխիւում նոյն ժամանակահատուածին պատկանող հեռագրեր գտայ, որոնք նոյն գաղտանգրային համակարգով են գրուած, եւ դրանք ներկայացուած են գրքումս։ Հիմա հարց է առաջանում՝ Նայիմ Էֆենդիի հեռագրերը չե՞ն կարող կեղծ լինել, եթէ անգամ համապատասխանում են նշուած ժամանակահատուածի գաղտանգրային տեխնիկային։ Ինչպէ՞ս պէտք է հասկանանք սա։ Շատ հեշտ է։ Սրան վերաբերող «Գաղտանգրերի վերծանման տետրերը» հրատարակէ՛ք, վերջանայ։
Օսմանեան կառավարութիւնը ամէն թուային խմբի համար գաղտանգրային տեխնիկայի համար առանձին վերծանման տետրեր է կազմել եւ նախապէս ուղարկել շրջաններ։ Սրանց մասին գրառումներ կան.- «ուղարկեցինք, ստացա՞ք», «ո՛չ, չստացանք» կամ «այո՛, ստացանք» եւայլն...։ Այս փաստաթղթերի պատասխանատուները Պոլսից ստացուած գաղտագրային հեռագրերը վերծանում էին՝ օգտուելով համապատասխան տետրից։ Գիտենք, որ այս գաղտանգրերի վերծանման տետրերը պահւում են արխիւներում։ Օրինակ ինձ մօտ նման մի տետր կայ, որը 1914թ. երեքական թուային խմբի գաղտանգրերի վերծանման համար է նախատեսուած։ Սակայն 1915-1917թթ. պատկանող վերծանման տետրերը հետազօտողներին չեն տրամադրում։ Նրանք, ովքեր պնդում էն, որ Նայիմ Էֆենդիի գրութիւնները կեղծ են, պէտք է հրատարակեն այս տետրերը, ամբողջ քննարկումները կ’աւարտուեն, այդ ժամանակ կը հասկանանք, որ կեղծ էին։
Իսկ մինչեւ այս տետրերի հրատարակումը պէտք է ընդունենք, որ գրքում տեղ գտած տուեալները բնօրինակ են, քանի որ սրանց կեղծ լինելու մասին ասուածները սխալ են։ Միգուցէ հէնց սա է պատճառը, որ գաղտնագրերի վերծանման տետրերը դեռեւս հետազօտողներին չեն տրւում։ Այս տետրերը ապացուցելու են, որ նիւթերը կեղծ չեն, այդ է պատճառը, որ գաղտնի են պահւում։ Ի՞նչ իմանանք։ Մինչեւ այդ տետրերի հրատարակումն ասուած ամէն ինչ ենթադրութիւն է։ Դրանց կեղծ լինելուն հաւատացողը տետրը կը հրատարակի...։
Միւս պնդումնե՞րը. ստորագրութիւն, տարեթուեր...
Թալէաթ Փաշային պատկանող եւ ոչնչացման հրաման պարունակող հեռագրերի կեղծ լինելու եւ Հալէպի կառավարիչ Մուստաֆա Աբդուլհալիքի ստորագրութեան կեղծ լինելու հարցերը տարբեր հարցեր են...։ Սրանք տարբեր փաստաթղթեր են։ Այսինքն Թալէաթ Փաշայի փաստաթուղթը կարող է ճիշդ լինել, ստորագրութեամբ փաստաթուղթը՝ կեղծ, կամ ստորագրութեամբ փաստաթուղթը կարող է ճիշդը, Թալէաթ Փաշայինը՝ կեղծ լինել։ Կեղծ կամ բնօրինակութեան քննարկումները երկու փաստաթղթերի համար առանձին-առանձին պէտք է իրականացուեն։ Անշուշտ մի շարք փաստաթղթերի տարեթուերի սխալ լինելու մասին քննարկումներ իրականացելու են։ Սակայն առայժմ այսքանով սահմանափակուենք եւ սրանք միւս անգամուան թողնենք։ Կարծում եմ, որ նախ եւ առաջ մինչ այժմ ասածներս պէտք է մարսուի։
Գրքի հրատարակութիւնից յետոյ Ցեղասպանութեան պատմագրութեան մէջ փոփոխութիւններ հնարաւո՞ր են։
Նայիմ Էֆենդի անունով մէկի գոյութեան հերքումը, Թալէաթ Փաշային պատկանող հեռագրերի կեղծ լինելու պնդումները 1915թ. տեղի ունեցածների ժխտման ամենակարեւոր ապացոյցներից էին։ Իմ այս գիրքը այս ամէնը կործանում է։ Անշուշտ 1915թ. ժխտողականութիւնը չի վերջանալու, սակայն մարդկանց այդ խումբը եւ շրջանակը ստիպուած են լինելու իրենց համար նոր ստոր գտնել։ Սակայն չմոռանանք, որ 1915թ. ժխտումը փաստաթղթերի եւ տեղեկութեան բացակայութիւնից կամ քչութիւնից չէ։ Անցեալը ժխտողականութիւնը քաղաքական ընտրութիւն է։ Այդ իսկ պատճառով էլ անցեալում տեղի ունեցածների մասին ինչքան էլ փաստաթուղթ բացայայտենք, ժխտողները շարունակելու են ժխտել՝ նոր բաներ գտնելով։ Սա անվերջ մի խաղ է...։
Այս է պատճառը, որ կարծում եմ, որ պետական թէզը պաշտպանողները շարունակելու են նոյն ոճով։ Սակայն այս գիրքը պատմութեան առնչութեամբ ստեղծուած ամենակարեւոր աղիւսակները ոչնչացնում է։ Կարծում եմ կարիք կայ, որ պաշտօնական դիրքորոշման կողմնակիցներն արդէն այլ պատրուակներ գտնեն։
Ես ուրիշ ակնկալիքներ ունեմ։ Ակնկալում եմ, որ հայերից ներողութիւն խնդրեն։ Ակնկալում եմ, որ մինչեւ այսօր այս յուշագրութիւնների եւ հեռագրերի վրայ հիմնուելով հայերին հնարաւոր ամէն կերպ հայհոյողները հայերից ներողութիւն խնդրեն։ Կարծում եմ սա պահանջելու իրաւունք ունենք։
Ինչպէս գրքումս եմ նշել՝ ո՛չ Անտոնեանի, ո՛չ էլ մէկ այլ հայի կողմից կեղծուած ոչինչ կայ։ Անտոնեանը հրատարակել է այն, ինչ իրեն տրուել է, այն էլ ոչ ամբողջութեամբ։ Ա՛յս է պատճառը, որ 1983 թուականից մինչեւ օրս այդ գիրքը հիմք ընդունելով՝ հայերի դէմ ատելութիւն տարածող, նրանց հայհոյող բոլորից ակնկալում եմ հայերից ներողութիւն խնդրել։
Ասեմ, որ ինքս չեմ պատրաստւում այս հարցը քննարկելու հայերից ներողութիւն չխնդրող ոեւէ մէկի հետ։
ՎԱՐԴԱՆ ԷՍՏՈՒԿԵԱՆ - «Ակօս»