Այս հարցազրոյցում Գաֆուր Թուրքայը ներկայացնում է թրքական բանակի գործած վերջին աւերածութիւնները Տիարպեքիր (Տիգրանակերտ) քաղաքի պատմական կեդրոնում, որտեղ մինչեւ 1915թ. մեծ թիւով հայեր էին բնակւում: Նա յատկապէս կարեւորում է 2011թ. Սուրբ Կիրակոս
հայկական եկեղեցու վերականգնումը, որտեղ հանգրուանում են բազմաթիւ այցելուներ եւ որը տարածաշրջանի իսլամացած հայերի փոքր համայնքի համար մի տեսակ օթեւան է դարձել: Ամբողջովին աւերուած «գեաւուրի թաղը» այժմ չկայ: Մնում է Սուրբ Կիրակոս եկեղեցին, որի ներսի մասը, սակայն, զգալիօրէն վնասուել է: Գաֆուր Թուրքայը անդրադառնում է նաեւ Տիգրանակերտի եւ տարածաշրջանի իսլամացած հայերի բազմաթիւ ինքնութեան խնդիրներին: Ի վերջոյ, նա արծարծում է այն դժուարութիւնները, որոնց բախւում են այն մահմետական հայերը, որոնք որոշել են մկրտուել:
Տիգրանակերտում եւ նրա շրջակայքում բնակուող իսլամացուած հայերն ինչպէ՞ս են բնորոշում իրենց ինքնութիւնը:
Այդ հարցին պատասխանելու համար նախ պէտք է իմանալ, թէ ովքե՞ր են մահմետական հայերը: Խօսքը 1915ի Հայոց Ցեղասպանութիւնից պատահականօրէն փրկուածների՝ այսօր արդէն երրորդ, չորրորդ սերունդների մասին է: Ինքնուրոյն մշակոյթի տէր այս համայնքի անդամներն այդտեղից կտրուեցին, պարտադիր կրօնափոխ եղան, իսլամացուեցին, զրկուեցին այն յենարանից, որտեղ պիտի ապրէր իրենց լեզուն եւ շարունակեցին գոյատեւել այլ լեզուներով: Այսօր մահմետական հայեր կոչուող այս մարդիկ ցեղասպանութիւնը վերապրածների ժառանգորդներն են: Ցաւօք, նրանք հարիւր տարուայ ձուլման են ենթարկուել: Մասնատուած լինելով՝ նրանք ստիպուած եղան իրենց չպատկանող մի կեանք վարել: Առ այսօր կրած դժուարութիւնների պատճառով ստիպուած եղան թաքցնելու իրենց հայկական ինքնութիւնը: Որովհետեւ հայ բառը այս երկրում օգտագործուել է վատ իմաստով՝ նուաստացնելու նպատակով: Նրանք հնարաւորութիւն չունեցան իրենց սեփական ինքնութեամբ, սեփական մշակոյթով ապրելու: Նրանցից ոմանք «վատ համբաւ» ունեցող հայի կերպարից ձերբազատուելու համար հաւատացեալ մահմետականից մահմետական են ձեւացել՝ փորձելով թաքցնել իրենց ծագումը: Տառապանքների ու զոհողութիւնների գնով՝ նրանք հարիւր տարի այս հողերում ստիպուած եղան քարշ տալու մահմետականի անունով:
Որոշակի պահից յետոյ այս վիճակն սկսեց փոխուե՞լ:
Երեք-չորս սերունդ ձուլման ենթարկուած մարդկանց այս խումբը, անշուշտ, որոշ չափով այս իրավիճակին յարմարուեց: Նրանք ստիպուած եղան շարունակելու ապրել իրենց չպատկանող այդ կրօնի, լեզուի, մշակոյթի մէջ: Հարիւր տարի շարունակ կամայ թէ ակամայ մի այլ մշակոյթի մէջ ապրելուց յետոյ, հեշտ չի լինում վերադառնալ պապերի մշակոյթին: Սակայն, կայ այսպիսի մի իրականութիւն. երբ այս մարդիկ փորձում էին մի կերպ թաքնուել, մահմետականները նրանց չէին թողնում մոռանալ իրենց ինքնութիւնը: Ասենք մի թաղում՝ երբ վէճ էր ծագում իսլամացած հայի ու մահմետականի միջեւ, մահմետականը դիմացինին ճնշելու նպատակով յիշեցնում էր նրա էթնիկ ինքնութիւնը: Այնպէս որ՝ այս մարդիկ մի կողմից իսլամացան ու հեռացան իրենց մշակոյթից, միւս կողմից էլ նրանց երբեք թոյլ չտրուեց մոռանալ հայութիւնը։ Հիմա կան մարդիկ, որոնք ինքնութեամբ մահմետական են, բայց տէր են կանգնում նաեւ իրենց հայկական ինքնութեանը, իսկ ուրիշներ լիովին ինտեգրուել (համարկուել) են մահմետականներին։ Ոմանք հասել են այն վիճակին, որ ամաչում են հայ լինելուց, չեն խօսում իրենց հայ լինելու մասին, երբ էլ խօսւում է՝ վատ են հակազդում։ Բայց մի քիչ աւելի բարձր կրթութիւն ունեցողների, ձախերի շրջանում կան խմբեր, որոնք յայտնուել են սեփական իրականութեան դէմ յանդիման: Այդ խմբերի մէջ կան մարդիկ, որոնք վերադարձել են իրենց ինքնութեանը. կան մարդիկ, որոնք ուզում են վերադառնալ, ոմանք էլ ասում են՝ «ես մուսուլման եմ, բայց հայ եմ»։ Հարիւր տարի այնպիսի մի ձուլման գործընթաց է տեղի ունեցել, որ մարդիկ ծուատուել են։ Շա՞տ են հայ ինքնութեանը վերադարձողները. երբ նման հարց են տալիս, ասում եմ՝ «դա մի կաթիլ է լճում»։
2011թ. Սուրբ Կիրակոս եկեղեցու վերականգնումից յետոյ ստեղծուած հանդիպման այս կեդրոնը ի՞նչ փոխեց մարդկանց կեանքում։
Մէկ դար առաջ այս տարածաշրջանում բազմաթիւ հայապատկան պատմական վայրեր կային։ Մշակութային այս հիւսուածքին հասցուած վնասի առումով եւս ուծացումը շարունակուեց: Սուրբ Կիրակոսի նման հայապատկան այս կառոյցի՝ այս հիւսուածքի վերադարձը չափազանց դրական ազդակ եղաւ իսլամացած հայերի համար: Մարդիկ սկսեցին յաճախ գալ այստեղ, տէր կանգնեցին եկեղեցուն։
Այսպիսով, ինքնութեան փնտռտուքների մէջ եղողների համար մի վայր ստեղծուեց։ Մինչեւ վերանորոգումը՝ նման վայր չկա՞ր։
Ամբողջ տարածաշրջանում եւ Տիգրանակերտում իրենց հարազատ մի վայր չկար. այս առումով՝ հասցուած վնասը մեծ է։ Սուրբ Կիրակոսը Մերձաւոր Արեւելքի ամենամեծ եկեղեցին է։ Խօսքը նախկինում էլ լուրջ դերակատարութիւն ունեցած մի վայրի մասին է։ 1915ին՝ Հայոց Ցեղասպանութեան ընթացքում Տիգրանակերտի հայութիւնը ամբողջութեամբ ոչնչացուեց։ Շրջանի գաւառներում փրկուածները Տիգրանակերտի Սուրբ Կիրակոսում ապաստան գտան։ Ուստի, Սուրբ Կիրակոսը միայն եկեղեցի չէ. վերաբացումից յետոյ շատ մարդիկ եկան այստեղ եւ տէր կանգնեցին։
Եկեղեցու այցելուները ձեզ հետ շփումներում ինչպիսի՞ կարիքներից, պահանջներից էին խօսում։
Այստեղ այցելողներն առաջին հերթին հարիւր տարի շարունակ կորուստներ ապրած մարդիկ էին եւ մենք զգացինք, որ այս վայրում նրանք իրենց հարազատ են զգում։ Մեր զրոյցներում շատ ենք լսել՝ «ես ինձ այստեղ շատ հանգիստ եմ զգում»: Նրանք այդ խօսքը կրօնական իմաստով չէին ասում, այլ իրենց այստեղ հարազատ վայրում էին զգում, այստեղ իրենք իրենց էին վերագտնում, այս վայրն իրենց էր պատկանում, այստեղ խաղաղութիւն էին գտնում: Ես տեսել եմ մարդկանց, որոնք եկեղեցու մի անկիւնում նստած լաց էին լինում: Պատճառն հարցնելիս՝ նրանք ասում էին, թէ «Պապս այստեղ է կնքուել, այսինչն այստեղ է ամուսնացել»։ Յիշելով իրենց անցեալը, արմատները՝ այդ մարդիկ յուզւում ու ողբում էին:
Յիշում եմ՝ Սուրբ Կիրակոսում ամիսը մէկ նախաճաշ էիք պատրաստում։
Քանի որ որոշ մահմետական հայեր կրօնական արարողութիւններին չէին մասնակցում, որոշեցինք սոցիալական (ընկերային) ուղղուածութեան միջոցառումներ կազմակերպել։ Ամիսը մէկ մարդիկ ի մի էին գալիս, նախաճաշի սեղան էր գցւում։ Եկողների մի մասը գուցէ եկեղեցում արարողութեանը չէր մասնակցում, բայց նախաճաշի էր գալիս։ Սուրբ Կիրակոսը միայն եկեղեցի չէր։ Դաշնամուրային համերգ տեղի ունեցաւ, օրինակ։ Ինչո՞ւ դաշնամուր։ Անցեալում Տիգրանակերտի հայ համայնքը ամէն ամիս դաշնամուրային համերգ է կազմակերպել։ Սուրբ Կիրակոսի 1915թ. գոյքամատեանում եկեղեցուն պատկանող մի դաշնամուր կայ։ Այսպիսի անցեալ ունեցող եկեղեցում դաշնամուրի համերգներ կազմակերպեցինք։ Մէկ դար առաջ համայնքի ընկերային կարիքները եւս եկեղեցի են տեղափոխուել։ Իսլամացուած հայերի հետ հաւաքուելու համար մենք էլ փորձեցինք նոյն բանն անել՝ ճաշկերոյթներ կազմակերպելով։
Տարածաշրջանի պատմութիւնն ու մշակոյթը ներկայացնող էքսկուրսիաներ (շրջայցներ) էիք կազմակերպում, հայոց լեզուի դասընթացներ էիք նախաձեռնել։ Բայց այդ միջոցառումները կազմակերպելիս՝ խօսում էիք նաեւ ձեր ունեցած ոչ-բաւարար գիտելիքների մասին։
Պէտք է նկատի ունենաք, որ մենք հարիւր տարի այդ մշակոյթից կտրուած ենք եղել։ Բնաջնջումը եւ ուծացման գործընթացը մեզ այնպիսի մի վիճակի են հասցրել, որ մի կողմից փորձում էինք ինչ-որ բան անել, միւս կողմից էլ սովորում էինք։ Տիգրանակերտում անցեալում մեծ թիւով հայկական դպրոցներ են եղել, այդ թւում մինչեւ աւագ դպրոցի մակարդակով։ Հարիւր տարի անց մենք հայերէնի դասընթացներ բացեցինք Տիգրանակերտում, փորձեցինք հայերէն սովորել: Պիկնիկներ (զբօսայցներ) եւ շրջայցներ կազմակերպեցինք։ Օրինակ, Խարբերդ գնացինք: Ինչո՞ւ Խարբերդ: Նպատակը միայն շրջագայելը չէր՝ այլ այդ վայրի անցեալի հետ կապը բացայայտելն էր։ Մի ուրիշ անգամ շրջագայութիւն կազմակերպեցինք դէպի Չունգուշ։ Չունգուշում այցելեցինք այն կիրճը, որտեղ ցեղասպանութեան ժամանակ մարդկանց կոտորում էին։ Երկու տարի անընդմէջ, ամէն անգամին մօտ յիսուն հոգանոց խմբով Հայաստան այցելեցինք: Հայաստանում հնարաւորութիւն ունեցանք ծանօթանալու պատմական կառոյցների, հանդիպել մարդկանց, շփուել նրանց հետ:
Ըստ պահանջի՞ էիք կազմակերպում այդ միջոցառումները։
Ո՛չ այնքան մարդկանց ցանկութեան, ինչքան մեր նախաձեռնութեան շնորհիւ էր լինում դա։ Պահանջներ կային, զրոյցների ընթացքում ընդհանուր մօտեցումներ եղան: Բայց միայն աշխատանքի ընթացքում պարզ դարձաւ, թէ ի՞նչ կարող էինք առաջարկել կամ յանձնարարել մի ամբողջ դար իրենց սեփական մշակոյթից կտրուած այդ մարդկանց։
Ձեր միջոցառումները 2015թ . Սեպտեմբերից ի վեր դադարեցուել են։ Ընդհարումների եւ փողոց դուրս գալու արգելքի պատճառով մինչեւ վերջերս եկեղեցի մուտք գործելն անգամ հնարաւոր չէր։ Կարո՞ղ էք ասել՝ ներկայումս այն ինչ վիճակում է։
Անցեալ տարուայ Օգոստոսից ի վեր այնտեղ կանոնաւոր մուտք չենք ունեցել, ոչ էլ կարողացել ենք աշխատանքներ կատարել: Վերջին անգամ՝ 2015թ . Օգոստոսի 15ին մի ծրագիր էինք նախատեսել, դա տեղի չունեցաւ: Իրադարձութիւնների բերմամբ, ծրագրի արտերկրեայ մասնակիցները չկարողացան ժամանել, մենք էլ չեղեալ յայտարարեցինք։ Դրանից յետոյ տարածաշրջանում տիրող իրավիճակից ելնելով չկարողացանք որեւէ գործունէութիւն ծաւալել: Խօսքը մի շրջանի մասին է, ուր երկար ժամանակ պարետային (արտօնութեան) ժամ էր գործում, իսկ Սուրբ Կիրակոսը այդ շրջանի հէնց կենտրոնում է գտնւում: Ես, օրինակ, միայն 6 ամիս անց կարողացայ մուտք գործել եկեղեցի։ Ի հարկէ, այնտեղ տիրող իրավիճակը շատ լուրջ էր։ Քաղաքը ջարդուփշուր են արել՝ փողոց չի մնացել, թաղամաս չի մնացել։ Ամէն ինչ աւերուել է՝ տները, խանութները...։ Միայն հարթ տարածք է մնացել։ Քանդուել են եկեղեցուն պատկանող խանութները։ Եկեղեցու պատերը, տանիքը, զանգակատունը լուրջ վնասներ չեն կրել. միայն մի պատի վրայ մեծ անցք է բացուել։ Սակայն մեծապէս վնասուել է ներսի մասը։ Թալանուել է նուէրների վաճառքին յատկացուած տարածքը։ Ջարդուել կամ կողոպտուել են եկեղեցու մէջի իրերն ու պարագաները։ Եկեղեցու ներսը օգտագործուել է որպէս ռազմակայան, այնտեղ վառարան են սարքել։
Անվտանգութեան ուժերի կողմի՞ց է եկեղեցին որպէս ռազմակայան օգտագործուել։
Հաւանաբար՝ այո՛, բայց ո՞վ է օգտագործել, ո՞վ է աւերել՝ անհնար է իմանալ։ Ներկայ պահին այն ամբողջովին անվտանգութեան ուժերի վերահսկողութեան տակ է։
Ներկայ պահին հնարաւո՞ր է արդեօք եկեղեցի մուտք գործել:
Դեռ եւս հնարաւոր չէ, մենք յատուկ թոյլտուութեամբ կարողացանք մտնել։
Թաղամասի ոչնչացումն ինչպիսի՞ զգացողութիւն է առաջացնում ձեր մէջ։
Յօշոտուած լինելու զգացումն ենք ապրում։ Հարիւր տարի առաջ այս թաղը հայաբնակ էր՝ միգուցէ 95 տոկոսով հայերով բնակեցուած մի վայր էր։ Եկեղեցու վերականգնումով՝ այդ կենսակերպը յիշողութիւններից կրկին վերադառնում էր մեր գիտակցութեան մէջ։ Ներկայ պահին, ցաւօք, ոչինչ չունենք: Եկեղեցին կանգուն է, բայց քանդուած բոլոր տները հայկական քարէ տներ էին: Մկրտիչ Մարկոսեանը այս թաղի հետ կապուած «Գեաւուրի թաղ» վերնագրով մի ստեղծագործութիւն ունի։ Մեր ընկերներից մէկը այս դէպքերից յետոյ կատակելով ասում էր. - «Գեաւուրը գնացել, թաղը մնացել է»: Գեաւուրի թաղում գեաւուր չէր մնացել, հիմա թաղամասն էլ չմնաց։ Հարիւր տարի առաջ մարդկանց ոչնչացրին, հիմա նրանց բնակած վայրերն էլ ոչնչացան։
Սուրի շրջանի, այդ թւում նաեւ հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու, պետականացման վերաբերեալ անցեալ Մարտի որոշման հարցում որեւէ զարգացում կա՞յ արդեօք։
Պետականացման որոշումը չեղեալ համարելու համար բոլոր տեսակի դիմումները ներկայացուած են դատարան։ Տարբեր հաստատութիւններ արդէն դատարան են դիմել, մեր հիմնադրամն էլ է հայց ներկայացրել։ Այս պահի դրութեամբ դատական գործընթացը շարունակւում է։ Դեռ փաստացի ոչինչ արուած չէ. ինչպէս կայ, այդպէս էլ մնում է։ Իրականում, թաղամասում բան չի մնացել, ի՞նչ կը կառուցեն դրա տեղը, չգիտենք։
Տիգրանակերտ այցելելիս նախարարներն ու բարձրաստիճան պաշտօնեաները բանաւոր յայտարարեցին, որ թաղամասը վերականգնուելու է, ոչ ոք չի տուժելու։ Բանաւոր կերպով ասուեց, որ եկեղեցին չի օտարուելու։ Տիգրանակերտ այցելելիս վարչապետն ու նախարարները ասում են, որ «պաշտամունքային կառոյցները չեն կարող բռնագրաւուել, չենք պետականացնելու»:
Բայց դրանք բանաւոր ասուած խօսքեր են, հարկադիր բնոյթ չեն կրում, այդպէս չէ՞։
Անշո՛ւշտ, իրաւական առումով վիճակը պարզ է. այն անյապաղ օտարման գործընթացով բռնագրաւուած է։
Քիչ առաջ խօսում էիք մի շարք մարդկանց կողմից բռնազաւթուած, իսկ այժմ գետնին հաւասարեցուած խանութների մասին, որոնք եկեղեցու սեփականութիւնն են։ Դուք մտադիր էիք դրանք յետ բերելու, սակայն քանի որ դրանք այլեւս գոյութիւն չունեն, այդ մասին մտածելն անգամ աւելորդ է, այդպէս չէ՞:
Այդ կալուածքներն արդէն բռնազաւթուած էին։ Յետ վերցնելու բան էլ չմնաց այլեւս։ Այնպէս եղաւ, որ ներկայումս այդ հողատարածքը պետական սեփականութիւն դարձաւ: Իշխանութիւնների խօսքով՝ այս հարցում տուժողներ չեն լինելու: Բայց ի՞նչ է լինելու, դեռեւս չգիտենք:
Խօսեցինք հայ ինքնութեանը վերադառնալ ցանկացողների ակնկալիքներից։ Ինչպիսի՞ դժուարութիւնների են բախւում, օրինակ, մկրտուել ցանկացողները։
Հարկաւոր է լինում հետեւել Պատրիարքարանի պահանջած որոշակի ընթացակարգների եւ ծիսակարգների։ Վեցամսեայ ուսուցման մի գործընթաց կայ։ Հայաստանում Կաթողիկոսութեանը դիմելով երկու մկրտութիւն իրականացրինք։ Պատրիարքութիւնը որոշակի կանոններ ունի. - «Առանց մեր գիտութեան ոչ ոք պէտք ունի Հայաստան գնալու՝ մկրտուելու», - ասում են նրանք: Նրանք ասում են՝ «Եթէ կարիք լինի, մենք այստեղ հարկ եղածը կ’անենք»։ Նման ցանկութիւն ունեցող անձը նախ եւ առաջ պէտք է գնայ իր անձնագրում «իսլամ» ձեւակերպումը փոխի «քրիստոնեայ»ով:
Անցեալում դա արւում էր դատական կարգով, հիմա արդէն անձնագրային վարչութիւնում է արւում։ Այս կանոններն էլ բնական են։ Պատրիարքարանը ասում է՝ «ես ինչո՞ւ պիտի մկրտեմ անծանօթ մարդուն, որը գուցէ եւ քրիստոնեայ չէ»։ Այդ տեսակէտից նա իրաւացի է։ Սակայն միւս կողմից, նման ցանկութիւն յայտնող մարդիկ երբեմն արդէն չորս սերունդ է իսլամացուած են եւ նրանց հայկական ծագումը բոլորին յայտնի է։ Դիմելու դէպքում՝ հայկական արմատներին վերադառնալ ցանկացողները որոշակի ընթացակարգից յետոյ կարողանում են այդ անել:
Կրօնի՝ մասնաւոր ոլորտում մնալու անհնարինութիւնի՞ց է առաջանում արդեօք խնդիրը։ Թուրքիայում ոչ ոք չի կարողանում ասել՝ «անձնագրում կրօնս չփոխեմ, բայց անձնականում քրիստոնեայ լինեմ»։
Անցեալում ինքնութեան քարտում կրօնի դիմաց «հայ» կամ «ասորի» էր նշւում։ Հիմա դա էլ վերացաւ, պարզապէս «քրիստոնեայ» է գրւում: Պատրիարքարանը իր տեսակէտից իրաւացի է, բայց հարիւր տարի իրենց ինքնութիւնից կտրուած մարդկանց համար դա բաւական ծանր գործընթաց է։
Եթէ կարողանաք կրկին մուտք գործել եկեղեցի եւ վերսկսել ձեր գործունէութիւնը, մտադի՞ր էք կազմակերպելու հայոց լեզուի դասընթացներ եւ այլ միջոցառումներ։ Այդ հարցում ձեզ աջակցութիւն ցուցաբերո՞ւմ են Պոլսոյ հայկական կազմակերպութիւնները։
Հաւանաբար նորից կը կազմակերպենք։ Ցանկանում ենք իմանալ մեր լեզուն, մեր մշակոյթը, մեր ամէն ինչը: Այս հարցը երկու հարթութիւն ունի՝ մէկը ֆինանսական (տնտեսական) է. դասընթաց կազմակերպելը նիւթականի հետ է կապուած։ Սակայն ամենադժուարը ուսուցիչ գտնելն է. մէկը, որ կը կարողանայ բնակուել Տիգրանակերտում կամ յաճախակի ճամբորդել։ Սա դժուար լուծելի հարց է։ Այս առումով բարդութիւններ կան։
Պոլսոյ մէջ ծնուած-մեծացած մի ուսուցչի այստեղ բերելը դժուար է։ Պոլսոյ հայկական դպրոցների վիճակն արդէն յայտնի է՝ շատ քիչ թիւով ուսուցիչներ կան: Սակայն դա չի նշանակում, որ մենք մեր մտադրութիւնից յետ կը կանգնենք: Անպայման կը փորձենք վերսկսել դասընթացը։