Երեւանի «Այբ» դպրոցի սաներու երգչախումբը՝ տաղանդաւոր խմբավար Անահիտ Պապայեանի ղեկավարութեամբ, Օգոստոս 28ին փայլուն համերգով հանդէս եկաւ «Հոգեւոր Միջնադարեան Երաժշտութիւն» 15րդ փառատօնին, որ կը կազմակերպուի ա
մէն տարի, Յունաստանի պատմական Փաթմոս կղզիի մէջ, միջազգային եւ յունական կազմերու մասնակցութեամբ:
Բազմաթիւ յոյն եւ օտար հանդիսատեսներ ջերմ ծափահարութիւններով ընդունեցին ու իրենց հիացումը յայտնեցին հայ հոգեւոր երաժշտութիւնը ներկայացնող երգչախումբի անկրկնելի կատարումներուն՝ Կոմիտասի, Մակար Եկմալեանի, Դանիէլ Երաժիշտի եւ Երուանդ Երկանեանի ստեղծագործութիւններով։
Յաջորդ օրը, երգչախումբը հաճելի անակնկալ ելոյթ ունեցաւ կղզիի նաւահանգիստի (Սքալա) կեդրոնական բազմամարդ հրապարակին վրայ, հայկական ժողովրդական երգերու ընտրանիով, մեծ խանդավառութիւն պատճառելով բոլոր զբօսաշրջիկներուն։
«Այբ» դպրոցը, որ հիմնուած է «Այբ» կրթական հիմնադրամի կողմէ, ժամանակակից եւ նորարարական կրթական հաստատութիւն մըն է, որը կ’ընդգրկէ կրթութեան երեք մակարդակները՝ տարրական, միջին եւ աւագ:
«Այբ» դպրոցի երգչախումբի գեղարուեստական ղեկավար -խմբավար ԱնահիտՊապայեանի եւ խումբին ուղեկցող «Այբ» դպրոցի տնօրէն Արամ Փախչանեանի հետ հնարաւորութիւն ունեցանք զրուցելու՝ «Այբ» դպրոցին եւ անոր սաներու երգչախումբին մասին:
Հարցազրոյցը վարեց՝ ԱՐԱՔՍԻ ԱԲԷԼԵԱՆ-ԳՈԼԱՆԵԱՆ
Պարոն Փախչանեան, խնդրեմ՝ կարո՞ղ էք հակիրճ ձեւով մեզ ներկայացնել «Այբ» դպրոցը եւ անոր ստեղծման նպատակները:
«Այբ» դպրոցը կերտուել է 2011 թուականին, երբ բացել է իր դռները իր առաջին աշակերտների սերունդի համար: Բայց արդիւնքն է երկարատեւ աշխատանքի, այն աշխատանքին՝ որ սկսուեց 2006 թուականին, «Այբ հիմնադրամի» ստեղծման օրուանից, եւ որը ներգրաւեց սկիզբից ութ ընկերների, որոնք համախմբուեցին՝ նոր, կրթուած սերունդ ստեղծելու գաղափարի շուրջ, եւ այդ սերունդի միջոցով երկիրը, հայրենիքը վերափոխելու գաղափարի շուրջ։
Եւ մենք՝ ելնելով մեր սեփական կեանքի փորձից, որն էր՝ որ կրթութիւնն է հիմքը եղել մեր բոլոր յաջողութիւնների, մեր բոլոր կեանքի իրագործումների, որոշեցինք այդ նոյն հնարաւորութիւնը ընդձեռել յաջորդ սերունդին։
2011 թուականից ի վեր դպրոցը գործում է. արդէն ունինք չորս շրջանաւարտների սերունդ, որ աւարտել են դպրոցը, եւ շատ ուրախ ենք եւ գոհացած ենք, որ այդ սերունդները արդէն իսկ իրենց շրջապատում ինչ որ փոփոխութիւններ են բերել։
Օրինակ՝ Հայաստանի Ամերիկեան Համալսարանում, որը ամերիկակեդրոն եւ անգլիալեզու միջավայր է, արդէն իսկ գործում է «Այբ»ի շրջանաւարտների կողմից ստեղծուած պարախումբը, հայկական, աւանդական պարերի պարախումբը։ Բայց նաեւ Ամերիկեան Համալսարանի բազմաթիւ ուսանողներ, որ «Այբ» ի շրջանաւարտներն են, ներգրաւուած են մեր երգչախումբի մէջ, որ եկաւ այստեղ եւ ելոյթ ունեցաւ:
Դա՝ մեծ մասով իրենց նախաձեռնութիւնն էր. շարունակել երգչախմբի աշխատանքը, անգամ դպրոցը աւարտելուց յետոյ։
«Այբ» դպրոցում շատ են կարեւորւում բարոյական սկզբունքները։ Առաջին հերթին՝ մենք ստեղծում ենք մարդկանց, ո՛չ թէ զուտ կրթուած աշակերների, որոնց միակ նպատակը դպրոցից յետոյ համալսարան ընդունուելն է։ Մեր կրթական նպատակները հիմնուած են հին յունական փիլիսոփայութեան վրայ: Հիմնուած են Արիսթոթէլի ժամանակից ի վեր եկած եւ Արիսթոթէլի ու Պղատոնի կողմէ զարգացուած գլխաւոր մարդկային արժէքների եւ յատկանիշների վրայ: Մենք կարեւորում ենք այն փաստը, որ մեր երգչախումբը երգում է հոգեւոր երաժշտութիւն, որովհետեւ դա ե՛ւս մի հիմնաքար է, բարոյական հոգեւոր զարգացման ճանապարհի վրայ, որ անցնում է ամէն մի աշակերտ դպրոցում ուսանելուց։ Լինել մեր երգչախմբում, դա արտօնութիւն է, ամէն մէկին դա հասանելի չէ. բացի ձայնային որակներից՝ դու պէտք է ունենաս ձգտում, ներքին կանչ՝ դէպի հոգեւոր երաժշտութիւն:
Այսինքն՝ երգչախումբի երգացանկը միայն հոգեւո՞ր երաժշտութիւն կը պարունակէ։
Այո՛, հոգեւոր եւ ազգային։ Եւ մեր ազգայինն էլ մի մեծ մասով, իրականում, ունի շատ մեծ հոգեւոր բաղադրիչ:
Որո՞նք կրնան իբրեւ աշակերտ ընդունուիլ «Այբ» դպրոց։
«Այբ» Աւագ Դպրոցը ի սկզբանէ հանդիսանում է սոցիալական նախագիծ. դա նշանակում է, թէ ցանկացած ընտանիքի զաւակ, որ ունի ձգտում եւ պատրաստ է յաղթահարելու մեր ընդունելութեան քննութիւնները, կարող է ընդունուել «Այբ» դպրոց։ «Այբ»ի հիմնադիրների կողմից ստեղծուած կրթաթոշակային հիմնադրամը, որը հիմա արդէն բազմաթիւ բարերարների կողմից համադրւում է, ապահովում է ուսումը «Այբ» դպրոցում ցանկացած աշակերտի համար եւ որեւէ մի ընտանիք չի վճարում ուսման համար, իր հնարաւորութիւններից բարձր: Բոլորի համար դա հասանելի գումար է:
Եւ ուրեմն բարերարներու կողմէ կ՚ըլլան նուիրատուութիւններ «Այբ» հիմնադրամին։
«Այբ»ը ամբողջովին ստեղծուել է նուիրատուութիւններից, չկայ մի լումայ պետական, կամ որեւէ մի այլ գումար. ե՛ւ շինութիւնները, ե՛ւ կրթութիւնը բարերարների շնորհիւ կ’իրականանան։
Շնորհակալութիւն:
Կը շարունակենք մեր զրոյցը երգչախումբի ղեկավար տիկին Անահիտ Պապայեանի հետ։
Մեր երգչախումբը ստեղծուել է դպրոցին զուգընթաց։ Դպրոցի ստեղծմանը միաժամանակ՝ նաեւ նախաձեռնուել է երգչախումբը դպրոցի հիմնադիրների կողմից, ղեկավարների կողմից եւ մասնաւորաբար գաղափարի կրող եւ ամենամեծ ջատագով Մեսրոպ Քհնյ. Արամեանի կողմից: Ես ուրեմն ստացայ հրաւէրը մէկտեղելու դպրոցական երգչախումբը։ Մինչ այդ ես աշակերտների հետ գործ չունէի։
Ես կրթութեամբ երգչուհի եմ, երաժըշտանոցի դասական վոքալ (ձայնամարզումի) բաժինն եմ աւարտել։ Բայց տարիներէ ի վեր երգել եմ եկեղեցում, եկեղեցական երգչախմբում, սկզբում Ջրվէժում, իսկ 2001 թուականից հիմնել եմ «Գեղարդ» երգեցիք խումբը, որ մինչ օրս էլ, իր սկզբնական նպատակին համապատասխան ու համահունչ, երգում է ամէն Կիրակի, Ս. Գեղարդ վանքում, Պատարագի երգեցողութիւնները: Բացի այդ, ունենք նաեւ համերգային լայն գործունէութիւն թէ՛ Հայաստանում եւ թէ՛ դրսում, բազմաթիւ փառատօնների եւ մրցոյթների մասնակից ենք: Այսքանով սահմանափակեմ իմ մասին խօսելը:
Ինձ համար մի նոր շրջան սկսուեց դպրոցում, 2011 թուականից, երբ նպատակ դրուեց, նախ եւ առաջ, երեխաներին ծանօթացնել հայ ազգային երաժըշտութեանը եւ նրանց ներգրաւել հայ խմբերգային արուեստի կատարման մէջ։ Մեր երկու ճիւղերը, որոնց վրայ մենք հիմնուեցինք՝ հայ հոգեւոր եւ հայ ժողովրդական երգերն ու խմբերգներն են։
Նպատակը, միշտ նշում եմ, ի սկզբանէ չի եղել ունենալ բարձր փրոֆեսիոնալ (արհեստավարժ) երգչախումբ, այլ հնարաւորինս մեր սերունդին կրթել, իր մշակոյթի շրջանակում, հնարաւորինս նրան ծանօթացնել հայ երգը: Սկզբում խմբում ընդգրկւում էին բոլոր ցանկացողները, հիմնականում եթէ բաւարարում էին ձայնային յատկանիշները, լսողութիւնը, եւայլն: Փորձում էինք ոչ մէկին չմերժել, հնարաւորինս։ Եթէ տեսնում էինք փոքր ինչ հնարաւորութիւն, աշխատում էինք շտկել որոշ առկայ թերութիւնները։
Ի վերջոյ, էնքան զարգացաւ ներգրաւուածութիւնը երախաներին, էնքան աճեց ու մեծացաւ, որ ինչպէս տեսնում էք, նոյնիսկ աւարտելուց յետոյ էլ, ցանկութիւն ունեն երգելու: Եւ արդէն սա դարձաւ մի տեսակ աւելի լայն համերգային գործունէութիւն ծաւալող խումբ, շրջանաւարտներից բաղկացած: Իրենց նախաձեռնութիւնն էր որ ինձ շատ մեծ ոգեւորութիւն պատճառեց եւ նոր լիցքեր հաղորդեց, անպայման, որովհետեւ էստեղ դու արդէն լրիւ տեսնում ես, որ իրենց սեփական ցանկութեամբ են գալիս: Դաս չի, ինչ որ որեւէ պարտաւորութիւն չունեն չի բացակայելու, չուշանալու... Իրենց կամքով իրենք են նուիրւում եւ մի այլ ստեղծագործական մթնոլորտ է։
Այսպէ՛ս, մենք այս ընթացքում հասցրել ենք բաւականին։
Գուցէ կարճ է մեր կենսագրութիւնը, դեռ եւս, բայց դպրոցական երգչախումբի համար՝ նշանակալից համերգներ ենք ունեցել արդէն իսկ, որոշ մասնակցութիւն տարբեր ճանաչուած քոմբոզիթորների (երգահաններու) յոբելեաններին, Հայաստանում, կարեւոր բեմահարթակներում: Մեզ համար երազանք կարող էր թուալ, երգել որեւէ փրոֆեսիոնալ բեմում։ Ունեցել ենք ճամբորդութիւն նաեւ Ֆրանսայում, Ճորճ Փեհլիւանեանի կողմից նախաձեռնուած, որը նուիրուած էր Հայոց Եղեռնի 100ամեակին եւ կատարում էինք ժամանակակից քոմբոզիթոր Վաչէ Շարաֆեանի ստեղծագործութիւնը։ Փաստօրէն մեզ հետ էին նաեւ այլ ճանաչուած երաժիշտներ, մեզ համար պատուաբեր էր այս հրաւէրը: Երեք քաղաքներում ելոյթ ունեցանք, վերջինը՝ Փարիզում, Իւնեսքոյի դահլիճում էր: Նաեւ առանձին կատարումներ էլ մեզ բաժին հասան, որի համար շատ ուրախ էինք, զուտ հայ եւ հոգեւոր ժողովրդական երգերի կատարումներով հանդէս եկանք։
Դէպի Փաթմոս ճամբորդութիւնը իւրայատուկ էր։ Անկասկած շատ սպասուած էր մեզ համար։ Ցաւօք սրտի՝ արդէն իսկ անցած տարի նախաձեռնուած էր եւ չկայացաւ ինչ-ինչ պատճառներով: Այս տարի մենք ընդգրկեցինք հէնց նոյն երեխաներին, ովքեր որ անցած տարի պատրաստւում էին գալ եւ չստացուեց, եւ փաստօրէն մեծ մասը շրջանաւարտներ են։
Ես կ՚ուզենայի իմ շնորհակալութիւնը յայտնել երաժշտական ղեկավար պրն Ալքիս Պալդասին՝ այս հրաւէրի համար: Նախաձեռնողներից էր տիկին Սոֆիա Հանիէլը, որու հետ մենք արդէն ընկերացանք, եւ իրեն ալ կ՝ուզենամ շնորհակալութիւնս փոխանցել։
Մեզ համար հեքիաթային վայրում ենք, անշո՛ւշտ։ Շատ տպաւորիչ եւ իւրայատուկ են էս օրերը։ Մենք բաւական երկար ճանապարհ անցանք, դժուարութեամբ հասանք, բայց հիմա վայելում ենք...
Շնորհակալութիւն բոլոր բարերարներին, որոնք ֆինանսական (դրամական) մեծ աջակցութիւն ցուցաբերեցին, քանի որ մեծաթիւ է մեր խումբը: Եւ շնորհակալ ենք երէկուայ հանդիսատեսին՝ այդքան ջերմութեամբ մեզ ընդունելու եւ քաջալերանքի համար։ Ես վստահ եմ, որ այս տպաւորութիւնները անմոռանալի կը լինեն։ Մեծ հաճոյք էր նաեւ հանդիպել մեր հայրենակիցներին, որոնք եկել էին մեր համերգին։ Եւ ձեզ ալ շնորհակալ ենք։
Մենք ալ շնորհակալ ենք։ Մեզ համար ալ շատ հաճելի էր եւ մեծ հպարտութիւն՝ Փաթմոս կղզիի մէջ վայելել հիանալի համերգ հայկական խումբի կողմէ։