Յունիս 22էն 24, Երեւանի մէջ կայացաւ պատմական Հայաստանի Տայք նահանգին նուիրուած առաջին միջազգային գիտաժողովը, որ կազմակերպուած էր Հայաստանի Բիւզանդագիտական Ազգային Կոմիտէի, Մաշտոցի անուան Մատենադարանի եւ Գիտու
թիւններու Ազգային Ակադեմիայի կողմէ: «Ազատ Օր»ի հիւրն է գիտաժողովի կազմակերպիչներէն տիկին ԶԱՐՈՒՀԻ ՅԱԿՈԲԵԱՆ:
Յարգելի տիկին Յակոբեան, խօսեցէք խնդրեմ գիտաժողովի կարեւորութեան մասին:
Հէնց սկզբից նշեմ. սա առաջին գիտաժողովն է, որ նուիրւում է պատմական Տայք նահանգին: Շեշտում եմ սա, քանի որ խորհրդային շրջանում այս թեման մեղմ ասած ողջունելի չէր, հայ արուեստի ու ճարտարապետութեան պատմութեանը նուիրուած ուսումնասիրութիւններում (բացառութեամբ Տ. Մարութեանի «Խորագոյն Հայք» գրքի, որը ենթարկուեց սովետական գրաքննութեանը) այս նահանգի յուշարձաններն այսօր էլ չեն ընդգրկւում: Մինչդեռ Տայքում են գտնւում ճարտարապետական այնպիսի գլուխ-գործոցներ, ինչպիսիք են Բանակի եւ Իշխանի տաճարները` հիմնուած 7րդ դ., Խախու, Օշքի (Աշունքի) վանքերը` կառուցուած 10րդ դ., եւ այլն:
Միջազգային Գիտաժողովի կազմակերպման միւս խթանն այն էր, որ վերջին մի քանի տարիների ընթացքում, Վրաստանում կազմակերպուել են երեք գիտաժողով` նուիրուած Տայք և Կղարջք նահանգներին և դրանք վրացականացուած ձեւով հռչակուել են «Տաօ-Կլարջեթի»: Ցաւալին այն է, որ այդ միջոցառումները ունեն յստակ քաղաքական կողմնորոշում եւ միտուած են Տայքն ու Կղարջքը ներկայացնելու որպէս զուտ վրացական տարածքներ՝ միեւնոյն ժամանակ անտեսելով երկրամասի պատմութեան ու մշակոյթի հայկական ու բիւզանդական շերտերը:
Ասացիք, որ գիտաժողովը միջազգային էր...
Այո՛, մեր նպատակն էր մէկ հարթակում հաւաքել Տայք նահանգով զբաղուող կամ դրան տարբեր առիթներով անդրադարձած գիտնականների, որոնք կ՚անդրադառնային ու կը քննարկէին Տայքի տարբեր ժամանակաշրջանների պատմական, մշակութային ու դաւանաբանական հիմնահարցերը: Մեր հրաւէրին արձագանգեցին ինչպէս հայաստանցի, այնպէս էլ արտասահմանցի գիտնականներ Ռուսաստանից, Յունաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Հոլանդիայից, Անգլիայից եւ Միացեալ Նահանգներից: Արձագանգեցին շատերը, բայց ցաւօք` ո՛չ մեր վրացի գործընկերները, որոնք այդպէս էլ չժամանեցին Երևան...
Տիկին Յակոբեան, ո՞րն է Տայք նահանգի դերն ու նշանակութիւնը հայոց պատմութեան մէջ եւ ինչո՞վ է պայմանաւորուած Տայքի հանդէպ հետաքրքրութիւնը արդի հայագիտութեան մէջ:
Տայքի նշանակութիւնը մեր պատմութեան մէջ յիրաւի մեծ է: Տայք աշխարհի մասին յիշատակումներ ունենք դեռեւս Ք. ա. 9-8րդ դդ. ուրարտական սեպագրերում: Մինչեւ Ք.Ե. 8րդ դարի 70ական թուականները Տայքը եղել է Մամիկոնեան իշխանական տան կալուածքը: Այստեղ էր ծնուել եւ տեղի եպիսկոպոս դարձել ապագայ հայոց կաթողիկոս Ներսէս Տայեցին (641-661 թթ.): Իր եկեղեցաշէն գործունէութեան համար «Շինող» մակդիրն ստացած այս հայրապետը Տայքը զարդարել էր հոյակերտ եկեղեցիներով: Արաբական տիրապետութեան անկումից յետոյ, 9րդ դարի կէսերից, նահանգում հիմնաւորուել են Բագրատունեաց կրտսեր ճիւղի ներկայացուցիչները: Այսպիսով՝ Տայք նահանգը տարբեր ժամանակահատուածներում կապուած է եղել երկիրը կառավարող իշխանական տների հետ: Բացի այդ, 7րդ դ. սկզբից Տայքում հաստատուել են ուղղափառ (օրթոդոքս) հայերը, որոնք ի տարբերութիւն Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու, ընդունել են 451 թ. Քաղկեդոնի տիեզերաժողովի (եւ յաջորդների) որոշումները եւ եկեղեցական միութիւն ունեցել յունական աշխարհի հետ: Տայքն այսպիսով դարձել է կարեւոր հոգեւոր կենտրոն` դէպի իրեն ձգելով նաեւ վրաց վանականների:
Ի՞նչ է օրթոդոքս («քաղկեդոնական») հայերի պատմամշակութային ժառանգութեան տեղը հայ ժողովրդի գանձարանին մէջ:
- Ուղղափառ հայոց համայնքը, որը Հայաստանում ու Հայաստանից դուրս իր զարգացման բարձր աստիճանին է հասել 7րդ, 10-11րդ եւ 13րդ դարերում, մեծ դերակատարութիւն է ունեցել երկրի քաղաքական ու հոգեւոր կեանքում՝ մշտապէս ապահովելով փոխադարձ կապերը Բիւզանդիայի եւ յարակից երկրների հետ: Սկսած 5րդ դարից, քաղկեդոնական հայերը հսկայական թարգմանական գործունէութիւն են ծաւալել յունաբան դպրոցի շրջանակներում: Հայ-քաղկեդոնական խոշոր կենտրոններ, վանական հաստատութիւններ կային ինչպէս պատմական Հայաստանում, այդ թւում` Տայքում, այնպես էլ հայրենիքից դուրս (Պաղեստին, Վիրք, Բալկաններ, Փ. Ասիա եւ այլն): Ակադեմիկոս Նիկողայոս Մառի ձեւակերպմամբ` օրթոդոքս հայերը եղել են այն առաջատար ոյժը, որի շնորհիւ մեծ զարգացում է ապրել հայոց ազգային մտաւոր կեանքը: Բացի այդ, ուղղափառ հայերը միջնորդի դեր են կատարել հայ-բիւզանդական, հայ-վրացական, նաև` վրաց-բիւզանդական յարաբերութիւններում: Նրանցից շատեր ծառայութեան մէջ են եղել բիւզանդական բանակում եւ արքունիքում՝ հասնելով կայսերական, երբեմն էլ` Կոստանդնուպոլսոյ պատրիարքի գահերին:
Ուրեմն, գործ ունենք հայ մշակոյթի մի ուրոյն եւ ինքնատիպ ճիւղի հե՞տ:
Անշո՛ւշտ, ուղղափառ հայոց ժառանգութիւնը հարուստ է եւ իւրայատուկ: Այդ ժառանգութեան հիմնական առանձնայատկութիւնն այն է, որ այդ մշակոյթը լաւագոյնս համադրել է հայկական եւ յունական (Տայքի պարագային` նաեւ վրացական) մշակոյթների ձեռքբերումները: Այդ սինթեզի (համադրութեան) արտայայտութիւնն է այն, որ օրթոդոքս հայոց ստեղծած ձեռագրերը, որմնանըկարները, տաճարներն ունեն երկլեզու կամ եռալեզու (յունարէն, հայերէն, վրացերէն) մակագրութիւններ: Յունարէնով եւ կամ վրացերէնով ուղղափառ հայերը ի ցոյց են դրել յոյների եւ կամ վրացիների հետ նոյնադաւան լինելը, իսկ հայերէն արձանագրութիւններով` իրենց ազգային պատկանելութիւնը: Առ հասարակ, ուղղափառ հայերը յատուկ հոգ են տարել` անգամ օտար միջավայրում մայրենի լեզուն պահպանելու համար:
Ի՞նչ փուլում է գտնւում օրթոդոքս հայոց ժառանգութեան ուսումնասիրութիւնը եւ այդ առումով ի՞նչ հորիզոններ կան հայագէտների առջեւ:
Ուղղափառ հայոց պատմութեան եւ մշակութային ժառանգութեան գիտական ուսումնասիրութիւնն սկիզբ է առել 1905 թ., Ն. Մառի «Արքայուն». քրիստոնեաների մոնղոլերէն անուանումը հայ քաղկեդոնականների խնդրի առնչութեամբ» յօդուածով, որը շատ առումներով այսօր էլ չի կորցրել իր արդիականութիւնը:
Մառից յետոյ այս խնդրով զբաղուել են մի շարք գիտնականներ, որոնց թւում կ՚ուզենայի նշել Պ. Մուրադեանին, Ի. Աբուլաձէին, Ա. Կաժդանին, Հ. Բարթիկեանին, Վ. Յարութիւնովա-Ֆիդանեանին: Սակայն նրանց ուսումնասիրութիւնները կատարուել են ո՛չ - սիստեմատիկ (հետեւողական) կերպով, ընդգրկել են ո՛չ բոլոր ոլորտները: Առ հասարակ, քչերն են հետաքրքրուած օրթոդոքս հայերով ու նրանց հետ առնչուող պատմական խնդիրներով: Հաշուի առնենք եւ այն, որ օրթոդոքս հայերի պատմութեան ու մշակոյթի ուսումնասիրութիւնը պահանջում է շատ ընդարձակ գիտելիքներ, օրինակ` բիւզանդական աղբիւրների, պատմութեան եւ արուեստի լաւ իմացութիւն: Այդ իսկ պատճառով այսօր չափազանց կարեւոր է երիտասարդ գիտնականների ներգրաւումը ուսումնասիրութիւնների այս խոստումնալից ոլորտում:
Ասացիք այն մասին, որ օրթոդոքս հայոց պատմութիւնն ու ստեղծած մշակոյթը սերտ կապի մէջ են Բիւզանդիոնի հետ: Այդ առումով կա՞յ արդեօք համագործակցութիւն յոյն գիտնականների հետ:
Ցաւով նշեմ, որ նման համագործակցութիւն գրեթէ չկայ, գոնէ արուեստի պատմութեան բնագաւառում այն լրիւ բացակայում է: Երկու երկրների պատմաբանների ու միջնադարագէտների միջեւ չեն ստեղծուել համագործակցութեան կամուրջներ: Այսօր, երբ սահմանները բաց են եւ կան տարբեր համատեղ ծրագրեր, դա հնարաւոր է իրականացնել: Յատկապէս դա վերաբերում է Տայք նահանգին, որի քաղաքական կապերը կայսրութեան հետ եղել են ակտիւ (աշխոյժ), իսկ յուշարձանները զգալիօրէն կրել են բիւզանդական մշակութային ազդեցութիւնը: Կարծում եմ, որ յոյն մասնագէտները, ծանօթ չլինելով նիւթին, չեն պատկերացնում, թէ բիւզանդական մշակութային ազդեցութեան կամ փոխազդեցության ինչպիսի՜ հետաքրքիր գործընթացներ են տեղի ունեցել միջնադարեան Հայաստանում: Յաւելեմ, որ այս գիտաժողովին մասնակցեցին Յունաստանից երեք ներկայացուցիչներ, որոնց թւում էր Աթէնքի Աստուածաբանութեան ֆակուլտետի դասախօս պրն. Իոաննիս-Անտօնիոս Պանայոտոպուլոսը: Յոյսով ենք, որ սա համագործակցութեան լաւ սկիզբ կը լինի:
Մեր հարեւան երկրների` Վրաստանի եւ Թուրքիայի կողմից հետաքրքրութիւնը Հայաստանի յուշարձանների հանդեպ ունի՞ որոշակի քաղաքական միտում: Մեր լռութիւնը եւ կամ կրաւորականութիւնը օրթոդոքս հայոց մշակոյթի վերհանման գործում յղի՞ է արդեօք վտանգներով:
Իրականութիւնն այն է, որ Վրաստանում պատրաստւում են հայագէտներ, կայ հետաքրքրութիւն մեր պատմութեան եւ մշակոյթի նկատմամբ, բայց դա արւում է ոչ թէ համագործակցութեան եւ համատեղ ծրագրեր իրականացնելու համար, այլ ծառայում է վրաց կողմից որդեգրուած քաղաքականութեանը: Վերջինիս նպատակն է պատմական փաստերը խեղաթիւրելն ու այս կամ այն դարաշըրջանում, կամ՝ տարածաշրջանում, հայոց ներկայութեան փաստերը հերքելը: Բացառութեամբ շատ սահմանափակ շփումների, համագործակցութիւն չի ստացւում նաեւ թուրք գիտնականների հետ, եւ ծագում են գրեթէ նոյն խնդիրները, ինչը եւ վրացիների հետ: Չնայած ստեղծուած իրավիճակին՝ մենք հետեւողականօրէն պէտք է տէր կանգնենք մեր պատմութեանն ու մշակոյթին, մեր նախնիների թողած ժառանգութեանը: Այլապէս մէկընդմիշտ կարող ենք կորցնել մեր ինքնութեան այդ շերտը:
Այս գիտաժողովը շարունակութիւն կ՚ունենա՞յ:
Համոզուած եմ, որ գիտաժողովը կ՚ունենայ շարունակութիւն, քանի որ տասնեակ տարիների լռութիւնից յետոյ սոյն թեմային անդրադառնալը մեծ քայլ էր, եւ պէտք է հնարաւորինս ջանք թափել, որ Տայք նահանգի նկատմամբ գիտական հետաքրքրութիւնը չմարի: Դա առաջին հերթին կարեւոր է, ինչպէս ասացի, երիտասարդների համար. պէտք է, որ Տայքն ուսումնասիրութեան նիւթ դառնայ նոր սերնդի գիտնականների համար, որ Տայքի հիասքանչ յուշարձանները ոգեշնչման աղբիւր ծառայեն նրանց համար: Եթէ խորհրդային շրջանում այդ տարածքն ու նրա յուշարձանները մեզ համար անհասանելի էին, այդ թւում նաև գաղափարախօսական սահմանափակումների ու ճնշումների պատճառով, ապա այժմ իրավիճակը փոխուել է: Հետեւապէս, ճանապարհը մէկն է` վերադարձը...
ԶԱՐՈՒՀԻ ՅԱԿՈԲԵԱՆ
Զարուհի Յակոբեան արուեստաբանութեան թեկնածու է, Երեւանի Պետական Համալսարանի ԻՒՆԵՍՔՕի ամպիոնի օգնական: Աւարտած է Մոսկուայի Լոմոնոսովի անուան պետական համալսարանի պատմութեան ֆակուլտետի (բաժանմունքի) արուեստի պատմութեան բաժինը: Նոյն համալսարանին մէջ պաշտպանած է իր թեկնածուական ատենախօսութիւնը՝ նուիրուած 11րդ դարու հայ-բիւզանդական գեղարուեստական կապերուն եւ հայ-քաղկեդոնական արուեստին: Երեւանի համալսարանին մէջ ներկայիս կը դասաւանդէ «Միջնադարեան արեւելաքրիստոնէական արուեստ», «Վաղ միջնադարեան հայկական արուեստ» եւ «Հայ-քաղկեդոնական մշակոյթ» դասընթացները: Հեղինակ է 50է աւելի գիտական յօդուածներու եւ աշխատութեանց:
Հարցազրոյցը վարեց` Գէորգ Ղազարեան