Վատիկանի Սուրբ Աթոռի արեւելեան եկեղեցիների միաբանութեան պրեֆեկտ, կարդինալ Լէոնարդօ Սանդրին իտալական «Լա Ստամպա» օրաթերթին տուած հարցազրոյցում պատմել է Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանսիսկոս Պապի Հայաստան կատարելիք այցի
նշանակութեան եւ խորհրդի մասին: Կարդինալ Լէոնարդօ Սանդրին եղել է Հայաստանում եւ լաւ ծանօթ է երկրին: Նա ուղեկցելու է Հռոմի Պապին հայաստանեան ուղեւորութեան ժամանակ:
«Մեդիամաքս»ը ներկայացնում է այդ հարցազրոյցի արեւելահայերէն թարգմանութիւնը:
Գերաշնորհ տէ՛ր, ո՞րն է Պապի Հայաստան այցի նշանակութիւնը:
Կարծում եմ՝ սա նախեւառաջ ուխտագնացութիւն է, Պապի սիրոյ եւ հիացմունքի դրսեւորումը՝ քրիստոնեայ այս հնագոյն եկեղեցու նկատմամբ, որն ունի քրիստոնէական դարաւոր աւանդոյթներ: Սա նուիրումի արտայայտութիւն է մի երկրի հանդէպ, որը 301թ.ին առաջինն ընդունեց քրիստոնէութիւնը, երբ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչն առաջնորդեց ամբողջ ազգը դէպի դարձ եւ մկրտութիւն:
Պապը կ՚արտայայտի իր երախտագիտութիւնն ու մեծարանքն այս ժողովրդի նկատմամբ, որն առաջնորդուել է քրիստոնէական ոգով եւ կարողացել է դարեր շարունակ պահել հաւատքի թանկարժէք գանձն ու իր ազգային ինքնութիւնը: Սա հոգեւոր ուժ է, որի շնորհիւ Հայաստանը կարող է կառուցել խաղաղութեան եւ յոյսի ապագայ:
Կարծում եմ նաեւ, որ այս այցը չափազանց կարեւոր է համայն հայութեան համար, այն կանանց եւ տղամարդկանց համար, ովքեր ապրում են Եւրոպայում, Ա.Մ.Ն.ում, Հարաւային Ամերիկայում եւ բազմաթիւ այլ երկրներում, ովքեր այս ժողովրդի արժէքների, մարդասիրութեան, քրիստոնէական հարստութեան փայլող օրինակներ են: Ֆրանսիսկոս Պապի ուղերձն ու օրհնութիւնը նրանց համար մեծ մխիթարութիւն կը լինեն եւ նոր խթան կը հաղորդեն:
Դուք մի քանի անգամ եղել էք Հայաստանում: Վերջին անգամ այնտեղ էիք 2015 թուականին, երբ Գիւմրիում օծուեց հայ կաթողիկէ Սրբոց Նահատակաց աթոռանիստ եկեղեցին: Ի՞նչն է ձեզ ամէնից շատը տպաւորել հայ ժողովրդի մէջ:
Այդ ժողովրդի հանդէպ իմ խորին հիացմունքը գալիս է նրա զոհաբերութեան ոգուց ե՛ւ անկախութեան, ե՛ւ հետապնդումների, տառապանքների ժամանակ պատմութեան ցանկացած իրադարձութեանն իրական քրիստոնեայի ոգով դիմակայելու, Քրիստոսի խաչին հաւատարիմ մնալու նրա կարողութիւնից: Խաչքարերը խաչի հետ այս կապի ամենավառ խորհրդանիշներն են: Ամբողջ երկրով մէկ խաչքարեր կան՝ տեսանելի ոսկրային կառուցուածքի նման: Հաւատի, հնազանդութեան հաստատակամութիւնն ու ծառայութեան ոգին հայերի ուժեղ կողմերն են եւ այն, ինչը օգնել է այս հսկայական քրիստոնեայ համայնքին ողջ մնալու եւ յաղթահարելու 20րդ դարի սարսափելի զրկանքները, որոնք ազդել են մէկ ու կէս միլիոն քրիստոնեայ հայերի վրայ:
Ի՞նչ ազդեցութիւն են այդ մեծ զրկանքներն ունեցել հայ ժողովրդի ոգու եւ հոգեւոր վիճակի վրայ:
Այդ աննկարագրելի ցաւալի իրադարձութիւններն անջնջելի հետք են թողել նրանց վրայ: Ես մտածում եմ հայկական պատարագի մասին: Ամենատպաւորիչն այստեղ շարականներն են: Դրանք պարուրում են հոգին, կարծես գալիս են հոգու խոր անկիւններից: Դրանք արտայայտում են Աստծոյ հանդէպ նուիրուածութեան ոգին, հաւատք, որը երբեք չեն ուրացել կամ վաճառել, այլ պահել են ամենաբարձ գնով, տառապանքով: Սա մի ժողովուրդ է, որը լաւ ծանօթ է տառապանքին: Սրտումս ինքնաբերաբար աղօթք է ծնւում, երբ մտածում եմ, որ Ֆրանսիսկոս Պապը պատրաստւում է դիպչել հայ ազգին մխիթարութեան եւ կարեկցանքի ձեռքով, եւ այդ բոլոր ցաւերից ծնուելու է աւելի մեծ յոյս եւ սէր:
Ինչպէ՞ս կը բնութագրէք Կաթոլիկ եկեղեցու եւ Հայ Առաքելական եկեղեցու ներկայիս յարաբերութիւնները:
Իմ ընկալմամբ, դրանք շատ եղբայրական են եւ բարեկամական: Հայաստանի կաթոլիկ համայնքը շատ փոքրաթիւ է, եւ մենք պէտք է երախտապարտ լինենք Աստծուն այն բանի համար, որ Հայ Առաքելական եկեղեցին, շնորհիւ Գարեգին Երկրորդի եւ իր նախորդի՝ Գարեգին Առաջինի մեծահոգութեան, թոյլ է տուել Կաթոլիկ եկեղեցուն գոյութիւն ունենալ եւ ծառայել ժողովրդին: Օրինակ, Սպիտակում եւ Երեւանում Գթութեան Առաքեալները մեծ աշխատանք են տանում, կամ՝ Աշոցքի հիւանդանոցը, որը նուիրաբերուել է Հռոմի Պօղոս Երկրորդ Պապի յորդորով՝ Իտալիայի Կարիտասի կողմից 1988թ.ի աւերիչ երկրաշարժից յետոյ: Վստահ եմ, որ Ֆրանսիսկոս Պապի այցն է՛լ աւելի կ՛ամրապնդի երկու եկեղեցիների միջեւ կապերը՝ ամրապնդելով եղբայրութիւնը, բարեկամութիւնը եւ փոխադարձ աջակցութիւնը, որը կ՛առաջնորդի դէպի արդիւնաւէտ համագործակցութեան՝ բազմաթիւ ոլորտներում:
Ֆրանսիսկոս Պապը եւ Գարեգին Երկրորդը կը ստորագրե՞ն համատեղ հռչակագիր, ինչպէս դա արեցին Յովհաննէս Պօղոս Երկրորդը եւ Գարեգին Բ.ն 2001թ.ին:
Ենթադրում եմ, որ համատեղ հռչակագիր կը ստորագրուի նաեւ այս անգամ՝ ընդգծելով եւ շեշտելով մեր Փրկիչ Յիսուսի հանդէպ մեր միասնական հաւատքը եւ արտայայտելով մեր մտադրութիւնն ու կամքը՝ Տիրոջ կամքով մեր միջեւ զարգացնելու եղբայրական կապերը:
Ձեր կարծիքով՝ Ֆրանսիսկոս Պապի Հայաստան այցը կարո՞ղ է ազդեցութիւն ունենալ Ե.Ա.Հ.Կ. Մինսքի Խմբակի վրայ:
Կարծում եմ, որ այս այցը հնարաւորութիւն կը տայ ուշադրութիւնը սեւեռելու եւ խրախուսելու այն արժէքները, որոնք իւրաքանչիւր համայնքի ողնաշարն են՝ մերժել բռնութիւնը, ուժի կիրառումը, որը բերում է մեծ տառապանքի, եւ դիւանագիտական միջոցներով, երկխօսութեան, փոխըմբռնման եւ բանակցութիւնների ճանապարհով՝ հետամուտ լինել միայն խաղաղութեան:
Կարծում եմ, Հայաստան՝ դէպի Կովկաս իր առաջին ուղեւորութեան ժամանակ (Սեպտեմբերին Ֆրանսիսկոս Պապը կ՚այցելի նաեւ Վրաստան եւ Ադրբեջան), Պապը կը յղի մեր ուղերձը խաղաղութեան համար եւ ի սրտէ կոչ կ՚անի աշխատել, որպէսզի Կովկասը վերածուի Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ կամրջի: