Կը ներկայացնենք Հայաստանի տնտեսութեան նախարար Արծուիկ Մինասեանի հետ ուշագրաւ հարցազրոյց մը` Հայաստանի տնտեսութեան առաջնահերթութեանց, գործարարներու համար ստեղծուած նոր հնարաւորութեանց, ներդրումային քաղաքակա
նութեան, մենաշնորհներու եւ փտածութեան դէմ իրականացուող պայքարի եւ Հայաստանի հզօրացման հարցով սփիւռքի աջակցութեան անհրաժեշտութեան մասին:
Վարեց` ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Պարո՛ն նախարար, Միացեալ Նահանգներ ձեր այցի ընթացքում, Լոս Անճելըսում, հանդիպեցիք նաեւ ամերիկահայ գործարարների, կազմակերպութիւնների ու միութիւնների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ: Ո՞րն էր ձեր ուղերձը մեր համայնքին:
Նախ` ողջունում եմ մեր հայրենակիցներին, ովքեր ապրում եւ գործունէութիւն են ծաւալում Միացեալ Նահանգներում: Հանդիպումների հիմնական նպատակներից է վերականգնել վստահութիւնը Հայաստանում իրականացուող քաղաքականութեան նկատմամբ եւ ակնկալել, որ մեր հայրենակիցները ներդրումներ կատարեն տնտեսութիւնը ոտքի կանգնեցնելու ուղղութեամբ: Սա շատ կարեւոր է, որովհետեւ նախ՝ Հայաստանի անվտանգութեան բանալին տնտեսութեան զարգացման մէջ է, եւ փոխադարձաբար` տնտեսութեան զարգացման բանալին անվտանգութեան մակարդակի բարձրացման մէջ է: Հետեւաբար, այդ տեսակէտից, սկզբունքային նշանակութիւն ունեն մեր այս համայնքային հանդիպումները: Մեր նպատակն էր ներկայացնել Հայաստանում ստեղծուած իրավիճակը, իրականացուող փոփոխութիւնների դրական ընթացքը, սահմանադրական հանրաքուէի արդիւնքով պայմանաւորուած նոր մօտեցումները, այդ թւում նաեւ` Հայաստանի նախագահի կողմից բարձրաձայնուած յստակ կամքը երկրում տնտեսական, իրաւական բարեփոխումներ իրականացնելու ուղղութեամբ, եւ երկրորդը` որոշակի ծրագրերը, որոնք ամրագրուած են նաեւ Դաշնակցութեան եւ Հանրապետական կուսակցութեան միջեւ կնքուած համաձայնագրով: Իսկ այդ համաձայնագրով մի քանի հիմնական ուղղութիւններ կան, որոնք որպէս հիմնական ուղեգիծ` պէտք է տարուեն երկրի իշխանութիւնների կողմից:
Որո՞նք են այդ ուղղութիւնները:
Դրանցից առաջինը մրցունակ տնտեսութեան ձեւաւորումն է, ինչը նշանակում է, որ Հայաստանի տնտեսութեան այն հիմնական հատուածները, որոնց գործադրմամբ կարող ենք ունենալ մրցունակ վիճակ, ողջ աշխարհում առաւել ամբողջական առաջ ենք մղելու: Խօսքը վերաբերում է թէ՛ արդիւնաբերական քաղաքականութեանը, թէ՛ տեղեկատուական արհեստագիտութիւնների ոլորտում իրականացուող հիմնարար վերանայումներին, թէ՛ զբօսաշրջութեան ոլորտին: Միաժամանակ՝ երկրում իրականացւում են վերահսկողութեան համակարգի փոփոխութիւններ:
Երկրորդ կարեւոր փոփոխութիւնն իրաւականն է կամ, որ նոյնն է, արդարութեան նկատմամբ հանրային ընկալման աստիճանի բարձրացումը եւ իրական գործողութիւնները: Սա առաջին հերթին օրէնքի միատեսակ կիրառութեան ապահովումն է բոլորի նկատմամբ: Օրէնքի միատեսակ կիրառութիւն` նշանակում է առաջին հերթին տնտեսական հաւասար պայմանների ապահովում բոլորի նկատմամբ, եթէ, օրինակ, հարկային քաղաքականութիւն է կիրառւում, բացառութիւններ չլինեն, եթէ այդ բացառութիւնները օրէնքով նախատեսուած չեն: Այլ կերպ ասած` անձնական կամ խմբային արդարադատութիւնից անցում օրէնքի արդարադատութեանը: Սա սկզբունքային հարց է մեզ համար:
Երրորդ կարեւոր ուղղութիւնը դա հանրութեան շրջանում իրական հնարաւորութեան իրացման մեխանիզմի ստեղծումն է, այսինքն իւրաքանչիւր կարող, ունակ անձ, պէտք է ունենայ հնարաւորութիւն դրսեւորուելու որպէս հասարակութեան լիարժէք անդամի:
Սրանք ուղերձներ են, որ հնչեցրեց հանրապետութեան նախագահը, եւ դրանք հիմնուած են սահմանադրական փոփոխութիւնների վրայ եւ երկու կուսակցութիւնների միջեւ կնքուած համաձայնագրի վրայ:
Ձեր գլխաւորած պատուիրակութիւնը Սիլիքոնեան Հովտում մասնակցեց ամէնամեայ «Արմթեք» համաժողովին, որ այս տարի կրում էր «Հայաստան. ՏՏ ֆորում» խորագիրը: Կարո՞ղ ենք արդէն խօսել արդիւնքների մասին:
Մենք ունենք յստակ ձեռքբերում. Հայաստանը յայտնի է տեղեկատուական արհեստագիտութիւնների համաշխարհային քարտէզի վրայ` որպէս բանիմաց, կրթուած, ունակ մարդկանց երկիրի` նորարարական ոլորտներում արդիւնքներ արձանագրած երկիրի: Ակնկալում ենք, որ միջազգային շատ կազմակերպութիւններ գրասենեակներ կը բացեն Հայաստանում, ոչ միայն թեքնիք լուծումներ տալու, այլ առաջին հերթին ճարտարագիտական միտքը զարգացնելու նպատակով: Պայմանաւորուածութիւններ կան, եւ առաջիկայ ամիսներին սպասւում է որոշակի պատուիրակութիւնների այց Հայաստան` այս հարցերը տեղում քննարկելու եւ տեղում լուծում տալու ուղղութեամբ: Այս ամէնն առաւել կարեւորւում է Հայաստանի կառավարութեան նոր նախաձեռնութեան` «Ճարտարագիտական քաղաք» ծրագրի խորապատկերին, որի էութիւնը շուրջ 40-50 ժամանակակից ՏՏ եւ բարձր արհեստագիտութիւնների ոլորտի ձեռնարկութիւնների մուտքն է մեր երկիր, եւ դրանով իսկ նաեւ` հայաստանեան Սիլիքոնեան Հովտի ստեղծումը: Պայմանաւորուածութիւններ ունենք Այ.Պի.Էմ., «Ինթել» յայտնի կազմակերպութիւնների եւ մի շարք այլ միջազգային կառոյցների հետ` ներառեալ Yahoo որոնողական կայքը:
Սրանք որոշակի գործողութիւններ են, որ իրականացուելու են առաջիկայում, եւ դրան գումարենք նաեւ այն, որ արհեստագիտական փոփոխութիւնների առումով նաեւ նախընտրութիւններ կան Հայաստանում` նոր ձեռնարկութիւններ հիմնադրելու տեսակէտից: Հայաստանն այսօր իրական հնարաւորութիւն է միջազգային խոշոր կազմակերպութիւնների համար, եւ դա ակնյայտ է: Անդամակցելով Եւրասիական Տնտեսական Միութեանը` Հայաստանը չի փակուել այլ երկրների համար: Հակառա՛կը. այսօր մենք ունենք արտաքին առեւտրի արդիւնաւէտ համակարգ Միացեալ Նահանգների հետ` «Ճի.Էս.Փի.» համակարգը, Եւրոմիութեան հետ` «Ճի. Էս.Փի.» Փլիւս համակարգը, Քանատայի, Զուիցերիայի, Նորվեկիայի եւ Ճափոնի հետ նոյնպէս «Ճի.Էս.Փի.» համակարգը, ինչը նշանակում է, որ հայկական հազարաւոր ապրանքներ կարող են արտօնեալ պայմաններով ներմուծուել այդ երկրներ:
Միւս կողմից, հայկական ապրանքներն առանց մաքսային վճարի կարող են իրացուել Եւրասիական Տնտեսական Միութիւնում, եւ նկատի առնելով Իրանի նկատմամբ վերջին շրջանում մեղմ քաղաքականութիւնը` Հայաստանը դառնում է լաւագոյն վայրը ժամանակակից արհեստագիտական սարքաւորումներ եւ դրանց հէնքի վրայ նաեւ այլ ապրանքներ ստեղծելու եւ իրացնելու նաեւ իրանական շուկայում: Այսինքն՝ տնտեսական նախընտրութեան տեսակէտից, Հայաստանը աշխարհի ներդրումային քաղաքականութեան քարտէզում սկսում է գրաւել իր տեղը: Այս ամէնից, բնական է, չի կարող զերծ մնալ աշխարհասփիւռ հայ համայնքը, եւ մեր հիմնական ուժը ցանկանում ենք տեսնել հէնց հայկական համայնքի աշխուժութեամբ: Դա նշանակում է, որ մեր հայրենակիցները, ովքեր աշխարհի տարբեր անկիւններում ստեղծել են ինչ որ արժէք` լինի արհեստագիտական, լինի այլ ամենատարբեր ոլորտներում, ինչպէս նաեւ` կապեր ու հնարաւորութիւններ, ներկայանան Հայաստանում: Առաջինը հէնց նրանք պէտք է լինեն, ինչը խթան կը հանդիսանայ նաեւ օտարերկրացիների մուտքը առաւել լիարժէք ապահովելու ուղղութեամբ:
Ինչպիսի՞ արտօնութիւններ էք այսօր առաջարկում ներդրողներին:
Ա.Մ. - Այսօր արդէն ունենք նոր օրէնսդրութիւն, ըստ որի` գործում է ազատ տնտեսական գօտի, եւ ունենք արդէն երկու այդպիսի գօտի, ու նախատեսում ենք նաեւ արդիւնաբերական գօտու ստեղծում: Ազատ տնտեսական գօտում գործում են հարկային բոլոր տիպի արտօնութիւնները` բացառութեամբ եկամտահարկի, որը աշխատողի կողմից պիւտճէ մուտքագրուող գումարն է, մնացած բոլոր հարկատեսակները` աւելացուած արժէքի հարկը, շահոյթահարկը, մաքսային վճարներն ազատուած են այս գօտիներում: Երկրորդ կարեւոր տեղեկութիւնը` ցանկացած խոշոր ներդրման դէպքում, ասենք` 50 միլիոն եւ աւելի, պատրաստ ենք օրէնսդրական առանձին լուծում տալ, եթէ այն համապատասխանում է Հայաստանի տնտեսական առաջնահերթութիւններին:
Որո՞նք են այդ առաջնահերթ ոլորտները:
Դրանք տասնմէկն են եւ ներառուած են Հայաստանի արդիւնաբերական քաղաքականութեան մէջ` տեղեկատուական արհեստագիտութիւններ, հիւսուածեղէնի, կօշիկի եւ կաշուէ արտադրութիւն, դեղագործութիւն եւ կենսա-արհեստագիտութիւն, խմիչքների արտադրութիւն, մրգերի հէնքի վրայ պատրաստուող պահածոներ եւ այլն, ձկնարդիւնաբերութիւն եւ գիւղատնտեսական վերամշակման ուղղուածութեան արտադրանք:
Առանձին քննարկում ենք նաեւ քիմիական արդիւնաբերութիւնը եւ ժամանակակից սարքաշինական արդիւնաբերութիւնը: Այս բոլոր ուղղութիւններով ցանկացած ներդրում քաջալերուելու է, խրախուսուելու է եւ առանձին օրէնքի տեսքով տրուելու են արտօնութիւններ:
Մենք այսօր արդէն ունենք օրէնքով նախատեսուած արտօնութիւն Հայաստանում աշխատատեղերի ստեղծման ուղղութեամբ, եւ եթէ այս աշխատատեղերի ստեղծման արդիւնքում նաեւ ապրանքը արտահանւում է, ապա պետութիւնն այդ աշխատողի աշխատավարձը 100 տոկոսով վերցնում է իր վրայ:
Սա շատ լուրջ խթան է, եւ պարզապէս անհրաժեշտ է, որ մեր դրսում գործող կազմակերպութիւնները եւ հայրենակիցները, ծանօթ լինելով այս ամէնին` առաջինը մուտք գործեն Հայաստան, որպէսզի այլազգիները հետեւեն իրենց օրինակին:
Արտահանման դէպքում կառավարութիւնն ի՞նչ է առաջարկում:
Մենք ունենք արտահանման ապահովագրութեան համակարգ` ներդրուած Հայաստանում, մասնաւորապէս նշածս ապրանքների արտահանման դէպքում, օրինակ` արտահանումը մինչեւ 600 հազար ամերիկեան տոլարին համարժէք դրամով, կարող է օգնութիւն ստանալ նաեւ պետութեան կողմից: Ունենք ապահովագրական համակարգ նաեւ մինչեւ արտահանումը կամ մինչեւ արտադրութիւնը, եթէ այդ ձեռնարկութիւնը այդ ուղղութեամբ է աշխատում, ապա կարող է վարկ ստանալ իր նախնական կամ հումքային հատուածը համալրելու համար, եւ այդ դէպքում նոյնպէս ունենք նպաստելու համակարգ, այսինքն` պետութիւնը տոկոսադրոյքի մի մասը վերցնում է իր վրայ:
Արտահանման ժամանակ, օրինակ, եթէ Ռուսաստան է արտահանւում, նկատի առնելով ռուբլու նկատմամբ մեծ տատանումը, մինչեւ վեց տոկոս նպաստ ունենք, այլ արժոյթների նկատմամբ` մինչեւ երեք տոկոս ունենք: Սրանք որոշակի գործիքներ են, որ այսօր կան, եւ ամենակարեւորներից մէկն այն է, որ մենք երկրում ներդրումային քաղաքականութեան նկատմամբ իրականացնում ենք ոչ միայն բաց դռների քաղաքականութիւն, այլ պաշտպանութիւնն ենք բարձրացրել նոր աստիճանի. ցանկացած ներդրող կարող է իր վէճը տեղափոխել նաեւ Հայաստանից դուրս դատական համակարգում լուծելու. խօսքը տնտեսական վէճերի մասին է: Սա լրացուցիչ երաշխիք է, որ որեւէ ներդրող երբեւէ չմտածի, որ Հայաստանում կարող է բախուել արդարադատութեան ոչ-պատշաճ վարքագծի:
Շատերին մտահոգում է Հայաստանում տնտեսութեան բարձր փտածութիւնը: Ի՞նչ գործնական քայլեր են իրականացւում փտածութեան դէմ:
Փտածութիւնն այնպիսի երեւոյթ է, որ բնորոշ է բոլոր պետութիւններին եւ հասարակութիւններին, սակայն մեր մօտ դա առաւել բացասական է արտայայտւում, որովհետեւ լինելով փոքր եւ տնտեսական ոչ-բարձր մակարդակի երկիր` փտածութիւնը ուղղակիօրէն հարուածում եւ քայքայում է տնտեսութիւնը: Ուստի, որպէսզի այս ամէնի դէմ իրական եւ արդիւնաւէտ պայքար իրականացուի, առաջին պայման է դրուել թափանցիկութեան մակարդակի բարձրացումը, եւ երկրորդ` օրէնքի, կամ պատասխանատուութեան անխուսափելիութեան սկզբունքի գործադրումը:
Այս ուղղութեամբ, ներկայում նաեւ պետական պաշտօնատար անձանց ամբողջական յայտարարագրման համակարգն է զարգացւում, որպէսզի թէ՛ պաշտօնատար անձինք եւ թէ՛ քաղաքացիները, ովքեր փոխ-կապուած են պաշտօնատար անձանց հետ, հրապարակային հաշուետուութիւններ եւ յայտարարագրեր ներկայացնեն: Սա կ՛օգնի, որպէսզի փտածութեան դէմ պայքարը լինի առաւել առարկայական եւ առաւել արդիւնաւէտ:
Դուք յայտարարել էք նաեւ Հայաստանում մենաշնորհների դէմ պայքարի մասին: Ի՞նչ քայլեր են իրականացւում եւ արդեօք առկա՞յ է քաղաքական կամք` հակամենաշնորհային քաղաքականութիւնը յաջողելու համար:
Մենաշնորհները ձեւաւորուել են առանձին դէպքերում նաեւ փտածութեան դրսեւորումների արդիւնքում: Այստեղ էլ կայ յստակ դրսեւորուած կամք թէ՛ նախագահի, թէ՛ կառավարութեան` վարչապետի կողմից, ինչպէս նաեւ` այս հարցը երկու քաղաքական ուժերի` Հ.Յ.Դ.ի եւ Հ.Հ.Կ.ի համաձայնագրի կարեւոր դրոյթն է, եւ մեր քայլն է, որպէսզի կարողանանք յստակ ծրագրեր իրականացնել այս ուղղութեամբ:
Արդէն իսկ առաջին գործողութիւնները նախաձեռնուել են: Խօսքը ընկերային նշանակութեան 15 ապրանքների մասին է` շուկայում ապահովելու հրապարակայնութիւն, բացութիւն (թափանցիկութիւն) եւ ներմուծման սահմանափակումների վերացում, բացառութեամբ այն դէպքերի, երբ տեղական արտադրութիւն կայ, եւ պետութիւնն իրականացնում է տեղական արտադրութեան պաշտպանութիւն:
Մեր խորին համոզմամբ, եթէ մի ապրանք արտադրւում է Հայաստանում, մենք պէտք է խթանենք այդ ապրանքի մրցունակութեան բարձրացումը եւ իրացումը արտաքին շուկաներում: Դրա համար պետութիւնը իրականացնելու է նաեւ տեղական արտադրութեան պաշտպանութեան ամբողջական համակարգ:
Պարո՛ն Մինասեան, ձեր ուղերձը` հայ համայնքին:
Մեր հայրենակիցներին դիմելով` կը ցանկանայի հաւաստիացնել, որ Հայաստանը փոխուել է, մեր հայրենիքն այսօր ՏՏի եւ բարձր արհեստագիտութիւնների ոլորտում աշխարհում իր նշանակալի տեղն է զբաղեցնում: Սակայն կարիք ունենք համահայկական համախմբուածութեան, ներդրումների խթանման եւ որոշակի ուղղութիւններով արդիւնքների ապահովման: Մեր երկրի անվտանգութեան երաշխաւոր հայոց բանակն այսօր կարիք ունի տնտեսական նախաձեռնութիւններով ապահովման:
Անվտանգութեան երկրորդ բաղադրիչը մեր տնտեսութիւնն է:
Եթէ զարգացած տնտեսութիւն ունեցանք, ուրեմն կ՛ունենանք աւելի անվտանգ երկիր, որը նշանակում է նաեւ տնտեսութեան նոր աշխուժացում, քաղաքացիների նոր մուտք Հայաստան, զբօսաշրջիկների քանակի աւելացում, ենթակառուցուածքների զարգացում, եւ այս ամբողջ շղթան յանգեցնում է մէկ բանի` մենք բոլորս պէտք է համախմբուենք ուժեղ Հայաստան ունենալու գաղափարի շուրջ:
Դրա համար, դիմելով մեր հայրենակիցներին, կոչ եմ անում ներդրումներ կատարել Հայաստանում, եւ որպէս տնտեսութեան նախարար` երաշխաւորում եմ, որ առաջին իսկ արձագանգը լինելու է մեր կողմից` այդ ներդրումները յաւուր պատշաճի պաշտպանութիւն իրականացնելու հարցում:
Երկրորդ կարեւոր ուղերձը` հայկական ապրանքների առաջմղումն է արտաքին շուկաներում: Ցանկալի է իւրաքանչիւր հայ, որ շահագրգռուած լինի հայկական ապրանքներ ձեռք բերելու եւ ներկայացնելու նաեւ աշխարհին: Ես այսօր հպարտօրէն կրում եմ հայկական առաջին «Արմֆոն»ը, որ կրում է մեր այբուբենի առաջին տառը:
Մենք պէտք է կարողանանք նման ապրանքներն իրացնել եւ կարողանալ պահանջարկ ձեւաւորել, որ տեղական արտադրութիւնը զարգանայ: