Բազմաթիւ սփիւռքահայեր վերադառնալով մայր հայրենիք՝ բախւում են մի շարք խնդիրների: Դրանք ինչպէս բնական, այնպէս էլ արհեստական պատճառներ ունին: Բայց թէ որոնք են առաւել մտահոգիչը՝ փորձեցինք պարզել հէնց իրենցից:
Մեր զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի երիտասարդական գրասենեակի պատասխանատու, Հայաստանում 2001 թուականից բնակութիւն հաստատած սփիւռքահայ Սարգիս Մկրտչեանը:

Պարոն Մկրտչեան, ձեր բնութագրմամբ այսօր ինչպիսի՞ն են հայրենիք-սփիւռք փոխ յարաբերութիւնները:

Այս փոխ յարաբերութիւններում, իմ անձնական կարծիքով, վերջին տարիներին ինչ-որ խզում է առաջացել: Այսինքն այն վստահութիւնը, որ թւում էր, թէ ձեւաւորուել է, չկայ: Եւ սրա հիմնական պատճառը պետութեան վարած ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին քաղաքականութիւնն է: Արտաքին քաղաքականութիւն ասելով` նկատի ունեմ յատկապէս հայ-թրքական յարաբերութիւնները` այն արձանագրութիւնները, որ ստորագրուեցին, բայց այդպէս էլ չկարողացան վաւերացնել: Դրանք սփիւռքահայութեան մեծ ընդվզում առաջացրին: Իսկ ներքին քաղաքականութեան առումով այն մթնոլորտը նկատի ունեմ, որ այսօր Հայաստանում տիրում է, որտեղ գործարարը վստահ չէ, որ իր ներդրումը երաշխաւորուած է, որտեղ տեսնում ես, որ հայաստանցին, որ այստեղ ծնուել-մեծացել է, թողնում ու գնում է երկրից, այսինքն օրէնքով պաշտպանուած չէ, արդարութիւն չկայ: Այս ամէնը կուտակւում է, եւ ես կարծում եմ, որ իրօք խզում է առաջացել:

Ինչպէ՞ս է արտայայտւում այդ խզումը, ի՞նչ դրսեւորումներ ունի:

Ես կարող եմ շրջապատիս օրինակը բերել, որովհետեւ վիճակագրական տուեալներ չունեմ, այդպիսի տուեալներ գոյութիւն չունեն: Շատ-շատերը եկան Հայաստան, մանաւանդ անկախութիւնից յետոյ՝ 2000, 2001, 2002 թուականներին՝ Միջին Արեւելքից եւ յատկապէս Իրաքից: Բայց նրանք թողնում-գնում են արեւմտեան երկրներ: Իսկ այն մարդիկ, ովքեր սփիւռքում են ապրում եւ ցանկութիւն ունէին տեղափոխուել եւ ապրել Հայաստանում, արդէն դրան չեն ձգտում: Սփիւռքահայերն այլեւս չեն վստահում մեր պետութեանն ու մեր իշխանութիւններին, եւ հէնց սա է ամենամեծ դրսեւորումը:

Ի՞նչ խնդիրների են բախւում այն սփիւռքահայերը, ովքեր այնուամենայնիւ գալիս են Հայաստան՝ ապրելու:

Ամենամեծ խնդիրն այն է, որ նրանք այստեղ իրենց պաշտպանուած չեն զգում: Ես որպէս սփիւռքահայ, որ արդէն 10 տարուց աւելի է, ինչ ապրում է Հայաստանում, միշտ ասել եմ՝ մենք հիմնականում երկու տեսակի խնդիրների առջեւ ենք յայտնւում: Առաջինը նիւթականն է՝ պէտք է եկամուտ ստեղծես: Այդ եկամուտը, աշխարհի որ երկրում էլ լինես, պէտք է ստեղծես ապրելու համար՝ մի տեղ հեշտ, մի տեղ դժուար, միեւնոյն է, պէտք է ստեղծես: Դեռ չեմ խօսում շքեղութեան մասին. կենսական նշանակութեան հարցեր լուծելու եւ գոյութիւն պահպանելու համար որոշակի գումարներ են պէտք: Բայց այսօր հայաստանցին էլ պէտք է եկամուտ ստեղծի: Երկրորդ խնդիրը հասարակութեան մէջ ինտեգրուելն է: Եթէ տեսնում ես, որ քո հարեւանը, ով այստեղ ծնուել-մեծացել է, սիրել-սիրուել է, տուն ունի, աշխատանք ունի ու այս ամբողջից յետոյ լքում է Հայաստանն ու գնում է, որովհետեւ իր երեխաների համար այստեղ ապագայ չի տեսնում, հեռանկար չի տեսնում, ապա այստեղ տեղափոխուած սփիւռքահայն արդէն, ինքընստինքեան մտածում է, թէ ինքն ինչու է եկել: Նաեւ վերաբերմունքի հարցը կայ: Բոլորը չի, որ գիտակցում են՝ բոլոր դժուարու-թիւններն ունեն նաեւ հայաստանցիները: Շատ շատերը մտածում են, որ սա միայն իրենց համար է, որովհետեւ իրենք սփիւռքահայ են: Օրինակ, ես գնում եմ ծիրան առնելու, եթէ ծիրանի 1 քիլոկրամն արժէ, ենթադրենք, 1000 դրամ, ապա երբ ես խօսում եմ սփիւռքահայի առոգանութեամբ, ծիրանի քիլոլրամն ինձ համար դառնում է 1300 դրամ: Սա մի մանր հանգամանք է, բայց մեծ խնդիր է առաջացնում: Այս դէպքում սփիւռքահայն սկսում է մտածել, որ բոլոր դժուարութիւններն արհեստականօրէն ստեղծւում են հէնց իր համար: Անպաշտպանուածութիւնն ամենամեծ վախն է, որ Հայաստանում գոյութիւն ունի սփիւռքահայերի համար:

Ձեր նշած խնդիրների վերացման ուղղութեամբ իրականացուող գործնական քայլեր նկատե՞լ էք:

Ես գործնական քայլեր չեմ տեսել: Ինչ էլ տեսել եմ՝ ընդամէնը խոստումների սահմանում են եղել: Ես ողջունում եմ սփիւռքի նախարարութեան ստեղծումը: Կարծում եմ, որ դա իսկապէս անհրաժեշտ է՝ մենք սփիւռքի նախարարութեան պէտքն ունենք, եւ նա է, որ այս բեռը պէտք է վերցնի իր վրայ: Իհարկէ գիտակցում եմ, որ նրա անելիքները շատ-շատ դժուար են: Բայց գործնականում, թող կոպիտ չհնչի, սփիւռքի նախարարութեան կողմից ցուցամոլական, ձեւական բաներից այն կողմ այլ բան չեմ տեսնում: Այսինքն անընդհատ շքանշաններ տալ մարդկանց, գովել՝ այդ ամէնով մենք շատ հարցեր չենք լուծի եւ մեծ բանի չենք հասնի: Մենք պէտք է կարողանանք արմատական բարեփոխումներ անել, որպէսզի կարողանանք առաջին հերթին հէնց հայաստանցուն պահել Հայաստանում, յետոյ նոր սփիւռքից մարդիկ բերենք Հայաստան: Կեանքի են կոչել հայրենադարձութեան վարչութիւն. ի՜նչ հայրենադարձութեան վարչութիւն, ո՞վ պէտք է զարգացած երկրներից, թողնելով իր բարեկեցիկ ու ապահով կեանքը, գայ ու Հայաստանում ապրի, երբ հայաստանցիներն են թողնում հայրենիքն ու մեկնում արտասահման: Այսպիսի բարձրակոչ  յայտարարութիւններից պէտք է հրաժարուել:

Ձեր կարծիքով՝ ի՞նչ պէտք է ձեռնարկել՝ ձեր մատնանշած դժուարութիւնները վերացնելու համար:

Պէտք է, օրինակ, ստեղծել մի գրասենեակ, որտեղ ցանկացած մարդ, այդ թւում նաեւ սփիւռքահայերը, դիմեն, եթէ ուզում են բիզնես դնել Հայաստանում, ուզում են տուն առնել, ուզում են իրենց երեխային դպրոց ուղարկել եւայլն ու չգիտեն, թէ այդ ամէնն ինչպէս պէտք է անել: Գոնէ այս պարզ հարցերում խորհրդատուութիւն տրամադրեն այդ մարդկանց: Հիմա բարձիթողի վիճակ է` ամէն մարդ պէտք է իր ճամպրուկը հաւաքի, յետոյ փողերը վերցնի ու գայ Հայաստան, իսկ այստեղ նրա գործերը կամ կը ստացուեն, կամ, ամենայն հաւանականութեամբ, չեն ստացուի: Այսպէս չի կարելի: Այսինքն սփիւռքի նախարարութիւնն աւելի արմատական գործեր ունի անելու, քան այն, ինչ այժմ անում է` այստեղ սեմինար, այնտեղ սեմինար եւայլն: Մենք լուրջ բարեփոխումների պէտք ունենք ամբողջ երկրով մէկ` լուրջ արդիւնքներով:

ՄԻՔԱՅԷԼ ԽՈՒԴՈՒՆՑ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՐՈՒՑԱԿԻՑ»