Print
Category: Հարցազրոյցներ

Պարոն Մարգարեան, խորհրդարանական ընտրութիւններին մի քանի ամիս է մնացել. ՀՀԿն արդէն ձեւաւորում է իր նախընտրկան շտաբը, ՕԵԿը գրասենեակներ է բացում, ԲՀԿն ՏԻՄ (տեղական ինքնակառավարման մարմիններու) ընտրութիւնների մոդելով փորձարկում է իր առաջիկայ ռազմավարութիւնը:
Ինչպէ՞ս է պատրաստւում Դաշնակցութիւնը:

Ամէն քաղաքական ուժ պատրաստուելու իր ոճն ունի: Ամբողջ հարցն այն է, թէ ինչ ակնկալիքով ես գնում ընտրութիւնների եւ ինչպէս ես փորձում քուէ հաւաքել: Մեր կազմակերպութիւնն արդէն այնքան կայացած է, որ մենք անհրաժեշտութիւն չունենք նոր մեծ վերադասաւորումների, գրասենեակներ բացելու եւ այլն: Բաւական է պարզապէս սկսել աշխատանքները: Եւ գրեթէ արդէն սկսել ենք: Վերջին հաշուով, ՀՅԴ աշխատանքը մի քիչ տարբեր է այն առումով, որ մենք փորձում ենք ստանալ ժողովրդի գիտակցուած քուէն: Այսինքն, մենք չունենք այն նիւթական հնարաւորութիւնները, եթէ ունենայինք էլ՝ չէինք անի, որ դրամի ուժով փորձենք ապահովել մեր քուէները: Մենք չունենք պետական լծակներ, չունենք այն ազատութիւնը, որ մեզ թոյլ տանք ամէն մարդու հետ գործ բռնել: Մենք ունենք սկզբունքներ, արժեհամակարգ, որոնք անփոփոխ են, եւ որոնց համահունչ պէտք է կարողանանք աշխատել:

Բայց իւրաքանչիւր ընտրութիւն ընթանում է նախորդից որոշակիօրէն տարբերուող քաղաքական մթնոլորտում եւ դրանից ելնելով՝ թելադրում է նոր մարտավարութիւն: Օրինակ գալիք ընտրութիւնների հետ կապուած՝ իշխանութիւնները յայտարարել են, որ դրանք լինելու են աննախադէպ թափանցիկ եւ որակապէս յեղափոխական: Դաշնակցութիւնը պատրա՞ստ է որակապէս նոր ընտրութիւնների, եւ որքանով էք ներկայ իրավիճակում դա ռէալ (իրական) համարում:

Կ՛ուզենայի հաւատալ, որ դա այդպէս կը լինի: Բայց փորձը ցոյց է տալիս, որ այս իշխանութիւնների խօսքն ու գործը չի համընկնում: Կարող եմ մատնանշել նախագահի բազմաթիւ ելոյթներ, որոնցում նա այս երկրում ինչ-որ բան փոխելու յոյս է ստեղծել, կամ վարչապետի գեղեցիկ խօսքերը, որոնցից ոչ մէկը, սակայն, իրականութիւն չեն դարձել: Դրա համար ես մեծ փոփոխութիւնների ակնկալիք չունեմ: Թէպէտ, կրկնում եմ, կը ցանկանայի, որ այդպէս լինէր, որ իշխանութիւնը կամք ցոյց տար՝ որակապէս այլ ընտրութիւն անցկացնելու: Իսկ Դաշնակցութիւնն ընտրութիւններին գնում է իր սոցիալ-տնտեսական պլատֆորմով՝ այն, ինչով մենք տարբերւում ենք հրապարակի վրայ եղած բոլոր կուսակցութիւններից, որոնք գրեթէ բոլորն անխտիր հաւատում են ազատ շուկայական յարաբերութիւններին, լիբերալիզմին (ազատականութեան) եւ այլն: Իսկ մենք սոցիալիստական (ընկերվարական) ծրագիր ունենք, եւ հէնց այս առումով արդէն մենք այլընտրանք ենք բոլորին: Այլ հարց է, որ ժողովուրդը հիմա այնքան ծանր իրավիճակի մէջ է, որ այլեւս ընդհանրապէս չի ուզում խօսքերին հաւատալ: Նաեւ՝ հաւանաբար մեր խօսքին էլ չի ուզում հաւատալ:

Ի դէպ, խօսքերին հաւատալու հետ կապուած մի այսպիսի յիշեցում. ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Արծուիկ Մինասեանը, ով նախօրէին յայտարարեց, որ 2012 բիւջէի նախագիծը ձախողուած է եւ կառավարութեան միակ ճանապարհը հեռացումն է, դեռ եւս անցած Մայիսին ՀՅԴ անունից հրապարակաւ խոստացաւ, որ աշնանային նստաշրջանը սկսելուն պէս Դաշնակցութիւնն ԱԺում կը բարձրացնի կառավարութեանն ան- վստահութիւն յայտնելու հարցը: Երկու ամիս առաջ դուք կրկին պնդեցիք դա, սակայն մենք տեսնում ենք, որ Դաշնակցութիւնը բաւարարւում է ընդամէնը քննադատութիւններով: Հետեւաբար, Դաշնակցութեան գործն ու խօսքն էլ միշտ չէ, որ համընկնում է:

Ոչ, դա դեռ լինելու է, դա ուղղակի խոր- հըրդարանական գործունէութեան թելադրանքներով է պայմանաւորուած: Այդ յայտարարութիւնը մենք ձեւական չենք արել, հարցը օրակարգում է, եւ, այսպէս ասած, հերթի մէջ է:

Բայց չէ՞ք կարծում, որ հերթն անցնում է, ըստ էութեան՝ էլ ժամանակ չմնաց:

Երբ էլ անենք՝ վնաս չկայ, շահ է:

Նայած՝ թէ ում շահն է:

Մեր շահն է՝ ժողովուրդի բնականաբար: Խօսքի ու գործի համապատասխանութեան առումով մենք խնդիր չունենք: Անցած 20 տարուայ ընթացքում մենք կարեւորել ենք Ղարաբաղի հարցը, եւ մեր կուսակցութեան մէկ ութերորդը զոհուել է Ղարաբաղում: Մենք կարեւորել ենք ազգային խնդիրները եւ մշտապէս սկզբունքային ենք եղել: Մենք սոցիալական առումով զանազանուել ենք բոլորից եւ թէ կառավարութեան մէջ, թէ դրանից դուրս փորձել ենք սոցիալական հարցերը յաջողեցնել եւ դրա մասին ունենք կոնկրէտ փաստեր: Իհարկէ, կան նաեւ փաստեր՝ որ չենք յաջողել, բայց դա այն պատճառով, որ մեր ունեցած քուէն բաւարար չի եղել:


Չէ՞ք կարծում, որ դաշնակցական որոշ լիդէրների (ղեկավարներու) բիզնես գործունէութիւնը որոշակիօրէն ստուերում է Դաշնակցութեան՝ սոցիալական արդարութեան համար պայքարողի իմիջը (պատկերացումը, վարկը):

Նախ, դաշնակցականները, ինչպէս եւ սովորական մարդիկ, իրաւունք ունեն բիզնես ունենալ: Բայց Դաշնակցութեան մէջ խոշոր, աչք ծակող, օլիգարխիկ բիզնես երեւոյթներ գոյութիւն չունեն:


Ուզում էք ասել Հայաստանում դաշնակցական օլիգարխներ չկա՞ն:

Ցաւօք սրտի՝ չկան: Ցաւօք սրտի, որովհետեւ, եթէ մարդը կարողանում է բիզնեսում յաջողութիւն ունենալ եւ հարստանալ, դա վատ երեւոյթ չէ: Խնդիրն այն է, թէ մենք հարստացման որ չափի մասին ենք խօսում: Ինչ վերաբերում է կոնկրէտ Դաշնակցութեան անդամների բիզնես գործունէութեանը, ապա ես կարծում եմ, որ այդ հարցը յաճախ շահարկւում է մեր համեստութեան պաճառով: Այսինքն՝ որ հրապարակաւ չենք պատասխանում այդ ամէնին: Ի վերջոյ, ոչ մի անգամ որեւէ անուն չի նշւում, պարզապէս ընդհանուր խօսակցութիւններով տպաւորութիւն է ձեւաւորւում:

Պարոն Մարգարեան, դուք մի քանի ամիս առաջ ենթադրեցիք, որ Ռոբերտ Քոչարեանը քաղաքականութիւն կը վերադառնայ 2012թ. խորհրդարանական ընտրութիւններից յետոյ: Նման տարբերակին նախապատրաստուելու համատեքստում հնարաւո՞ր է այլ՝ քոչարեանամէտ քաղաքական ուժերի հետ նախընտրական դաշինք կազմէք:

ՀՅԴն ինքնուրոյն կուսակցութիւն է, եւ որեւէ ուժի, մանաւանդ անձի կցորդ կազմակերպութիւն չի կարող լինել: Եթէ որեւէ մէկն այդպէս է մտածում, նշանակում է լաւ չի ճանաչում Դաշնակցութեանը: Իհարկէ դաշինքները բացառւած չեն, բայց երկու հարց կայ, որոնց պատասխանները պէտք է մեզ համար յստակ լինեն ի սկզբանէ: Նախ՝ որն է դաշինքի նպատակը: Եթէ աւելի շատ քուէ ստանալն է, ապա դա չի կարող մեզ համար այլ քաղաքական ուժի հետ դաշինք կազմելու պատճառ հանդիսանալ: Մեր դաշինքը պէտք է լինի ինչ-որ ուղղորդուած նպատակ յաջողեցնելու շուրջ:

Իսկ կարո՞ղ է այդ նպատակը լինել հէնց Ռոբերտ Քոչարեանին իշխանութեան վերադարձնելը:

Դա մեզ համար չի կարող նպատակ լինել: Եւ նշեմ երկրորդ հարցը՝ ինչպէս ենք մենք իրականացնելու մեր ընդհանուր նպատակային միասնութիւնը: Ահա այս հարցերը յստակեցնելու դէպքում մենք կարող ենք ճշդուած նպատակների, թիրախների շուրջ համագործակցել ցանկացած ուժի հետ:

Ցանկացած՝ նաեւ ՀԱԿի՞:

Կարծում եմ՝ ՀԱԿի հետ չի կարող լինել այդ նպատակային ընդհանրութիւնը:

Պարոն Մարգարեան, Ռոբերտ Քոչարեանն իր վերջին հարցազրոյցում սահմանեց քաղաքականութիւն վերդառնալու համար անհրաժեշտ երեք գործօնները, որոնցից մէկը վերաբերում էր նրա քաղաքական պահանջարկին: Ի՞նչ էք կարծում, ներկայումս որքանո՞վ է Քոչարեանի վերադարձի քաղաքական պահանջարկն առկայ:

Կարծում եմ, այդ հարցը պէտք է իրեն ուղղէք: Ճիշդ չէ, որ մենք այդ հարցին պատասխանենք:

Այնուամենայնիւ, որպէս Ռոբերտ Քոչարեանի երբեմնի քաղաքական յենարան, Դաշնակցութիւնն այսօր նման պահանջարկ զգո՞ւմ է:

Ես կարծում եմ, այսօր առկայ է Դաշնակցութեան իշխանութեան գալու քաղաքական պահանջարկ:

Հարցազրոյցը վարեց
Արեւիկ Սահակեան 
«Առաւօտ»