«Պատասխանատուութիւն՝ մեր կոչման առաջ, մեր ժողովրդի առաջ»
Ի՞նչ է աշուղական երգը։
Աշուղական երգը մեր ժողովրդական երգի փրոֆեսիոնալ թեւն է։ Ժողովրդականը եւրոպական արտայայտութեամբ ֆոլքն է, աշուղականը փրոֆեսիոնալ ֆոլքն է։ Ժողովրդա
կան երգը փոխանցւում է բերնէ բերան, իսկ աշուղական արուեստը փրոֆեսիոնալ է, որովհետեւ ամէն ինչ աշուղները գրանցում էին իրենց մատեանների մէջ։ Եւ փոխանցումը տեղի էր ունենում այս ճանապարհով։ Կար, իհարկէ, նաեւ բանաւոր ճանապարհը, ինչպէս ժողովրդականը։ Բացի այդ, ժողովրդական երգը մէկը սովորում էր պատահական մի տեղից լսելով, բերնէ բերան էր փոխանցւում, իսկ աշուղականը փրոֆեսիոնալ է հէնց նրանով, որ վարպետը ուսուցանում էր իր սանին։ Այդ սանը յետոյ դառնում էր վարպետ, նա էլ ուսուցանում էր իր սանին։ Ահա այս տարբերակումով է, որ աշուղական արուեստը փրոֆեսիոնալ է։
Աշուղական արուեստի դարաշրջանը ե՞րբ կը սկսի։
Հայ աշուղական արուեստը ինքը համա-արեւելեան երեւոյթ է։ Հայոց մէջ այն տարածուել է 14-15րդ դարերից։ Մեզ հասած ամենահին հայ աշուղի անունը Ղուլօղլի Երզնկացի է, որ ապրել է 15րդ դարի երկրորդ կէսին։ Նրանից հասել են մեզ, աւաղ, միայն թուրքալեզու երգերը եւ թուրքերէն արձանագրուած «Կռունկ, ուստի կու գաս» երգի տարբերակը։ Թէ ինչո՞ւ էին հայ աշուղները գրում թուրքերէն. թուրքական տիրապետութեան առաջին դարերից արգելուեց իրենց երկրում որեւէ հասարակական վայրում որեւէ լեզուով խօսելը բացի թուրքերէնից։ Հասարակական վայր էր համարւում, եթէ ներկայ էին երեք հոգի։ Իսկ աշուղները պիտի երգէին հանդիսութիւնների, հարսանեաց հանդէսների, ժողովրդական հաւաքոյթների եւ տօնակատարութիւնների ժամանակ։ Եւ, բնականաբար, զրկուած էին հայերէն խօսելու եւ երգելու հնարաւորութիւնից։ Ուստի եւ հարիւրաւոր աշուղներ ունենք, որոնք գրել են նաեւ թուրքերէն կամ միայն թուրքերէն։ Ահա մեզ հասած առայժմ ամենահին հայ աշուղը Ղուլօղլի Երզնկացին է, որ գրել է մի տաղ Երզնկայի մեծ երկրաշարժի մասին, որով էլ մենք հասկացանք, որ նա ժամանակակիցն է, ականատեսն է այդ երկրաշարժին, ստեղծագործութիւնից դա յայտնի է դառնում։ Իսկ երկրաշարժը տեղի է ունեցել 1484 թուականին։
Աշուղական արուեստը որքանո՞վ տարածուած էր մեր մէջ։ Շատ աշուղներ ունեցա՞ծ ենք։
Ունեցել ենք հազարաւոր աշուղներ։ Ամէն բնակավայր ունէր իր վարժապետը, ժողովրդական բժիշկը, դարբինը, ծխատէր քահանան, ունէր նաեւ իր աշուղը։ Իսկ պատմական Հայաստանում, միջնադարում, մենք ունեցել ենք շուրջ 5 հազար եւ աւելի բնակավայր։
Ուրեմն մի սերնդի մէջ ունեցել ենք նաեւ 5 հազար աշուղ։ 600 տարիների ընթացքում եւ աւելի ինչքան աշուղներ է ունեցել ամէն բնակավայր, ամբողջ Հայաստանը, էլ չեմ ասում նաեւ Հայաստանից դուրս։
Մեր մեծ գաղթօճախներում, համայնքներում Հայրենիքից դուրս, դարձեալ ապրել են, ստեղծագործել են աշուղներ` իրանահայ աշուղները, թուրքահայ աշուղները, Վրաստանի հայ աշուղները, Սայաթ-Նովան՝ լաւագոյն վկան։
Մենք աշուղներ ենք ունեցել նոյնիսկ հեռաւոր գաղթօջախներում` հիւսիսային Կովկասում, Աստրախան, որտեղ գործել է Աշուղ Թուրինջը։ Պոլսում ունեցել ենք հռչակաւոր Դաւիթ Քէշիշօղլի աշուղը, որ եղել է սուլթանական պալատի երգիչը եւ յաղթել է Մերձաւոր ու Միջին Արեւելքի բոլոր հռչակաւոր այլազգի աշուղներին։ Վրաստանի պալատում` Սայաթ Նովան, նրանից առաջ` Նաղաշ Յովնաթանը, եւ այլ աշուղներ, շատ ծանրակշիռ աշուղական կենտրոն է եղել Թիֆլիսը։ Ջաւախքը նոյնպէս հզօր աշուղական արուեստի մի միջավայր է եղել։ Աշուղական արուեստի մեծ կենտրոն է եղել Նոր Ջուղան, Թաւրիզը, Սալմաստը, Խոյը, որտեղից ունենք հռչակաւոր աշուղներ` Սալմաստեցի Ղուլ Յարութիւնը, Ղուլ Էգիազը եւ ուրիշ շատեր։ Ղուլ պարսկերէնով նշանակում է ծառայ։
Աշուղները պարզապէս երգիչնե՞ր են, թէ նաեւ հեղինակներ։
Աշուղները գրել են ե՛ւ խօսք, ե՛ւ մեղեդի ե՛ւ երգել են։ Աշուղները երեք դասի են բաժանւում։ Անցեալում միայն երգողներին էլ էին աշուղ ասում։ Բայց արժէք են ներկայացնում այն աշուղները, որոնք ստեղծագործում էին, իրենք գրում էին մեղեդին, խօսքը, նուագակցում էին իրենք իրենց, որեւէ մեր ազգային նուագարանով, յատկապէս ամենատարածուածը սազն էր, թառը եւ քեամանչան։
Անցնինք ձեր գործունէութեան։ Ե՞րբ եւ ինչպէ՞ս ստեղծուեցաւ «Սայաթ-Նովա» մշակութային միութիւնը։
«Սայաթ-Նովա» մշակութային միութեան կորիզը Հայաստանի ազգային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակաւոր անսամբլն է, որը ստեղծուել է 1927 թուականին, հայ ժողովրդի մեծ զաւակ, տաղանդաւոր արուեստագէտ, երգիչ, աշուղագէտ Շարա Տալեանի կողմից։ Խումբը կազմուած էր 5 արուեստագէտներից՝ թառ, քեամանչա, տափ, սանթուր, սազ, որի երգիչը եւ ղեկավարը Շարա Տալեանն էր, որ ղեկավարել է անսամբլը մինչեւ 1942 թուականը, որից յետոյ անցել է մէկընդմիշտ օփերային թատրոն, որովհետեւ ինքը օփերային լաւագոյն երգիչ էր։ Հայ իրականութեան մէջ առաջին Սարօ երգողն է եղել, 1912 թուականին այն բեմադրուել է Գիւմրիում, առաջին անգամ, «Անոյշ» օփերան։ 1942 թուականին իրեն փոխարինել է Վաղարշակ Սահակեանը, որ ղեկավարեց մինչեւ 1972 թուականը, 30 տարի։ Վերջին տարում ես բախտը ունեցայ ընդունուելու այս անսամբլում, 17 տարեկան էի, 1971ին։ Այնքան երջանիկ էի, որ նախ աշակերտեցի մեր այդ հռչակաւոր մեծ երգչին՝ Վաղարշակ Սահակեանին, որ արմատներով պարսկահայ էր, Սալմաստի Փայաջուկ գիւղից, Րաֆֆու գիւղից։
Թէեւ անսամբլը ցրուեց, բայց պատանուս մէջ մնաց մշտական երազանք՝ մի օր վերականգնելու այս սիրուած անսամբլը, որը Վաղարշակ Սահակեանի գործունէութեան ընթացքում վերանուանուեց Սայաթ-Նովայի անուան գուսանական երգի վաստակաւոր անսամբլ, յետոյ, երբ 1992 թուականին վերականգնեցինք 20 տարի դադարից յետոյ, մենք յստակեցրինք, որ այս արուեստը ոչ թէ գուսանական է, այլ աշուղական, որովհետեւ գուսանականը մեր հնագոյն, հեթանոսական շրջանի մշակոյթն է, շատ բարձր, եւ ամէն ժողովուրդ չէ, որ այդպիսի հնագոյն արժէքներ ունի իրեն հասած։ Գուսանական հնագոյն երգը ազատ ոճի ստեղծագործութիւն է, աշուղականը կուռ եւ կայուն օրէնքների, տաղաչափական եւ մեղեդային կանոնների արուեստ է։
Մի խօսքով՝ մենք վերականգնեցինք ճշմարտութիւնը։ Որովհետեւ այդ անսամբլին գուսանական կոչելը եւ ընդհանրապէս հայ աշուղներին գուսան վերանուանելը թիւրիմացութեան արդիւնք էր, ստալինեան տարիներին, կարծելով որ գուսանը հայերէն է, աշուղը՝ թուրքերէն։ Մինչդեռ, ո՛չ գուսանն է հայերէն, ո՛չ աշուղը, խորքին մէջ։ Բայց երկուսն էլ հայերէնին համահունչ բառակազմական օրէնքներով են ձեւակերպուել եւ միանգամայն հայերէն են։ Աշխարհում ուրիշ ոչ մի ժողովուրդ աշուղ բառը հէնց այս ձեւակերպմամբ չունի։ Արաբերէնից է գալիս աշուղ բառը, արաբները աշք են ասում, թուրքերը` աշիք, պարսիկները` էշխ, Միջին Ասիայի ժողովուրդները` աշքիա։ Աշուղը միայն հայերիս մէջ է աշուղ ձեւակերպումով, եւ որքան էլ զարմանալի է, որ ոմանք հրաժարւում են այս եզրոյթից, մինչդեռ ռուսերէնին անցել է այս բառի ո՛չ թուրքական տարբերակը, ո՛չ պարսկական, ո՛չ ուզբեկական, այլ հայկականը, նրանք ասում են աշուղական արուեստ, արեւելեան աշուղներ, այսինքն հայկական բառն են փոխ առել եւ ոչ թէ, ըսենք, թուրքերէն, արաբերէն, պարսկերէն կամ այլ լեզուից։
1992 թուականին վերականգնուած «Սայաթ-Նովա» անսամբլը կոչուեց «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլ։ Դեռ Վաղարշակ Սահակեանի ղեկավարութեան տարիներից անսամբլը ձեռք բերեց, այսինքն պետութիւնը նրան շնորհեց վաստակաւոր անսամբլի կոչում, որը մեզ համար աւելացնում է մեր պատասխանատուութիւնը նաեւ այդ կոչման առաջ, մեր ժողովրդի առաջ։
Կրնա՞ք խօսիլ ձեր հիմնած աշուղական դպրոցի եւ հայ աշուղների միութեան մասին։
«Սայաթ-Նովա» մշակութային միութեան գլխաւոր նպատակն է մէկտեղել, հաւաքել, պահպանել, հրատարակել, զարգացնել եւ տարածել հայ աշուղական արուեստը։ Այս ճանապարհին հասկացանք, որ բացի «Սայաթ-Նովա» աշուղական անսամբլից պէտք է ունենալ մի հաստատութիւն, որտեղ պիտի ուսուցանուի այս արուեստը եկող սերընդին, որպէսզի ոչ միայն մենք դառնանք այդ ամէնի կրողները, այլ մենք նաեւ փոխանցենք գալիք սերունդին։ Եւ «Սայաթ-Նովա» մշակութային միութիւնը հիմնադրեց Ջիւանու անուան աշուղական դպրոցը, որտեղ պարբերաբար ամէն տարի սովորում են միջին թուով 150, 160 կամ 170 երեխայ, 5 տարեկանից մինչեւ 20, 25, նոյնիսկ 30 աւելի։
«Սայաթ-Նովա» մշակութային միութիւնը նաեւ հաւաքեց, քով-քովի բերեց մեր ժամանակներում մեզ հետ ապրող աշուղներին, որոնք մի տեսակ մնացել էին բոլորի ուշադրութիւնից դուրս, եւ 1997 թուականին հիմնադրուեց ե՛ւ Ջիւանու անուան աշուղական դպրոցը, ե՛ւ Հայ աշուղների միութիւնը, որի մէջ շուրջ 40 աշուղներ են ընդգրկուած, տարբեր սերունդներից` աւագ, միջին եւ երիտասարդ։
Ուրիշ ի՞նչ գործունէութիւն կը ծաւալէ «Սայաթ-Նովա» մշակութային միութիւնը։
2000 թուականին մշակութային միութիւնը ստեղծեց աշուղագիտական կենտրոն։ Մի փոքրիկ գիտական հաստատութիւն, որտեղ աշխատում են թուով շատ քիչ, բայց փրոֆեսիոնալ մասնագէտներ` աշուղագէտներ, բանասէրներ, երաժիշտներ, եւ այս աշուղագիտական կենտրոնը ոչ միայն հաւաքագրեց մեզ հասած ժառանգութիւնը հայ աշուղական արուեստի, այլ նաեւ ծաւալեց հրատարակչական աշխատանք։ Հրատարակել ենք մեր օրերի բազմաթիւ աշուղների երգերի ժողովածուները, եւ ամենալուրջ գործը, որ հիմա արւում է դա «Գանձարան հայ աշուղական երգերի» մատենաշարն է, որ պիտի ունենայ շուրջ 20 հատոր եւ աւելի։ Բոլոր հատորները իրենցից ներկայացնում են հեղինակի ստեղծած մեղեդին եւ խօսքը, նոթագրուած եւրոպական ձայնանիշերով։
Առաջին հատորը հրատարակել ենք 2012 թուականին՝ «Սայաթ Նովա», 31 ստեղծագործութիւններ։
Երկրորդ հատորը՝ «Սայաթ-Նովան աշուղների խաղերի մէջ», կը պարունակէ 50 աշուղների 60 երգ, որոնք ձօնուած են Սայաթ-Նովային։ Մենք մինչեւ բեմ հանելը կատարում ենք շատ լուրջ ուսումնասիրական եւ գիտական աշխատանք, երգը լուրջ սկզբունքներով մաքրելու, գործիքաւորելու առումով, որպէսզի այն հնչի «Սայաթ Նովա» անսամբլի կատարմամբ։ Եւ ահա այս մեր կատարումներն է, որ մենք այս ժողովածուների միջոցով ներկայացնում ենք մեր երաժշտասէր եւ լայն հասարականութեանը։
Երրորդ հատորը` Աշուղ Սազայի. «Անիրաւ աշխարհ»։ 19րդ դարի մեր նշանաւոր աշուղն է, Ջիւանու մօտ ընկերը, այն երիտասարդ աշուղը, որ, այսպէս ասած, յայտնաբերեց Ջիւանուն եւ իր հետ տարաւ Թիֆլիս։ Աշուղ Սազային այս առումով էլ է շատ մեծ, բայց, որ աւելի կարեւոր ենք համարում, մեծ է իր թողած արուեստի ժառանգութեամբ։ Մի անուն, որ շատ քիչ է յայտնի մեր ժողովրդին, բայց յանիրաւի։ Միանգամայն արժանի է, որ մեր ժողովուրդը ճանաչի, սիրի եւ երգի նրա ստեղծագործութիւնները։
Չորրորդ հատորը՝ Ջիւանու 47 ստեղծագործութիւններ, լաւագոյնները, մեր ճաշակով ընտրուած, որոնց գերակշիռ մասը կատարուել է «Սայաթ-Նովա» անսամբլով։
Արդէն աշխատանքներ ենք սկսել յաջորդ հատորի՝ Աշուղ Շերամի ստեղծագործութիւնների հատորի համար։
Այսօրուան աշուղական գործերը ի՞նչ բովէ կ՚անցնին մինչեւ բիւրեղանան։
Աշուղը ստեղծում է երգը, ներկայացնում է մեզ, այն ուսումնասիրւում է, խմբագրւում է աշուղագիտական կենտրոնում, նոթագրւում է, դարձւում պատրաստի արտադրութիւն եւ ներկայացւում է «Սայաթ-Նովա» անսամբլին ի կատարումն։ Այսօրուան աշուղի ստեղծագործութիւնը «Սայաթ-Նովա» անսամբլում կատարւում է, ներկայացւում է համերգի տեսքով, տարածւում է առաջին հերթին Ջիւանու անուան աշուղական դպրոցում, իսկ եթերով այն արդէն ունենում է լուրջ մասսայականացում։ Հետագայում այդ նոյն երգերը ընդգրկւում են ժողովածուների մէջ։ Այսինքն ստեղծագործողից ելաւ, եկաւ գործը աշուղագիտական կենտրոն, խմբագրուեց, յստակեցուեց, աշխատուեց վրան, կատարուեց «Սայաթ-Նովա» անսամբլի կողմից, տարածուեց Ջիւանու դպրոցում եւ մեր ժողովրդի մէջ, եւ վերջում՝ «Սայաթ-Նովա» անսամբլի կատարելուց յետոյ այն ձայնագրւում է մեր ձայնագրման սթուտիայի մէջ եւ դառնում պատրաստի գործածութեան նիւթ, ձայնագրութեան տեսքով։
Ձեր այս գործունէութեան համակարգը պետական աջակցութիւն կամ հովանաւորութիւն ունի՞։
Բացարձակապէս։ Ո՛չ մի կապ, ո՛չ մի աջակցութիւն։ Բայց, ազնիւ պէտք է լինեմ ասելու, որ բազմաթիւ այլ ծրագրեր պետական աջակցութիւն ունենում ենք էլ չեմ ասում, որ աւելի շատ ունենում ենք մասնաւոր հայրենասէր հայորդիների աջակցութիւնը։
Կրնա՞ք քիչ մը խօսիլ ձեր անձին մասին, տալ կենսագրական գիծեր։
Ծնուել եմ 1954 թուականին, Փետրուարի 16ին, Հայաստանի Լոռուայ Սարչապետ գիւղում, Տաշիրի շրջան։ Նախնիներս 1828 թուականին գաղթել են Ալաշկերտից եւ Մուշից։ Դեռ փոքր էի, երբ մեր ընտանիքը վերաբնակւում է Թիֆլիս։ Ծնողներս խելացի են գտնուել եւ ինձ տուել են հայկական կրթութեան։ Այդ ժամանակ Թիֆլիսում ունէինք 40 հայկական դպրոց։ Աւարտելուց յետոյ եկել եմ հայրենիք, առաջին տարին ընդունուել եմ աշխատանքի «Սայաթ Նովա» անսամբլի մէջ, մէկ տարի անց անսամբլը ցրուեց, եւ ես ընդունուեցի Էջմիածնի հոգեւոր ճեմարան։ Մէկ տարի ուսանելուց յետոյ ուսումս շարունակել եմ Կիրովականի (այժմ Վանաձոր) մանկավարժական ինստիտուտի բանասիրական բաժնում։ Դարձել եմ հայոց լեզուի եւ գրականութեան մասնագէտ ուսուցիչ, յետոյ գործուղղուել եմ Աբովեանի շրջանի բարձր լեռնային գիւղ որպէս ուսուցիչ, 1980 թուականին ընդունուել եմ Թաթուլ Ալթունեանի անուան Հայաստանի Ժողովրդական երգի պարի պետական վաստակաւոր անսամբլ։ 15 տարի աշխատել եմ այնտեղ, որի շրջանակներում եղել եմ աշխարհի տարբեր բազմաթիւ երկրներում, առաւելապէս հայ համայնքներում։ 1980 թուականին ընդունուել եմ Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց, որը աւարտել եմ 1985ին։ Կենսագրութեանս վերջին ժամանակաշրջանի մասին արդէն բաւականին մանրամասն խօսեցինք վերեւ։
Ձեր եզրափակիչ խօսքը մեր ընթերցողին։
Ցեղասպանութեան 100րդ տարելիցին առթիւ մենք ծրագրեցինք շրջագայութիւն դէպի Ռուսաստանի տարբեր քաղաքներ եւ Արեւելեան Եւրոպայի տարբեր երկրներ։ Մեր փափաքն է, որ այցելենք նաեւ Արեւմտեան Եւրոպայի երկրներ, որոնց կարգին՝ Ֆրանսիա։
Մեր մասին աւելի մանրամասն տեղեկութիւնների համար կարող էք դիմել մեր կայքին՝ sayat-nova.org.
ԳՐԻԳՈՐ ԴԱՒԻԹԵԱՆ
- France Armenie