
«Ոչ թէ հատուցում, այլ տարածքի վերադարձ կը պահանջենք»
Թուրքիան վերջերս Ձեզ ճանաչեց՝ Թուրքիայից Սիսի կաթողիկոսարանը ետ ստանալու Կիլիկիայի Հայոց Կաթողիկոսութեան դատավարութեամբ: Ո՞րն է այս դատավարութեան էութիւնը: Կիլիկիայի Կաթողիկոսութիւնը ի՞նչ պահանջներ է ներկայացնում:
Կիլիկիայի Հայոց Կաթողիկոսութիւնը ցանկանում է ետ ստանալ սեփականութեան իրաւունքը Ատանայի Քոզան գաւառում գտնուող այն հողակտորի, որը 1293-1915 եղել է Կաթողիկոսութեան կրօնական կեդրոնն ու սրբավայրը, որտեղ գտնւում են Սուրբ Սոֆիա վանքն ու եւս մէկ եկեղեցու աւերակներ:
Սահամանդրական Դատարանում սկսած մեր դատավարութեան բուն էութիւնը սա՛ է:
Որքան էլ որ դատավարութեան ժամանակ սեփականութեան իրաւունքի վերադարձի հետ մէկտեղ 100 միլիոն թրքական լիրա հատուցում պահանջուի, սա լոկ իրաւական պարտադրուածութիւն է, որին ստիպուած էինք գնալ՝ միայն Սահմանադրական Դատարանի խնդրագրի ձեւը լրացնելու համար: Մեր դատավարութիւնը երբեք հատուցման պահանջ չի ներկայացրել: Մեր գլխաւոր նպատակը սեփականութեան իրաւունքը վերադարձնելն է:
Այս պահանջներն իրաւական հիմք ունե՞ն: Եթէ դրական հանգուցալուծուի, ի՞նչ կը լինի: Ի՞նչ վիճակում է դատավարութեան թղթապանակը:
Հաստատութիւնը կամ անձը, որ Թուրքիայում չի բնակւում, կարող է թրքական դատարանում դատական հայց ներկայացնել: Այս դատավարութեան առանձնայատկութիւնն այն է, որ սեփականութեան իրաւունքը վերականգնել ցանկացող Կաթողիկոսութիւնը 600 տարուց ի վեր եղել է այստեղի տէրն ու ղեկավարը: Հայցի վերաբերեալ ապացոյցները շատ-շատ են: Ամենակարեւոր փաստարկը Քոզանում դեռևս կանգուն աւերակներն են:
Եթե այս դատավարութիւնը մեր օգտին ընթանայ, ապա նախադէպ կը դառնայ միւս եկեղեցիների եւ վանքերի սեփականութեան իրաւունքի վերադարձի համար:
Սահմանադրական Դատարանը վերջերս մեզանից պահանջեց Կաթողիկոսութեան լիազօրագիրը:
Աշխարհի տարբեր միջազգային իրաւաբաններից հարցրել ենք նրանց կարծիքը ցեղասպանութեան սահմանման և ժխտման վերաբերեալ: Դուք ի՞նչ տեսակէտ ունէք «ցեղասպանութեան ժխտումը» յանցանք համարող օրէնքների վերաբերեալ:
Բնականաբար մարդկութեան դէմ յանցանքը՝ ցեղասպանութիւնը, չի կարելի պաշտպանել, սակայն որոշ երկրներ այս հարցում ազատական դիրքորոշում ունեն: Օրինակ՝ Ա.Մ.Ն.ում և Անգլիայում հրեաների ցեղասպանութիւնը կարելի է ժխտել: Այս երկրներում ցեղասպանութիւնը ժխտելը յանցանք չի համարւում: Երկրներում, որոնք մասնակցութիւն են ունեցել ցեղասպանութեանը, ձեռքերը մաքուր չեն կամ էլ ցեղասպանութիւնները մեծ ազդեցութիւն են ունեցել, օրինակ՝ Գերմանիա, Աւստրալիա, Ֆրանսա, յանցանք է համարւում: Յատկապէս ուշադրութիւն հրաւիրելով մեր երկրում գոյութիւն ունեցող հակասեմականութեան վրայ՝ պնդում եմ, որ ցեղասպանութեան ժխտումը յանցանք լինի:
Ըստ Ձեզ՝ ցեղասպանութիւնը ժխտելը իրաւո՞ւնք է, թէ՞ իրաւունքի ոտնահարում: Ժխտման պատիժը ի՞նչ պէտք է լինի:
Ես ընդունում եմ, որ հայերի տեղահանութիւնը ցեղասպանութիւն է: Գիտեմ, որ ցեղասպանութիւն բառի հեղինակ Ռաֆայէլ Լեմքինը Միացեալ Ազգերի՝ Ցեղասպանութեան մասին կոնվենցիան (ուխտագիրը) պատրաստելիս յղում է կատարել Հայոց Ցեղասպանութեանը եւ այդ դէպքը հիմք ըդունելով՝ կազմել է կոնվենցիան և ստեղծել բառը: Նա էլ էր կարծում, որ այս դէպքը ցեղասպանութիւն է: Այս դէպքը հրեաների ցեղասպանութիւնից տարբերւում է նրանով, որ տեղի է ունեցել 30 տարի առաջ, և նրա վերաբերեալ Նիւրէնպերկի դատարանի նման միջազգային որեւէ դատարանի կողմից կայացուած որոշում չկայ: Այս իրաւական փաստարկով, որը փորձեցի ներկայացնել, Հայոց Ցեղասպանութեան ժխտումը արգելող լծակը աւելի շատ քաղաքական հիմք ունի, քան՝ իրաւական: