Օփերայի եւ պալէի ազգային ակադեմական թատրոնի սրահին մէջ մեծ շուքով նշուեցաւ Արցախի հերոս, արցախեան ազատամարտի հրամանատարներէն Պետօ Ղեւոնդեանի 50-ամեակը:
Հանդիսութեան ընթացքին խօսքեր արտասանեցին Հայաստանի պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեան, Պետօ Ղեւոնդեանի եղբայրը եւ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեան:
Ստորեւ՝ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչին խօսքը:
Այսօր մեր Պետոյի, ընկեր Պետոյի ծննդեան 50-ամեակն է. իսկ այս տարի նրա մահուան 20-րդ տարելիցն է: Բայց որքան թարմ է մեր յիշողութեան մէջ նա: Մեր յիշողութեան մէջ յաճախ միասին են Պետոն, Կարօտը եւ Հրաչը:
Այժմ երեքն էլ վերածուել են խորհրդանիշի. գերուած Կարօտը՝ գերուած Շահումեանի ու Գետաշէնի, դեռեւս պաշտօնապէս հերոսի կոչում չստացած, բայց իրա՛ւ Հերոս Պետոն՝ յաղթանակած Արցախի, որ իր իրաւական յաղթանակին է սպասում, իսկ Հրաչը՝ թշնամուն յաղթած, սակայն զոհ դարձած վատին ու ստորին, պետականութեան անարդար պայմաններում ու ազգային ինքնուժը մսխող մեր իրականութեան մէջ:
Նրանց յիշատակը մեզ մօտ վառ է ու առօրեայ, յատկապէս երբ դեռ գերուած է հայկական հողը, երբ դեռ թշնամին նենգ ներկայութիւն է մեր սահմաններին, երբ մեր կեանքում դեռեւս չկայ արդարութիւն, չկայ զօրեղ, կազմակերպուած, արդարամիտ եւ հոգատար հայկական պետականութիւն:
Կարօտը, Պետոն, Հրաչը ու նրանց հետ հազարաւոր մեր ընկերները Արցախի ազատամարտին մասնակցեցին՝ ժողովրդային պոռթկումը քարերով կռուից հասցնելով ազգային ազատագրական պայքարի մակարդակի: Ինքնապաշտպանական խմբերից մինչեւ փարթիզանական խմբեր եւ մինչեւ հայոց բանակի ստեղծում ու Արցախի ազատագրում:
Պետոն ներկայ է եղել Արցախի ազատագրական պայքարի բոլոր հանգրուաններում: Նա հէնց այնպէս ներկայ չի եղել Արցախի ազատամարտում: Առաջին օրից նա իր զինակից ընկերների հետ ծրագրել, կազմակերպել, իրականացրել եւ ոգի է տուել այդ պայքարին: Անկախ նրանից եղել է շարքային զինուոր, դասակի հրամանատար, թէ գումարտակի փոխհրամանատար, նա միշտ էլ եղել է մեր բոլորի հրամանատարը, իրակա՛ն հրամանատարը: Իր անմնացորդ նուիրումով, անհատնում ներուժով, համեստ պահուածքով նա կենդանի օրինակ էր բոլորի համար, մարդ, որ հրամանատարութիւնը չէր պարտադրում ձեւական պահուածքով ու պաշտօնականութեամբ, այլ՝ իր իսկ օրինակով եւ առանց զգացնել տալու՝ մղում էր զինուորին իրականացնելու բոլոր հրամանները:
Մեր ընկերները՝ Պետոյի, Հրաչի, Թաթուլի, Արթուրի, Վարդանի եւ միւս հարիւրաւոր մեր նահատակ ընկերների գլխաւորութեամբ մարտի դուրս եկան, որպէսզի ազատագրեն հայկական հողը, որպէսզի վերջ դնեն հայ ժողովրդի 9 դարեայ անկման ընթացքին, որպէսզի յաղթեն անարդարութեանը, թշնամուն, որպէսզի այլեւս մեզ ոչ ոք ու նաեւ մենք մեզ չընկալենք իբրեւ կոտորուող, գաղթող ժողովուրդ, այլ՝ մարտնչող մի ժողովուրդ, որ ընդունակ է յաղթելու իրենից շատ աւելի մեծ ուժին, որ կարող է իր հայրենի գիւղերն ու աւանները ազատագրել, կարող է Արաքսն էլ անցնել ու վերջապէս՝ մի օր իրականութիւն դարձնել Ազատ Անկախ Միացեալ Հայաստանի ազգային երազանքն ու նպատակը:
Մեր կազմակերպութեան ներքին շաղախը ծրագրի, կանոնագրի, արժէքների հետ միասին եղել են մեր նահատակները: Մենք դեռ օրին յայտարարել ենք՝ մեր գերխնդիրը Արցախն է եւ մենք հաւատարիմ ենք մնացել մեզ, այսօր էլ նոյնն է եւ ոչ մի բան չի կարող պատճառ հանդիսանալ, որ մենք կորցնենք այն ինչ ձեռք ենք բերել մեր ընկերների կեանքի գնով:
Մենք սովորել ենք հայրենիքին ծառայել անմնացորդ նուիրուածութեամբ, մենք ոչ մէկի համար չենք կռուել, այն ինչ արել ենք՝ արել ենք մեր հայրենիքի ու ժողովրդի համար: Մեր կատարած գործը մեզ արտօնութիւններ չի տալիս, մենք մեր հպարտութիւնը սակարկութեան նիւթ պէտք չէ դարձնենք, մենք ապրում ենք մեր ժողովրդի պէս ու նրա հետ միասին պէտք է ազատագրուենք բոլոր տեսակի կապանքներից, նրա հետ միասին պէտք է բարելաւենք մեր կեանքը: Թող ոչ ոք, խաղաղ այս պայմաններում, չշեղուի այն բարոյական ուղուց, որ պետոների հետ քայլել ենք միասին, թող ոչ ոք ականջ չկախի հակակուսակցական քարոզչութեանը, հակակուսակցականութիւնը եւս կուսակցականութիւն է: Թող ոչ ոք ազատամարտիկների անունը շահարկելով չփորձի նոր կուսակցականութիւն խաղալ: Այն դրօշը, որ մեզ առաջնորդեց Արցախի ազատագրութեան, այդ նոյն դրօշը մեր երկրում հաստատելու է արդարութիւն, ազգային պետականութիւն եւ բարօրութիւն:
Փա՛ռք բոլոր նահատակներին,
Փա՛ռք մեր նահատակ ընկերներին,
Փա՛ռք Պետոյին: