Սիրելի հայրենակիցներ,
մօտենում է աւարտին 2013 թուականը եւ մենք ձեզ հետ պատրաստւում ենք դիմաւորել 2014 թուականը: Այսօր կառավարութեան անդամները գտնւում են զօրամասերում, որպէսզի շնորհաւորեն մեր զինուորների Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը:
2013 թուականին Գերագոյն գլխաւոր հրամանատարի ղեկավարութեամբ մենք ջանք չենք խնայել ամրապնդելու մեր բանակի մարտունակութիւնը եւ բարձրացնելու մեր զինուորների պրոֆեսիոնալ պատրաստուածութեան աստիճանը:
Չկայ որեւէ խնդիր, որ մենք չկարողանանք լուծել համատեղ ջանքերով, ուղղակի հարկաւոր է հաւատալ: Առաջին հերթին ցանկանում եմ նշել, որ մենք ունենք ապահով եւ անվտանգ Հայաստան՝ շնորհիւ մեր զինուորների, միւս կողմից՝ մենք քաջ գիտակցում ենք, որ հէնց նրանք են ստեղծում յուսալի երաշխիք մեր պայծառ ապագայի համար:
2013 թուականը մեզ համար դժուարին տարի էր, ունեցանք յաջողութիւններ՝ արդիւնաբերութեան, տեղեկատըւական տեխնոլոգիաների, գիւղատնտեսութեան, զբօսաշրջութեան ոլորտներում, ունեցանք նաեւ բացթողումներ: Օրինակ՝ շինարարութիւնում աճի տեմպերն ամէնեւին մեզ չեն բաւարարում: Միեւնոյն ժամանակ, ցանկանում եմ նշել, որ յաջողութեան հասնելու համար մեզ փոքրինչ պակասում է վստահութիւնը, փոխադարձ յարգանքը: Ցանկանում եմ, որ այսօր՝ Նոր տարուայ նախաշեմին, ամփոփելով անցնող տարուայ արդիւնքները, լցուենք լաւատեսութեամբ, որովհետեւ այն մեզ հաղորդում է նոր լիցք՝ յաղթահարելու մարտահրաւէրները եւ նոր դժուարութիւնները:
Ցանկանում եմ ձեզ խաղաղութիւն, համերաշխութիւն, սէր ձեր ընտանիքներում:
Աստուած մեզ պահապան: