ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Այս տարի կ՛ամբողջանայ Արցախի հերոս, ազգային-ազատագրական պայքարի մարտիկ Պետրոս Ղեւոնդեանի ծննդեան 50ամեակը:
Այս առիթով Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան եւ Զարգացման ծրագիրներու հայկական կեդրոնին նախաձեռնութեամբ, «Մայր Հայաստան» զինուորական թանգարանին մէջ ընթացք առաւ հերոսին նուիրուած գիտաժողովը:
«Պետոն իսկապէս լեգենդ (առասպել) էր: Նրա կերպարը ոգեշնչել եւ այսօր էլ ոգեշնչում է այն զինծառայողներին, ովքեր շարունակում են նրա գործը՝ սահմանների պաշտպանութիւնը: Նախատեսուած է կազմակերպել եւս մի քանի միջոցառում՝ նուիրուած Պետոյին: Այս գիտաժողովով մենք մէկ անգամ եւս արժեւորում ենք նրա անցած ճանապարհը, խօսում նրա կերպարի, թողած ռազմահայրենասիրական արժէքների մասին: Միջոցառմանն ընդգրկուած են բոլոր այն ոլորտների ներկայացուցիչների զեկոյցները, որոնք պատասխանատու են երիտասարդ սերնդի դաստիարակութեան հարցում: Պետոյի անցած ուղին բոլորս գիտենք: Ցաւօք, 1994ին ընդհատուեց զինուորի եւ մեծ մտաւորականի կեանքը: Հերոսները մեզ հետ են, նրանք մեզ ոգեշնչում են իրենց հոգեւոր ներկայութեամբ», գիտաժողովի սկիզբը յայտնած է Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան տեղեկատուութեան եւ հասարակութեան հետ կապերու վարչութեան պետ, գնդապետ Վանիկ Մինասեանը: «Հերոսին յիշելը եւ նրա գործունէութեանն անդրադառնալը շնորհակալ գործ է: Արցախեան ազատամարտը հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի բաղկացուցիչ մասերից մէկն է: Ցանկացած պայքար ունենում է իր հերոսները, իսկ Պետոյի գործունէութիւնն ապացուցում է, որ նա Արցախեան ազատամարտում ունեցել է յիրաւի պատմական նշանակութիւն: Եթէ Պետօն եւ իր զօրամասը չլինէր, թշնամիները գուցէ կարողանային ներխուժել մինչեւ Զանգեզուր», դիտել տուած է «Մայր Հայաստան» զինուորական թանգարանի տնօրէնի գիտական գծով տեղակալ, պատմական գիտութիւններու դոկտոր, փրոֆեսէօր Համլէտ Գէորգեանը:
Զեկոյցներով հանդէս եկած են նաեւ «Պատանի պատմագէտների ակումբ» կազմակերպութեան նախագահ Արա Յակոբեանը, «Երիտասարդութեան կամք» կազմակերպութեան նախագահ Աննա Գրիգորեանը, Շահումեանի տարածքային զինուորական պատասխանատուներէն Ռոմիկ Մարգարեանը: «Մայր Հայաստան» զինուորական թանգարանի տնօրէն Աւագ Յարութիւնեան իր խօսքին մէջ շեշտած է, որ թանգարանը՝ օգտագործելով ժամանակակից արհեստագիտութիւնները, լծուած է մեր արժէքներու աշխոյժ քարոզչութեան: