Print
Category: Հայաստան-Արցախ

Հայաստանը ես եմ: 
Հայաստանի փոքրիկ մասը: Նրա մարմնի ու հոգու ամենաջերմ կտորներից մէկը: Ազատ իմ երկրում ազատ եմ, ոտքս էլ գետնին դնելուց առաջ՝ վստահ  ու համարձակ:
Այստեղ ծնուած օրւանից երազել եմ ու դեռ շարունակում եմ երազել: Երկրիս հետ մեծացել եմ ու դժուարութիւններ յաղթահարել: Բայց անցեալի դժուարութիւնների մասին բաւ է խօսել ու անվերջ տառապել: Պէտք է առաջ շարժուել:
Հայաստանի փոքրիկ մասնիկը, այսինքն՝ ես, Հայաստանում իրեն իսկապէս տանն է զգում: Քայլում է հպարտ, երջանիկ, իր նման շատ ու շատ մասնիկների կողքին: Հասակակիցս ունի

թերութիւններ ու շատ խնդիրներ, որոնք յաճախ կոտրում եմ թռիչքի պատրաստ թեւերս ու ստիպում են գլխիկոր քայլել: Բայց ես անյոյս լաւատես եմ ու գիտեմ՝ Հայաստանը դեռ խենթ ու խելառ 20 ամեայ երիտասարդ է, որին ինձ պէս թոյլատրելի են սխալներ: Այդ սխալներն պար¬ զապէս պէտք է ժամանակին գիտակցել ու ուղղել, որ դրանք չմեծանան ու ձնագունդ չդառնան:
Հայաստանի փոքրիկ մասնիկը լինելով՝ ներուժիս ու գիտելիքներիս շնորհիւ ցանկանում եմ գնահատելի լինել հէնց իմ երկրում, ինչպէս որ Հայաստանն է ուզում ըստ արժանաւոյնս գնահատուել աշխարհի կողմից: Տարիների ընթացքում Հայաստանի հետ սովորել եմ յաղթել ու պարտուել, լալ ու խնդալ, երբեմն արհամարհուել ու ընկճուել եմ, բայց երբեք էլ չեմ դադարել պայքարել: Չէ՞  որ ունեմ Հայաստանի նման ուժեղ հասակակից, ով նման է ինձ. նա էլ է միշտ պայքարող:
Եթէ Հայաստանում ես երկրիս փոքրիկ մասնիկ եմ, ապա Հայաստանից դուրս հէնց Հայաստանն եմ: Երբեմն տպաւորութիւն է, թէ ես երգիչ եմ կամ դերասան, ով դրօշը ձեռքին երկիր է ներկայացնում: Չէ՛, գտայ բառը՝ ես չարտօնագրուած դեսպան եմ: Եւ դա ամենեւին էլ պարտադրանք չէ, դա մասնիկի հոգու կանչն է:
Հայաստանից դուրս Հայաստանը հզօր է. չէ՞ որ երկրի ներսում ստացել է գի¬ տելիքներ, որոնց շնորհիւ կարող է ցանկացած հարցի շուրջ բանավիճել ցանկացածի հետ: Ճակատիս պարզապէս գրուած է՝ ՀԱՅԱՍՏԱՆ: Հայրենիքից հեռու միեւնոյն է, ես եմ, ես եմ Հայաստանը՝ հզօր ու անսասան:
Ու այստեղ, Հայաստանից բազում քիլոմեթրեր հեռու, ես ունեմ նպատակ՝ պատմել բոլորին իմ մասին, Հայաստանի մասին: Իսկ պատմելու շատ բան կայ՝  հնագոյն ժողովուրդ, բազմադարեայ պատմութիւն, երեք հանրապետութիւն, պատերազմներ, աշխարհին ճշմարտութիւնը ներկայացնելու ու յաղթելու մեծ ձգտում:
Ներքին խնդիրներս էլ դրսի ականջների համար չեն: Դրանք իմն են, անձնականը, որ հէնց երկրիս ներսում պէտք է լուծել՝ իմ ու ինձ նման երիտասարդ մասնիկ¬ ների մեծ ջանքերով: Ուժեղները միայն կարող են ներքին խնդիրները թողնել ներսի համար: Դրսում պէտք է պայքարել մեր ոտնահարուած իրաւունքների համար, որ յետոյ հանգիստ խղճով կարողանաս յետ գալ Հայաստան, միանալ միւս մասնիկներին ու շարունակել արդէն ներսի պայքարը՝ աշխատելով երիտասարդ 20-ամեայ պատանուն հնարաւորինս հեռու պահել սխալներից ու ճիշդ ուղով ընթանալ նրա հետ միասին՝ ձեռք ձեռքի:
Հպարտ, երջանիկ, ընկճուած, երբեմն ոչ արժանաւոյնս գնահատուած ու արհամարհուած, բայց մեծ երազանքներով ու նպատակներով Հայաստանն եմ ես …

ԼԵՆԱ ԲԱԴԱԼԵԱՆ