Print
Category: Հայաստան-Արցախ

ՀՀ նախագահը իր շնորհաւորական խօսքին մէջ ըսաւ.¬ «Շնորհաւորում եմ բոլորիս այս հիասքանչ տօնի՝ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-ամեակի կապակցութեամբ: Այսօր հաւաքուել ենք նշելու ամենանուիրական ձեռքբերման, մեր անկախ հայրենիքի ծննդեան տարեդարձը: Ինչպէս ցանկացած տարեդարձ, այս դեպքում էլ մենք առանձնայատուկ ոգեւորութեամբ ենք յիշում բոլոր բերկրալի պահերը, վերապատմում քաղցր յուշերը, հպարտութեամբ նշում ձեռքբերումները:

Այսինքն ճիշդ այնպէս, ինչպէս 20-ամեայ պատանու յոբելեանի օրն իրենց կը պահէին բոլոր բարի կամեցողները, հարազատներն ու ծնողները: Այս օրերին հաճոյքով յիշում ենք յոբելեարի առաջին քայլերը, ի լուր աշխարհի արտասանած առաջին խօսքերը, յաղթահարած առաջին բարձունքներն ու ամենամեծ յաջողութիւնները: Դա, անշուշտ,  բնական է, եւ  ոչ այլ ինչ է, քան բոլորիս անսահման սիրոյ ուղղակի արտայայտութիւնը: Եթէ յիշում էք, ճիշդ այդպէս է պահել իրեն մեզնից իւրաքանչիւրը սեփական զաւակների 20-ամեակները նշելիս:
Բայց մենք շատ լաւ հասկանում ենք, որ տարեդարձը նաեւ կորուստների ու սխալների մասին է կրկին յիշեցնում՝ մե՛ր կորուստների ու մե՛ր սխալների մասին: Այո՛, ունեցանք նահատակներ, ովքեր իրենց անձնազոհ   սխրանքով նորանկախ երկրի համար ապրելու ճամբայ  հարթեցին: Մենք մեր մոմերն ենք վառում նրանց պայծառ յի¬ շատակին, իսկ նրանց հերոսութեան շնորհիւ այս օրերին նաեւ բազում տօնական տորթերի վրայ հազարաւոր տօնական մոմեր կը վառուեն: Դրանք կը լինեն կեանքի մոմեր, ու հէնց դրա համար էր մի ողջ ժողովուրդ մահուան դէմ ելլել:
Ունեցանք նաեւ կորուստներ ու սխալներ, որոնք մեր չիմացութեան կամ անկազմակերպուածութեան արդիւնք էին: Այդ սխալների համար առնուազն հարկ է ներողութիւն հայցել: Անշուշտ, քսանամեայ պատանուն այդ ներողութիւնն ամենեւին էլ պէտք չէ, այն հէնց մեզ է պէտք. մեզ, որ առանձին դէպքերում չկարողացանք պահպանել մեր ընկերների կեանքը, որ դեռ չենք կարողացել ապահովել բոլոր ընտանիքների բարեկեցիկ ու արժանավայել կենցաղը, որ երբեմն անգամ չենք վարանել բառի բուն իմաստով իրար դէմ ելնել, որ ծննդեան տօնակատարութեան պահին անգամ տօնական սեղանի շուրջ ունենք դատարկ աթոռներ: Տա՛ Աստուած, որ մե՛նք կարողանանք ներել մեզ՝  ժամանակին հասկանալով  ու ուղղելով մեր բոլոր սխալները:
 
Յարգելի՛ գործընկերներ,
Անկախութեան ողջ ընթացքում մեր խորհրդարանն իր ուրոյն դերն ու նշանակութիւնն է ունեցել պետութեան կայացման ու զարգացման գործում: Ցաւոք, մեր պատգամաւորներից ոմանք հեռացան կեանքից՝  մնալով բոլորիս յուշերում: Այսօր մեր շնորհավորանքն ու երախտագիտութիւնը պէտք է ուղղենք նրանց ընտանիքներին: Յաւերժ յիշատակ նրանց, եւ  թող սերունդները մշտական հպարտութեամբ յիշեն նրանց վաստակը:
Անկախ Հայաստանի բոլոր պատգամաւորներին, ովքեր իրենց նպաստն են բերել մեր երկրի կայացման, զարգացման, հզօրացման սուրբ գործին, ուզում եմ ասել շնորհակալութիւն: Ունեցել ենք եւ  ունենք քաղաքական տարբեր հայեացքներ, տարբեր մօտեցումներ, բանավիճել ենք, եկել ենք ընդհանուր համաձայնութեան կամ մնացել իւրաքանչիւրս մեր կարծիքին, հասկացել ենք իրար, երբեմն` ոչ: Էականն այն է, որ բոլորիս պէտք է միաւորէր եւ պէտք է միաւորի հզօր Հայաստանի պատկերացումը, մեր զաւակների համար մեր երազած պետութիւնը իրական դարձնելու մղումը, եւ  համոզւած եմ, այս հարցում եղել ենք, կանք ու պիտի լինենք միասնական` անկախ դրան տանող ճանապարհների տարբեր ընկալումներից ու պատկերացումներից:
Բոլորդ էլ տարբեր տարիների զբաղւած էք եղել օրինաստեղծ աշխատանքով: Ո՞վ կարող է աւելի լաւ,  քան դուք, պատկերացնել, որ պետութեան եւ  նրա օրէնսդրութեան հանդէպ յարգանքով ներշնչուած, մեր քաղաքացիների անվտանգ, արժանապատիւ եւ բարեկեցիկ կեանքի ապահովմանն ուղղուած ցանկացած քայլ, ջանք, գործողութիւն, մօտեցում կամ տեսակէտ արժանի է յարգանքի: Եւ պէտք է յստակ բարձրաձայնենք, որքան էլ տարբեր լինեն նշուած մօտեցումները` դրանք մեր հարստութիւնն են:
Վստահ եմ՝  մեր ուժն ու եռանդը պէտք է ծառայեցնենք անկախութեան սերնդին կայացած քաղաքական մշակոյթ կտակելու գործին: Քաղաքական մշակոյթ, որը կը բացառի հանրութեան տարանջատումը իւրայինների եւ օտարների, որը ենթադրում է առողջ բանավէճ՝ յանուն պետութեան եւ  քաղաքացու աւելի լաւ ներկայի եւ շատ աւելի լաւ ապագայի։
Կարծում եմ, որ մեր ողջ հասարակութիւնը, եւ  մանաւանդ այստեղ ներկայ գտնուող պատգամաւորները, ունեն առաքելութիւն` ձեւաւորել քաղաքական պայքարի եւ  գործունէութեան նոր աւանդոյթներ, այնպիսիք, որոնք հետագայ տարիների եւ  տասնամեակների համար կը բացառեն կամ նուազագոյնի կը հասցնեն հնարաւոր ցնցումներն ու անկայունութիւնը մեր երկրում: Աստիճանական, բայց հաստատուն առաջընթացը, վստահ եմ, մեր պարագայում այլընտրանք չունի: Համաձայնեք, որ այստեղ իւրաքանչիւրիցս շատ բան է կախուած:
Հաւատում եմ, որ մեր հասարակութիւնը բաւականաչափ հասուն է դրա համար: Առավել եւս, որ այդ հասունացման ճանապարհին մենք ունեցել ենք ոչ միայն նշանակալի ձեռքբերումներ, այլեւ  ունենք դառը փորձ:
Մեր 20-ամեայ  պետութեան համար գալիս են եւ մասամբ արդէն եկել են այնպիսի ժամանակներ, երբ մեր սխալները կարող են շատ թանկ արժենալ, բայց կայ եւ հակառակը: Դրանք ժամանակներ են, երբ մեր ճիշդ կեցուածքն ու վարքը կարող են սպասուածից անհամեմատ աւելի մեծ դրական արդիւնքներ արձանագրել: Արդիւնքներ, որոնց արժանի են եւ  որոնց սպասում են մեր երկիրն ու ժողովուրդը:
Այս լաւատեսութեամբ ու հաւատով մէկ անգամ  եւս շնորհաւորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-րդ տարեդարձի կապակցութեամբ եւ ասում.
Կեցցէ ՛Հայաստանի Հանրապետութիւնը»: