Print
Category: Հայաստան-Արցախ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեան, Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 22-ամեակին առիթով, Ամենայն Հայոց Գարեգին Բ. կաթողիկոսի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի հետ եւ Հայաստանի բարձրագոյն ղեկավարութեան ուղեկցութեամբ 21 Սեպտեմբերին այցելեց Եռաբլուր զինուորական պանթէոն, յարգանքի տուրք մատուցեց իրենց կեանքը հայրենիքի անկախութեան համար զոհաբերած հայորդիներու յիշատակին:

Նախագահ Սարգսեանի շնորհաւորական իր ուղերձին մէջ յայտնեց հետեւեալները.- «Արդէն քսաներկու տարի մենք շարժւում ենք մի նոր ճանապարհով, որը յաճախ նեղ է ու քարքարոտ մեր լեռնային կածանների պէս: Մենք քայլում ենք զգոյշ ու շրջահայեաց, որովհետեւ մեծ պատասխանատուութիւն ունենք մեր ուսերին: Սա Երուանդունիների ու Արտաշէսեանների Հայաստանն է, սա Արշակունիների եւ Բագ-րատունիների Հայաստանն է, սա նախորդ դարասկզբի Հայաստանի Հանրապետութիւնն է, որ արդէն մտել է Քրիստոսից յետոյ երրորդ հազարամեակ:

Վերելքներով ու վայրէջքներով լի է մեր ուղին, բայց դա մե՛ր ուղին է: Աջից ու, ձախից պաշարուած ենք. երբեմն՝ խրոխտ, երբեմն՝ նեղսրտած, բայց հաստատ դէպի լոյսն ենք գնում: Եւ յետ ենք բերելու բոլոր նրանց, ում չկարողացանք այս ընթացքում պահել մեր կողքին: Վերականգնելու ենք բոլոր կորուստներն ու անցեալում ենք թողնելու բոլոր զրկանքները: Յետ ենք նայելու եւ հպարտօրէն արձանագրելու ենք, որ միասին նրբօրէն անցանք միակ հնարաւոր նեղ կածանով: Անկասկած:

Մեր ժողովուրդը շատ երկար է ստիպուած եղել լուծել ոչ թէ զարգացման, այլ առաջին հերթին՝ գոյատեւման խնդիրներ: Այսօր առաջադրանքը փոխուած է. այժմ մենք կեանքի ենք կոչում Հայոց պետութեան ամրապնդման ու զարգացման ծրագրեր: Անշուշտ, անվտանգութիւնը թիւ մէկ առաջնահերթութիւնն է աշխարհում բոլորի համար, եւ մենք բացառութիւն չենք: Անվտանգութեան հարցերը միշտ լինելու են մեր առաջնային ուշադրութեան կենտրոնում, ինչպէս որ այսօր են: Մենք անընդհատ ուղիներ ենք փնտռում վերելքի նոր լիցք հաղորդելու մեր տնտեսութեանը: Արդիւնքներ էլ ունենք: Հնարաւորինի սահմանը ընդլայնելու նպատակներ ենք դնում, որպէսզի յստակ պարբերականութեամբ ամէն տարի աշխատավարձ ու կենսաթոշակ կարողանանք բարձրացնել: Սրան զուգահեռ իրականացնում ենք բարեփոխումներ, որոնք հետեւողականօրէն զարգացում են ապահովում ժողովրդավարութեան խորացման, արդիւնաւէտ կառավարման, իրաւունքի գերակայութեան ապահովման եւ մնացած բոլոր ուղղութիւններով: Մեր քաղաքականութիւնը այս նպատակներին է միտուած:

Հայաստանի իշխանութիւնների, ինչպէս նաեւ հասարակութեան կեցուածքը շատ յստակ է: Մենք կուշտ ենք պատերազմներից, ցնցումներից, կտրուկ շրջադարձերից եւ արկածախնդրութիւններից: Մեզ անհրաժեշտ է յուսալի պաշտպանութիւն, խաղաղ աշխատանք եւ կայուն զարգացում: Մենք հէնց դա ենք անում: Գուցէ դանդաղում ենք, գուցէ սխալներ ենք անում, բայց հաստատ‘ ոչ ամենակարեւորում եւ հաստատ ոչ ճակատագրական:

Հայոց պետութիւն նշանակում է հայոց երազանքի իրականացում: Ահա այսօրուայ տօնի մեծագոյն խորհուրդը: 1991 թուականին անկախութեան վերականգնմամբ իրողութիւն դարձաւ մեր ժողովրդի դարաւոր երազանքը: Սփիւռքի մեր քոյրերն ու եղբայրները, եւ առաջին հերթին՝ Հայաստանի քաղաքացիներն են սնուցիչն ու բաղկացուցիչը իրականութիւն դարձած սեփական երազանքի: Արդեօ՞ք ներկայ աշխարհում մենք ի զօրու ենք նոր բարձունքների հասցնել ի կատար ածուած մեր երազանքը: Այո՛, եթէ չգերագնահատենք եւ չթերագնահատենք մեր ուժերը: Լեռնային արահետով անցնողի համար պարտադիր է ճանապարհի բոլոր հատուածների կանխաւ ճիշտ գնահատելը:

Երուանդունիների Հայաստանը եւ Արտաշէսեանների Հայաստանը հայոց երազանքն էին: Այսօր բոլորովին այլ է վիճակը, եւ մենք այլ երկիր ունենք: Սա նոր իրողութիւն է, որը մեր ժողովուրդը սկսել է կառուցել պատերազմելով ու պաշտպանուելով, բայց եւ յենուելով Խորհրդային Հայաստանից ստացած ծանրակշիռ ժառանգութեան վրայ: Յետադարձ հայեացքը յստակ ցոյց է տալիս, թէ ինչ հսկայ ճանապարհ ենք անցել եւ ինչ հսկայ վտանգներ ենք շրջանցել: Նաեւ համոզմունք է ներշնչում, որ մենք կարող ենք աւելի արագ շարունակել մեր ընթացքը: Հայ ժողովրդի իւրաքանչիւր զաւակ իր դերակատարութիւնն ունի այս գործում: Եթէ դեռ որեւէ մէկը չգիտի այդ մասին, ապա ժամանակն է, որ իմանայ:

Անկախութիւնը միաժամանակ նպատակ է եւ կենսակերպ: Այն պիտի նուաճել ամէն օր‘ իւրաքանչիւր րոպէ ապրելով, որոշումներ ընդունելով ու կատարելով դրանք որպէս անկախ Հայաստանի ազատ քաղաքացի: Մենք ապրում ենք ազատ երկրում, եւ ամէն ինչ կարող ենք քննարկման առարկայ դարձնել: Մի բան, սակայն, կայ եւ անփոփոխ է ցանկացած իրավիճակում. դա Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութիւնն է: Իրականացուած երազ եւ պարտաւորութիւն, որ միշտ մեզ հետ է: Տօն, որ ժառանգել ենք մեր հերոսների արեան գնով, եւ պարտաւորութիւն, որ պիտի փոխանցենք մեր թոռներին»: