Print
Category: Հայաստան-Արցախ

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- «Հայկական Զինուած ուժերի նկատմամբ ադրբեջանական դիպուկահարների գործողութիւնների ակտիւացումը, վերջին շրջանում, կապուած է նաեւ այդ երկրում սպասուող նախագահական ընտրութիւնների հետ»:

Այս հաստատումը կատարեց Հայաստանի պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը: «Ակտիւացում հակառակորդի կողմից՝ Ադրբեջանի դիպուկահարների եւ, ընդհանուր առմամբ, մարտական հերթապահութիւն կրող ստորաբաժանումների կողմից միշտ էլ եղել է: Ակտիւացումները տարաբնոյթ են, օրինակ՝ կախուած եղանակային պայմաններից, քաղաքական իրավիճակից, յատուկ միջոցառումներ ձեռնարկելու նկրտումներից եւ կարծում եմ, որ այս ակտիւացումը որոշ չափով կարելի է կապել առաջիկայ քաղաքական գործընթացների հետ՝ ցոյց տալու, որ Զինուած ուժերը տեղում են, պատրաստ են իրենց առջեւ դրուած խնդիրներն իրականացնելու համար», նշեց Ս. Օհանեան:

Ան վերահաստատեց, որ Հայոց բանակը չի պատասխաներ ատրպէյճանցիներուն անկանոն կրակոցներուն, այլ միայն թիրախաւորուածներուն: «Ընդ որում, պատասխաններն այնպիսին են լինում, որ հակառակորդը զգում է, որ այդ պատիժն ինքը ստացել է խախտման համար», նշեց նախարարը:

«Հայաստանի Հանրապետութիւնն Ադրբեջանի մեծաքանական ռազմական տեխնիկայի գնումները կոմպենսացնում է սեփական զինտեխնիկան լաւ իւրացնելով եւ պատշաճ պահպանելով: Ի հարկէ, եթէ վերցնենք մեր եւ Ադրբեջանի հնարաւորութիւնները սպառազինման քանակական ձեռքբերման գործընթացում, իրենց հնարաւորութիւններն աւելի մեծ են, բայց մենք ուժերի հաւասարակշռութիւնը նաեւ պահպանում ենք ձեռք բերուած սպառազինութիւնները մասնագիտական առումով իւրացնելով, լաւ կիրառման վիճակում պահելով եւ գոյութիւն ունեցող սպառազինութիւնների արդիականացմամբ», յայտնեց Օհանեան:

Անոր համաձայն, վերջին երեք տարիներուն Հայաստան աւելի մեծաքանակ սպառազինութիւն ձեռք բերած է, քան միւս տարիներուն։ «Վարչապետի խօսքերը ճիշդ են, եւ մենք այդ գործընթացը շարունակելու ենք», շեշտեց ան՝ ակնարկելով Տ. Սարգսեանի այն յայտարարութեան, թէ Հայաստանի առաջին կարեւորագոյն կէտը մեր երկրի անվըտանգութեան ապահովումն է: «Դա նշանակում է ժամանակակից բանակ, ժամանակակից սպառազինութիւն: Վերջին երեք տարիների ընթացքում այնքան սպառազինութիւն ենք ձեռք բերել, որքան դրան նախորդող 20 տարիների ընթացքում», դիտել տուաւ Սարգսեան:

Պաշտպանութեան նախարարը սպառազինութիւններու ձեռքբերման գործընթացը բաժնեց քանի մը հանգրուաններու՝ 1994էն մինչեւ 2000ը առանձնացնելով որպէս Զինուած ուժերու կառուց-ւածքին համահունչ սպառազինուելու եւ նուազագոյն պաշարներ ստեղծելու շրջան: 2000 թուականից մինչեւ 2007 թուականը, մեր Զինուած ուժերի սպառազինման գործընթացում առանձնայատուկ տեղ է գրաւում համապատասխան պաշարների ստեղծումը, որը պէտք է համապատասխան մարտալրակազմեր իր մէջ պարունակէր, որպէսզի մենք կարողանայինք մեր պաշտպանողական օպերացիան իրականացնել: 2007 թուականից մինչեւ հիմա բարեփոխումների շրջանակներում մենք ձեռք ենք բերում այնպիսի սպառազինութիւն, որն անհրաժեշտ է Ադրբեջանի առաւելութիւններին հակադրուելու համար», նշեց Օհանեան՝ աւելցնելով, որ առաւելապէս ձեռք բերուած է հակաօդային պաշտպանութեան համակարգ։

Ըստ անոր, Ատրպէյճանի զինուած ուժերը իսկութեան մէջ շատ աւելի մեծ կորուստներ կ՛ունենան, քան այդ ինչ որ այդ երկիրը կը ներկայացնէ: