Print
Category: Հայաստան-Արցախ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան մէջ վերջին շրջանին կատարուած պեղումներուն իբրեւ արդիւնք յայտնաբերուած Տիգրանակերտ քաղաքը դարձած է Արցախ ժամանած զբօսաշրջիկներուն ամէնէն սիրելի վայրերէն

մէկը:
«Գանձասար տուր» զբօսաշրջային գործակալութեան տնօրէնը  «Արմէնփրէս»ին հետ ունեցած զրոյցին ընթացքին յայտնած է, որ վերջին շրջանին օտար զբօսաշրջիկները յատկապէս կ՛ուզեն տեսնել Տիգրանակերտ  պեղումնավայրը: «Մենք շատ մեծ սիրով նրանց տանում ենք այնտեղ, քանի որ ճանապարհները լաւն են, իսկ պեղումները՝ չափազանց հետաքրքիր ու գրաւող», դիտել տուած է ան։
Հինգ զբօսաշրջային գործակալութիւններու հետ կատարուած զրոյցէն պարզուած է, որ Տիգրանակերտէն բացի, Արցախի յիշարժան ու տեսարժան վայրերէն են Շուշին, Ստեփանակերտն ու Գանձասարը: «Հիւր սերվիս»ի տնօրէնը դիտել տուած է, որ հակառակ անոր որ դէպի Արցախ ուղեւորութիւնը մէկ ամբողջական ծրագիր է, այնուամենայնիւ, զբօսաշրջիկները պտոյտի աւարտին կը շեշտեն, որ ամէնէն հետաքրքրականը այդ վայրերն էին: Իսկ «Գանձասար տուր»ի տնօրէնը դիտել տուած է, որ, բացի այդ վայրերէն, իրենց դիմած զբօսա- շրջիկները շատ մեծ փափաք կը յայտնեն տեսնելու նաեւ Դադիվանքը, սակայն վատ ճամբաներուն պատճառով իրենք ոչ մէկ ձեւով կրնան անոնց փափաքը իրականացնել։

 

Արցախը Միշտ Պատրաստ Է Զբօսաշրջիկների Ընդունելութեանը

 

ԼՂՀ տնտեսութեան զարգացման գործում զբօսաշրջութեան դերի ու կարեւորութեան մասին մէկ անգամ չի նշուել: Այն, որ Արցախը իւրայատուկ է  եւ բաւականին գրաւիչ զբօսաշրջիկների համար, միայն մենք չէ, որ նշում ենք. մեր երկրից ստացած տպաւորութիւններն իրենց նիւթերում, բլոգներում ներկայացնում են Արցախ այցելած հազարաւոր արտասահմանցիներ եւս:
Զբօսաշրջային սեզոնն, ինչպէս ասում են, իր տարերքի մէջ է, եւ միւս զբօսաշրջային երկրների նման Արցախը եւս ձգտում է առաւել ներկայանալի լինել ինչպէս ներքին, այնպէս էլ արտաքին զբօսաշրջիկների համար:
Խնդրոյ առարկայի շուրջ զրոյցի հրաւիրեցինք ԼՂՀ զբօսաշրջութեան եւ պատմական միջավայրի պահպանութեան վարչութեան պետ Սերգէյ Շահվերդեանին:

 

Պարոն Շահվերդեան, ինչպէ՞ս էք նախապատրաստուել զբօսաշրջային սեզոնին:

 

Նախ, մենք միշտ ուրախութեամբ փաստում ենք, որ իւրաքանչիւր տարի շուրջ 40 տոկոսով զբօսաշրջիկների թուաքանակի կայուն աճ է արձանագրւում: Այս տարուայ տուեալներով՝ այն աճել է մինչեւ 50 տոկոս: Սա ոչ միայն յուսադրող, այլեւ պարտաւորեցնող հանգամանք է:
Իսկ զբօսաշրջիկների ընդունելութեանը մենք միշտ պատրաստ ենք, անկախ տարուայ եղանակից եւ ձգտում ենք, որ մեր երկրում նրանք իրենց յարմարաւէտ եւ ապահով զգան:

 

Զբօսաշրջիկների թուի աւելացման ցուցանիշները յաճախ են շեշտւում ձեր կողմից: Ընդհանրապէս, երկրի համար ի՞նչ կարեւորութիւն ունի այդ աճը:

 

Իւրաքանչիւր զբօսաշրջիկի՝ ԼՂ Հանրապետութիւն կատարած այցով երկիր են ներմուծւում նախ եւ առաջ նիւթական միջոցներ, ինչը կարեւոր է տնտեսութեան զարգացման եւ հասարակութեան տարբեր շերտերի կենսապայմանների բարելաւման համար: Ամենահամեստ հաշուարկներով՝ զբօսաշրջիկներն անցեալ տարի Ղարաբաղում թողել են մօտ 6 մլն. տոլարին համարժէք գումար՝ այստեղ որոշ ժամանակ ապրելու ընթացքում: Բացի այդ, վերադառնալով, նրանք նպաստում են նաեւ արտաքին զբօսաշրջային շուկաներում մեր երկրի վարկանիշի (դիտարկումներից դատելով, յաճախ՝ դրական) ձեւաւորմանը:

 

Ի դէպ, երկրի դրական վարկանիշի մասին. այդ ուղղութեամբ ի՞նչ աշխատանքներ է վարչութիւնը վերջին շրջանում տարել:

 

Վերջին մի քանի տարիներին, չնայած Ադրբեջանի կողմից ձեռնարկուող քայլերին, Արցախը բաւականին յաճախ եւ հիմնականում յաջող է ներկայանում միջազգային զբօսաշրջային ցուցահանդէսներին, եւ մեր երկրի հանդէպ հետաքրքրութիւնը մեծանում է  նաեւ նրանց հակաքարոզչութեան շնորհիւ: Շարունակում ենք օգտագործել նորագոյն տեխնոլոգիաների հնարաւորութիւնները՝ մեր երկիրը զբօսաշրջային գրաւչութեան տեսանկիւնից ներկայացնելու համար: Ունենք ժամանակակից, յաճախ թարմացուող պաշտօնական կայքէջ, ֆէյսբուքեան էջ, այս տարի բազմացնում ենք անցեալ տարի Ղարաբաղի զբօսաշրջային ռեսուրսների (միջոցների) մասին նկարահանուած՝ «Ղարաբաղ՝ թաքնուած գանձ» ֆիլմը: Դրան զուգահեռ,  միջոցներ ենք ձեռնարկում այստեղ զբօսաշրջիկների  համար յարմարաւէտ պայմանների ստեղծման ուղղութեամբ: Այն է՝ արգելոցների բարեկարգում, երթուղիների կազմակերպում, տեղադրւում են տեղեկատուական ցուցանակներ կարեւորագոյն զբօսաշրջավայրերում, որոնք տեղեկութիւններ են տալիս դրանց պատմութեան մասին եւ այլն: Բացի այդ, զբօսաշրջութեան ծրագրերին աջակցում են նաեւ այն աշխատանքները, որ իրականացնում ենք յուշարձանների պահպանութեան ոլորտում: Իւրաքանչիւր տարի ստեղծում ենք նոր զբօսաշրջավայրեր՝ հէնց այդ աշխատանքների շնորհիւ: Նաեւ պեղւում են նոր հնավայրեր, որոնք աւելի են մեծացնում մեր երկրի՝ որպէս զբօսաշրջային գրաւիչ կէտի նկատմամբ հետաքրքրութիւնը:

 

Քանի որ խօսք գնաց պեղումներ իրականացրած հնավայրերի մասին, կ՛ուզենայինք իմանալ, թէ Կարկառ բերդաքաղաքն այս առումով որքանո՞վ է նշանակալից:

 

Ստեփանակերտի մատոյցներում յայտնաբերուած այդ հնավայրն, իրօք, կարեւորագոյն նշանակութեան յուշարձան է եւ զբօսաշըրջային տեսանկիւնից՝ բաւականին  հեռանկարային: Ստեփանակերտի համար այն նոյնքան կարեւոր նշանակութիւն ունի, որքան Էրեբունին՝ Երեւանի համար:

 

Միշտ ընդգծւում է, որ զբօսաշըրջութեան զարգացումն ապահովելը միայն համապատասխան գերատեսչութեան խնդիրը չէ: Որքանո՞վ է յաջողւում համագործակցութեան եզրեր գտնել այլ կառոյցների հետ:

 

Մեր աշխատանքների մի զգալի մասն ուղղուած է տեղի զբօսաշրջային ենթակառոյցների հետ համագործակցութեան ձեւաւորմանը: Օրէնքով սահմանուած մեր լիազօրութիւնների շրջանակներում մենք իրականացնում ենք մոնիտորինգ (վերահսկում)՝ ընդգրկելով հիւրանոցները, որպէսզի վերջիններս կարողանան ապահովել օրէնքով սահմանուած պայմանները այցելուների համար: Ընթացիկ տարում մէկ տասնեակից աւելի կարգադրագրեր ենք արձակել, որպէսզի յայտնաբերուած խախտումները վերացնեն: Այդ առումով մենք աւելի ընկալելի, որակեալ հիւրանոցային տնտեսութիւններ ունենք: Նաեւ հիւրանոցների որակաւորման գործընթաց կայ (ճիշդ է, կամաւոր): Շուկայական յարաբերութիւնների, ազատ մրցակցութեան պայմաններում, կարծում եմ, նրանք նոյնպէս շահագրգռուած են աշխատել սեփական վարկանիշի բարձրացման ուղղութեամբ: Ինչ վերաբերում է միւս կառոյցներին, ապա իւրաքանչիւր գերատեսչութիւն, լուծելով իր առջեւ ծառացած խնդիրները, նպաս- տում է երկրի զարգացման, բարգաւաճման, հետեւաբար եւ, զբօսաշրջային խնդիրների լուծման գործընթացին:

Իսկ ի՞նչ է ենթադրում որակաւորուած հիւրանոցը: Ի՞նչ առաւելութիւններ ունի այն:

 

Հիւրանոցային որակաւորում տրամադրելով՝ պետութիւնը զբօսաշրջիկի համար երաշխաւորի դերում է հանդէս գալիս՝ ստանձնելով պատասխանատուութիւն տուեալ հիւրանոցի սպասարկման որակի համար: Չորակաւորուած հիւրանոցներում զբօսաշրջիկը կրում է ինչ որ ռիսկեր, ասենք, որ կարող է սպասարկման ակնկալուած մակարդակը չստանալ:
Ի դէպ՝ հիւրանոցներն ապակենտրոնացնելու անհրաժեշտութիւն կայ,  եւ մենք խրախուսում ենք նման օբյեկտներ կառուցել նաեւ շրջաններում:

 

Պարոն Շահվերդեան, մեզ մօտ զբօսաշրջութեամբ զբաղուող  մասնաւոր հատուածը (ասենք՝ զբօսաշրջային գործակալութիւններ) կարելի է ասել, թոյլ է զարգացած, պետական զբօսաշրջային քաղաքականութեան մէջ կա՞յ այն աշխուժացնելու կէտ:

 

Այդ առումով մենք բաւականին հետաքրքիր վիճակի մէջ ենք: Գործող օրէնսդրութեամբ, պետութիւնը չունի վերահսկողական եւ տեղեկատուութեան հաւաքագրման համակարգ զբօսաշըրջային գործունէութեամբ զբաղուող սուբյեկտների (ենթակաների) վերաբերեալ: Այս բացը լրացնելու համար օրէնսդրական բարեփոխում կատարուեց, որով այդ կազմակերպութիւնները պէտք է հաշւառման կանգնեն: Սա արւում է ոլորտում տիրող իրավիճակին տիրապետելու նպատակով: Օրէնքի փոփոխութիւնն առաջին ընթերցմամբ ընդունուել է: Իսկ այսօր, քանի դեռ օրէնսդրական բաց կայ, մենք չենք կարող որեւէ տեղեկատուութիւն ստանալ, վերահսկել, ուղղորդել, խրախուսել կամ ապախրախուսել նրանց գործունէութիւնը:

 

Անդրադառնանք ձեր գործունէութեան եւս մէկ՝ ոչ պակաս կարեւոր ուղղութեանը. ի՞նչ աշխատանքներ են տարւում յուշարձանների պահպանութեան ոլորտում:

 

Վերջին շրջանում ԼՂՀ կառավարութիւնը լուրջ  ուշադրութիւն է դարձնում  յուշարձանների վերականգնման խըն- դրին: Սկսած 2008 թուականից՝ վարչութեան լիազօրութիւնների շրջանակներում վերականգնուել եւ շարունակում են վերականգնուել մի շարք հանրապետական նշանակութեան յուշարձաններ:
Դեռ եւս 2011 թուականից վարչութիւնն ակտիւ համագործակցութիւն էր սկսել Հռոմում գործող  «Անաստասիս» հիմնադրամի հետ՝ նպատակ ունենանալով որոշակիօրէն լուծել Արցախի  պատմամշակութային յուշարձանների վերականգնման, վերանորոգման եւ բարեկարգման խնդիրը: Ըստ երկու կողմերի համաձայնութեան, առաջնահերթ ուշադրութիւն դարձուեց Շահումեանի շրջանում գտնուող Դադիվանքի վանական համալիրի վերականգնողական աշխատանքներին: Հիմնադրամի  ներկայացուցիչները եղել են տեղում, եւ վերականգնման ուղղութեամբ արդէն գործընթաց  է ծաւալւում:  Անցեալ տարի վերականգնողական աշխատանքներ են տարուել նաեւ Տողի մելիքական ապարանքի՝ Մելիք  Եգանի ընդունարանի եւ գլխատան մասում: Վերաշարուել են գլխատան պատերը եւ բուխարիկի ու երկու խորշերի անկիւնաքարերը: Ընդունարանում կատարուել է տանիքի քիւերի տեղադրում: Վերականգնման մէջ է Փիրումաշէն եկեղեցին: Աշխատանքներ են տարուել յուշարձանի հիւսիս-արեւելեան եւ հարաւային պատերի վերականգնման ուղղութեամբ, ամրացուել են հիմքերը, վերանորոգուել է մկտրութեան աւազանը: Անցեալ տարի նախատեսուած է եղել նաեւ Գտչավանքի վերականգնումը: Ընդհանուր ծրագրի մօտ 70 տոկոսն արդէն կատարուած է: Այն շարունակւում է:
Սխտորաշէնի աղբիւր-յուշարձանի տարածքում տեղադրուել են դարպասները, պատրաստուել է մեքենաների կայանատեղի, խճապատուել եւ էլեկտրիֆիկացուել է «Տնջրի» ծառի շրջակայքը: Այստեղ  եւս աշխատանքներն ընթացքի մէջ են: Արցախի կարեւորագոյն հնավայրերից է Տիգրանակերտը, եւ կառավարութիւնը հսկայական աշխատանքներ է ծաւալել այն պատշաճ տեսքով հիւրերին ներկայացնելու համար: Հնավայրից  քիչ վերեւ, բարձունքում գտնուող Վանքասարի եկեղեցում եւս կատարուել են վերանորոգման աշխատանքներ, տեղադրուել են դռներ, գմբէթի խաչը, խորանը եւ այլն:
Որոշակի աշխատանք վերջին տարիներին տարուել է նաեւ Ամարասում. պատուիրուել է նոր ծաւալուն  նախագիծ, որն աւարտելուն պէս վերականգնման աշխատանքները կը սկսուեն:
Առաջիկայում նախատեսւում է նաեւ վերականգնողական գործընթաց Յոռեկավանքի եկեղեցում:
Որոշ յուշարձաններում ներկայում մասնակի՝ ամրակայման, վերականգնման եւ բարեկարգման  աշխատանքներ են ընթանում:
Գաղտնիք չէ, որ յուշարձանների վերականգնումն էժան հաճոյք չէ, եւ պետական միջոցները միշտ չեն հերիքում նման աշխատանքներին, բայց փորձ է արւում հնարաւորինս պահպանել ազգային  հարստութիւնը եւ որպէս ժառանգութիւն փոխանցել սերունդներին:

 

Զրոյցը վարեց ՍՐԲՈՒՀԻ ՎԱՆԵԱՆ