Print
Category: Հայաստան-Արցախ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման 20-րդ տարեդարձին նուիրուած տօնական միջոցառումներուն մասնակցելու նպատակով Ստեփանակերտի մէջ գտնուող ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը իր շնորհաւորական խօսքը յղեց ԼՂՀ անկախութեան հռչակման 20-ամեակի առթիւ:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհաւորում եմ բոլորիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութեան հռչակման 20-րդ տարեդարձի կապակցութեամբ:


Վաղը ոչ միայն Արցախի, այլեւ ողջ հայութեան տօնն է: Տօնն է մարդու եւ ազգի ազատութեան, տօնն է մարդու եւ ազգի արժանապատւութեան, տօնն է ոտնահարուած իրաւունքների վերականգնման, տօնն է պատմական արդարութեան յաղթանակի:
Սեփական տանը ազատ ու ապահով ապրելու, իր երեխաներին հարազատ մշակոյթի ու եկեղեցու ծոցում մեծացնելու իրաւունքը իւրաքանչիւրին տրուած է ի վերուստ: Ո՛չ պայքարով ու տառապանքներով լի դարերը, ո՛չ հայահալած բռնապետութեան տասնամեակները չկարողացան եւ չէին կարող կոտրել մեր վճռականութիւնը, չկարողացան եւ չէին կարող նաեւ խլել մեր իրաւունքը:
Այն դաժան, տեւական ու հրեշաւոր պատերազմը, որ մեզ պարտադրուեց, կարող էր յուսահատութեան հասցնել ում ասես, բայց ո՛չ արցախցուն: Արցախի ինքնապաշտպանական ջոկատներն իրե՛նք յուսահատութեան հասցրին եւ խուճապահար փախուստի մատնեցին նրանց, ովքեր մեր գեղատեսիլ ու հարուստ երկրամասը վերածել էին դժոխքի: Սպանդ, աւեր ու թալան, էթնիկ զտումներ, խաղաղ բնակչութեան բնաջնջում՝ ահա աշխարհի աչքի առաջ ինչով էր զբաղուած այն ուժը, որ պաշտօնապէս կոչւում էր Ատրպէյճանի հանրապետու- թեան զինուած ուժեր: Իսկ մեզ համար ելուզակների ու վարձկանների այդ հեղեղը պատմական փորձութիւն էր, որ մեզ այլընտրանք չէր թողել՝ կա՛մ մենք փորձութեան կրակների միջից պէտք է դուրս գայինք թրծուած, աւելի ամրացած, կա՛մ պէտք է դադարէինք լինել: Մենք ընտրեցինք կեանքը, եւ այսօր մենք տօնում ենք կեանքի յաղթանակը մահուան նկատմամբ:
Յաւերժ փառք նրանց, ովքեր ընկան՝ մեզ կտակելով այս պայծառ տօնը:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը դառնում է 20 տարեկան: Դա նշանակում է, որ Արցախի սահմանները պաշտպանելու են զօրակոչւում արդէն անկախութեան սերունդ մեր որդիները: Նրանց մանկութիւնը մը-թագնուեց պատերազմի ահաւոր տեսարաններով ու ձայներով, նրանք չտեսան անհոգ մանկութիւն: Փոխարէնը, նրանք վկան եղան իրենց եղբայրների ու հայրերի սխրանքին, իրենց մայրերի ու քոյրերի, իրենց տատերի ու պապերի, մի խօսքով՝ համաժողովրդական սխրանքին: Արցախի ինքնապաշտպանական պատերազմը, որպէս վաւերագիր, արդէն դասագրքերի մէջ է, բայց առաջին հերթին այն մեր սրտերում է՝ իր ողջ դրամատիզմով ու հերոսականութեամբ:
Եթէ նախկինում Արցախը հայութեան ցաւն էր, ապա այսօր հայութեան հպարտութիւնն է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը կայացած պետութիւն է իր բոլոր կառոյցներով:
Կեցցէ՛ ազատ Արցախը»: