Սփորթի եւ երիտասարդութեան հարցերու նախարարի պաշտօնը ստանձնեց, ողիմպիական ախոյեան Եուրի Վարդանեան, Տնտեսութեան՝ նախկին նախարար Վահրամ Աւանեսեան։
«Մնացած նախարարները կը վերանշանակուեն իրենց պաշտօններում»,-ըսաւ Շարմազանովը՝ շեշտելով, որ տարածքային կառավարման նախարարի եւ փոխվարչապետի պաշտօնին վերանշանակուած է Արմէն Գէորգեանի թեկնածութիւնը:
Անփոխարինելի վարչապետ եւ արտաքին գործերին նախարար.
Հինգ տարում Հայաստանից հեռացել է բնակչութեան 7 տոկոսը
Հայաստանի կառավարութեան ղեկը կրկին Տիգրան Սարգսեանին, իսկ արտաքին քաղաքականութիւնը՝ Էդուարդ Նալբանդեանին վստահելով, նախագահ Սերժ Սարգսեանը նախ եւ առաջ ընդգծում է, որ նախորդ հինգ տարիներին Հայաստանի տնտեսական եւ արտաքին քաղաքականութիւնը չեն ձախողել: Երբ Սերժ Սարգսեանը իշխող Հանրապետական կուսակցութեան նիստում Տիգրան Սարգսեանին առաջարկել է վարչապետի, իսկ Էդուարդ Նալբանդեանին ու ՍԷյրան Օհանեանին՝ համապատասխանաբար արտաքին գործերի եւ պաշտպանութեան նախարարների պաշտօններում, հանրապետականներից ոչ մէկը դէմ չի արտայայտուել: Սա նշանակում է, որ ինչպէս հանրապետութեան նախագահը, այնպէս էլ իշխող կուսակցութիւնը դրական են գնահատում 2008-2013 թուականների Հայաստանի տնտեսական, արտաքին եւ պաշտպանական քաղաքականութիւնը:
Արցախեան պատերազմի բովով անցած եւ հայ հասարակութեան մեծագոյն մասի համար ընկալելի եւ ընդունելի ՍԷյրան Օհանեանին ու հայկական բանակը թողնենք մի կողմ: Անշուշտ, անցնող հինգ տարիներին բանակում արձանագրուել են սպանութիւնների ու բռնութիւնների բազմաթիւ դէպքեր, բացայայտուել է, որ հայ զինուորին կերակրել են գոմէշի անորակ մսով ու տասնեակ այլ թերացումներ: Սակայն, լայն հաշուով, հայկական բանակը ու նրա այսօրուայ հրամանատար ՍԷյրան Օհանեանը վստահութիւն են ներշնչում հայ հասարակութեանը:
Արտաքին գործերի նախարարին եւ հայկական դիւանագիտութիւնը եւս թողնենք մի կողմ, քանի որ Էդուարդ Նալբանդեանը, ինչպէս Հայաստան-Թուրքիա գործընթացում, որն աւելի յայտնի է «Ֆութպոլային դիւանագիտութիւն» անուամբ, այնպէս էլ միւս նախաձեռնութիւններում, կատարել է նախագահ Սարգսեանի առաջադրանքները: Սերժ Սարգսեանի տեսանկիւնից՝ «Ֆութպոլային դիւանագիտութեան» գործընթացից Հայաստանը պարտուած չի դուրս եկել, հետեւաբար՝ ինչու՞ պէտք է աշխատանքից ազատուէր Նալբանդեանը:
Վարչապետի պաշտօնում Տիգրան Սարգսեանի առաջադրումը եւս սպասելի էր, քանի որ Սերժ Սարգսեանը վերջերս յայտարարել էր, որ անընդունելի է կառավարութեան ղեկավարի պաշտօնից ազատել մէկին, ով 2012-ին ապահովել է աւելի քան 7 տոկոս տնտեսական աճ: Հայաստանում որոշ տնտեսագէտներ պնդում են, որ անցնող տարի տնտեսական աճը կազմել է ոչ թէ 7, այլ ընդամէնը‘ 2 տոկոս: Բայց սա էլ թողնենք մի կողմ եւ ներկայացնենք վիճակագրական պաշտօնական տուեալներ, որպէսզի հասկանալի լինի, թէ վերջին հինգ տարիներին‘ 2008-2013 թուականներին, Հայաստանը ինչպիսի անկում է ապրել տնտեսութեան ոլորտում:
Դեռ 2008-ին Սերժ եւ Տիգրան Սարգսեանները խոստանում էին, որ առաջիկայ հինգ տարիներին, այսինքն՝ մինչեւ 2013 թուականը, Հայաստանի տնտեսութիւնը տարեկան պէտք է աճի միջինը 10 տոկոսով: Այդ խոստումը իրականութիւն չի դարձել: Հայաստանի համախառն ներքին արդիւնքը հինգ տարիների ընթացքում աճել է ընդամէնը 5 տոկոսով, այսինքն՝ խոստացուածից տասն անգամ պակաս: 2009-ին Հայաստանը գրանցեց մօտ 15 տոկոս տնտեսական անկում, սակայն վարչապետ Սարգսեանը մնաց պաշտօնում:
Սակայն ամենամեծ հարուածը, որ 2008-2013 թուականներին Հայաստանի Հանրապետութեանը հասցրել են Սերժ եւ Տիգրան Սարգսեանները, դա ամենեւին էլ տնտեսութիւնը չէ: Վերջիվերջոյ, տնտեսութիւնը կարելի է եւ պէտք է վերականգնել: Ինչպէ՞ս է հնարաւոր յետ բերել այն 225 հազար Հայաստանի քաղաքացիներին, ովքեր 2008-2013 թուականներին արտագաղթել են հանրապետութիւնից: Սրանք պաշտօնական տուեալներ են: Այո՛, հինգ տարիների ընթացքում հայրենիքը լքել է 225 հազար հայ կամ ամբողջ բնակչութեան 7 տոկոսը: 2013 թուականի նախագահական ընտրութիւնների նախընտրական քարոզարշաւի օրերին, երբ Սերժ Սարգսեանը այցելել էր Տաւուշի մարզի սահմանային Մովսէս գիւղ, մի տարէց մարդ բողոքեց, որ գիւղը դատարկւում է, աշխատանք չկայ ու իր երեխաներն էլ ստիպուած գնում են Ռուսաստան աշխատելու: Սերժ Սարգսեանը պատասխանեց. «Ե՞ս եմ մեղաւոր, որ քո էրեխեքը Ռուսաստանում են: Դրա համար է՞լ եմ ես մեղաւոր, չթողնէիր՝ գնային»: Այսպիսով, Հայաստանի գործող նախագահը 225 հազար մարդու արտագաղթի հարցում իր եւ կառավարութեան մեղքը չի տեսնում:
Այսօր Հայաստանի մեծագոյն սպառնալիքը ո՛չ Ատրպէյճանն է եւ ո՛չ էլ Թուրքիան: Այսօր Հայաստանի մեծագոյն սպառնալիքը արտագաղթն է: Նրանք, ովքեր չեն հաւատում, թէ ի՛նչ չափերի է հասել արտագաղթը, կարող են այցելել Հայաստանի գիւղեր, որտեղ ամէն օր մարդիկ անորոշ ժամկէտով կողպում են տան դռները եւ բռնում պանդխտութեան ճամբան՝ հիմնականում դէպի Ռուսաստան:
2009 թուականի Մարտին, մէկ օրուայ ընթացքում, հայկական դրամը ամերիկեան տոլարի համեմատ արժէզրկուեց աւելի քան 20 տոկոսով: Այսպիսով, մէկ օրուայ ընթացքում Հայաստանի տասնեակ հազարաւոր քաղաքացիներ աղքատացան աւելի քան 20 տոկոսով: Սա հիմնականում միջին խաւն էր, որ ձեւաւորուել էր նախորդ տարիներին: Ո՛չ վարչապետը, ո՛չ ոեւէ նախարար կամ պաշտօնեայ հրաժարական չտուեց:
2008-ին, երբ Սերժ Սարգսեանը դարձաւ նախագահ, իսկ Տիգրան Սարգսեանը նշանակուեց վարչապետ, Հայաստանի արտաքին պարտքը կազմում էր 1.6 միլիառ տոլար: Հինգ տարուայ ընթացքում այդ պարտքը աւելի քան կրկնապատկուեց եւ այսօր կազմում է 3.8 միլիառ տոլար: Սերժ եւ Տիգրան Սարգսեանները յաճախ յայտարարում են, որ 2008-2013 թուականներին Հայաստանում աշխատավարձերը եւ թոշակները վճարուել են պատշաճ կերպով, չեն եղել ուշացումներ: Դա անշուշտ, ճիշդ է, սակայն ինչպէ՞ս է արուել: Հայաստանը միջազգային ֆինանսական կառոյցներից եւ Ռուսաստանից ոչ այնքան շահեկան պայմաններով պարտք է վերցրել եւ այդ պարտքով վճարել աշխատավարձեր ու թոշակներ: Ահա հէնց այդ պատճառով է, որ այսօր Հայաստանի արտաքին պարտքը 3.8 միլիառ տոլար է:
Հինգ տարի առաջ Հայաստանում աղքատութեան մակարդակը 22 տոկոս էր, իսկ այսօր արդէն անցել է 35 տոկոսից: Այսինքն, եթէ նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի եւ հանգուցեալ վարչապետ Անդրանիկ Մարգարեանի ղեկավարութեան տարիներին Հայաստանում աղքատ էր իւրաքանչիւր հինգերորդ բնակիչը, ապա Սերժ եւ Տիգրան Սարգսեանների օրօք աղքատ է իւրաքանչիւր երրորդ բնակիչը:
Մենք ներկայացնում ենք միայն թուեր, իսկ թուերից անդին կայ նաեւ այլ իրականութիւն: Այսպէս, հինգ տարիների ընթացքում խոշոր պիզնեսը, որի թիկունքում յաճախ իշխանութիւններին մօտ կանգնած սակաւապետներն են, ուղղակի խեղդել է մանր ու միջին պիզնեսը: Ստուերը շարունակում է մեծ չափերի հասնել: Անգամ իշխանութիւններն են ընդունում, որ Հայաստանի տնտեսութեան մինչեւ 40 տոկոսը ստուերում է եւ չի հարկւում: Տնտեսական մենաշնորհների դէմ պայքար ընդհանրապէս չկայ: Շատերը սա բնական են համարում, քանի որ մենաշնորհները գտնւում են նախագահի, վարչապետի ու նրանց ընտանիքների ու մերձաւորների ձեռքերում, հետեւաբար՝ իշխանութիւնը չի կարող իր դէմ պայքարել:
Եւ վերջում ներկայացնենք այն խոշոր տնտեսական ծրագրերը, որոնց մեկնարկը հինգ տարի առաջ խոստացել էին նախագահ Սերժ Սարգսեանն ու վարչապետ Տիգրան Սարգսեանը: Նրանք խոստացել էին, որ պէտք է սկսուի նոր հիւլէական կայանի եւ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման աշխատանքները: Դրանցից ոչ մէկը իրականութիւն չի դարձել, ոչ մէկի շինարարութիւնը չի սկսուել: Աւելի՛ն. առաջիկայ տարիներին եւս դրանց շինարարութիւնը չի սկսուելու, քանի որ չկայ գումար: Տիգրան Սարգսեանը խոստանում էր, որ իր վարչապետութեան ընթացքում Դիլիջանը կը դառնայ համաշխարհային ֆինանսական, Գիւմրին՝ բարձր արհեստագիտութիւնների կենտրոն: Ոչ մէկը իրականութիւն չդարձաւ: Նախագահ Սերժ Սարգսեանի եւ վարչապետ Տիգրան Սարգսեանի առաջին հնգամեայ պաշտօնավարութեան վերջին օրերին տեղի ունեցաւ ազգային փոխադրող «Արմաւիա» ընկերութեան անհասկանալի սնանկացումը:
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ