Print
Category: Հայաստան-Արցախ

Օգոստոսի 31-ին իր աշխատանքները շարունակեց ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ դիւանագիտական ներկայացուցչութիւնների ղեկավարների խորհրդակցութիւնը:
Բարձրաստիճան դիւանագէտները հանգամանալից քննարկեցին Արցախեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացի վերջին զարգացումները, անդրադարձան Հայաստանի արատաքին քաղաքականութեան երկկողմ եւ բազմակողմ յարութիւններին, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի:


Քննարկումների օրակարգում էր նաեւ հիւպատոսական ծառայութեան աշխատանքի կատարելագործումը, այս առումով ԱԳ նախարարի կողմից յանձնարարականներ տրուեցին արտերկրում մատուցուող հիւպատոսական ծառայութիւնների որակի եւ ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանութեան արդիւնաւէտութեան բարձրացման վերաբերեալ:
Դեսպանաժողովին անդրադարձ կատարուեց դիւանագիտական ներկայացուցչութիւնների գործունէութեան տեղեկատուական ապահովման հարցերին:
Խորհրդակցութեան աշխատանքներն ամփոփելով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդեանը համապաստախան յանձնարարականներ տուեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանի կողմից դիւանագէտների առջեւ դրուած խնդիրների կատարման վերաբերեալ:
Խորհրդակցութեան մասնակիցները այցելեցին Ծիծեռնակաբերդ եւ յարգանքի տուրք մատուցեցին Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին:
Դեսպանահաւաքի աշխատանքների ամփոփումից յետոյ  ՀՀ դեսպաններն ու ԱԳՆ ստորաբաժանումների ղեկավարները՝ նախարար Էդվարդ Նալբանդեանի գլխաւորութեամբ, մեկնեցին Սուրբ Էջմիածին, ուր նրանց ընդունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, որն իր հայրապետական օրհնութիւնը տալով դիւանագէտներին յաջողութիւններ մաղթեց նրանց գործունէութեան մէջ:
Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալութիւն յայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընդունելութեան համար՝ ընդգծելով հայ դիւանագէտների որդիական սէրն ու խորը յարգանքը հանդէպ Հայ Առաքելական Եկեղեցուն եւ Ամենայն Հայոց Հայրապետի:
Արտգործնախարարը շնորհակալութիւն յայտնեց այն մեծ աջակցութեան համար, որ մեր եկեղեցին ցուցաբերել է Հայաստանի դիւանագիտական ներկայացուցչութիւնների հիմնադրմանը եւ գործունէութեանը եւ ընդգծեց, որ ՀՀ դեսպաններին յանձնարարուած է միշտ լինել Եկեղեցու կողքին, ինչպէս որ Եկեղեցին միշտ եղել է եւ ամուր կանգնած է Պետութեան կողքին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ քննարկուեցին արտերկրում հայապահպանութեան, հայկական մշակութային ժառանգութեան պահպանման խնդիրները, այդ ենթատեքստում Պետութիւն-Եկեղեցի համագործակցութեան հարցերը:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդեանը՝ ԱԳՆ եւ դիւանագիտական ներկայացուցչությունների ղեկավարութեան անունից շնորհաւորելով վեհափառ հայրապետին 60-ամեակի կապակցությամբ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին յանձնեց ԱԳՆ յուշամետալը:
Այսօր՝ Սեպտեմբերի մէկին նախատեսւում են «Հայաստանը եւ արտաքին աշխարհը» թեմայով ԱԳ նախարարի եւ նրա տեղակալների, ՀՀ դեսպանների դասախօսութիւնները Երեւանի ԲՈւՀ-երում:
Դեսպանները նաեւ ելոյթներ կունենան ՀՀ ԱԳՆ դիւանագիտական դպրոցում:


ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾՈՑ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆ