Print
Category: Հայաստան-Արցախ

Ալեսեա Բեջանեան. «Գաղափարի համար եմ դարձել կուսակացական…»  

Կանայք եւ ընտրութիւնները 

Ալեսեա Բեջանեանը Հայ Յեղափոխական Դաշնակցութեան՝ Երեւանի աւագանու ընտրութիւնների ցուցակի 4-րդ հորիզոնականում է: Նա Հանրային հեռուստաընկերութեան «Առաջին լրատուական»ի մեկնաբան է: ՀՅԴ-ին անդամակցում է 2003թ-ից:

Նախ անդամագրուել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեանը: Մի քանի շրջան եղել է Ուսանողական միութեան վարչութեան անդամ, յետոյ 2005-ից ՀՕՄ /Հայ Օգնութեան Միութիւն/ անդամ է, իսկ 2011-ից ՀՕՄ-ի Կեդրոնական Վարչութեան անդամ: WomenNet.am-ի զրոյցը նրա հետ սկսուեց ընտրութիւնների հետ առնչուող աւանդական հարցից. Երեւանի առջեւ ծառացած խնդիրներից որո՞նք են առաջնահերթ… - Գիտէք, մի քիչ դժուար է նշել առաջնահերթ խնդիր, ցանկացած խնդիր, որի հետ առընչւում է մեր համաքաղաքացին, առաջնահերթ է: Մէկի համար առաջնահերթ կարող է լինել ավտոբուսների ոչ բաւարար քանակը, միւսի համար Նուբարաշէնի աղբավայրը, որը իր գազի արտանետումներով, թափօնների այրմամբ, վտանգաւոր է շրջակայ միջավայրի համար, երրորդի համար՝ բազմաբնակարան շէնքերի կառավարման մարմինների ոչ բաւարար աշխատանքը … Իրականում ցուցակն անվերջանալի է թւում՝ դպրոցների շէնքային պայմանների ոչ բաւարար վիճակը, երեխաների համար խաղահրապարակների բացակայութիւնը, գրախանութների սակաւութիւնը, քաղաքի անյարմարաւէտութիւնը հաշմանդամութիւն ունեցող մարդկանց համար … Պատճառները տարբեր են, սխալ կառավարում, ֆինանսական միջոցների բացակայութիւն, ոչ սրտացաւ վերաբերմունք …

 

Ինչպէ՞ս էք պատկերացնում դրանց լուծման գործում կանանց մասնակցութիւնը:

Այդ հարցերի լուծումը համակարգուած ու նպատակային աշխատանքի մէջ է: Միշտ ասում ենք. «Երեւանը մեր տունն է», ուրեմն ինչպէս ենք պատկերացում այդ տունն առանց կնոջ: Ու եթէ հաշուի առնենք, որ կնոջ աչքից գրեթէ ոչինչ չի վրիպում, ուրեմն, հէնց կանանց անմիջական մասնակցութեամբ էլ պէտք է լուծուեն քաղաքում առկայ խնդիրները:

 

Ի՞նչն է ձեզ բերել կուսակցութեան շարքերը, որի համամասնական ցուցակով այսօր մասնակցում էք ընտրութիւններին:

Ուղղակի երբեք անտարբեր չեմ եղել երկրում տեղի ունեցող իրադարձութիւններին եւ քաղաքական գործընթացներում իմ ներգրաւուածութիւնը պայմանաւորուած էր աւելի ակտիւ, աւելի նպատակային գործունէութիւն ծաւալելու ցանկութեամբ… 18 տարեկանում ՀՅԴ շարքերն եմ անցել նաեւ Հրաչի (ի նկատի ունի Պռոշեանի գիւղապետ Հրաչ Մուրադեանին, ով սպանուեց Ապրիլի 2-ին) եւ նրա նմանների օրինակն աչքիս առաջ ունենալով, ոգեւորուելով… գաղափարի համար եմ դարձել կուսակացական…

Բնականաբար ե՛ւ կուսակցական, ե՛ւ հասարակական աշխատանքներում հանդէս եմ եկել տարբեր նախաձեռնութիւններով, որոնք իրականացուել են կուսակցական եւ կոնկրետ դէպքերում ՀՕՄ-ի համատեղ աշխատանքների շնորհիւ:

Իսկ ընտրութիւններին առաջին անգամ եմ մասնակցում, թէեւ ՀՅԴ Գերագոյն Մարմինը որոշել էր, որ 2012-ի ԱԺ ընտրութիւններին եւս ունենամ իմ մասնակցութիւնը, բայց իմ երկքաղաքացիութիւնը խանգարեց: Նաեւ ասեմ, որ այս ընտրութիւններին իմ մասնակցութիւնը նոյնպէս կուսակցութեան որոշումն էր:

 

Ի՞նչ կարգախօսով է մասնակցում ՀՅԴ-ն ընտրութիւններին, եւ ի՞նչ է այն նշանակում ձեր ընկալմամբ:

ՀՅԴ-ի կարգախօսն է «Երեւա՛ն, փոխիր Հայաստանը»: Կարծում եմ, գաղտնիք չէ, որ ցանկացած պետութեան ամենաքաղաքականացուած հատուածը հէնց մայրաքաղաքն է, ու քանի որ մեր երկրի բնակչութեան գերակշիռ մասը հէնց Երեւանում է ապրում, ապա մասնակցութիւնը եւ յաղթանակն այս ընտրութիւններում, կը նշանակի, որ կþունենանք նոր Հայաստան: Ակտիւ մասնակցելու եմ գործընկերներիս հետ քարոզարշաւին՝ մեր հասարակութեանը, երեւանցիներին կոչ անելով, որպէսզի հաւատան ու վստահեն Դաշնակցութեանը ու կը տեսնեն, որ ՀՅԴ-ն կարող է մեր քաղաքում ու երկրում արմատական փոփոխութիւններ իրականացնել: Յոյս ունեմ, որ երեւանցին ճիշդ ընտրութիւն կը կատարի…

Հ. Կարապետեան
womennet.am

 

 Դաշնակցութիւնը պատրաստ է  գործով ցոյց տալ եւ ինչի է ընդունակ

Մեր հարցերին ի պատասխան՝ Դաշնակցութեան քարոզչական մարտավարութեանը եւ մայրաքաղաքի զարգացման ծրագրերին անդրադառնում է Երեւանի աւագանու ցուցակի 3-րդ հորիզոնականն զբաղեցնող Արսէն Համբարձումեանը

Քարոզարշաւի հետ կապուած, մշակել ենք որոշակի մարտավարութիւն՝ քարոզարշաւն իրականացնում ենք երեք փուլով՝ տարբեր ձեւաչափերով եւ տարբեր մօտեցումներով։

Առաջին փուլում հիմնական շեշտադրումը դնում ենք տնային այցելութիւնների վրայ. մեր քարոզիչները, աւագանու անդամների թեկնածուները այցելում են տուն առ տուն եւ Դաշնակցութեան ծրագրերը, մօտեցումները, առաջարկները ներկայացնում անմիջականօրէն մեր ընտրողներին։ Յաջորդ փուլի համար ծրագրում ենք բակային հանդիպումներ տարբեր ձեւաչափերով, քայլերթեր, շրջիկ մեքենաներով քարոզարշաւ, որից յետոյ կը փորձենք աւելի լայն ձեւաչափերով, հանրահաւաքային եղանակով եզրափակել նախընտրական քարոզչութիւնը։

Բոլոր քաղաքական ուժերը գրեթէ նոյն բանն են ասում՝ աւելի բարեկարգ, յարմարաւէտ Երեւան, մաքուր, լուսաւոր փողոցներ եւ շքամուտքեր, վերանորոգուած տանիքներ եւ այլն։ Որո՞նք են Դաշնակցութեան ծրագրային առաջնահերթութիւնները՝ ինչո՞ւ պէտք է երեւանցին քուէարկի ձեր օգտին։

Բնականաբար քաղաքական ուժերի ծրագրերում կան ընդհանրութիւններ, բայց կան նաեւ որոշակի տարբերութիւններ, եւ մեր ծրագիրն այդ առումով, կարծում եմ, շահեկանօրէն առանձնանում է։ Սեղմ ծաւալի մէջ մենք փորձել ենք ներկայացնել այն կարեւորագոյն խնդիրները, որոնց լուծմանը մտադիր ենք ձեռնամուխ լինել՝ ներկայացուած լինելով աւագանու կազմում։

Կը ցանկանայի մատնանշել մի քանի կարեւոր դրոյթներ, որ առաջ է քաշել Դաշնակցութիւնը իր ծրագրում՝ մասնաւորապէս, սոցիալական բնակարանային ֆոնդի ստեղծման, տարեցների ցերեկային խնամքի, ծրագրային բյուջետաւորման անցում կատարելու հետ կապուած։

Այսօր Երեւանում ծախսերը կատարւում են հիմնականում նախահաշիւների հիման վրայ։ Նաեւ դրանով են պայմանաւորուած ամենատարբեր ծախսային ուղղութիւններով կատարուող ոչ արդիւնաւէտ ծախսերը, որոնց մասին քարոզարշաւի ժամանակ բարձրաձայնում են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։

Դրա հիմնական պատճառներից մէկը հէնց ծրագրային բիւտջէտաւորման բացակայութիւնն է։ Եթէ ուզում ենք փոխել իրավիճակը՝ աւելացնել ծախսերի արդիւնաւէտութիւնը եւ թափանցիկութիւնը, քաղաքի բյուջէն առաւելագոյնս արդիւնաւէտ տնօրինել եւ տեսանելի արդիւնքներ ունենալ, պէտք է անցնենք ծրագրային բիւտջետաւորման սկզբունքին։

Բացի դրանից, մեր պատրաստակամութիւնն ենք յայտնում՝ աւագանու «հսկիչ փաթեթը» ստանալու դէպքում ընդդիմութեանը վերապահել բիւտջետային յանձնաժողովի նախագահի պաշտօնը, որովհետեւ, անկախ նրանից, թէ ով է մեծամասնութիւն, ով՝ փոքրամասնութիւն, միայն հակակշիռների, զսպումների, վերահսկողական ճիշդ մեխանիզմներ որդեգրելու պարագայում է հնարաւոր ակնկալել արդիւնաւէտ աշխատանք, այդ թւում՝ մայրաքաղաքի խորհրդարանում։

Հանրապետականները, մեղմ ասած, վերապահումով են մօտենում իշխանափոխութիւնը Երեւանից սկսելու յաւակնու- թիւններին՝ ասելով, որ ընդդիմութիւնը մայրաքաղաքը պատկերացնում է որպէս պետութիւն պետութեան մէջ, ինչը առնուազն իրատեսական չէ։ Համաձայն չէ՞ք այդ տեսակէտին։

Իրողութիւնն այն է, որ բնակչութեան թւով, տնտեսական ներուժով եւ մի շարք այլ պարամետրերով մայրաքաղաքը բաւական լուրջ կշիռ ունի։ Եւ եթէ Երեւանի կառավարումն անցնի այլ քաղաքական ուժի, այսինքն՝ հնարաւոր լինի ձերբազատուել իշխող կուսակցութեան իշխանութիւնից, տուեալ ընդդիմադիր ուժի ներկայացուցիչն ամէն ինչ անելու է՝ ապացուցելու համար, որ հնարաւոր է աւելի լաւ աշխատել եւ առկայ իրողութիւնների պայմաններում անգամ աւելի լաւ արդիւնքներ ցոյց տալ։

Պարզ տրամաբանութիւնը յուշում է, որ այդ դէպքում իշխող կուսակցութեան բոլոր հիմնաւորումները, փաստարկները, թէ հնարաւոր չէ աւելին անել, քան այն, ինչ այսօր արւում է հանրապետական մեծամասնութեան կողմից, ուղղակի հօդս կը ցնդեն։ Այդ պարագայում, վստահ եմ՝ ե՛ւ մայրաքաղաքի, ե՛ւ երկրի համար առողջ այլընտրանք կը ձեւաւորուի, ի վերջոյ՝ նաեւ համեմատութեան համար շատ լաւ դաշտ կը ստեղծուի, որովհետեւ մի բան է խոստումներ տալ, խօսել ծրագրերի մասին, բոլորովին այլ բան՝ այդ ծրագրերը կեանքի կոչել եւ գործով ապացուցել, որ հնարաւոր է աւելին անել եւ աւելի լաւ անել։

Քաղաքային իշխանութիւնն ունի՞ բաւարար անկախութիւն՝ Երեւանի առջեւ ծառացած խնդիրներն ինքնուրոյն լուծելու եւ իրավիճակի արմատական փոփոխութիւն արձանագրելու համար։

Եթէ քաղաքապետը լինի այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ, նոյնիսկ գործող օրէնսդրութեան պայմաններում ունի գործելու ազատութիւն եւ կարող է դրսեւորել իրեն, ի ցոյց դնել իր ունակութիւնները։

Ի՞նչ ունենք այսօր. քաղաքապետը ՀՀԿ ներկայացուցիչ է, Հանրապետականը Երեւանի աւագանիում ունի մեծամասնութիւն, եւ այս պարագայում քաղաքապետի պաշտօնը, ըստ էութեան, նշանակովի է դառնում։ Անցած 4 տարում Երեւանը ունեցել է 3 քաղաքապետ, եւ առնուազն երկրորդի պարագայում քաղաքապետը փոխուել է առանց որեւէ հիմնաւորման։

Իրավիճակն այլ կը լինէր ընդդիմադիր քաղաքապետի պարագայում՝ առանց հիմնաւորումների կամ այլեւայլ պատճառներով հնարաւոր չէր լինի ընտրուած քաղաքապետին պաշտօնանկ անել եւ նոր քաղաքապետ նշանակել։

Բայց քանի որ ունենք մեծամասնութեան իշխանութիւն, տէ իւրէ աւագանու կողմից ընտրուող քաղաքապետը դառնում է տէ ֆակտօ նշանակւած քաղաքապետ, ինչը աղճատում է ոչ միայն օրէնքի տրամաբանութիւնը, այլեւ կաշկանդում քաղաքապետի գործունէութիւնը։ Իմանալով, որ ցանկացած պահի տարբեր պատրուակներով կարող են հրաժարական պարտադրել, քաղաքապետը հաշուի է նստում իրողութիւնների հետ եւ ստիպուած է լինում սպասարկել այն մարդկանց շահերը, ովքեր կարող են ազդել իր եւ իր կայացրած որոշումների վրայ։ Այսինքն՝ ծառայում է ոչ թէ քաղաքացիներին, այլ իրեն նշանակողներին։

Դրա համար էլ ասում ենք՝ Երեւանը պէտք է ունենայ աւագանու կողմից ընտրուած քաղաքապետ, որն ունի անկաշկանդ գործելու հնարաւորութիւն եւ հաշուետու է միայն Երեւանին ու երեւանցիներին։

Ընդդիմադիր ուժերին, այդ թւում՝ Դաշնակցութեանը, քննադատում են ընտրողների հետ «ազնիւ չլինելու» համար։ Ասւում է, թէ ընդդիմադիր ուժերը չեն շտապում բացայայտել քաղաքապետի իրենց թեկնածուի անունը։

Կարծում եմ, ընտրողները պիտի դատեն այս կամ այն քաղաքական ուժի անկեղծութեան մասին։ Մենք, յամենայն դէպս, անկեղծ ենք մեր ընտրողների հետ՝ ներկայանում ենք այն թիմով, որով պատկերացնում ենք մեր աշխատանքը Երեւանի աւագանիում յաջողութեան հասնելու դէպքում։ Բնականաբար համապատասխան քուոտաներ ապահովելու պարագայում մեր թեկնածուն Արմէն Ռուստամեանն է՝ նրա դէմքով ենք ներկայանում եւ որեւէ մէկի թիկունքում «թաք- նուելու» խնդիր չունենք։

ԼԻԼԻԹ ՊՕՂՈՍԵԱՆ