Print
Category: Հայաստան-Արցախ

Այսօր՝ Ապրիլի 2-ի առաւօտեան, աշխատավայրի դիմաց ահաբեկչութեան զոհ է դարձել Պռոշեան համայնքի ղեկավար Հրաչ Մուրատեանը: Տեղի է ունեցել կանխամտածուած ու ծրագրուած սպանութիւն: Ակնյայտ է նաեւ, որ, անկախ կատարողներից, ոճրագործութիւնը անպատժելիութեան եւ անհանդուրժողական մթնոլորտի հետեւանք է:

Հրաչ Մուրատեանը հաւատաւոր դաշնակցական էր, Արցախեան ազատամարտի առաջին օրերից մինչեւ աւարտը, մարտական փառայեղ ուղի էր անցել: Պարգեւատրուել էր Արցախի «մարտական  խաչ» երկրորդ աստիճանի եւ հայրենիքի պաշտպանութեան համար բազմաթիւ մետալներով: 2005-ից երեք անգամ անընդմէջ ընտրուելով գիւղապետ՝ նա դրսեւորել էր իրեն որպէս օրինակելի ղեկավար, իրականացրել էր տարբեր ծրագրեր, նպաստել պռոշեանցիների բազմաթիւ խնդիրների լուծմանը:

Իր տեսակով ու նկարագրով լինելով պայքարող, ինքնուրոյն եւ ժողովրդի շահերով առաջնորդուող անհատականութիւն՝ Հրաչ Մուրատեանը վայելում էր համագիւղացիների սէրն ու համակրանքը: Դա յարուցում էր ոմանց ակնյայտ դժգոհութիւնը: Ղեկավարման տարիներին նրա շուրջ մշտապէս փորձ է արուել լարուածութիւն ստեղծել: Բազմիցս դըր- սեւորուած սպառնալիքներն ու ահաբեկումները, ի վերջոյ, հասցրեցին այս վախճանին:

Ցաւով արձանագրում ենք, որ մեր երկրում երաշ- խաւորուած չէ քաղաքացու անվտանգութիւնը, յանցաւոր գործելակերպը մեր կեանքի անբաժանելի մաս է կազմում: Հրաչ Մուրատեանի կեանքը խլած դաւադիր գնդակը ուղղուած էր ոչ միայն ազնուագոյն հայի եւ համայնքի սրտացաւ ղեկավարի, այլեւ հայոց պետականութեան եւ նրա վարկի դէմ: Դատապարտելով կատարուած ոճրագործութիւնը Հ.Յ.Դաշնակցութիւնը պահանջում է յանցագործութեան արագ եւ լիարժէք բացայայտում՝ կատարողների եւ կազմակերպիչների նկատմամբ խստագոյն պատժի կիրառում:

Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն Մարմին