ՏԱՒՈՒՇ, «Ռատիոլուր».- «Տաւուշի մարզի սահմանամերձ համայնքներում տարին 12 ամիս ու օրը 24 ժամ տեղացիները զգօն են: Նրանք բոլորը՝ անկախ տարիքից, գիտեն, որ ամէն պահի կարող է թշնամու նենգ գնդակը խաթարել իրենց սովորական անդորրը:
1250 բնակիչ ունեցող Չինարիում եւ ոչ միայն յատկապէս այս օրերին են աւելի զգօն: Գարնան ու գիւղատնտեսական աշխատանքների մեկնարկին զուգահեռ ակտիւանում են նաեւ կրակոցները», կը գրէ «Ռատիոլուր լրագրող Յասմիկ Դիլանեան։
«Եթէ մինչեւ 2008թ թշնամին ինքնաձիգներով էր կրակում, 2008ից սկսեցին արդէն հրաձիգներն աշխատել», լրագրողին յայտնած է Չինարիի գիւղապետ Սամուէլ Սաղոյեանը: «Կրակում են յատկապէս գիշերային ժամերին, կրակահերթերով, տները շատ մօտ են, կրակում են՝ գիտակցելով , որ եթէ մարդկային զոհ էլ չլինի, վնաս անպայման կը լինի, դիպուկահարները նստում են ու յատուկ երեք, չորս գնդակ կրակում են ու թաքնւում», շարունակած է ան:
«Նենգօրէն, դարանակալ կերպով կրակում են, աշխատում են վնասել գիւղը, հիմնականում կրակում են վերեւի հողամասերը, որոնք գտնւում են իրենց տեսանելիութեան ներքոյ, չեն թողնում, որպէսզի մենք մօտիկանանք մեր հողերը մշակենք, կամ անասունները տանենք վերեւ՝ մեր արօտավայրերը, նաեւ խոտհարքները գտնւում են իրենց տեսանելի տարածքներում», դիտել տուած է գիւղապետը։
Չինարիի մանկապարտէզը ունի 30 սան, չորս աշխատողներ: Մինչեւ դպրոց հասնիլը բոլորը գիտեն, որ որեւէ ատեն նենգ թշնամիին նենգ գնդակը կրնայ իրենց քովէն անցնիլ կամ նոյնիսկ աւելի վատ անդրադարձներ ունենալ։ Բայց եւ այնպէս անոնք կը շարունակեն գիւղին մէջ ապրիլ, պայքարիլ եւ անառիկ պահել գիւղերը: 600 մեթր հեռաւորութիւն մը Չինարիի մանկապարտէզը կը բաժնէ թշնամիին յենակէտէն: «Մանկապարտէզում կրակահերթերի ժամանակ գնդակների ձայնը խլացնում ենք երեխաների ուշադրութիւնը շեղող երաժշտութեամբ», պատմած է մանկապարտէզի խոհարար տիկին Սոնեան:
«Դէ աշխատում ենք, որ երեխաները չիմանան, մուլտիկ ենք միացնում, երաժշտութիւն, որ պարեն, խուց ունենք նրանց այնտեղ ենք պահում: Ահ ու սարսափ ենք զգում, ամէն վայրկեանի կարող են կրակել: Ամէն րոպէ պատրաստ ու սպասողական վիճակում պէտք է լինես»:
«Երեխաներն էլ գիտեն, որ կրակոցի ձայն լսելիս պէտք է ապահով վայրում պատսպարուեն: Շատ յաճախ երեխաների մանկապարտէզ բերելիս կամ տուն տանելիս են կրակահերթ բացում գիւղի ուղղութեամբ», յայտնած է Չինարիի մանկապարտէզի տնօրէն Փառանձեմ Աղասեանը. «Այս պահին պէտք է ինչ որ տուն մտնել, մինչեւ կրակոցները դադարեն, կամ եթէ կրակոց է, մանկապարտէզում սպասում ենք այնքան, մինչեւ դադարի: 600 մ. հեռաւորութիւն ա, հիմա, որ ուզեն իրանք մեզ ստեղ հատ-հատ կը խփեն: Ամէն վայրկեան մեզ համար մահը սպառնում է այստեղ, ամէն րոպէ: Երեխաներին բերելու, տանելու ժամանակահատուածն է շատ վտանգաւոր, երեխաներին միշտ ներսում ենք պահում, յատկապէս, երբ մի կրակոց ենք լսում, անմիջապէս երեխաներին ներս ենք տանում, բակի միւս կողմ ենք տանում երեխաներին, որովհետեւ շատ վտանգաւոր է»:
Ընդամէնը մէկ խումբի մէջ հաւաքուած տարբեր տարիքի երեխաներուն մէջ արմատաւորուած է սէրը հայրենիքին հանդէպ, ու իրենց տունը թշնամիէն պաշտպանելու գիտակցութիւնը առկայ է իրենց ծնունդով իսկ։ Անոնց մեծ մասը որոշած է զինուոր դառնալ՝ հայրենի գիւղը «թուրքերից պաշտպանելու համար»: Տակաւին կայ օժանդակութեան եւ իրաւունքներու հարց։ Չինարիի մանկապարտէզի տնօրէն Փառանձեմ Աղասեան այս մասին ըսած է. «Շատ ցածր է մեր աշխատավարձը, շատ դժգոհ ենք աշխատավարձից, պետութիւնը ոչ մի բանով չի օժանդակում, առաւօտուայ իննից հինգը աշխատում ենք, աշխատողներս 37 հազար դրամ աշխատավարձ են ստանում: Հակառակ այս բոլորին չինարեցիները կը շարունակեն ապրել ու պայքարել, պայքարել յանուն իրենց բնակավայրին, յանուն մեզի ու մեր խաղաղութեան»: