Լիտվայի Սեյմի մէջ Լիտվայի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան բարեկամութեան խումբի ստեղծման կապակցութեամբ՝ ՀՀ ԱԺ խմբակցութիւնները հետեւեալ յայտարարութիւնը հրապարակած են.-
Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի քաղաքական բոլոր խմբակցութիւնները ողջունում են Լիտվայի Սեյմասում Լիտվայի Հանրապետութիւն-Արցախի Հանրապետութիւն բարեկամութեան խմբի ստեղծումը: Նախադէպը չունեցող լիտվացի խորհրդարանականների պատմական այս քայլը մարդասիրութեան, բարեկամութեան, ժողովրդավարութեան եւ ազատութեան վեհ արժէքներին Լիտվայի ժողովրդի անվեհեր նուիրուածութեան, ինչպէս նաեւ միջազգային հանրութեան կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդին երկխօսութեան մէջ ներգրաւելու նոր կարեւոր հանգրուանի սկզբնաւորման վկայութիւնն է:
25 տարի առաջ Լիտվայի եւ Հայաստանի ժողովուրդների բարեկամութիւնը, զօրակցութիւնն ու միասնականութիւնը ճանապարհ հարթեցին մեր պետականութիւնների վերականգնման համար: Հայ ժողովրդի պատմութեան մէջ Լիտվան յաւերժական տեղ է զբաղեցրել որպէս մեր նորանկախ հանրապետութիւնը ճանաչած առաջին երկիր: Յատկանշական է եւ միեւնոյնժամանակ բնական, որ այսօր էլ նոյնպէս, ինչպէս մեր անկախութեան ձեռքբերման ճակատագրական օրերին, հէնց Լիտվայի ներկայացուցիչները առաջինը կատարեցին նման արժանապատիւ եւ խիզախ քայլը:
Մենք մեր երախտագիտութիւնը, գնահատանքն ու զօրակցութիւնն ենք յայտնում մեր լիտվացի գործընկերներին, վստահ լինելով, որ Լիտվան՝ որպէս կայացած ժողովրդավարական պետութիւն, չընկըրկի բարեկամութեան եւ խաղաղ գոյակցութեան դէմ այս օրերին ծավալուած՝ տարակուսանք առաջացնող անբնական ճնշումներին եւ Ադրբեջանից եկող հիստերիկ արձագանգներին: Լիայոյս ենք, որ Սեյմասի անդմաների նախաձեռնութեանը կը միանան համամարդկային սկզբունքներին, մարդու հիմնարար ազատութիւններին,համերաշխութեան եւ ‘ խաղաղութեան հաստատման հաւատարիմ լիտվացի այլ խորհրդարանականներ, իսկ ժողովրդավար այլ երկրների օրէնսդիր մարմիններում այս նախաձեռնութիւնը կը ստանայ նոր դրսեւորումներ:
Արցախը սկսում է դիտուել միջազգային ասպարէզում որպէս քաղաքականութեան ինքնուրոյն գործօն. այդ մասին են վկայում ԱՄՆ եւ Աւստրալիայի որոշ նահանգների կողմից Արցախի անկախութեան ճանաչման փաստերը, Ուրուգուէյի խորհրդարանական պատուիրակութեան պաշտօնական այցը ԼՂՀ եւայլն: Լիտվացի պատգամաւորների կողմից Արցախի հետ բարեկամութեան խմբի ստեղծումը եւ մէկ քայլ է այդ ճանապարհին:
ՀՀԿ խմբակցութեան ղեկավար
Գալուստ Սահակեան
ԲՀԿ խմբակցութեան ղեկավար
Գագիկ Ծառուկեան
ՀԱԿ խմբակցութեան ղեկավար
Լեւոն Զուրաբեան
ՕԵԿ խմբակցութեան ղեկավար
Հեղինէ Բիշարեան
ՀՅԴ խմբակցութեան ղեկավար
Արմէն Ռուստամեան
«Ժառանգութիւն» խմբակցութեան ղեկավար
Ռուբիկ Յակոբեան