Քարինտակցի Առուշանեանները 1992-ի Յունւարի 26-ին մէկ ժամում միանգամից երկու զոհ տուեցին։
Դաշնակցութեան Արցախի կառոյցի ղեկավարներից եւ ԼՂՀ Գերագոյն Խորհըրդի պատգամաւոր, Քարինտակի ինքնապաշտպանութեան ջոկատի հրամանատար Վաղարշակ Առուշանեանն ու նրա եղբօր որդին՝ Կարոն։
Բարձրահասակ, յաղթանդամ որդու կորուստի հետ այդպէս էլ չհաշտուեցին ծնողները, կինը, 4 զաւակները: Ասում են՝ տանն ամէն երեկոյ խօսում են, յիշում Կարոյին: 21 տարի անց էլ վիշտ թարմ է:
«Ամէն օր յիշում ես, ոնց է եղել, կարծես երէկ է գնացել, երէկ է զոհուել: Չորս աղջիկ ունի, արդէն թոռ էլ ունի: Ես պիտի գնայի, ասաց, թէ այ հեր, դու մեծ մարդ ես: 53 տարեկան էի, որ գնաց ու զոհուեց: Իր երեխեքին մի ձեւով պահեցինք, մեծացրինք, բայց ասում եմ, թէ կարող է հրաշք լինի ու օրերից մի օր գայ, սովորականի նման դուռը բացի, մտնի»,- ասաց Լեւոն Առուշանեանը՝ Կարօ Առուշանեանի հայրը։
1992-ի Յունուարի 26-ը Քարինտակի ինքնապաշտպանութեան օրն է: 21 տարի առաջ այս օրն էր, երբ ազերիները շրջապատել էին գիւղը, փակել Շուշի տանող միակ ճանապարհը: 90 հայ ազատամարտիկներ անհաւասար մարտի էին դուրս եկել մի քանի հարիւր ատրպէյճանցիների դէմ։ Հակառակորդը նահանջեց՝ մարտի դաշտում թողնելով 136 դի, նահատակուեցին 21 հայորդի:
Գիւղի համար մղուած հերոսամարտը ռազմական պատմութեան մասնագէտները, թերեւս, յետոյ են գնահատելու իբրեւ արցախեան պատերազմում արմատական շրջադարձի սկիզբ։ Դա յաղթանակ էր, որ անդառնալի գին ունի, այդ օրը Կարոն էլ գնաց, Նորիկն էլ, Անուշաւանն էլ: Ամէն մէկի մասին շատ բան կայ յիշելու: Նրանց անձամբ ճանաչողների համար տղաների բնաւորութեան որոշ գծեր իրականում բացայայտուել են մարտի դաշտում:
«Աշխատասէր, համակրելի, ընկերասէր, հայրենասէր տղայ էր: Շարժման ժամանակ ասում էր` պիտի գնամ: Ասում էի` ընդամէնը 2 տղայ ունեմ, որ գնաս ու աստուած չանի, մի բան պատահի, ինչ եմ անելու: Ասում էր` մամ ճան, որ ես չգնամ, միւսը չգնայ, բա մեր հայրենիքն ով պիտի պաշտպանի»,- յիշում է Անուշաւանի մայրը:
Նորիկ Մանասարեանը ծնողների միակ որդին էր, տանն ասել էր, թէ մեկնում է Մեղրիի պահածոների գործարանում աշխատելու: Փոխարէնը գնաց հայրենիքի մի փոքրիկ կտոր ազատագրելու:
Իսկ Եռաբլուրում հաւաքուած հարազատները, մարտական եւ կուսակցական ընկերները շարունակում են ապրել իրենց կեանքի ու յիշողութիւնների զարկերակի ներքոյ, որի համաչափ տրոփն արագանում ու աչքերից արցունքներ է հոսում՝ անմահ հերոսների մասին բարձրաձայնելիս:
Երկիր մեդիա