ԱՐՄԷՆՓՐԷՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդեանը հարցազրոյց մը տուաւ Հանրային հեռուստաընկերութեան Առաջին լրատուական ծրագրին:
Պարո՛ն նախարար, աւարտուեց 2012 թ., ինչպէ՞ս կը բնութագրէք այն, ի՞նչ ձեռքբերումներ են եղել։
2012 թ-ին արտգործնախարարութեան աշխատանքներն ուղղուած էին միջազգային ասպարէզում մեր երկրի հեղինակութեան, դիրքերի ամրապանդմանը, տարբեր մայրցամաքներում մեր բարեկամների թիւի աւելացմանը։ Արտաքին քաղաքականութեան գլխաւոր ձեռքբերումներից է, ինչը հաստատուեց նաեւ 2012 թ-ին, որ մեր ժողովրդի համար կենսական նշանակութիւն ունեցող հարցերի շուրջ մեր երկրի եւ միջազգային հանրութեան դիրքորոշումները համահունչ են։ 2012 թ-ն ապացուցեց, որ արցախեան հիմնախնդրի կարգաւորման ուղղութեամբ մեր ռազմավարութիւնը ոչ միայն ըմբռնելի է, այլեւ աջակցութիւն է վայելում միջազգայն հանրութեան կողմից։ Դրա մասին են վկայում այս տարի Սոչիում, Լոս-Կաբոսում եւ Տուբլինում ընդունուած յայտարարութիւնները։
Սակայն Ատրպէյճանի ղեկավարութիւնը ամէն օր թոյն է թափում Արցախի եւ Հայաստանի նկատմամբ։
Դա վկայում է նրանց դիրքերի թուլութեան մասին։ Ատրպէյճանի որոշ բարձրաստիճան պաշտօնեաներ նմանւում են Սատամ Հուսէյնի վերջին ամիսների պրոպագանդայի նախարարին։ Պաքուի յայտարարութիւնները եւ սադրանքները համապատասխան բացասական արձագանգ են ստանում միջազգային հանրութեան կողմից, ինչպիսին էր Սաֆարովի գործարքը, որը խայտառակութիւն դարձաւ Ատրպէյճանի համար եւ միանշանակ դատապարտուեց ամբողջ աշխարհի կողմից։ Նոր տարուայ նախաշեմին դրականից խօսենք. Հայաստանը եռանախագահների հետ միասին շարունակելու է ջանքերն ուղղուած ղարաբաղեան հիմնախնդրի բացառապէս խաղաղ կարգաւորմանը։ Արտաքին գործերի նախարարութիւնը հետեւողական աշխատանք է կատարել ուղղուած մեր դաշնակից Ռուսաստանի հետ յարաբերութիւնների առաւել ամրապնդմանը։ Նոր լիցք է ստացել ՀԱՊԿ-ի շրջանակներում ռազմավարական փոխգործակցութիւնը, զարգացել է համագործկացութիւնը ԱՊՀ ձեւաչափում։ Կարեւոր քայլեր են ձեռնարկուել Միացեալ Նահագների հետ բարեկամական գործընկերութեան զարգացման նպատակով։ Առաջընթաց է արաձանագրուել Եւրոպական միութեան եւ եւրոպական երկրների հետ յարաբերութիւնների ընդլայնման ուղղութեամբ։ Ինչպէս եւ կանխատեսւում էր ստորագրուեց մուտքի արտօնագրային ռեժիմի դիւրացման մասին համաձայնագիրը, յաջողութեամբ ընթանում են Ասոցացման համաձայնագրի եւ խորը ու համապարփակ ազատ առեւտուրի գօտու ստեղծման շուրջ բանակցութիւնները։ Զգալիօրէն ընդլայնուել է մեր բարեկամական կապերի աշխարհագրութիւնը՝ ասիական, լատինամերիկեան, աֆրիկեան ուղղութիւններով։ Մենք ուշադրութեան կենտրոնում ենք պահել զարգացումները արաբական աշխարհում, մեր ջանքներն ուղղուած են եղել սիրիահայութեան անվտանգութեան ապահովմանը եւ առաջացող խնդիրների լուծմանը։ Չնայած տարին ընտրական էր, բայց արտաքին քաղաքական օրակարագը բաւականին յագեցած էր՝ նաեւ բարձրաստիճան փոխայցելութիւնների իմաստով։ Կը ցանկայի նշել, որ հարիւրից աւել միջազգային պայմանագրեր եւ համաձայնագրեր են ստորագրուել։ Գալիք տարին ոչ պակաս ակտիւ է լինելու, Հայաստանը նախագահելու է Եւրոպայի խորհրդում եւ Սեւծովեան տնտեսական համագործակցութեան կազմակերպութիւնում, մեր գործունէութիւնն ուղղուած է լինելու միջազգային ասպարէզում երկարաժամկէտ հաստատուն արդիւնքների ապահովմանը։