Print
Category: Հայաստան-Արցախ

Top 10. Արմէն Աշոտեան VS Սուրէն Զոլեան
Նախարարն ընդդէմ ռեկտորի: Սա գարնանը քննարկուած ամենաթէժ թեման էր: Ռեկտորը նախարարին հրապարակաւ  անուանեց ոչնչութիւն, յետո՞յ՝ ստախօս եւ վախկոտ, Աշոտեանն էլ նրան բարեկրթութեան դասեր տուեց: Նախարար-ռեկտոր վէճի արդիւնքում Զոլեանը նախ նկատողութիւն, յետոյ

խիստ նկատողութիւն ստացաւ ու պաշտոնանկ եղաւ: Սակայն սրանով կրթական ոլորտի ամենաթէժ սկանդալը չաւարտուեց, բրիւսովցիները սկսեցին բողոքի ակցիաներ անցկացնել, ԲՈՒՀը բաժանուեց երկու հատուածի: Երկշաբաթեայ դասադուլից յետոյ նախարարն այցելեց համալսարան, հանդիպեց ուսանողներին, սակայն դա էլ իրավիճակը չփրկեց: Երկար ժամանակ Զոլեանը դուրս չէր գալիս ռեկտորի իր սենեակից: Ստացուել էր իրավիճակ, երբ մէկ բուհում երկու ռեկտոր կար: Աւելի ուշ արդէն Զոլեանն ընդդէմ Աշոտեանի գործը յայտնուեց դատարանում: Տարուայ ընթացքում Արմէն Աշոտեանն ամենահասանելի քաղաքական գործիչն էր: Օրուայ մեծ մասը նա օնլայն է, գրում էր «ստաթուս», մեկնաբանում եւ կրթական խնդիրներից դուրս չէր զլանում պատասխանել նաեւ այլ քաղաքական ուժերին:

Top 9. Ֆլորա Մարտիրոսեան
Տարուայ ամենամեծ կորուստներից մէկը: Կեանքից անժամանակ հեռացած երգչուհի Ֆլորա Մարտիրոսեանի անձն ու գործողութիւնները նոյնպէս ամենաքըննարկուածն էին: Տարուայ ընթացքում բազմիցս լուսաբանւեց Ֆլորա Մարտիրոսեանի նախաձեռնած «Never again» համերգային նախաձեռնութիւնը, որը միտուած էր Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչմանը: Տարուայ  ընթացքում տիկին Ֆլորան Երեւանում համերգ տուեց, ասուլիս հրաւիրեց, ինչն ամենաբուռն կերպով լուսաբանուեց: Ցաւոք, տիկին Ֆլորայի մասին պէտք է գրենք անցեալով: Նոյեմբերի 20-ին 55 տարեկան հասակում ԱՄՆ-ում կտրուեց նրա կեանքի թելն ու նա մեկնեց մշտական հիւրախաղի դէպի երկինք: Նրա ֆեյսբուքեան էջում հազարաւոր ցաւակցութիւններն էին, ափսոսանքի ու երախտիքի խօսքեր՝ ուղղուած նշանաւոր երգչուհուն:

Top 8. Արթուր Աբրահամ
Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի գործունէութիւնն էլ չվրիպեց հասարակութեան եւ մամուլի ուշադրութիւնից: Այս տարի Աբրահամը չորս յաղթանակ է տարել՝  նուաճել եւ վերանուաճել WBO վարկածով միջին քաշային կարգում Եւրոպայի չեմփիոնի կոչումը, այնուհետեւ WBO վարկածով 2-րդ միջին քաշային կարգում նուաճել է աշխարհի չեմփիոնի տիտղոսը: Իսկ Դեկտեմբերի 15-ին Ֆրանսիան ներկայացնող Մեհդի Բուադլայի դէմ մենամարտի 8-րդ ռաունտում Աբրահամը տեխնիկական նոկաուտով առաւելութեան հասաւ մրցակցի նկատմամբ: Գերմանական «Boxsport» ամսագիրը 3-րդ անգամ Աբրահամին ճանաչել է «Տարուայ լաւագոյն բռնցքամարտիկ»: Բացի մարզական գործունէութիւնից՝  այս տարի Աբրահամը խաղացել է գերմանացի ռեժիսոր Թիլ Շվայգերի «Դէպքի վայր» ֆիլմում: Այն էկրան կը բարձրանայ 2013-ին. Աբրահամը մարմնաւորում է յանցագործի դերը:

Top 7. Տարօն Մարգարեան
«Տարօն, սիրուն չէ»: Սա արտայայտութիւն է, որ շաբաթներ շարունակ տեղին ու անտեղի կրկնում էին բոլորը: Նորանշանակ քաղաքապետ Տարօն Մարգարեանի պաշտօնավարումը բուռն սկսուեց: Նախկին քաղաքապետ Կարէն Կարապետեանի հրաժարականից յետոյ Մարգարեանը պէտք էր ապացուցեր, որ խստապահանջ է, կամքի ուժ ունի եւ կարող է հանրային շահը գերադասել մասնաւորից: Յունուարին քաղաքապետը որոշում կայացրեց Աբովեան փողոցը էժանագին բուտիկներից ազատելու ուղղութեամբ: Քաղաքապետի որոշմամբ ապամոնտաժւած բուտիկները տեղափոխուեցին Մաշտոցի պուրակ, կտրուեցին մի քանի ծառեր եւ սկսուեց պատերազմ հասարակութեան եւ քաղաքապետի միջեւ: Սկսուեցին նստացոյցեր, քննարկումներ, մամուլը  գրեթէ ամէն օր յօդուած էր գրում Մաշտոցի պուրակի մասին, քաղաքապետարանից  էլ ամենատարբեր մեկնաբանութիւններն էին տալիս, շատ յաճախ իրար մերժող ու հակասող: Ի վերջոյ Յունուարի կէսերից սկիզբ առած բնապահպանական պատերազմը աւարտուեց գարնանը, խորհրդարանական ընտրութիւններից առաջ, երբ նախագահ Սերժ Սարգսեանը «անակնկալ» այց կատարեց պուրակ եւ հայրաբար երիտասարդ քաղաքապետին ասաց, որ նա ամեն ինչ լաւ է արել, բայց դա սիրուն չէ, աչք չի շոյում, ու բուտիկները պէտք է ապամոնտաժել: Շաբաթներ շարունակ համացանցը քննարկում էր պալէյի  պարուհու եւ քաղաքապետի հանդիպումը քաղաքապետարանում: Ֆեյսբուքում քաղաքապետի ու պարուհու լուսանկարներն ամենատարածուածն էին: Քաղաքապետի անունը կրկին շօշափուեց, երբ Աւանի թիւ մէկ ընտրատարածքում տեղի ունեցած ընտրութիւններում յաղթեց Ռոպերթ Սարգսեանը, որը քաղաքապետի աներձագն է:

Top 6. Լեւոն Արոնեան, Սերգէյ Մովսիսեան, Վլատիմիր Յակոբեան, Գաբրիէլ Սարգսեան, Տիգրան Պետրոսեան եւ մարզիչ Արշակ Պետրոսեան
Այս տարի Ստամբուլում կայացած շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի շախմատի հաւաքականը փայլուն յաղթանակ տարաւ եւ գրաւեց առաջին հորիզոնականը: Մեր ընտրանին վերջին տուրում պարտութեան մատնեց Հունգարիայի հաւաքականին, եւ Ստամբուլում մտքի հայ տաղանդների շնորհիւ   բարձրացաւ  հայոց եռագոյնն ու հնչեց օրհներգը: Նրանց օդանաւակայանում դիմաւորեց նախագահ Սերժ Սարգսեանը, այնուհետեւ նրանց պատուին համերգ կազմակերպուեց օփերայի բակում, իսկ աւելի ուշ՝ նախագահական նստավայրում տեղի ունեցաւ  ընդունելութիւն: Նախագահը Լեւոն Արոնեանին եւ Արշակ Պետրոսեանին պարգեւատրեց «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, իսկ միւս շախմատիստներին՝ Պատուոյ  շքանշանով:

Top 5. Միխայիլ Բաղդասարով
Տարուայ ամենաշատ քննարկուած ու քննադատւած գործարարն ու կազմակերպութիւնը  «Արմավիա» աւիաընկերութիւնն ու նրա սեփականատէր Միխայիլ Բաղդասարովն էին: «Արմավիա»-«Զուարթնոց» միջազգային օդանաւակայան վէճն ու կուտակուած պարտքերը ինչպէս նախորդ, այս տարի էլ մամուլի ուշադրութեան կեդրոնում էին: Աւիաընկերութեան կուտակած պարտքերի պատճառով օդանաւակայանն անընդհատ զրկում էր «Արմավիա»-ին թռիչքուղուց, ինչն առաջացնում էր հասարակութեան դժգոհութիւնն ու լուսաբանւում լրատուամիջոցներով: Յետոյ արդէն «Արմավիա»-ն եւ Բաղդասարովը յայտնուեցին լրատուամիջոցների ուշադրութեան կենտրոնում, երբ սիրիահայերը դժգոհեցին, որ Երեւան-Հալէպ տոմսը շատ թանկ է: Որոշ ժամանակ անց «Արմավիան դադարեցրեց թռիչքները դէպի Սիրիա: Տարեվերջին արդէն լուրեր էին պտտւում, որ «Արմավիա»-ն վաճառւում է: Բաղդասարովն այդ լուրը չի հերքել:

Top 4. Ռուբէն Հայրապետեան
Տարուայ ամենաբացասական անձնաւորութիւնը: Այս անուանակարգում յաղթողը ԱԺ արդէն նախկին պատգամաւոր, Հայաստանի ֆուտպոլի ֆետերացիայի նախագահ Ռուբէն Հայրապետեանն է: Յունիսին նրան պատկանող «Հարսնաքար»  ռեստորանային համալիրում տեղի ունեցաւ  ողբերգութիւն: Հայրապետեանի աշխատողներն ու նրա անվտանգութեան աշխատակիցները ծեծեցին ռազմական բժշիկների: Ծեծի հետեւանքով հիւանդանոցում 11 օր անց մահացաւ ռազմական բժիշկ Վահէ Աւետեանը: Կատարուածը բողոքի մեծ ալիք բարձրացրեց հասարակութեան մէջ, կազմակերպուեցին բողոքի երթեր, ցոյցեր, մոմավառութիւն ոչ միայն ռեստորանի, այլեւ Հայրապետեանի տան դիմաց: Մամուլում գրեթէ ամէն օր բացասական յօդուածներ էին տպագըրւում Հայրապետեանի մասին: Նախկին պատգամաւորը կանչուեց նախագահական նստավայր եւ Սերժ Սարգսեանից սաստուելուց յետոյ  յայտարարեց, որ հրաժարւում է մանդատից: Գործը նախաքննող մարմինը Հայրապետեանին երկու անգամ           կանչել է հարցաքննութեան, եւ պարզուել է, որ դէպքի օրը Հայրապետեանը ռեստորանում չի եղել: Այժմ դատարանում է ընդդէմ Հայրապետեանի մի գործ:

Top 3. Հենրիխ Մխիթարեան
Հայաստանի հաւաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը տարուայ ընթացքում ամենաքննարկուած անձանցից մէկն է: Նրա գեղեցիկ ելոյթներն ու կոլերը հաւաքականի եւ ակումբի կազմում ստիպեցին, որ հասարակութիւնն ու մամուլն առաւել յաճախ խօսեն Մխիթարեանի մասին: Հենրիխը ճանաչուեց «Շախտյորի» լաւագոյն կիսապաշտպան եւ ընդգրկուեց աշխարհի լաւագոյն հարիւր ֆուտբոլիստների ցանկում: Հասարակութիւնը ցնծութեամբ տօնեց Մխիթարեանի կոլը Իտալիայի հաւաքականի դարպասին, եւ թէպետ մեր հաւաքականը սեփական յարկի տակ պարտուեց աշխարհի փոխչեմփիոնին, սակայն լրատուամիջոցները ու հասարակութիւնը խօսում էին Հենրիխի խփած  կոլի մասին:

Top 2. Վարդան Օսկանեան
ՀՀ նախկին արտաքին գործոց նախարար Վարդան Օսկանեանն էլ տարուայ ընթացքում մամուլի ուշադրութեան կեդրոնում էր: Օսկանեանը թերեւս իշխանութիւններին ամէնից ուժեղ քննադատող անձն էր: Տարուայ սկզբից խօսակցութիւններ էին շրջանառւում, որ Օսկանեանը համալրելու է «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան շարքերը: Որոշ ժամանակ անց Օսկանեանը դարձաւ ԲՀԿ անդամ եւ ընդգրկուեց կուսակցութեան նախընտրական ցուցակում: Կուսակցութեան համաժողովում՝  նախագահ Սերժ Սարգսեանի ներկայութեամբ, ամենաբուռն քննադատութեան ենթարկեց երկրի ներքին, արտաքին ու տնտեսական ոլորտները: Յետոյ արդէն Օսկանեանի անունը գրեթէ ամէն օր մամուլի առաջին էջերում էր, երբ նախկին արտգործնախարարին մեղադրեցին փողերի լուացման մէջ: ՀՀ գլխաւոր դատախազ Աղուան Յովսէփեանի պահանջով խորհրդարանը կողմ քուէարկեց, եւ Օսկանեանին զրկեցին անձեռնմխելիութիւնից:

Top 1. Գագիկ Ծառուկեան
«Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան առաջնորդ Գագիկ Ծառուկեանն այս տարի ամենաքըննարկուած անձնաւորութիւնն էր: Նախընտրական քարոզարշաւի ժամանակ Ծառուկեանի թեման քաղաքական ու հասարակական շրջանակներում  բուռն քննարկուեց: Խորհրդարանական ընտրութիւններից յետոյ «Բարգաւաճ Հայաստանը» կոալիցիայի մաս չկազմեց, սակայն ընդդիմութիւն էլ չդարձաւ ու խորհրդարանում վերածուեց այլընտրանքային ուժի: Մի քանի ամիս շարունակ քննարկւում էր հարցը՝ առաջադրուելո՞ւ է արդեօք Ծառուկեանն առաջիկայ նախագահական ընտրութիւններին: Սակայն ան  յայտարարեց, որ չի առաջադրւում նախագահական ընտրութիւններին եւ չի սատարում որեւէ մէկին:

ՅԱՍՄԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ 
«Ազգ» օրաթերթ

ԾԱՆՕԹ  ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՆ.- «ԱԶԳ» օրաթերթը երկրորդ տարին ըլլալով տարեվերջին կը ներկայացնէ այն անձերու տասնեակը, որոնք տարուայ ընթացքին առաւելաբար քննարկուեցան հայաստանեան զանգուածային լրատուամիջոցներուն կողմէ դրական թէ բացասական իմաստով: Ինչպէս կը նշէ «Ազգ»ը  «այս ցանկում չեն յայտնւում ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը, վարչապետ Տիգրան Սարգսեանն ու Ազգային ժողովի նախագահ Յովիկ Աբրահամեանը, որոնց այցելութիւնները, ելոյթներն ու հարցազրոյցները հրապարակուեցան ու քննարկուեցան՝  ի պաշտօնէ»: