Print
Category: Հայաստան-Արցախ

Կեդրոնը Երիտասարդութեան Համար Ազգային Սնուցման Վայր Է

Ի՞նչ նպատակով ստեղծուեց Ախալքալաքի երիտասարդական կեդրոնն ու ի՞նչ ձեւերով փորձեց հասնել այդ նպատակներին:

 Նպատակն այն էր, որ լինի մի կեդրոն, երիտասարդութեան համար հաւաքատեղի, որը կը վերածուէր ազգային, կրթական, մշակութային եւ ինտելեկտուալ (մտաւոր) սնուցման վայրի:

Այսինքն ջաւախքցի պատանին ու երիտասարդը պէտք է հնարաւորութիւն ունենային ստանալու կրթութիւն, միաւորուելու մէկ գաղափարի շուրջ, հասկանալու թէ որն է կարեւորը եւ որը երկրորդականը: Եւ քանի որ ցածր ինտելեկտի տէր մարդն աւելի շուտ է ընկնում տարաբնոյթ ազդեցութիւնների տակ, ապա առաջին  հերթին կեդրոնը պէտք է նպաստէր պատանու եւ երիտասարդի  մտային կայացմանն ու հասունացմանը, փորձէր կտրել փողոցից:
Ինչ վերաբերում է ձեւերին, թէ ինչպէս ենք փորձում հասնել այս ամէնին, ապա առաջին բանը, որ ուզում եմ նշել դա այն է, որ կեդրոնում աշխատել եւ աշխատում են նուիրեալներ, մարդիկ, ով-քեր հասկանում են իրենց առջեւ դրուած խնդիրը: Առաջնային էր նաեւ այն, որ ծաւալուող գործունէութիւնը լինէր հետաքրքիր: Այսօր զարգացած լինելու համար մարդ պէտք է լեզու իմանայ, արմատներից չկտրուելու համար իր պատմութիւնն իմանայ, տիրապետի նաեւ պետական լեզուին: Առաջնային էր համակարգչի ուսուցումը, քանի որ Ջաւախքում այս հարցը բաւական լուրջ էր, իսկ համակարգիչն արդէն ոչ թէ ճոխութիւն էր, այլ ժամանակակից կեանքի անբաժանելի մաս, անհրաժեշտութիւն: Այսպէս էլ ձեւաւորուեց համակարգչային խմբակը, մշակութային խմբակներ (երգ, պար), շախմատ, լեզուներ, անգամ մետիագիտութիւն (լրագրութիւն):

Ո՞ւմ եւ ինչքանո՞վ է հասանելի Ախալքալաքի երիտասարդական կեդրոնը:

Կեդրոնը չունի որեւէ սահմանափակում կրօնական, ազգային կամ այլ առանձնայատկութիւնից ելնելով: Քանի որ երիտասար- դական կեդրոն է, ապա կարող են խմբակներում ընդգրկուել դպրոցականից մինչեւ 27 տարեկան երիտասարդներ: Այս կանոններից ներս դռները բաց են բոլոր ցանկացողների համար: Ցանկացած խմբակ բացարձակ անվճար է, ինչը նշանակում է որ հասանելի է սոցիալական ցանկացած խաւի համար:

Ի՞նչ խմբակներ են գործում կեդրոնում:

Գործում են հայերէն, վրացերէն, անգլերէն լեզուների ուսուցման խմբակներ, հայոց պատմութեան, համակարգչային խմբեր: Ունենք նաեւ մշակութային խմբակներ, ինչպէս ազգագրական պարի, երգի, մոդելաւորման, ասեղնագործութեան, նկարչութեան: Նախկինում ունեցել ենք շախմատի, մետիագիտութեան եւ թատերական խմբակներ, որոնց գործունէութիւնը առժամանակ դադարեցուել է, բայց յոյսով ենք շուտով դրանք եւս հնարաւորութիւն կ՛ունենանք վերականգնել:

Կեդրոնում կազմակերպւում է ԲՈՒՀ  (համալսարան) ընդունուել ցանկացողների համար նախատեսուած յատուկ վերապատրաստման ծրագիր: Ինչպէ՞ս յաջողուեց իրագործել այս ծրագիրը:

Մեզնից շատերն են գնացել սովորելու եւ մեզ քաջ յայտնի է, թէ ինչքան մեծ դժուարութիւնների հետ կարող է կապուած լինել այսպէս ասած վերապատրաստման իրականացումը, քանի որ դրա համար բաւական մեծ գումարներ են պահանջւում: Դրա համար էլ վաղուց էինք մտածում, թէ ինչպէս կարող ենք լուծել այս խնդիրը: Ու կեդրոնի գործունէութեան մէջ առաջին անգամ յայտնուեց ջաւախքցի բարերար (ռուսաստանաբնակ), ով իր վրայ վերցրեց ծրագրի հովանաւորչութիւնը: Երիտասարդները վերապատրաստւում էին հայոց լեզու, գրականութիւն, հայոց պատմութիւն, անգլերէն լեզու, քիմիա, ֆիզիկա, կենսաբանութիւն, մաթեմատիկա եւ վրացերէն առարկաներով: 2011 թուականի տուեալներով ունե- ցել ենք 35 հոգի Ախալքալաքում, որոնցից 21 հոգին ընդունուել են ԲՈՒՀեր Հայաստանում եւ Վրաստանում, չնայած որ 35 հոգու մէջ կային նաեւ 11րդ դա-սարանցիներ: Ծրագիրն իրականացուել է նաեւ Ախալցխայի երիտասարդական կեդրոնում: Այս տարի եւս ծրագիրը    կը շարունակուի, Հոկտեմբեր ամսից, 8 ամիս անընդմէջ:
Այս ամէնով փորձում ենք ձեւաւորել նոր մշակոյթ, երբ երիտասարդը կը գնայ ԲՈՒՀ ընդունուելու ոչ թէ ծանօթ բարեկամի միջոցով, այլ սեփական գիտելիքներին ապաւինած:

Կա՞յ շնորհակալական վերաբերմունք այն մարդկանց կողմեց, ովքեր վերապատրաստման ծրագրի շնորհիւ կարողացան ընդունուել ԲՈՒՀեր:

Մենք սա չենք անում շնորհակալական վերաբերմունքի համար: Ուղղակի գիտենք, թէ ինչ ենք անում եւ վերջ: Նոյն բանը մենք փոխանցել ենք նաեւ հովանաւորին: Ի հարկէ եղել են շնորհակալական խօսքեր՝ ի վերջոյ մարդիկ 10 ամիս կեդրոն են եկել եւ սովորել են: Բայց անգամ եթէ այդ խօսքերը չլինէին էլ, միեւնոյն է բան չէր փոխուի:

Ինչպէ՞ս է յաջողւում պահպանել կեդրոնի գոյութիւնը, երբ բոլոր խմբերը գործում են անվճար:

Գոյութիւն ունի Ջաւախքի օժանդակութեան ծրագրերի յանձնախումբ եւ վերջինիս ֆոնտի միջոցներով է կեդրոնը ձեռք բերուել, կահաւորուել ու ապահովուում է ԱԵԿի ամէնամեայ գործունէութիւնը: Ունենք նաեւ անհատներ, ովքեր իրենց նիւթական ու բարոյական աջակցութեամբ օգնում են կեդրոնին: Փառք Աստծոյ յաջողւում է գործել ու օգնել երիտասարդներին:


ՄԻԱՍՆԻԿ ԽՐԻՄԵԱՆ