Ի պատասխան ՀՅԴ Երիտասարդականի յղած բողոքի նամակի, Հունգարիայի Ընկերվարական Կուսակցութեան Երիտասարդական թեւը՝ Սոսիետաս, պաշտօնապէս ներողութիւն կը խնդրէ հայ ժողովուրդէն Հունգարիայի իշխանութիւններու կողմէ իրականացուած հակամարդկային գործարքի համար եւ պատասխան եւ բացատրութիւն կը պահանջէ պետութենէն:
Յիշեցնենք, որ ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակը ՀՅԴ Երիտասարդականի անունով Սեպտեմբեր 5-ին բողոք-նամակ յղեց Հունգարիայի Ընկերվարական կուսակցութեան երիտասարդական թեւին եւ Ընկերվարական միջազգային երիտասարդական կազմակերպութիւններին՝ պահանջելով դատապարտել Հունգարիայի իշխանութիւններու կատարած քայլը եւ յստակօրէն արտայայտել իրենց դիրքորոշումը:
Հ.Յ.Դ. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԻ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ԿՈՉԸ
2004թ. Փետրուարի 19-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՆԱԹՕ-ի «Գործընկերութիւն յանուն խաղաղութեան» ծրագրի շրջանակներում ՀՀ ԶՈՒ սպայ Գուրգէն Մարգարեանը ազգային ատելութեան հողի վրայ դաժանաբար սպանուեց քնած ժամանակ կացնի 16 հարուածով Ատրպէյճանի ԶՈՒ սպայ Ռամիլ Սաֆարովի կողմից: Ռամիլ Սաֆարովը 2006 թ.-ի Ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանի որոշմամբ դատապարտուեց ցմահ բանտարկութեան:
Հունգարայի իշխանութիւնները 2012թ. Օգոստոսի 31-ին գործադրեցին Ռամիլ Սաֆարովի արտայանձման որոշումը, նրան անմիջապէս տեղափոխելով հայրենիք՝ իբր պատիժը այնտեղ կրելու պայմանով:
Սակայն Ատրպէյճանում նախապէս արդէն ազգային հերոս հռչակուած յանցագործը արտայանձնման նոյն օրը Ատրպէյճանի Նախագահի կողմից ստացաւ ներում, որով Ատրպէյճանը մէկ անգամ կրկին համայն աշխարհին ապացուց, որ հայասպանութիւնը յանցագործութիւն չէ։
Հ.Յ.Դ. Երիտասարդականը խորապէս հիասթափուած է Հունգարիայի իշխանութիւնների կողմից ատրպէյճանցի սպայի վերաբերեալ կայացրած անարդար որոշման կապակցութեամբ:
Հունգարիայի իշխանութիւններն այս քայլով հիմք տուեցին հայ հասարակութեանը թերահաւատօրէն վերաբերել համամարդկային արժէքներ քարոզող եւրոպական ընտանիքին եւ դրան միանալու իր որդեգրած ուղուն, քանի որ այդ ընտանիքի անդամ պետութիւններից մէկը բացայայտօրէն ոտնահարում է իր իսկ դաւանած սկզբունքները:
Համոզուած ենք, որ Հունգարիայի եւ Ատրպէյճանի այս քայլը առաւել նպաստեց տարածաշրջանում տիրող անկայունութեանը:
Առ այդ Հ.Յ.Դ. Երիտասարդականը պահանջում է՝
1.- Հունգարիայի Սոցիալիստական կուսակցութեան երիտասարդական թեւից՝ Նոր Շարժում (Societas-New Movement) կեցուածք ճշդելու եւ դատապարտելու Հունգարիայի իշխանութեան կիրառած քաղաքականութիւնը։
2.- Ընկերվարական Երիտասարդների Միջազգային Միութիւնից (IUSY) եւ Եւրոհամայնքի Ընկերվարական Երիտասարդների կազմակերպութիւնից (ECOSY) դատապարտել տեղի ունեցածը եւ բացատրութիւն պահանջել երկու կազմակերպութիւնների անդամ Հունգարիայի Ընկերվարական կուսակցութեան երիտասարդական թեւից՝ Նոր Շարժում (Societas-New Movement)։
Համոզուած ենք որ Հունգարիայի եւ Ադրբեջանի իշխանութիւնների կատարած քայլերը մեծապէս նպաստում են տարածաշրջանի անկայունութեանն ու պատերազմի հրահրմանը, որոնք դէմ են արդարութիւն, ժողովրդավարութիւն, խաղաղ աշխարհ եւ համամարդկային արժէքներ դաւանող IUSY եւ ECOSY-ի որդեգրած սկզբունքներին։
Հ.Յ.Դ. Երիտասարդական
5/9/2012 թ. Երեւան