Print
Category: Հայաստան-Արցախ

Սիրելի հայրենակիցներ,

Աւանդական հայկական կուսակցութիւնների, համահայկական կառոյցների, երիտասարդական եւ կանանց կազմակերպութիւնների, մարդասիրական, մարզական, մշակութային եւ կրթական հաստատութիւնների ղեկավարներ, հայկական լրատուամիջոցների խմբագիրներ՝


Պահն է ազգովի համախմբման, առիթն է արտառոց, քանի որ հերթական անգամ Հայաստանի պետութեան եւ հայ ժողովրդի թիկունքում՝ այն էլ 21-րդ դարում, դաւ նիւթուեց եւ Հունգարիայում հայ սպայ Գուրգէն Մարգարեանին գազանաբար կացնահարած ատրպէյճանցի ենիչերն ազատ արձակուեց:
Ցաւով ու վրդովմունքով ընդգծում ենք, որ դաւի մի մասնակիցը եւրոպական ընտանիքի անդամ երկրի, իրենց զարգացած ու ժողովրդավարական պետութիւն համարող հունգարական իշխանութիւններն են, որոնք  գործարքի մէջ մտան Ատրպէյճանի հետ եւ ոտնահարեցին եւրոպական արժէքներն ու օրէնքները:
Այս քայլով Հունգարիան ոգեւորեց մարդակեր-հրեշներին, խրախուսեց ոճրագործներին, դուռ բացեց կրօնական եւ էթնիկ հողի վրայ մարդասպանութիւններին եւ ապացուցեց, որ այսօր հունգարական իշխանութիւնները արժանի չեն Եւրոպայի հետ քայլելու, եւրոպական ընտանիքի անդամ կոչուելու: Եւ այս բոլորը տեղի է ունենում Եւրոպայի սրտում՝ ամբողջ մարդկութեան աչքի առջեւ:
Ատրպէյճանի նախագահն էլ եւրոպական տարազ հագած, ֆեոդալական հոգեկերտուածքով՝ հաւատարիմ իր տոտալիտար, սուլթանական էութեանը, կատարեց հերթական անօրինական գործողութիւնը եւ «հրովարտակ» ստորագրելով ոճրագործին ազատութիւն շնորհեց:
Մենք վստահ ենք, որ աշխարհասփիւռ հայկական համայնքները միասնաբար իրենց  բողոքի ձայնը կը բարձրացնեն, իրենց բոլոր կապերը, հնարաւոր միջոցները կþօգտագործեն.
1. զանգուածային բողոքի ցոյցեր կազմակերպելու տուեալ երկրում գտնուող Հունգարիայի դիւանագիտական ներկայացուցչութիւնների առջեւ,
2. պահանջելու իրենց բնակութեան երկրի իշխանութիւններից, պառլամենտականներից՝
ա) ներազդելու Ատրպէյճանի վրայ, չեղեալ յայտարարելու ներման խայտառակ հրամանագիրը եւ յանցագործին վերադարձնելու իրեն արժանի խուցը,
բ) դատապարտելու Հունգարիայի իշխանութիւնների գործունէութիւնը եւ պահանջելու եւրոպական կառոյցներից պատժամիջոցների կիրառում Հուն-գարիայի նկատմամբ,
գ) Եւրախորհրդում՝ պառլամենտականների միջոցով, քննարկման առարկայ դարձնելու Ատրպէյճանի հետագայ անդամակցութեան հարցը, քանի որ այդ երկրի նախագահի հերթական անօրինական քայլը յարիր չէ եւրոպական օրէնքներին, մարդասիրական արժեհամակարգին եւ ոգուն,
3. ԶԼՄ-երի միջոցով դատապարտելու Հունգարիայի իշխանութիւնների եւ Ատրպէյճանի նախագահի անօրինական գործարքն ու գործողութիւնները,
4. դիմելու հունգար ժողովրդի արժանաւոր զաւակներին, որպէսզի ցոյցների, ելոյթների, նամակների եւ այլ ակցիաների միջոցով անհամաձայնութիւն յայտնեն իրենց իշխանութիւնների  որոշմանը եւ դատապարտեն այն:
Վիրաւորական է, որ հունգարական իշխանութիւնները ոճրագործին յանձնելիս նոյնիսկ չյիշեցին, որ հունգար ժողովրդի կողքին՝ Հունգարիայի անկախութեան ու ազատութեան համար իրենց կեանքն են զոհել եւ հերոսացել հազարաւոր հայեր: Կամ, մի՞թէ անցեալում եւ այսօր էլ հայկական համայնքն իր արժանի ներդրումը չի ունեցել Հունգարիայի զարգացման գործում:
Պահն է համախմբման: Աշխարհում ապրող  շուրջ 10մլն. հայութիւնը միասնաբար իր հուժկու բողոքն ու ցասումը  կը յայտնի այս աղաղակող անարդարութեան դէմ: Ով աչք է փակում անօրինականութեան ու հրէշաւոր գազանութիւնների վրայ,  մի օր  էլ ինքն է յայտնւում զոհի վիճակում:

Մենք հաւատում ենք մեր համայնքներին, մենք վստահում ենք ձեզ, գիտենք, որ դուք չէք լռելու եւ միասնաբար պայքարելու ենք, քանի որ մեր պայքարն արդար է, եւ ինչպէս նշել է ՀՀ Նախագահը.

«ԵՍ ԴԱ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ՉԵ՛Մ ԿԱՐՈՂ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ ԴԱ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ՉԻ՛ ԿԱՐՈՂ:
ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԴԱ ՉԻ ՆԵՐԵԼՈՒ»:

ՀՀ սփիւռքի նախարարութիւն