Print
Category: Հայաստան-Արցախ

Գուրգէն Մարգարեանին սպանած յանցագործին Եւրամիութեան, ՆԱԹՕ-ի անդամ Հունգարիայի իշխանութիւնների կողմից Ադրբեջանին յանձնելու եւ նրան անյապաղ ներում շնորհելու՝ միջազգային իրաւունքի առումով աննախադէպ իրողութեան առիթով անհրաժեշտ ենք համարում արձանագրել հետեւեալը.

ա. Պատմական փորձով մենք վաղուց համոզւել ենք, որ պետութիւններն առաջնորդւում են բացառապէս իրենց քաղաքական-տնտեսական շահերով: Եթէ իրենց ձեռնտու է, թքած ունեն միջազգային իրաւունք, հումանիզմ, բարոյականութիւն հասկացութիւնների վրայ:  Մեր խնդիրները պարտաւոր ենք մենք լուծել, մեզ վրայ բարձրացուած ձեռքը պարտաւոր ենք մենք կտրել: Ուրիշներին մեղադրելը, ուրիշներից արդարութիւն հայցելը, յայտարարուած միջազգային իրաւունքի գործադրում պահանջելը թերեւս անհրաժեշտ, բայց մեծ հաշուով անհեռանկար զբաղմունք է: Անկախութեան վերականգնումից յետոյ, ցաւօք, մենք չենք կարողացել այս օրինաչափութիւնն ու մտածողութիւնը պետական հիմքերի վրայ դնել:

բ. Որ Ադրբեջանի ազգային հերոսը քնած ժամանակ մարդուն կացնահարած ողորմելին է, իրենց խնդիրն ու դժբախտութիւնն է:

գ. Որ վերջին տարիներին Ադրբեջանը, Թուրքիայի անմիջական աջակցութեամբ ու մասնակցութեամբ, մեծացնում է ազդեցութիւնը միջազգային ասպարէզում, իր շահերից ելնելով՝ ինքնուրոյն քայլեր է կատարում, իսկ Հայաստանը կորցնում է հաշուառելի գործօն  դառնալու կարողականութիւնը, նոյնպէս իրականութիւն է:

դ. Հայաստանի Հանրապետութեան նախագահի՝ Օգոստոսի 31-ին կատարած գործողութիւնները որքան վճռական եւ սկզբունքային էին, թերեւս՝  նոյնքան էլ ուշացած: Ակնյայտ է, որ մեր դիւանագիտական կորպուսը, տեղեակ լինելով հնարաւոր զարգացումներից, անկարող է եղել կանխել դրանք:

Մեկնելով այս հաստատումներից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը յայտարարում է.

1. Այդուամենայնիւ, անհրաժեշտ է պետականօրէն ծրագրուած յստակ քայլեր ձեռնարկել՝  այս պարտութեան հետեւանքները մեղմելու եւ միջազգային ասպարէզում կորցրածը ետ բերելու նպատակով:

2. Պահանջում ենք վերատեսութեան ենթարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով Ղարաբաղեան հարցի վերաբերեալ Ադրբեջանի հետ բանակցութիւնները շարունակելու նպատակայար- մարութիւնը եւ Հայաստանի Հանրապետութեան ու  Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան միջեւ ռազմաքաղաքական դաշինք կնքելու գործնական քայլ ձեռնարկել:

3. Պահանջում ենք անդրադառնալ միջազգային հանրութեան պահանջով հայ-թուրքական արձանագրութիւնները օրակարգի վրայ պահելու քաղաքականութեանը եւ ետ կանչել Հայաստանի ստորագրութիւնը:

4. Մեր գնահատմամբ՝  ստեղծուած կացութիւնից ելքը հասարակութեան լայն շրջանակների, քաղաքական ուժերի, սփիւռքի հետ համագործակցաբար՝  Հայաստանում եւ հայութեան մէջ ազգային ու բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ ձեւաւորելու նախադրեալների ստեղծումն է, ինչը հնարաւորութիւն կը տայ տարածաշրջանում եւ աշխարհում մեծացնել մեր պետականութեան կշիռն ու ազդեցութիւնը:

ՀՅԴ Հայաստանի
Գերագոյն մարմին