Print
Category: Հայաստան-Արցախ

Եթէ Սուրիոյ մէջ պատերազմ յայտարարուի եւ սուրիահայերուն ֆիզիկական վտանգ սպառնայ, Հայաստանի Հանրապետութիւնը պատրաստ կ’ըլլայ ամէն ինչով օգնելու անոնց: Tert.am-ի հետ զրոյցին ըսաւ ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը:

 


«Մենք մեր դիւանագիտական ուղիներով, եթէ հնարաւորութիւն ունենանք կ’օգնենք, որ պատերազմը կամ կոնֆլիկտային իրավիճակը այնտեղ դադարի: Բայց մեր խնդիրը ոչ թէ Սիրիայից համայնքը քանդել-բերելն է, այլ համայնքն այնտեղ պահելը»,- ըսաւ նախարարը:
Հարցին, թէ այսօր ինչ կ’ընէ Սփիւռքի նախարարութիւնը օրհասական վտանգի առջեւ կանգնած սուրիահայերուն օգնելու համար, տիկին Յակոբեան պատասխանեց.
«Ինչո՞ւ է ձեզ բոլորիդ թւում՝ դուք անհանգստացած էք սիրիահայերով, սփիւռքի նախարարութիւնը՝ ոչ: Ո՞վ է ասում, որ սփիւռքի նախարարութիւնը ինչ անում է պէտք է հրապարակի: Դուք սիրիահայերին հարցրե՞լ էք նրանց մասին գրելուց առաջ: Արդեօ՞ք սիրիահայերը համաձայն են, որ դուք գրէք ու խօսէք իրենց մասին: Ես ամէն օր աշխատում եմ սիրիահայերի հետ եւ կատարում եմ այն, ինչ իրենք են ուզում: Ես յայտարարութիւններ չեմ անում, թէ ինչով եմ զբաղւում»:
Հրանոյշ Յակոբեան Tert.am-ի հետ զրոյցին նաեւ հաւաստիացուց, որ սուրիահայերը կը խնդրեն իրենց հանգիստ ձգել, որովհետեւ իրենք իրենց առաջին հերթին սուրիացիներ կը համարեն:
«Նրանք ասում են՝ մենք ապրում ենք այս հողի վրայ, մենք տուն ունենք, հող ունենք, բնակարան ունենք, պիզնես ունենք: Մենք ուզում ենք, որ օր առաջ այս հողի վրայ հանգստութիւն լինի, կայունութիւն լինի ու պատերազմը դադարի: Բոլոր լրագրողներին խորհուրդ կը տամ գրել բոլոր նրանց դէմ, ովքեր սիրիահայերի հարցը շահարկում են պարբերաբար»,- ըսաւ ան։
Հրանոյշ Յակոբեան տեղեկացուց, որ այս տարի Սուրիայէն հայրենադարձութիւն չկայ եւ այնտեղէն մարդիկ կու գան միայն ամառը հայրենիքի մէջ անցնելու համար: Ան հաւաստիացուց, որ յառաջիկայ երկու ամսուան ընթացքին աւելի շատ հնարաւոր կ’ըլլայ հանդիպիլ սուրիահայերուն:
Սփիւռքի նախարարը տեղեկացուց, որ այս պահու դրութեամբ երկքաղաքացիութիւն ստանալու համար իրենց դիմած է 2700 սուրիահայ: Ամէն ամիս անոնց որոշակի մասը կը ստանայ քաղաքացիութիւն: