Print
Category: Հայաստան-Արցախ

Այս տարուայ Հոկտեմբերի առաջին կէսը Շուշի քաղաքը իւրօրինակ «հարթակ» կը լինի արտասահմանից հրաւիրուած շուրջ երկու տասնեակ արուեստագէտների համար, ովքեր կը փորձեն իրենց աշխատանքները ներկայացնելուց բացի, շփուել արցախցիների հետ, ծանօթանալ նրանց նիստուկացին, աւանդոյթներին

Արցախի բերդաքաղաքը նախորդ տարի եւս հիւրընկալել էր արտասահմանեան մի խումբ քանդակագործների, ովքեր տեղում ստեղծագործել էին ու արցախցիների դատին ներկայացրել իրենց աշխատանքները:
Այս անգամ նմանօրինակ ձեռնարկի հեղինակը ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում բնակուող նկարիչ Հերի Որբերեանն է, ով արդէն մի քանի ամիս է՝ աշնանը նախատեսուող միջոցառման կազմակերպչական աշխատանքներով է զբաղուած: Այդ նպատակով էր կրկին այցելել Արցախ, որտեղ էլ հանդիպեցինք նրան:
Հերի Որբերեանը Շուշիի արուեստի ծրագրի կազմակերպիչ-տնօրէնն է եւ, ինչպէս ինքն է հաւաստիացնում, եկել է Արցախ՝ Շուշիում արուեստի փառատօն կազմակերպելու վերջնական թոյլտուութիւնը ստանալու:
«Մէկ տարի առաջ էր, երբ իմ ցուցահանդէսն ունեցայ Լոս Անջելեսում: Բաւական յաջողուած ցուցահանդէս էր: Հէնց այդ ժամանակ էլ որոշեցի մէկ այլ ցուցահանդէս կազմակերպել, բայց ոչ անհատական, այլ մի խումբ նկարիչների: Սկսեցի այդ ուղղութեամբ մտածել: Մի բան յստակ էր, որ այն չպէտք է Միացեալ Նահանգներում լինի: Իմ մտքում իսկոյն յայտնուեց երկու տարբերակ՝ Հայաստանում կա՛մ Արցախում», պատմում է Հերին, ում հոգում ու սրտում «Ղարաբաղը մի յատուկ տեղ ունի»:
«Երբ արդէն կանգ առայ արցախեան տարբերակի վրայ, իսկոյն Շուշին անցաւ մտքովս, դեռ դպրոցական տարիներից գիտէի, որ նախկինում Շուշին մշակութային կենտրոն է եղել, մտածեցի, որ Շուշիից յարմար տեղ չկայ: Ինչո՞ւ, որովհետեւ այս միջոցառումով նպատակ ունեմ ցոյց տալու, որ այսօր Շուշին կանգուն է, Արցախը նորմալ զարգացող երկիր է», մեզ հետ զրոյցում նշեց լոսանջելեսցի արուեստագէտը, ով իր նպատակն իրագործելու քայլերը չուշացրեց. դիմեց ԱՄՆում ստեղծագործող իր նկարիչ ընկերներին, այնուհետեւ՝ հայաստանեան գործընկերներին: Բոլորն էլ ոգեւորուեցին եւ առանց վարանելու համաձայնեցին մասնակցել:
«Հողը եւ տեխնոլոգիան» խորագիրը կրող փառատօնը կÿանցկացուի Հոկտեմբերի 1-14ը՝ Շուշի քաղաքի տարբեր վայրերում, որտեղ շուրջ 20 արուեստագէտներ՝ ԱՄՆից, Շուէդիայից, Հայաստանից եւ ԼՂՀից, կը փորձեն ոչ միայն իրենց աշխատանքները ներկայացնել, այլ նաեւ ստեղծագործել տեղում:
«Փառատօնի մասնակիցների աշխատանքներով փորձ կարուի հողի պատկանելիութեան հարցը բարձրացնել, որն իր իւրայատուկ լուծումն է այսօրուայ իրականութեան մէջ ստանում տեխնոլոգիաների միջոցով: Հէնց այս համատեքստում կը փորձեն աշխատանքներ ցուցադրել շուրջ 20 հայ արուեստագէտները, որոնց մեծամասնութիւնը նկարիչներ են, երկուսը՝ լուսանկարիչ, ովքեր Շուշիում արուած իրենց լուսանկարները կը ներկայացնեն Արցախում:
Իսկ ահա Շուէդիայից հրաւիրուած ռեժիսոր Սիւզան Խարտալեանն էլ կը ներկայացնի իր՝  «Մեծ մօրս դաջուածքները» ֆիլմը՝ Ցեղասպանութիւնից փրկուած հայուհիների մասին: Ռեժիսորի հետ նաեւ երկու տասնեակ պատանիներ կը գան Արցախ, ովքեր կը նկարահանեն փառատօնի ընթացքը եւ փոքրիկ ֆիլմեր կը պատրաստեն:
Հետաքրքրական ներկայացումներից մէկն էլ այդ 14 օրերի ընթացքում կը լինի 3-5 մետրանոց վերմակի կարումը՝ շրջանի կանանց օգնութեամբ, որի աւարտին իւրօրինակ ակցիա է լինելու. նախաձեռնութեան հեղինակը կարուած վերմակի տակ քնելու է՝ ցոյց տալով, որ վերջապէս տուն է հասել:
Նպատակը՝ նման միջոցառում Արցախում կազմակերպել երկու տարին մէկ: