ՀՅԴ Արցախի Կեդրոնական Կոմիտէի յայտարարութիւնը
Սիրելի հայրենակիցներ, ԼՂՀ նախագահական ընտրութիւնների շեմին պահն է հասել՝ անցած հինգ տարիներին ԼՂՀ-ի ունեցած յաջողութիւններն ու անյաջողութիւնները վերաիմաստաւորելու եւ դրանց շուրջ մտորելու:
Անշուշտ կան ձեռքբերումներ, առաջընթաց, բարոյահոգեբանական մթնոլորտի նոր որակ: Հինգ տարիների ընթացքում համատեղ ջանքերով կարողացել ենք իրականացնել ԼՂՀ Սահմանադրութիւնից բխող օրէնսդրական բարեփոխումներ, տեղի է ունեցել իշխանութեան թեւերի տարանջատում, խորացել են զսպման եւ հակակշռման մեխանիզմները, որի հետեւանքով առաջընթաց է գրանցուել կոռուպցիայի եւ կաշառակերութեան դէմ պայքարում, իրականացուել է նպատակաուղղուած քաղաքականութիւն սոցիալական ոլորտում եւ տնտեսական զարգացման ուղղութեամբ, Արցախի արտաքին քաղաքականութեան ասպարէզում դրսեւորուել է հայանպաստ կարծր կեցուածք:
Սակայն նկատելի են նաեւ լուրջ բացթողումներ ու չիրականացած խոստումներ: Մեր առջեւ ծառացած հիմնախնդիրների յաղթահարումը մեզնից պահանջում է վերափոխել երկրում ստեղծուած քաղաքական համակարգը: Անհրաժեշտ է որդեգրել նոր սկզբունքներ եւ ցուցաբերել նոր մօտեցումներ: Համոզուած ենք, որ միասնական ջանքերով հնարաւոր կը լինի պահպանել այն վստահութիւնն ու ոգեւորութիւնը, որին ականատես եղանք նախորդ նախագահական ընտրութիւնների նախաշէմին:
ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէն բազմակողմանիօրէն քննարկելով ԼՂՀ յառաջիկայ նախագահական ընտրութիւնների հարցը եւ անցկացնելով զանազան խորհրդակցութիւններ՝ որոշում է կայացրել նախագահական ընտրութիւննե- րին սատարել ԼՂՀ գործող նախագահ Բ. Սահակեանին:
Համոզուած լինելով, որ չի սպառ- ւել միասնական ջանքերով աշխատելու հնարաւորութիւնը եւ վստահ լինելով, որ Բ. Սահակեանը կը դրսեւորի հարկ եղած վճռակամութիւն եւ քաղաքական կամք` յաղթահարելու երկրի զարգացմանն արգելակող բոլոր խոչընդոտները:
Ցաւով պէտք է յայտնել, որ չնայած անցեալ տասը տարիների համատեղ գործակցութեան, նախագահի թեկնածու Վ. Բալասանեանի հետ մեր համագործակցութիւնը դադարեցւում է՝ չկայացած համաձայնութիւնների պատճառով:
ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէն ակնկալում է, որ Բ. Սահակեանը հաւատարիմ կը մնայ հետեւեալ սկզբունքներին, որով եւ պայմանաւորուած կը լինի մեր հետագայ համագործակցութիւնը.
1. Արցախի հիմնախնդրի լուծման գործընթացում ոչ մի դէպքում չցուցաբերել զիջողական կեցուածք ԼՂՀ Սահմանադրութեամբ ամրագրուած մեր ժողովրդի իրաւունքների իրականացման հարցում:
2. Համազգային եւ ռազմավարական նշանակութիւն ունեցող հարցերի առընչութեամբ ԼՂՀ պաշտօնական դիրքորոշումը քննարկել ԼՂՀ գործող բոլոր քաղաքական ուժերի մասնակցութեամբ:
3. Քաղաքական եւ տնտեսական ոլորտներում խուսափել խտրական մօտեցումներից` ապահովելով օրէնքի գերակայութիւնը:
Հարկ է նշել, որ ՀՅԴ Արցախի ԿԿ-ն իր աջակցութիւնն է յայտնում գործող Նախագահին, նկատի ունենալով միջազգային եւ տարածաշրջանային իրադարձութիւնները, որի արդիւնքում օր առաջ անհրաժեշտութիւն է դառնում համայն հայութեան ուժերի լարումն ու միասնական կամքի դրսեւորումը, ինչպէս նաեւ ԼՂՀ Նախագահի խորհրդանշական դերն ու ազդեցութիւնը համահայկական հարցերի ուղղութեամբ` դրսեւորելով հայ ժողովրդի պահանջատիրական կեցուածքը:
ՀՅԴ Արցախի Կեդրոնական Կոմիտէ